ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» սեպտեմբերի 2023 թ. |
N 557-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ««Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-229-Ն օրենքի 82.5-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել նոտարների միջև գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումների բաշխման և վերաբաշխման համակարգչային ծրագրի շահագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Գ. Մինասյան |
Հավելված Արդարադատության նախարարի2023 թվականի սեպտեմբերի 19-ի N 557-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
1. Նոտարների միջև գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումների (այսուհետ՝ Դիմումներ) բաշխման և վերաբաշխման համակարգչային ծրագրի շահագործման կարգը (այսուհետ՝ Կարգ) կարգավորում է նոտարների միջև դիմումներ բաշխման և վերաբաշխման համակարգչային ծրագրի շահագործման հետ կապված հարաբերությունները:
2. Նոտարների միջև Դիմումները բաշխվում և վերաբաշխվում են «Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու գործերով էլեկտրոնային համակարգ» համակարգչային ծրագրի միջոցով (այսուհետ՝ Ծրագիր), որի սպասարկումը իրականացնում է Նոտարական պալատի համապատասխան ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն):
3. Ծրագրի շահագործումը պետք է կազմակերպվի այնպես, որպեսզի ապահովվի «Նոտարիատի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18.3-րդ գլխով սահմանված իրավական նորմերի պահանջների պատշաճ իրականացումը:
4. Ծրագիրը գործարկվում է ինտերնետային դիտարկչում (բրաուզերում) իր համապատասխան հասցեն լրացնելու միջոցով:
5. Գործարկման արդյունքում բացվում է Ծրագրի առանձին պատուհանը, որտեղ պահանջվում է համապատասխան դաշտերում լրացնել օգտագործողի անունը և գաղտնաբառը` Ծրագիր մուտք գործելու համար։
6. Ծրագրի օգտագործող են համարվում այն անձինք, որոնց սույն կարգի համաձայն տրամադրվում է օգտագործողի անուն:
7. Օգտագործողի անուն տրամադրվում է նոտարներին և Նոտարական պալատի աշխատակազմի համապատասխան աշխատակցին:
8. Օգտագործողի անուն տրամադրվում է նաև Ծրագրի սպասարկման ծառայություններ մատուցողին՝ վերջինիս կողմից իր պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
9. Կարգի 6-րդ և 7-րդ կետերում չնշված անձանց օգտագործողի անուն տրամադրվում է Նոտարական պալատի նախագահի համաձայնությամբ:
10. Ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց օգտագործողի անուն տրամադրվում է աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան ժամանակահատվածով:
11. Օգտագործողի անունը տրամադրվում է Նոտարական պալատի Ծրագրի սպասարկման ծառայություններ մատուցողի կողմից՝ պաշտոնում նշանակելու մասին իրավական ակտն ստանալուց հետո՝ անհապաղ:
12. Օգտագործողի անունը Նոտարական պալատի Ծրագրի սպասարկման ծառայություններ մատուցողի կողմից տրամադրվում է՝ այն տվյալ անձի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով կամ առձեռն` ստորագրությամբ:
13. Գաղտնաբառը որոշում է օգտագործողը, որը կարող է փոփոխվել օգտագործողի՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված միջնորդության հիման վրա՝ նախորդ գաղտաբառը Ծառայության կողմից հեռացվելուց հետո:
14. Օգտագործողն իրավունք չունի գաղտնաբառը փոխանցել այլ անձանց և պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի գաղտնաբառը հասանելի չլինի այլ անձանց։
15. Համակարգում առկա Դիմումների որոնում և դիտում իրականացնելու իրավասություն տրվում է բոլոր օգտագործողներին՝ սույն կարգով նախատեսված բացառությունների հաշվառմամբ:
16. Ծրագրի ադմինիստրատիվ բաժնում գործողությունների, բիզնես գործընթացների, օգտագործողների խմբերի փոփոխությունները (ուղղումները, ավելացումները) կատարվում են Նոտարական պալատի Ծրագրի սպասարկման ծառայություններ մատուցողի կողմից:
17. Ծրագրում առկա՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններին հասանելիություն տրամադրվում է Նոտարական պալատի Ծրագրի սպասարկման ծառայություններ մատուցողի կողմից՝ Նոտարական պալատի նախագահի միջնորդության հիման վրա:
18. Դիմումը վերաբաշխելու նախատեսված հիմք առաջանալու դեպքում Ծրագրում վերաբաշխման հիմքի վերաբերյալ նշումը կատարվում է Նոտարական պալատի աշխատակազմի համապատասխան աշխատակցի կողմից:
19. Եթե նոտարն արձակուրդի մեջ է, մասնակցում է վերապատրաստման դասընթացների կամ բացակայում է Օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով, ապա նոտարի անուն-ազգանունը բաշխման ցանկից հանվում է Նոտարական պալատի աշխատակազմի ղեկավարի կողմից՝ նշելով օրենքով սահմանված համապատասխան ժամկետները և բացակայության հիմքը, որի մասին նա անհապաղ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է Նոտարական պալատի նախագահին:
20. Ծրագրում առկա տվյալների փոփոխությունները (ուղղումները), եթե դրանք կարող են ազդել բաշխման կամ վերաբաշխման գործընթացի վրա (գործով կողմի անունը, ազգանունը, դիմումի համարը, արձակուրդի, վերապատրաստման դասընթացների, անաշխատունակության հետևանքով բացակայելու վերաբերյալ նշումները) կատարվում են Նոտարական պալատի աշխատակազմի համապատասխան աշխատակցի կողմից` Նոտարական պալատի աշխատակազմի ղեկավարի էլեկտրոնային եղանակով ներկայացված միջնորդության հիման վրա:
21. Նոտարական պալատի նախագահին կամ նրա հանձնարարությամբ Նոտարական պալատի վարչության երկու անդամի տրվում է սույն կարգով նախատեսված գործողությունների նկատմամբ Ծրագրի միջոցով մշտադիտարկում իրականացնելու հնարավորություն՝ ծրագրային լուծումներն ապահովելուց հետո:
22. Ծրագրի խափանման դեպքում նոտարը այդ մասին էլեկտրոնային կամ այլ եղանակով անհապաղ հայտնում է Նոտարական պալատի աշխատակազմի ղեկավարին՝ Նոտարական պալատի նախագահին տեղեկացնելու նպատակով: Ընդ որում, տվյալ նոտարը պետք է հնարավորինս մանրամասն նկարագրի խափանումը։
23. Օգտագործողները Ծրագրի անվտանգության վերաբերյալ ցանկացած նկատելի կամ ենթադրվող թերությունների մասին պարտավոր են անհապաղ էլեկտրոնային եղանակով տեղեկացնել Ծառայությանը և Նոտարական պալատի աշխատակազմի ղեկավարին։
24. Ծրագրի աշխատանքն ապահովող սարքավորումները պետք է ապահովված լինեն անխափան սնուցման սարքերով և տեղադրվեն այնպիսի վայրերում, որտեղ պաշտպանված կլինեն ֆիզիկական վնասվածքներից ու կբացառվի կողմնակի անձանց մուտքի հնարավորությունը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|