Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 12.07.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.07.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«06» հուլիս 2023 թ.

N 36-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

« 06 » հուլիս 2023 թ. N 36-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց (այսուհետ` անձ) հաշվառելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Անձի հաշվառումն իրականացվում է անձի բնակության վայրի տարածքը սպասարկող արտահիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող հոգեբուժական կազմակերպության (այսուհետ` հաշվառումն իրականացնող կազմակերպություն) կողմից, բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների:

3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող մինչև 18 տարեկան երեխաների հաշվառումն իրականացվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայության կողմից, բացառությամբ Շիրակի մարզում բնակվող մինչև 18 տարեկան երեխաների, որոնց հաշվառումն իրականացվում է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դիսպանսեր ծառայության կողմից:

4. Հաշվառումն իրականացնող կազմակերպությունում անձին հաշվառումն իրականացվում է հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա:

5. Հոգեբուժական հանձնաժողովի կողմից անձի մոտ հոգեկան խանգարում ախտորոշվելու դեպքում նրան տրամադրվում է մասնագիտական եզրակացություն, որը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչով հաստատված հոգեկան և վարքային խանգարումների դասին համապատասխանող ախտորոշումներին և հիմք հանդիսանա հաշվառումն իրականացնող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կողմից անձին հաշվառելու համար:

6. Անձին հաշվառելու և հաշվառումից հանելու տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային առողջապահության համակարգում, ինչպես նաև հաշվառումն իրականացնող կազմակերպությունում վարվող մատյանում` սույն հավելվածի Ձևի համաձայն:

7. Հաշվառումն իրականացնող կազմակերպության կողմից անձին հաշվառելու և հաշվառումից հանելու վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրվում է անձի բնակության վայրի տարածքը սպասարկող հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող հոգեբուժական կազմակերպությանը` անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնությամբ:

8. Անձի մահվան դեպքում հաշվառումն իրականացնող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կողմից անձին հաշվառումից հանելու հիմք է հանդիսանում անձի մահը հավաստող մահվան վկայականը կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից տրված մահվան մասին տեղեկանքը, որի պատճենը կցվում է անձի ամբուլատոր բժշկական քարտին` բժիշկ-հոգեբույժի կողմից կատարելով համապատասխան գրառում:

9. Անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում հաշվառումն իրականացնող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կողմից անձին հաշվառումից հանելու հիմք է հանդիսանում անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող` Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից անձին տրամադրված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին» տեղեկանքը, որի պատճենը կցվում է անձի ամբուլատոր բժշկական քարտին` բժիշկ-հոգեբույժի կողմից կատարելով համապատասխան գրառում:

10. Հաշվառումից դուրս գալու նպատակով անձը ենթարկվում է հոգեբուժական հետազոտման` անձի հաշվառումն իրականացնող կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի կողմից:

11. Եթե անձի հաշվառումն իրականացնող կազմակերպությունում առկա է մեկ բժիշկ-հոգեբույժ և հնարավոր չէ ձևավորել «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի պահանջներին համապատասխան հոգեբուժական հանձնաժողով, ապա հաշվառումից դուրս գալու նպատակով անձը ենթարկվում է հոգեբուժական հետազոտման` անձի բնակության վայրի տարածքը սպասարկող հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող հոգեբուժական կազմակերպությունում:

12. Հոգեկան առողջության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն կազմելու նպատակով հոգեբուժական հանձնաժողովը անձի զննությամբ պատճառաբանված որոշում է կայացնում հաշվառումից դուրս գալու համար դիմող անձի հիվանդանոցային կամ ցերեկային ստացիոնար կամ արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական հետազոտման վերաբերյալ:

13. Հոգեբուժական հանձնաժողովը նշանակում է արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական հետազոտում մինչև 15-օրյա ժամկետով: Հետազոտման ընթացքում, անձի կողմից հոգեբուժական կազմակերպություն առնվազն երեք անգամ իրականացվող յուրաքանչյուր այցի ավարտին բժիշկ-հոգեբույժը անձի հոգեկան վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք է ներկայացնում հոգեբուժական հանձնաժողով, որը անձին զննելու արդյունքում, համադրելով առկա բժշկական փաստաթղթերը և զննման արդյունքները, կազմում է անձի հոգեկան առողջության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն։

14. Հոգեբուժական հանձնաժողովը նշանակում է հիվանդանոցային կամ ցերեկային ստացիոնարի պայմաններում հոգեբուժական հետազոտում մինչև 15-օրյա ժամկետով և հոգեբուժական հանձնաժողովի կողմից կազմվում է անձի հոգեկան առողջության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն։

15. Սույն կարգի 13-14-րդ կետերում նշված հոգեբուժական հետազոտման արդյունքում հետազոտվողի մոտ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչով հաստատված հոգեկան և վարքային խանգարումների դասին համապատասխանող ախտորոշումների բացակայության դեպքում (դեղորայքային բուժման բացառման պարագայում) հոգեբուժական հանձնաժողովի կողմից հետազոտվողին տրվում է «Ներկայում հոգեպես առողջ է» գրավոր մասնագիտական եզրակացությունը:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված «Ներկայում հոգեպես առողջ է» գրավոր մասնագիտական եզրակացությունը հիմք է հանդիսանում անձի հաշվառումն իրականացնող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի համար անձին հաշվառումից հանելու համար` համապատասխան գրառում կատարելով ամբուլատոր բժշկական քարտում:

 

Ձև

 

ՄԱՏՅԱՆ

 

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

Հ/հ

Հաշվառվող անձի անուն, ազգանուն, հայրանուն

Ծննդյան ամսաթիվ

Հաշվառման վայր

Հաշվառումն իրականացնող կազմակերպու-թյունում հաշվառման ամսաթիվ

Հաշվառումն իրականացնող կազմակերպու-թյունում հաշվառման հիմք

Ախտորոշում

Հաշվառումից հանելու ամսաթիվ

Հաշվառումից հանելու հիմք

1.

               

2.

               

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան