Գլխավոր տեղեկություն
Համար
N 117-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2023-16.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
04.10.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«04» հոկտեմբերի 2023 թ.

N 117-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1183. ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ «11002. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՖՈՆԴԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց» ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում՛ հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախարար`

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 Հավելված

 ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

 2023 թվականի հոկտեմբերի 4-ի 

N 117-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1183. ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ «11002. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՖՈՆԴԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ՛ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց» ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում՛ հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման շրջանակներում պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին (այսուհետ՝ հաստատություն) ֆինանսական միջոցներ հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով հաստատություններին ֆինանսական միջոցներ հատկացվում են արտակարգ իրավիճակների և չնախատեսված հանգամանքների հետևանքով առաջացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման և ներքին հարդարման աշխատանքներին, նախագծային փաստաթղթեր և շինարարության թույլտվություն չպահանջող կապիտալ աշխատանքներին դասվող աշխատանքների իրականացման նպատակով, մասնավորապես.

1) բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով հաստատությանն ամրացված կամ հաստատությանը սեփականության իրավունքով պատկանող գույքին պատճառված վնասը վերականգնելու համար աշխատանքների ապահովման նպատակով,

2) հաստատությանն ամրացված շենք շինությունների տանիքի ընթացիկ նորոգման (առանց կոնստրուկտիվ փոփոխությունների) նպատակով,

3) հաստատության ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, կոյուղու, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, հակահրդեհային անվտանգության, ազդանշանային և կապի համակարգերի նորոգման, արդիականացման և վերազինման նպատակով,

4) հաստատության դռների կամ պատուհանների փոխարինման, նորոգման նպատակով,

5) հաստատության ընթացիկ գործունեությունը խաթարող և հրատապ լուծում պահանջող ընթացիկ բնույթի աշխատանքներ պահանջող այլ ծախսերի ֆինանսավորման նպատակով։

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացման նպատակով ֆինանսական միջոցներ ստանալու համար հաստատությունները դիմում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ կից ներկայացնելով հիմնավորող և հաշվարկային հետևյալ փաստաթղթերը.

1) Հիմնավորող փաստաթղթերն են (ընթացիկ, կապիտալ աշխատանքների և գույքի ձեռքբերման դեպքում)՝

ա. առաջացած խնդրի մանրամասն նկարագրությունը և խնդրի առաջացման պատճառը,

բ. համաֆինասավորման դեպքում՝ տեղեկություններ համաֆինանսավորող կողմ(եր)ի և համաֆինասավորման չափի վերաբերյալ,

գ. աշխատաքները կամ դրանց մի մասը հաստատության կողմից իրականացվելու դեպքում՝ տեղեկություններ այդ աշխատանքների ծավալի և բնույթի վերաբերյալ,

դ. տեղեկատվություն՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ հաստատության ազատ մնացորդի առկայության և չափի վերաբերյալ,

ե. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների դեպքում՝ վերջիններիս գրավոր դիրքորոշումը,

զ. փաստացի իրավիճակն արտացոլող լուսանկարներ,

է. այլ փաստաթղթեր՝ հաստատության հայեցողությամբ։

2) Ընթացիկ աշխատանքների ձեռքբերման ֆինանսավորման համար հաշվարկային փաստաթղթերն են՝

ա. թերությունների մասին ակտը՝ կազմված և հաստատված համապատասխան հանձնաժողովի կողմից (կցելով նաև հանձնաժողովի ձևավորման մասին իրավական ակտի պատճենը),

բ. աշխատանքների ցանկը՝ կազմված և հաստատված թերությունների մասին ակտը հաստատող հանձնաժողովի կողմից,

գ. խնդրի լուծման նպատակով իրականացվելիք աշխատանքների ծախսերի նախահաշիվը՝ դիմողի և թերությունների մասին ակտը հաստատող հանձնաժողովի ստորագրությամբ՝ կցելով նախահաշիվը հիմնավորող գնորոշումների աղբյուր(ներ)ը:

3) Կապիտալ աշխատանքների ձեռքբերման ֆինանսավորման համար հաշվարկային փաստաթղթերն են՝

ա. աշխատանքների ցանկը՝ կազմված և հաստատված համապատասխան հանձնաժողովի կողմից (կցելով նաև հանձնաժողովի ձևավորման մասին իրավական ակտի պատճենը),

բ. խնդրի լուծման նպատակով իրականացվելիք աշխատանքների ծախսերի նախահաշիվը՝ դիմողի և աշխատանքների ցանկը հաստատող հանձնաժողովի ստորագրությամբ՝ կցելով նախահաշիվը հիմնավորող գնորոշումների աղբյուր(ներ)ը, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից կազմված և հաստատված ծախսերի նախահաշիվը,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում՝ աշխատանքների էսքիզային նախագիծը,

դ. սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններով նախատեսված փաստաթղթերի նախագծող (նախահաշվող) կազմակերպության երաշխավորագիրը:

4) Գույքի ձեռքբերման ֆինանսավորման համար հաշվարկային փաստաթղթերն են՝

ա. գույքի նախահաշիվը՝ կազմված և հաստատված դիմողի կողմից,

բ. նախահաշիվը հիմնավորող գնորոշումների աղբյուր(ներ)ը կամ առնվազն երեք կազմակերպությունից ստացված գնային առաջարկները:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ձևավորվում է հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որի կազմում կարող են ընդգրկվել նաև ներկայացուցիչներ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այլ մարմիններից։

5. Հանձնաժողովը կարող է.

1) տվյալներ ճշտելու կամ դիրքորոշում հայցելու նպատակով դիմել համապատասխան կառույցների, ինչպես նաև իրավիճակը տեղում ուսումնասիրերու և ակնադիտարկում իրականացնելու նպատակով կազմակերպել այցեր.

2) դիմումն ուսումնասիրելու և որոշում կայացնելու համար սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկատվության բավարար չլինելու դեպքում պահանջել դիմողից լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր և տեղեկատվություն.

3) հիմնավորող փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու և (կամ) ոչ պատշաճ կազմված լինելու դեպքում վերադարձնել լրամշակման դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը:

6. Սույն կարգի 4-րդ կետում նշված հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով, որի ընթացքում քննարկում է սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումները և կայացնում է որոշում ֆինանսավորման վերաբերյալ՝ հաշվի առնելով հետևյալը.

1) սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի ամբողջականությունը,

2) կապը սույն կարգի 2-րդ կետով ամրագրված նպատակների հետ,

3) սույն կարգի 5-րդ կետում նշվածի արդյունքում ստացված տեղեկատվությունը,

4) ֆինանսական միջոցներ հատկացնելու հիմնավորվածությունը,

5) խնդրի լուծման հրատապությունը՝ յուրաքանչյուր հրատապ խնդրի ծանրությունն ու ազդեցությունը սովորողների անմիջական անվտանգության և կրթության վրա՝ ռիսկերը և հնարավոր հետևանքները,

6) տվյալ հաստատությունում առաջիկայում իրականացվող ծրագրերում ընդգրկվածությամբ կամ հաստատության Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 23-ի թիվ 797-Ն որոշմամբ հաստատված սեյսմակայունության տեսանկյունից առավել վտանգավոր դպրոցների ցանկում ներառված լինելու հանգամանքով պայմանավորված հնարավոր միջամտության աստիճանը,

7) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց» ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում՛ հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման շրջանակներում հատկացված միջոցների մնացորդը և այլն։

7. Համապատասխան որոշում կայացնելուց հետո հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զեկուցագրով դիմում է նախարարին, և նախարարի կողմից համապատասխան հանձնարարականի դեպքում նախարարության ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանումը սահմանված կարգով.

1) կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում տվյալ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների հաստատման Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակի փոփոխություն,

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից սույն կետի 1-ին ենթակետում նշված փոփոխության հաստատումը ստանալուց հետո նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրմանն է ներկայացնում պետության կողմից ընթացիկ կամ կապիտալ դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի նախագիծը։

8. Սահմանել, որ.

1) սույն կարգով հաստատություններին տրամադրված ֆինանսական միջոցները պետք է օգտագործվեն «Գնումների մասին» օրենքով և/կամ Աշխատանքային օրենսգրքով ամրագրված դրույթներին համապատասխան,

2) սույն կարգով հաստատություններին տրամադրված ֆինանսական միջոցների չիրացված (խնայված, տնտեսված) մնացորդը չի կարող օգտագործվել այլ նպատակներով և ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.02.2024, N 10-Ն 16.02.2024, N 117-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան