ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«31» հՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 թ. |
N 640-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 331-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի «Որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման ընթացակարգը, ինչպես նաև օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» N 331-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
1) Հրամանի N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից գործող հաշտարար ներկայացնելու անհնարինության դեպքում, նախարարը գործող հաշտարարին նշանակում է միանձնյա՝ արտոնագրված հաշտարարների ռեեստրից:».
2) Հրամանի N 2 hավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում «տրված այդ կազմակերպության կողմից,» բառերից հետո լրացնել «և այն դեպքերի, երբ որակավորման ստուգմանը մասնակցելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է մինչև ուսուցման դասընթացի ավարտը, որի դեպքում դիմումատուի ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը կարող է ներկայացվել ի լրումն ներկայացված դիմումի, բայց ոչ ուշ, քան մինչև հայտարարությամբ սահմանված վերջնաժամկետը:» բառերը.
3) Հրամանի N 3 հավելվածի 2-րդ կետում «մեկ ամիս» բառերը փոխարինել «20 օր» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Գ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2023 թվական: