Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.08.16/18(166) Հոդ.63
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.01.2009
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10509050

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հունվարի 2009 թ.
ք. Երևան

N 9-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով

 

Հրամայում եմ` 

 

1. Հաստատել որսի կանոնները համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ա. Հարությունյան

 

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի
2009 թվականի հունվարի 15-ի

N 9-Ն հրամանի

 

ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոններով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների որսի և ձկնորսության, այդ թվում նաև՝ սիրողական որսի և ձկնորսության, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որսի (այսուհետ՝ որս) հետ կապված հարաբերությունները, որոնք ուղղված են որսի կենդանիների պահպանությանն ու կայուն օգտագործմանը։

2. Սույն կանոններով սահմանվում են որսի իրականացման միջոցները, ժամկետները, որսի օբյեկտ համարվող կենդանիների ցանկը, որսի սահմանային թույլատրելի չափաքանակները, որսի արգելված ձևերը, միջոցները, մեթոդները և գործիքները, որսի արգելված տարածքների ցանկը և օգտագործման հանձնված որսահանդակների ցանկը։

(2-րդ կետը փոփ. 23.10.23 N 375-Ն)

3. Հայաստանի Հանրապետությունում սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիներ են համարվում սույն կանոնների 19-րդ կետում չնշված և Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում չընդգրկված վայրի կենդանիների տեսակները:

4. Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է սիրողական (անհատական և կոլեկտիվ) որս:

5. Սիրողական որսը դա կենդանիների հայթայթումն է հանգստի, սպորտային և գեղագիտական հաճույքի, որսված կենդանիների անձնական կարիքների օգտագործման համար` առանց շահույթ հետապնդելու:

6. Որսն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված որսի թույլտվության հիման վրա։

7. Հայաստանի Հանրապետությունում հրազենով որսը թույլատրվում է Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված՝ որսորդական ողորկափող և ակոսավոր հրազենի օգտագործմամբ։

8. Հայաստանի Հանրապետությունում որսն իրականացվում է որսահանդակներում` որսի կենդանիների բնակության միջավայր հանդիսացող անտառային, դաշտային և ջրային տարածքներում անհատական կամ կոլեկտիվ ձևով։

9. Հայաստանի Հանրապետությունում որսի իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր (որսորդական վկայական, որսի թույլտվություն, հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայական), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել են բնօգտագործման վճարներ և կնքել պայմանագիր կամ հանդիսանում են այդպիսի պայմանագիր կնքած իրավաբանական անձի անդամներ (աշխատողներ):

10. Որսի վերահսկողությունն իրականացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

 

II. ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 

11. Կենդանիների որսի ժամկետները և թույլատրելի չափաքանակները սահմանվում են որսի կենդանիների պոպուլյացիաների առավել արդյունավետ պահպանության, վերարտադրության և օգտագործման նպատակով։

12. Յուրաքանչյուր տարվա համար կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառի լիազորված մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝ կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով կատարված ուսումնասիրությունների հիման վրա սահմանում է որսի կենդանիների ցանկում ներառված կենդանիների որսի օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ ելնելով յուրաքանչյուր որսատեսակի առանձնահատկություններից, ինչի մասին զանգվածային լրատվական միջոցներով ծանուցում է հասարակությանը:

13. Արտակարգ իրավիճակների դեպքում (համաճարակներ, բնական աղետներ) շրջակա միջավայրի նախարարի հրամանով կարող է փոփոխվել որսի կենդանիների սահմանային թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները:

14. Լիազորված մարմինն իրավասու է որսի ժամկետներից դուրս որսի թույլտվություններ տալու` «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված նպատակների համար:

 

III. ՈՐՍԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

15. Որսն իրականացվում է.

1) որսորդական ողորկափող հրազենով,

2) ակոսափող հրազենով (բացառությամբ ջրային տարածքների),

3) որսորդական սառը զենքով,

4) ինքնաորս գործիքներով` մինչև 5 համարի թակարդներով, վարմերներով, որոգայթներով, ցանցապարկերով, թարփերով,

5) տարբեր տեսակի կարթերով (կարթ, սպինինգ և այլ),

6) ջրային հրացաններով` ստորջրյա որսի համար,

7) խեցգետնորսիչներով,

8) խայծերով,

9) խրտվիլակներով,

10) որսորդական շներով,

11) որսկան թռչուններով,

12) թաքստոցներից։

16. Որսահանդակներից դուրս, կամ որսն ավարտելուց հետո, կամ ընդմիջումներին, ինչպես նաև լիազորված անձի կողմից ստուգման ժամանակ հրազենը պետք է լինի լիցքաթափված, քանդված և տեղադրված պատյանում։ Լիցքաթափված է համարվում այն հրազենը, որի փողում և պահունակում բացակայում է փամփուշտը:

17. Ձկնորսության դեպքում ձկնորսը.

1) միաժամանակ կարող է ունենալ երկու որսամիջոց (կարթ)` յուրաքանչյուրը ոչ ավել, քան երկու կեռիկով (երկու և երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ),

2) խեցգետնի որսը կարող է իրականացնել առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով,

3) ստորջրյա որսը պետք է իրականացնի մասնագիտական զենքով (լարվող միայն ձեռքի ուժով)` hարպունի լայնությունը` ոչ ավել, քան 10 սմ,

4) ստորջրյա որսի ժամանակ պետք է իրեն ամրացնի հատուկ լողակ (բույ):

 

IV. ՈՐՍԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

18. Որսի կենդանիները տարանջատվում են.

1) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ներառյալ արհեստական ճանապարհով բուծված, որոնց որսը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված բացառիկ դեպքերում` որսի անվանական թույլտվությամբ,

2) հաղթանշանային արժեք ունեցող փոքրաքանակ կենդանիների, որոնց որսը թույլատրվում է խիստ սահմանափակ քանակներով որսորդական տնտեսությունների, որս իրականացնող կազմակերպությունների և անհատ որսորդների հայտերի հիման վրա` որսի անվանական թույլտվությամբ,

3) տարածված կենդանիների, որոնց որսը թույլատրվում է որսի թույլտվությամբ,

4) կենդանիների, որոնք իրենց կենսակերպով և վարքով մեծ վնաս են պատճառում որսի ռեսուրսին, կամ հանդիսանում են մարդու, ընտանի և վայրի կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների փոխանցողներ, կամ մեծ վնաս են պատճառում մարդու տնտեսական գործունեությանը, որոնց որսը որսի ողջ ժամկետների (որսաշրջանի) ընթացքում թույլատրվում է որսահանդակում որսի իրավունք ունեցող որսորդներին` շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված որսի թույլտվության մեջ առանց նշումի, իսկ որսաշրջանից դուրս` որսի անվանական թույլտվությամբ:

19. Որսի օբյեկտ են հանդիսանում հետևյալ կենդանիների տեսակները`

 

ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ

 Ճահճակուղբ    - տարածված
 Մշկամուկ    - տարածված
 Ջրառնետ    - տարածված
 Նապաստակ    - տարածված
 Վայրի խոզ    - հաղթանշանային
 Այծյամ    - հաղթանշանային
 Քարակզաքիս    - փոքրաքանակ
 Գորշուկ (փորսուղ)    - փոքրաքանակ
 Եղեգնակատու    - հաղթանշանային
 Տափաստանային կատու    - հաղթանշանային
 Լուսան    - հաղթանշանային
 Աղվես    - տարածված
 Գայլ    - որսի ռեսուրսին վնաս պատճառող
 Շնագայլ    - որսի ռեսուրսին վնաս պատճառող

 

ԹՌՉՈՒՆՆԵՐ

 Շչան բադ    - տարածված
 Կռնչան բադ    - տարածված
 Նետապոչ բադ    - տարածված
 Ճքճքան մրտիմն    - տարածված
 Սուլող մրտիմն    - տարածված
 Կարմրակտուց սուզաբադ    - տարածված
 Կարմրագլուխ սուզաբադ    - տարածված
 Փուփուլավոր սուզաբադ    - տարածված
 Ծովային սուզաբադ    - տարածված
 Սոնաբադ    - տարածված
 Մոխրագույն կաքավ    - փոքրաքանակ
 Քարակաքավ    - տարածված
 Լոր    - տարածված
 Եղեգնահավ    - տարածված
 Սև փարփար    - տարածված
 Սովորական կիվիվ    - տարածված
 Կռվակտցար    - տարածված
 Կարմրաոտ կտցար    - տարածված
 Մորակտցար    - տարածված
 Սովորական տատրակ    - տարածված
 Թխակապույտ աղավնի    - տարածված
 Անտառային աղավնի    - տարածված
 Տնային ճնճղուկ    - տարածված
 Սովորական սարյակ    - տարածված
 Սև կեռնեխ    - տարածված
 Սինակեռնեխ    - տարածված
 Դաշտային արտույտ    - տարածված
 Տափաստանային արտույտ    - տարածված
 Կաչաղակ    - որսի ռեսուրսին վնաս պատճառող
 Մոխրագույն ագռավ    - որսի ռեսուրսին վնաս պատճառող

 

ՁԿՆԵՐ

 Կարմրախայտ
 Ծիածանափայլ ֆորել
 Սիգ
 Կովկասյան թեփուղ
 Սպիտակ ամուր
 Սև ամուր
 Կուրի ենթաբերան
 Կուրի կողակ
 Կուրի բեղաձուկ
 Ճանար
 Մուրծա
 Արևելյան տառեխիկ
 Գուստերա
 Ծածան
 Սպիտակ հաստաճակատ
 Խայտաբղետ հաստաճակատ
 Կարաս (արծաթափայլ կարաս)
 Բրամ
 Լոքո

 Խեցգետնակերպեր

 Խեցգետին

(19-րդ կետը փոփ. 23.10.23 N 375-Ն)

   

V. ՈՐՍԻ ԱՐԳԵԼՎԱԾ ՁԵՎԵՐԸ, ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

 

20. Որսը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, չի կարող իրականացվել.

1) առանց սույն կանոնների 9-րդ կետում նշված գործող փաստաթղթերի առկայության,

2) սույն կանոնների 15-րդ կետով չնախատեսվող որսագործիքներ օգտագործելով,

3) որսի թույլտվության մեջ նշված չափաքանակներից ավել վայրի կենդանիների, թույլտվությունում չնշված վայրի կենդանիների տեսակների, թույլտվությունում նշված որսի ժամկետներից դուրս,

4) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում, Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների վրա, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,

5) աղետալի վիճակում գտնվող կամ բնական աղետներից փրկվող վայրի կենդանիների վրա, կենդանիների և թռչունների մեծաքանակ կուտակումների վայրերում և միգրացիոն ուղիներում,

6) վայրի կենդանիների ձվերի և ձագերի հավաքմամբ, դրանց բների ու որջերի քանդմամբ և հավաքատեղերի վնասմամբ և ոչնչացմամբ,

7) վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով,

8) որսի համար օրենքով չնախատեսված, օրենքով սահմանված կարգով չհաշվառված կամ ապօրինի պատրաստված զենքի, օբյեկտների պահպանության համար հատկացված հրազենի կիրառմամբ,

9) մարտական զենքի և մարտական փամփուշտների, ինքնանետերի, ինքնաձիգ հրացանների, օդամղիչ զենքի, ռազմական ակոսավոր զենքի և ազդանշանային հրթիռների գործադրմամբ,

10) աղեղների, կեռչանների, ցանցերի, օղակների, ծուղակների, որսափոսերի և թիվ 5-ից խոշոր թակարդների օգտագործմամբ,

11) պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), գազերի և էլեկտրական հոսանքի գործադրմամբ,

12) գիշերային ժամերին լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումների (աղբյուրների) կիրառմամբ,

13) բուսական ծածկի այրմամբ կամ ծխի օգտագործման միջոցով,

14) ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի գործադրմամբ,

15) վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով:

 

VI. ՈՐՍԻ ԱՐԳԵԼՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

21. Որսը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, չի կարող իրականացվել.

1) որսահանդակների տարածքներից դուրս,

2) բնության հատուկ պահպանվող տարածքներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,

3) գյուղատնտեսական նշանակության հողերում` մինչև բերքահավաքի ավարտը,

4) բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտոմայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500 մետր հեռավորությունից:

 

VII. ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ

(վերնագիրը փոփ. 23.10.23 N 375-Ն)

 

22. Որսահանդակների ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 860-Ն որոշմամբ։

(19-րդ կետը փոփ. 23.10.23 N 375-Ն)

(հավելվածը փոփ. 31.08.17 N 299-Ն, խմբ. 21.11.19 N 416-Ն, փոփ. 23.10.23 N 375-Ն)