Գլխավոր տեղեկություն
Համար
N 107-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.08.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
15.08.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

15 օգոստոսի 2023 թ.

N 107-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանի՝

1) 1-ին կետում «Հավելվածի» բառը փոխարինել «Հավելված 1-ի» բառերով:

2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 1․1-ին կետով․

«1․1 Սահմանել դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող տեխնիկանան պահանջները՝ համաձայն Հավելված 2-ի»

3) Հավելվածի՝

 ա․ «Հավելված» բառը փոխարինել «Հավելված 1» բառերով:

 բ․ 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին: Դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ հղումներով նախատեսված բոլոր նյութերը և աղբյուրները պետք է մշտապես հասանելի լինեն դասագրքի գործածության ողջ ժամանակահատվածում և պաշտպանված լինեն կիբերհարձակումներից:

 ա. «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ ԿԶՆԱԿ) յուրաքանչյուր ուսումնական տարին սկսվելուց առնվազն 1 ամիս առաջ վերանայում է դասագրքերի համար օգտագործված հղումները և դրանց հասանելիությունը և փոփոխություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն):

բ․ Նախարարությունը դասագրքերի համար օգտագործված հղումների և դրանց հասանելիության փոփոխության վերաբերյալ ԿԶՆԱԿ-ից ստացված տեղեկատվությունը տրամադրում է հրատարակչին՝ սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված պահանջը ապահովելու համար:»:

գ․ 3-րդ կետի 1-ին ենթակետում «176 էջը (11 մամուլ)» բառերից հետո ավելացնել «, մասերի բաժանված լինելու դեպքում՝ յուրաքանչյուր մասը՝ 112 էջը (7 մամուլ)» բառերը.

դ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝.

«Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով կարող են սահմանվել դասագրքերի գործածության այլ ժամկետներ:»:

ե․ 16.1-ին կետում «այն դասագիրքը,» բառերը փոխարինել «դասագրքին հավակնող այն ուսումնաօժանդակ նյութը (այսուհետ՝ ուսումնական նյութ),» բառերով, իսկ «տարբերակը» բառից հետո լրացնել «(համաձայն Հավելված 2-ի)» բառերով․

զ․ 19-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)» բառերը փոխարինել «Նախարարության» բառով․

է․ 20-րդ և 21-րդ կետերում «ներկայացված դասագրքերի» բառերը փոխարինել «ներկայացված ուսումնական նյութերի» բառերով․

ը․ 21-րդ կետի 1-ին ենթակետում «դասագրքում նյութի» բառերը փոխարինել «ուսումնական նյութի բովանդակության» բառերով․

թ․ 21-րդ կետի 2-րդ ենթակետում «ներկայացված դասագրքերի» բառերը փոխարինել «ներկայացված ուսումնական նյութերի» բառերով, իսկ «դասագրքերի բովանդակային» բառերը՝ «ուսումնական նյութերի բովանդակային» բառերով․

ժ․ 21.1-ին կետում «դասագրքերը» և «դասագրքի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ուսումնական նյութերը» և «ուսումնական նյութի» բառերով․

ի․ 22-րդ կետում «դասագրքերը» բառը փոխարինել «ուսումնական նյութերը» բառերով, իսկ «նյութ» բառը՝ «գրականություն» բառով․

իա․ 30-րդ կետում «ներկայացված դասագրքերի» բառերը փոխարինել «ներկայացված ուսումնական նյութերի» բառերով․

իբ․ 36-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հայոց լեզվի մասնագետ (բացառությամբ՝ օտար լեզուների առարկաների, որում կարող են ներգրավվել համապատասխան առարկայի մասնագետները),»․

իգ․ 38-րդ կետում «ներկայացված դասագրքի» բառերը փոխարինել «ներկայացված ուսումնական նյութի» բառերով, իսկ «անձ» բառից հետո ավելացնել «, միևնույն առարկայի հավակնորդ այլ դասագրքի փորձագետ» կետադրական նշանն ու բառերը:

իդ․«Հավելված 1»-ից հետո լրացնել նոր «Հավելված 2»՝ հետևյալ բովանդակությամբ.

 

 

 

«Հավելված 2

Հայատանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2022 թվականի

հունիսի 9-ի N 20-Ն հրամանի

 

ԴԱՍԱԳՐՔԵՐԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Դասագրքերի հրատարակման տառատեսակային ձևավորման պարամետրերը տրվում են ԴԻԴՈ տպաչափական համակարգում՝ 1 կետաչափը հավասար է 0.376 մմ երկարության։

2. Հայկական տառատեսակի ոճն ու բնութագիրը պետք է համապատասխանեն «Հայկական համակարգչային տառատեսակներ» ՀՀ ստանդարտին (ՀՍՏ 311–2009)։

3. Դասագրքերի առավելագույն զանգվածն է (քաշը)․

1) I-IV դասարանների դասագրքերի համար ՝ 300 գրամ.

2) V-VI դասարանների դասագրքերի համար՝ 400 գրամ.

3) VII-IX դասարանների դասագրքերի համար՝ 500 գրամ.

4) X-XII դասարանների դասագրքերի համար՝ 600 գրամ։

4. Դասագրքերը հրատարակվում են փափուկ կազմով։ Կազմի համար օգտագործվում են երեխաների առողջության վրա վնասակար ազդեցություն չունեցող նյութեր։ Փափուկ կազմի թղթի նվազագույն չափօրինակին համապատասխանում է կավճապատ և սպիտակեցված կոշտ թուղթը կամ եռապատիկ շերտով սպիտակեցված ստվարաթուղթը։ Թղթի մակերեսը մի կողմից պետք է լինի երեսպատված 12 մկ ացետատի լամինատով։ Կազմի թուղթը պետք է ունենա առնվազն 340 մկ հաստություն։ Կազմի թուղթը ծալելիս թելքի ուղղությունը պետք է զուգահեռ լինի կազմի կռնակին։

5. Տպագրական թուղթը պետք է լինի օֆսեթ։ Տպագրական թղթի նվազագույն չափօրինակին համապատասխանում է ոչ փայտային հիմք ունեցող թուղթը կամ, եթե անթափանցիկությունը բարձրացնելու նպատակով ավելացվել է մանրացված փայտախյուս, ապա թուղթը պետք է լինի սպիտակեցված, արտադրված մամլական կամ ջերմամեխանիկական եղանակով, չպետք է ունենա 30%–ից ավելի թելք, պետք է լինի համասեռ։ Թուղթը պետք է լինի ճշգրիտ կտրված, ունենա բարձր անթափանցիկություն, որպեսզի հնարավոր լինի տպագրել չորս գույնի տեքստեր՝ առանց երկկողմանի թափանցիկության։ Դասագրքի համար պետք է օգտագործվի նվազագույնը 70 գր/մ2–ից մինչև 80 գր/մ2 թուղթ։ Նվազագույն թափանցիկությունն ըստ ISO 2471–ի պետք է լինի 88%-90%: Տպագրված մամուլները ծալելիս թղթի թելքի ուղղությունը պետք է լինի զուգահեռ կռնակին։

6. Դասագիրքը պետք է լինի գունավոր, տպագրված օֆսեթ եղանակով, տպագրական չորս գույների համադրության մեթոդով (CMYK): Դասագիրքը պետք է ունենա 170մմx240մմ (70x100/1/16) կամ 206մմx260մմ (84x108/1/16) ձևաչափերը։ Դասագրքի կազմելու ձևը թելակարով մամուլներն են, որոնք կազմին սոսնձվում են բարձրորակ երկարակյաց և առաձգական սոսնձով։ Կազմի մեջքի և դիմացի ծալքի հեռավորությունը պետք է լինի 6 մմ, կազմի կռնակի ծալվածքը պետք է լինի 90 ։

7. Դասագիրքը պետք է ունենա տեխնիկական էջ և տիտղոսաթերթ:

8. Դասագրքի բացված զույգ էջերի միջև լուսանցքը 26 մմ է, ընդ որում՝ յուրաքանչյուր կից էջի նվազագույն լուսանցքը 10 մմ է։ Էջերի լուսանցքների վրա, բացի կից էջի լուսանցքից, տեղադրվում են առաջադրանքների պայմանական նշաններ, պատկերներ, ինչպես նաև տեքստ (50 տպատառ ծավալով), հիմնական շարվածքից 5 մմ հեռավորության վրա։ Էջի վերին, արտաքին և ստորին լուսանցքները նվազագույնը 10 մմ է՝ պատկերների պարագայում պահպանելով լուսանցքի եզրագիծը կամ օգտագործելով լուսանցքը մինչև էջի եզրը։

9. Դասագրքում նեղ նկարվածքով տպատառեր կիրառվում են միայն վերնագրերում։

10. Դասագրքերի տպագրության ժամանակ հիմնական և լրացուցիչ տեքստերի համար չեն կիրառվում նեգատիվային (բաց/շրջված) տառատեսակներ։ Տեքստը տպագրվում է ստվերագիծ չունեցող, ոչ աղճատված, դյուրընթեռնելի տպատառերով։ Գունավոր ֆոնի վրա թեք, շեղ, գունավոր տառատեսակներ չեն կիրառվում՝ պատկերը և տեքստն ակնառու դարձնելու համար։ Տպագրության ժամանակ հիմնական և լրացուցիչ տեքստերի շարվածքը չի կարող լինել երկուսից ավել սյունակով և երեքից ավել գույնով։

11. Տարրական դպրոցի դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստերի և որևէ հատվածի ընդգծման համար (բացի վերնագրերից) կիրառվում է միևնույն տեսակաշարի տպատառային ձևավորման առավելագույնը 4 տարբերակ, որոնք իրարից տարբերվում են բնութագրող որևէ մեկ հատկորոշչով, կամ տառի չափով, կամ տեսակաշարով, կամ նկարվածքով, կամ գունային ընդգծվածությամբ։ Միջին և ավագ դպրոցների դասագրքերի հիմնական և լրացուցիչ տեքստերի ձևավորման համար կիրառվում է միևնույն տառատեսակի տարբեր նկարվածքներ (ոճեր)։

12. Տարրական դասարանների դասագրքերում քարտեզների մակագրությունների համար կիրառվում են նվազագույնը 10, միջին դասարանների դասագրքերի համար՝ նվազագույնը 9, իսկ ավագ դասարանների դասագրքերի համար նվազագույնը 8 կետաչափի տպատառեր /անհնարինության պարագայում տալ QR-ով կամ այլ նյութերի միջոցով։

13. Եթե տեքստը էջի վրա տեղադրված է պատկերի աջ կողմում, ապա տողերը գտնվում են մեկ ուղղահայաց գծի վրա՝ բացառությամբ վերնագրի և նոր տողի։

14. Դասագրքերը տպագրվում են առանց տեղեկատվության կորստի և դյուրընթեռնելիության խաթարմանը հանգեցնող հետևյալ թերությունների․

1) չտպագրված մասեր (պատկերի էլեմենտների կորուստ), ներկերի լղոզվածություն, բծեր.

2) քերծվածքներ, կրկնակի տպագրություն.

3) սոսնձի ներհոսք էջերի միջև, որը հանգեցնում է էջերի սոսնձման և տեքստի կամ պատկերի վնասման.

4) դասագրքերի մասերի կամ կազմի թերություններ։

15. Այբբենարաններին ներկայացվող պահանջներ․

1) տեքստի տառատեսակի չափը՝ նվազագույնը 18 կետաչափ.

2) տեքստի տողի նվազագույն երկարությունը՝ 117 մմ.

3) տեքստի միջտողային նվազագույն տարածությունը՝ 7 կետաչափ.

4) տառատեսակի խումբը՝ առանց ծայրատների, քիչ կոնտրաստով.

5) տառատեսակի ոճը՝ նորմալ կամ լայն, կիսաթավ, ուղիղ.

6) պատկերների մակագրության համար կիրառվում է 12 կետաչափից ոչ պակաս չափի տառատեսակ, դրանք տեղադրվում են պատկերի եզրից նվազագույնը 4 մմ հեռավորության վրա.

7) էջի վրա տողադարձերի առավելագույն քանակը չպետք է գերազանցի 4-ը.

8) չեն կիրառվում շեղագիր տպատառեր.

9) Այբբենարանի այբուբենային էջերի վրա պատկերազարդումների ընդհանուր մակերեսը առնվազն 50 % է, իսկ հետայբուբենային մասում՝ նվազագույնը 30%.

10) վայելչագրության մասում, գրելու ունակությունների յուրացման համար (տառերի մասնիկներ, տառեր, տառերը միացնող մասնիկներ, առանձին բառեր), փոքրատառերի հորիզոնական ուղղորդիչ գծերի միջև առավելագույն հեռավորությունը 8 մմ է, իսկ նվազագույնը՝ 5 մմ.

11) տառերի նմուշները և նրանց տարրերը պատկերելու համար կիրառվում են հոծ գիծ կամ կետագիծ, ինչպես նաև գրելու ժամանակ ձեռքի շարժման ուղղությունը ցույց տվող սլաքներ։ Տառի օրինակները պատկերելու համար օգտագործվում է միայն մեկ գույն.

12) ձեռագիր տառատեսակի կիրառման դեպքում վերջինիս չափը 2 կետաչափով ավելի է հիմնական տեքստի տառատեսակի չափից.

13) բոլոր տիպի Այբբենարաններում ձեռագիր տառատեսակները պետք է լինեն նույնը։

16. Տարրական դասարանների դասագրքերին ներկայացվող պահանջներ․

1) տեքստի տառատեսակի չափը՝ առաջին և երկրորդ դասարանների դասագրքերի համար նվազագույնը 14 կետաչափ, երրորդ և չորրորդ դասարանների դասագրքերի համար՝ նվազագույնը 12 կետաչափ.

2) տեքստի տողի նվազագույն երկարությունը՝ առաջին և երկրորդ դասարանների դասագրքերի համար նվազագույնը 108 մմ, երրորդ և չորրորդ դասարանների համար՝ նվազագույնը 81 մմ.

3) տեքստի միջտողային նվազագույն տարածությունը՝ 7 կետաչափ.

4) տառատեսակի խումբը՝ առանց ծայրատների.

5) տառատեսակի ոճը՝ նորմալ կամ լայն, կիսաթավ.

6) պատկերների մակագրության համար կիրառվում է 12 կետաչափից ոչ պակաս չափի տառատեսակ․ դրանք տեղադրվում են պատկերի եզրից նվազագույնը 4 մմ հեռավորության վրա.

7) դասագրքի բառարանային մասը հավաքվում է երկու սյունակով, եթե սյունակների միջև պահպանվում է նվազագույնը 9 մմ տարածություն, իսկ բաժանարար գծի առկայության դեպքում ՝ 6 մմ։

17. Միջին և ավագ դասարանների դասագրքերին ներկայացվող պահանջներ․

1) տեքստի տառատեսակի չափը՝ հինգերորդ և վեցերորդ դասարանների դասագրքերի համար նվազագույնը 10 կետաչափ, յոթից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար՝ նվազագույնը 9 կետաչափ.

2) տեքստի տողի նվազագույն երկարությունը՝ 50 մմ.

3) տեքստի միջտողային նվազագույն տարածությունը՝ 3.5 կետաչափ.

4) տառատեսակի խումբը՝ բոլոր խմբերը.

5) տառատեսակի ոճը՝ նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ կիսաթավ.

6) պատկերների մակագրության համար կիրառվում է 12 կետաչափից ոչ պակաս չափի տառատեսակ․ դրանք տեղադրվում են պատկերի եզրից նվազագույնը 4 մմ հեռավորության վրա.

7) դասագրքի վարժությունների, խնդիրների և բառարանային մասը հավաքվում է երկու սյունակով, եթե սյունակների միջև պահպանվում է նվազագույնը 9 մմ տարածություն, իսկ բաժանարար գծի առկայության դեպքում ՝ 6 մմ։»:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2023 թվական: