ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
02 մարտի 2023 թ. |
N 16-Ն |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ, ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝
1) մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի.
2) տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը՝ համաձայն հավելված 2-ի.
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. մարտի 2-ի N 16-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) մանկավարժական աշխատողների տարակարգի (այսուհետ` տարակարգ) շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Տարակարգը եռաստիճան է:
3. Տարակարգի համար կարող են դիմել հաստատության մեթոդիստի, դաստիարակի, երաժշտական դաստիարակի և ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնող մանկավարժական աշխատողները (այսուհետ՝ մանկավարժական աշխատող) :
2. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ
4. Մանկավարժական աշխատողն իր նախաձեռնությամբ դիմում է տարակարգի ստացման համար` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին (այսուհետ՝ նախարար) ուղղված իր դիմումի հետ միասին ներկայացնելով ներքոնշյալ փաստաթղթերը՝
1) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
2) մասնագիտական կրթությունը (միջին մասնագիտական կամ բարձրագույն) կամ կրթությունը և համապատասխան աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթերի պատճենները,
3) սույն կարգի 14-րդ կետով սահմանված բնութագրիչները հավաստող փաստաթղթերը` համապատասխան աստիճանի տարակարգ ստանալու համար,
4) պարտադիր վերապատրաստման վկայականը:
(4-րդ կետը լրաց. 29.12.23 N 171-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 29.12.23 N 171-Ն)
6. Հաստատության մանկավարժական աշխատողին տարակարգ շնորհելու մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, նախարարի հրամանով ձևավորված մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից՝ հիմք ընդունելով սույն կարգի 14-րդ կետով սահմանված տարակարգի բնութագրիչները:
7. Հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.
2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:
8. Հանձնաժողովի որոշման հիման վրա նախարարի հրամանով մանկավարժական աշխատողին շնորհվում է համապատասխան տարակարգ:
9. Հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում մանկավարժական աշխատողը կարող է որոշումը բողոքարկել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:
10. Բողոքի առկայության դեպքում մանկավարժական աշխատողին տարակարգ շնորհելը հետաձգվում է՝ մինչև նախարարի կամ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վերջնական որոշումն ընդունվելը:
11. Հանձնաժողովի որոշումը նախարարին բողոքարկվելու դեպքում նախարարի հրամանով ձևավորվում է երեք անձից բաղկացած բողոքարկման հանձնաժողով, որի կազմում չեն կարող ներգրավվել տվյալ որոշումն ընդունած հանձնաժողովի անդամները:
12. Բողոքարկման հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, կազմում համապատասխան եզրակացություն և տվյալ եզրակացությունը ներկայացնում նախարարին:
13. Նախարարը ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով բողոքարկման հանձնաժողովի եզրակացությունը:
14. Հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի բնութագրիչներն են՝
1) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարության) կողմից երաշխավորված՝ նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունում որպես վերապատրաստող մասնագետ ներգրավված լինելը,
2) վերջին հինգ տարվա ընթացքում նախարարության կողմից երաշխավորված՝ նախադպրոցական կրթությանն առնչվող ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի հեղինակ կամ համահեղինակ լինելը,
3) վերջին հինգ տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելը,
4) տարակարգի համար դիմելու օրվան նախորդող մեկ ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը՝
ա. մեթոդիստի դեպքում՝ տարակարգի համար դիմելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը և հաշվետվությունը՝ ըստ մեթոդիստի տարեկան աշխատանքային պլանի, տարակարգի համար դիմելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում կազմակերպված երկու մեթոդժամի տեսաձայնագրություն և արձանագրություն.
բ. դաստիարակի դեպքում՝ տարակարգի համար դիմելու օրվան նախորդող ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը (ներառյալ պարապմունքների պլանները) և նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված պարապմունքների լսումների և տարբեր ռեժիմային պահերի դիտումների, լսումների արձանագրությունները.
գ. երաժշտության դաստիարակի և ֆիզհրահանգչի դեպքում՝ տարակարգի համար դիմելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը (ներառյալ պարապմունքների պլանները) և նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված պարապմունքների լսումների և տարբեր ռեժիմային պահերի դիտումների, լսումների արձանագրությունները.
5) տարակարգի համար դիմելու օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու պարապմունքի կամ խաղ-զվարճալիքի պլանավորում և տեսագրություն (սույն բնութագրիչի առկայությունը պարտադիր է տարակարգի բոլոր աստիճանների համար դիմելիս).
6) մշակված անհատական ուսուցման և զարգացման պլանի (այսուհետ՝ ԱՈՒԶՊ) ներկայացում, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (այսուհետ՝ ԿԶԱՊԿ) ունեցող սաների կրթության և զարգացման արդյունավետության մասին վկայող փաստեր՝ ԿԶԱՊԿ գնահատման արդյունքի փոփոխություն (առկայության դեպքում):
7) սաների զարգացման և կրթության արդյունքի գնահատման ընթացքը հավաստող փաստաթղթեր:
(14-րդ կետը խմբ. 29.12.23 N 171-Ն)
15. Առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է սույն կարգի 14-րդ կետով սահմանված բնութագրիչներից առնվազն 3-ն ապահովելու դեպքում:
16. Երկրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն կարգի 14-րդ կետով սահմանված բնութագրիչներից առնվազն 5-ն ապահովելու դեպքում:
17. Երրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն կարգի 14-րդ կետով սահմանված բնութագրիչներից առնվազն 7-ն ապահովելու դեպքում:
17.1. Շնորհված տարակարգից ավելի բարձր աստիճանի համար դիմելիս նախորդիվ ներկայացված բնութագրիչների բովանդակությունը, բացառությամբ 1-ին և 3-րդ բնութագրիչների, չպետք է կրկնվի:
(17.1-ին կետը լրաց. 29.12.23 N 171-Ն)
18. Մարզպետարանի, իսկ Երևանում Երևանի քաղաքապետարանի և հաստատության միջև կնքված պայմանագրի հիման վրա հաստատությունը տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին տրամադրում է հավելավճար.
1) առաջին աստիճանի տարակարգի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 30 տոկոսի չափով, որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները,
2) երկրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 40 տոկոսի չափով, որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները,
3) երրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսի չափով, որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները:
(18-րդ կետը լրաց. 24.07.23 N 95-Ն)
19.Հաստատության մանկավարժական աշխատողին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով:
20. Համատեղությամբ աշխատող մանկավարժական աշխատողին հավելավճար տրվում է հիմնական աշխատավայրից:
21. Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է այն դեպքում, երբ՝
1) մանկավարժական աշխատողն ազատվում է աշխատանքից.
2) պարզ է դառնում, որ տարակարգ ստանալու համար մանկավարժական աշխատողի կողմից ներկայացվել են ոչ հավաստի տեղեկություններ:
22. Տարակարգը պահպանվում է, եթե՝
1) տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում մանկավարժական աշխատողը տեղափոխվում է հաստատությունից այլ հաստատություն.
2) մանկավարժական աշխատողը տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում աշխատանքից ազատվելուց հետո նորից անցնում է մանկավարժական աշխատանքի որևէ հաստատությունում: Այս դեպքում տարակարգը պահպանվում է հնգամյա ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:
(հավելվածը լրաց. 24.07.23 N 95-Ն, լրաց., փոփ., խմբ. 29.12.23 N 171-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. մարտի 2-ի N 16-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2. Հանձնաժողովը երեք տարի ժամկետով և հասարակական հիմունքներով գործող մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) համապատասխան հրամանով:
3. Հանձնաժողովը ձևավորվում է 11 անդամներից՝ հետևյալ կազմով՝
1) հանձնաժողովի նախագահ, որն ի պաշտոնե նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալն է.
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (այսուհետ` նախարարություն)՝ 4 անդամ.
3) «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից՝ 2 անդամ.
4) «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից՝ 2 անդամ.
5) Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից՝ 2 անդամ։
4. Հանձնաժողովն ունի քարտուղար, որը նիստերին մասնակցում է առանց քվեարկելու իրավունքի:
5. Հանձնաժողովի որոշմամբ հանձնաժողովի աշխատանքներում կարող են ընդգրկվել փորձագետներ՝ սույն կարգով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի բովանդակային համապատասխանության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելու համար։
6. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
7. Հանձնաժողովի գործունեության նպատակը տարակարգի շնորհման գործընթացի իրականացումը և «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու կարգի» (այսուհետ՝ կարգ) 7-րդ կետով սահմանված որոշումների կայացումն է:
8. Հանձնաժողովին ուղղված հայտերի ընդունումը և դրանց ամբողջականության ապահովումը կազմակերպում է նախարարության համապատասխան ստորաբաժանումը:
9. Հանձնաժողովի որոշումները ենթակա են բողոքարկման` համաձայն կարգի:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
10. Հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են օրենքով և սույն կարգով:
11.Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի (անհնարինության դեպքում` նաև հեռավար) միջոցով:
12. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում տարին առնվազն 4 անգամ՝ կախված դիմումների քանակից:
13. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում: Նիստի ոչ իրավազոր լինելու դեպքում հաջորդ նիստը տեղի է ունենում ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելի կողմ ձայների դեպքում:
15. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է հանձնաժողովի նիստերը.
3) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
16. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.
2) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
17. Հանձնաժողովի անդամը`
1) կարող է վարել նիստը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
2) ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը.
3) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.
4) մասնակցում է յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի համար անցկացվող քվեարկություններին.
5) ստորագրում է տարակարգի շնորհման մասին հանձնաժողովի կայացրած որոշման վերաբերյալ արձանագրությունը, իսկ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կարող է չստորագրել՝ ներկայացնելով գրավոր հիմնավորում.
6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
7) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
18. Հանձնաժողովի նախագահը սույն կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ կարող է դիմել նախարարին՝ հանձնաժողովի անդամին հանձնաժողովից հեռացնելու միջնորդությամբ, եթե այդ անդամը`
1) երեք անգամ անընդմեջ բացակայել է նիստերից.
2) երեք անգամ հրաժարվել է մասնակցել քվեարկությանը:
19. Հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրվում է սույն կարգի դրույթներին համապատասխան՝ թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան տասը աշխատանքային օրվա ընթացքում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2023, N 171-Ն | 09.01.2024, N 16-Ն | |
24.07.2023, N 95-Ն | 05.08.2023, N 16-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|