Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.03.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 մարտի 2023 թ.

N 29-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Կենսաբանություն» առարկայի 7-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. մարտի 30-ի 

N 29-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

1. Ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների

 

«Կենսաբանություն» առարկայի նպատակը գիտական գրագիտության, տեղեկատվական, հետազոտական, հաղորդակցական, սոցիալական և այլ կարողունակություններ ունեցող ցկյանս սովորողներ ձևավորելն է, ովքեր պատրաստ կլինեն իրենց հետագա ուսումնառությանը՝ կենսաբանությանն առնչվող բազմազան ոլորտներում։

 

1.1. Հիմնական դպրոցում «Կենսաբանություն» առարկայի ուսումնառության նպատակներն են՝

 

Սովորողների համար գիտելիք և ըմբռնում ձեռք բերելու հնարավորություն ստեղծել՝

 

1) Երկրի վրա կենդանի օրգանիզմների բազմազանության վերաբերյալ,

2) կենդանի օրգանիզմների կառուցվածքի և գործառույթների փոխկապակցվածության վերաբերյալ,

3) օրգանիզմների ժառանգականության և էվոլյուցիայի ժամանակակից պատկերացումների վերաբերյալ,

4) ժամանակակից էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ և ծանոթանալ դրանց լուծման հիմնական սկզբունքներին,

5) իրենց մարմնի կառուցվածքի, գործառույթների և հիգիենայի վերաբերյալ։

 

Զարգացնել և ձեռք բերել կարողություններ և հմտություններ՝

 

1) կառուցելու և կիրառելու կենսաբանության մասին գիտելիք,

2) հասկանալու գիտության բնույթը կենսաբանության համատեքստում,

3) գնահատելու կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և այլ գիտակարգերի միջև գոյություն ունեցող կապերը,

4) իրականացնելու գիտական հետազոտություններ,

5) մտածելու գիտականորեն և քննադատաբար,

6) լինելու ստեղծարար,

7) լուծելու խնդիրներ կենսաբանության համատեքստում անհատապես կամ համագործակցային խմբերով,

8) հասկանալու գիտական լեզուն և հաղորդակցվելու՝ ներկայացնելով կենսաբանությանը առնչվող հարցերի վերաբերյալ գաղափարներ և տեսակետներ,

9) տեղյակ լինելու կենսաբանության սոցիալական, էթիկական, տնտեսական, բնապահպանական և տեխնոլոգիական կիրառություններին,

10) ունենալու փաստարկված կարծիք կենսաբանությանը առնչվող թեմաների վերաբերյալ:

 

Սերմանել արժեքներ և ձևավորել վերաբերմունք՝

 

1) զարգացնելու և պահպանելու հետաքրքրասիրությունը, հիացմունքը և հարգանքը բնության և կենդանի աշխարհի հանդեպ,

2) ձևավորելու և ամրապնդելու առողջ ապրելակերպին միտված գիտակցված վարքագիծ և սովորույթներ,

3) զարգացնելու պատասխանատու քաղաքացու վերաբերմունք և մտադրվածություն՝ նպաստելու անձնական և հանրային առողջությանը:

 

1.2. Ավագ դպրոցում «Կենսաբանություն» առարկայի ուսումնառության նպատակներն են՝

 

Սովորողների համար գիտելիք և ըմբռնում ձեռք բերելու հնարավորություն ստեղծել՝

 

1) կենսաբանական եզրույթների, փաստերի, սկզբունքների և հասկացությունների վերաբերյալ,

2) կենսաբանական գիտելիքը ու հմտությունները ծանոթ և անծանոթ իրավիճակներում կիրառելու վերաբերյալ,

3) կենսաբանական մեթոդների և տեխնիկաների մասին,

4) առօրյա կյանքում «Կենսաբանություն» գիտության կիրառության վերաբերյալ,

5) կենսաբանության ոլորտում տեղի ունեցող զարգացումների և առկա խնդիրների վերաբերյալ:

 

Զարգացնել և ձեռք բերել կարողություններ և հմտություններ՝

 

1) մտածելու գիտականորեն և ստեղծագործաբար,

2) քննաբար վերլուծելու կենսաբանության հետ առնչվող հարցերը,

3) կայացնելու որոշումներ՝ կշռադատելով կենսաբանական գիտելիքի կիրառությունների դրական և բացասական կողմերը,

4) գիտակցելու առաջարկված գիտական տեսությունները պաշտպանելու, փոփոխելու կամ հերքելու համար ապացույցների անհրաժեշտությունը,

5) դիտարկելու, համապատասխան հարցեր առաջադրելու, խնդիրները որոշակիացնելու և հետազոտության վարկածներ ձևակերպելու,

6) պլանավորելու և իրականացնելու գիտական հետազոտություններ անհատապես կամ համագործակցային խմբերով՝ ընտրելով համապատասխան մեթոդներ և գործիքներ՝ քանակական և որակական տվյալները ճշգրտորեն հավաքելու, դրանք վերլուծելու և եզրակացություններ կատարելու,

7) օգտագործելու տեղեկատվական տեխնոլոգիաները գիտական տեղեկությունը մշակելու և ներկայացնելու համար,

8) արդյունավետ հաղորդակցվելու գիտական լեզվով՝ այլոց հետ իրենց գաղափարներն ու տեսակետները քննարկելով:

 

Սերմանել արժեքներ և ձևավորել վերաբերմունք՝

 

1) Ցուցաբերելու հետաքրքրություն կենսաբանության ուսումնասիրության նկատմամբ, գնահատելու բնության հրաշքներն ու կատարելությունը և հարգանքով վերաբերվելու բնությանը,

2) իրազեկ լինելու հասարակության կյանքում կենսաբանական գիտելիքի կիրառություններին և դրանց սոցիալական, էթիկական, տնտեսական և բնապահպանական հետևանքներին,

3) գիտակցելու կենսաբանական գիտելիքի դինամիկ բնույթը և արժևորելու գիտության և տեխնոլոգիայի դերը կենդանի բնությունը հասկանալու համար,

4) գիտակցելու սեփական պատասխանատվությունը հետագա սերունդների համար շրջակա միջավայրը պահպանելու և դրան խնամքով վերաբերվելու գործում,

5) ձևավորելու առողջ ապրելակերպ։

 

2. Առարկայի, դասընթացի ընդհանուր բնութագիրը

Կենսաբանությունը բնական գիտություն է, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմները և կենսական գործընթացները։ Իր բազմաթիվ կիրառությունների շնորհիվ այն հսկայական նշանակություն ունի յուրաքանչյուր մարդու կյանքում, որոնց թվում են առողջ ապրելակերպը, բժշկագիտությունը, գյուղատնտեսությունը, սննդամթերքների և դեղորայքի արտադրությունը, բնապահպանությունը, դատափորձագիտությունը, այլընտրանքային էներգետիկ և մարդու կյանքին անմիջականորեն առնչվող բազմաթիվ այլ ոլորտներ։

«Կենսաբանություն» առարկան սովորողներին հնարավորություն է տալիս հետազոտելու կենդանի օրգանիզմների կառուցվածքը, գործառույթները, բազմացումը, աճն ու զարգացումը, տարածվածությունը, էվոլյուցիան և փոխազդեցությունը բնության անկենդան բաղադրիչների հետ։ «Կենսաբանությունը» նաև ապահովում է մարդու օրգանիզմի հիգիենայի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքի ձեռքբերումը և նպաստում է առողջ ապրելակերպի ձևավորմանը։ «Կենսաբանության» ուսումնասիրության ընթացքում սովորողները նաև ծանոթանում են կենսաբանության բազմաթիվ կիրառություններից առավել կարևորներին, քննարկում են կենսաբանության նվաճումների ունեցած ազդեցությունը մարդու կյանքում և դրանց հետ կապված էթիկական, սոցիալական և տնտեսական հարցերը, տեղեկանում են կենսաբանական գիտելիքի հետ կապ ունեցող մասնագիտություններին։ «Կենսաբանություն» առարկան հնարավորություն է տալիս ձեռք բերել անհրաժեշտ գիտելիք և հմտություններ և դառնալ տեխնոլոգիական աշխարհի պատասխանատու և ինքնավստահ քաղաքացի, ով ունակ է գիտությանն առնչվող հարցերում ձևավորել սեփական փաստարկված դիրքորոշում։

 

«Կենսաբանության» դասավանդման նպատակը հարուստ և հետաքրքիր փորձառություն ապահովելն է՝ կառուցված կենսաբանության հիմնական գաղափարների, բնագիտության և ճարտարագիտության պրակտիկաների, խաչվող ընդհանրական հասկացությունների և Հանրակրթության հիմնական և միջնակարգ ծրագրերի շրջանավարտներից ակնկալվող վերջնարդյունքների շուրջ։

 

3. Ուսումնառության ընթացքում ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների

Ուսումնառության ընթացքում ակնկալվող վերջնարդյունքները ներկայացված են Հավելված 1-ում։

 

4. Բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները

 

4.1 Առարկայի հիմնական գաղափարները

Կենդանի օրգանիզմների վերաբերյալ ամբողջական ընկալում ձևավորելու նպատակով «Կենսաբանություն» առարկան կառուցվել է չորս հիմնական գաղափարների շուրջ։ Դրանք թույլ են տալիս ստեղծել աշխարհի ամբողջական պատկերը և խուսափել նյութի հատվածային, տարանջատված ընկալումից։

 

Ընտրված չորս հիմնական գաղափարներն են․

1. Բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքային միավորները բջիջներն են, որոնք կազմված են մոլեկուլներից։

2. Կենդանի օրգանիզմները փոխազդում են միմյանց և իրենց շրջապատող անկենդան աշխարհի հետ։

3. Օրգանիզմներն օժտված են ժառանգականությամբ և փոփոխականությամբ։

4. Կենսաբազմազանությունն առաջացել է էվոլյուցիայի արդյունքում։

 

Առաջին մակարդակի հիմնական գաղափարները հետագայում տրոհվել են երկրորդ և երրորդ ենթամակարդակների։ «Կենսաբանություն» առարկայի առարկայական չափորոշչային վերջնարդյունքները ձևակերպվել են յուրաքանչյուր կրթական աստիճանի համար ընտրված երրորդ մակարդակի գաղափարների և բնագիտության և ճարտարագիտության դասավանդման և ուսումնառության պրակտիկաների շուրջ։

Հիմնական գաղափարների ուսուցումն իրականացվում է պարուրաձև՝ հիմնվելով տարրական դպրոցի «Ես և շրջակա աշխարհը» և միջին դպրոցի 5-6-րդ դասարանների «Բնագիտություն» առարկաների դասընթացների ընթացքում ձևավորված նախնական պատկերացումների վրա։ 7-9-րդ դասարաններում և ավագ դպրոցում «Կենսաբանություն» առարկայի շրջանակում առաջարկվում է ուսուցանվող տեսական նյութի, սովորողների կարողությունների և հմտությունների աստիճանական խորացում և ընդլայնում։

 

Հիմնական գաղափարներ

I մակարդակ

II մակարդակ

1-4

5-6

7-9

10-12

Մոլեկուլներից օրգանիզմներ

Օրգանիզմները կազմված են բջիջներից և ունեն կյանքի սահմանափակ տևողություն։

 

Բոլոր օրգանիզմները կազմված են բջիջներից։

 

Բազմաբջիջ օրգանիզմների բջիջները տարբերակված են և հարմարված իրենց կատարած գործառույթներին։

 

Կենդանի օրգանիզմների գործունեությունը կախված է նրանց բջիջներում տեղի ունեցող գործընթացներից։ Բազմաբջիջ օրգանիզմների աճը բջջի բազմաթիվ միտոտիկ բաժանումների արդյունք է։

Բջիջները կյանքի փոքրագույն միավորներն են

 

V

V

V

Կառուցվածքը համապատասխանում է գործառույթին

V

V

V

V

Օրգանիզմները վերարտադրվում են, աճում և զարգանում

V

V

V

V

Էկոհամակարգ, փոխհարաբերություններ և դինամիկա

 

Օրգանիզմներին անհրաժեշտ են սննդանյութեր և էներգիա, որոնցից նրանք հաճախ կախված են կամ մրցակցում են այլ օրգանիզմների հետ։

 

Սնունդն օրգանիզմներին նյութեր և էներգիա է տրամադրում կյանքի հիմնական գործառույթներն իրականացնելու համար: Կանաչ բույսերը, որոշ արքեյներ, բակտերիաներ, պրոտիստներ ունակ են օգտագործելու արևի էներգիան՝ բարդ օրգանական նյութեր ստեղծելու համար:

 

Կենդանիներն էներգիա են ստանում՝ ճեղքավորելով սննդի բարդ մոլեկուլները և ի վերջո կախված են հիմնականում կանաչ բույսերից՝ որպես էներգիայի աղբյուր:

 

Ցանկացած էկոհամակարգում տեսակների միջև կա մրցակցություն ապրելու և վերարտադրվելու, անհրաժեշտ էներգիական ռեսուրսների և նյութերի համար։

 

Նշում․ էկոհամակարգը պետք է ուսուցանվի աշակերտներին ծանոթ տարածքի օրինակով:

Էկոհամակարգի կառուցվածքը և գործառույթները

V

V

V

V

Նյութերի շրջապտույտը և էներգիայի հոսքը էկոհամակարգում

V

V

V

V

Էկոհամակարգի դինամիկան և կայունությունը

V

V

V

V

Ժառանգականություն և փոփոխականություն

 

Գենետիկ տեղեկությունը փոխանցվում է օրգանիզմների մի սերնդից մյուսին:

 

Բջջում գենետիկ տեղեկությունը պահվում է ԴՆԹ-ում: Գեները և միջավայրի գործոնները պայմանավորում են օրգանիզմների կառուցվածքը և զարգացումը: Անսեռ բազմացման դեպքում սերունդների բոլոր գեները ժառանգվում են մեկ ծնողից: Սեռական բազմացման ժամանակ գեների կեսը ժառանգվում է մի ծնողից, մյուս կեսը՝ մյուս ծնողից:

Ժառանգականության մոլեկուլային հիմքերը

   

V

V

Ժառանգման օրինաչափությունները

V

 

V

V

Ժառանգական փոփոխականության աղբյուրները

   

V

V

Ոչ ժառանգական փոփոխականության աղբյուրները

V

V

V

V

Էվոլյուցիա և կենսաբազմազանություն

 

Ներկայումս ապրող և բնաջնջված օրգանիզմների բազմազանությունն էվոլյուցիայի արդյունք է:

 

Կենդանի օրգանիզմները ծագել են համընդհանուր նախնուց՝ պարզ միաբջիջ օրգանիզմից։ Բազմաթիվ սերունդների ընթացքում բնական ընտրության արդյունքում պահպանվել և սերունդ են տվել այն առանձնյակները, որոնք լավագույնս հարմարված են որոշակի պայմաններում գոյատևելուն: Այն տեսակները, որոնք չեն հարմարվել միջավայրի փոփոխություններին, վերացել են:

Բնական ընտրություն և էվոլյուցիա

   

V

V

Արհեստական ընտրություն և սելեկցիա

   

V

V

Կենսաբազմազանության էվոլյուցիան և դասակարգումը

V

V

V

V

Կենսաբազմազանության պահպանությունը

V

V

V

V

 

Ի լրումն կենսաբանությանն առնչվող հիմնական գաղափարների, կարևորվում է նաև բնագիտության և ճարտարագիտության գաղափարների և հմտությունների ուսուցանումը։ Այդ նպատակով ընտրվել են բոլոր բնագիտական և ճարտարագիտական առարկաների համար ընդհանուր դասավանդման և ուսումնառության պրակտիկաներ և խաչվող ընդհանրական հասկացություններ, որոնք հաշվի են առնվել վերջնարդյունքների ձևակերպման համար։ Դրանք պետք է ներկառուցված լինեն կենսաբանական գիտելիքի ուսուցման գործընթացում, որը կնպաստի բնագիտական և ճարտարագիտական համընդհանուր կարողությունների և հմտությունների ձևավորմանը և բնության ամբողջական ընկալմանը։

 

4.2. Բնագիտության և ճարտարագիտության դասավանդման և ուսումնառության պրակտիկաներ

 

Գործնական կարողությունների (պրակտիկաների) միջոցով կարելի է նկարագրել, թե գիտնականներն ինչպես են իրականացնում հետազոտություններ, կառուցում բնության ճանաչողության մասին մոդելներ և համակարգեր։

«Կենսաբանություն» առարկայի դասավանդման ընթացքում պետք է ապահովել լիարժեք հնարավորություն զբաղվելու գործունեության հետևյալ ձևերով՝

1) կատարել հարցադրումներ և ձևակերպել խնդիրներ,

2) մշակել և օգտագործել մոդելներ,

3) պլանավորել և իրականացնել հետազոտություններ,

4) վերլուծել և մեկնաբանել տվյալներ,

5) օգտագործել մաթեմատիկան և հաշվողական մտածողություն,

6) կառուցել բացատրություն և մշակել լուծումներ,

7) բերել հիմնավորումներ ապացուցելու համար,

8) ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկություն:

 

4.3. Խաչվող ընդհանրական հասկացություններ

Սովորողների մոտ աշխարհի համապարփակ և գիտականորեն հիմնավորված տեսակետ կառուցելու համար «Կենսաբանություն» առարկայում ներառվել են նաև խաչվող ընդհանրական հասկացություններ։ Դրանք բնագիտության տարբեր ոլորտները կապելու միջոց են, քանի որ կիրառվում եմ բնագիտության բոլոր ճյուղերում։ Խաչվող հասկացությունները կազմակերպչական հենք են հանդիսանում բնագիտական տարբեր առարկաներից ստացված գիտելիքը փոխկապակցելու համար։

Կենսաբանության ծրագրում ներառված խաչվող ընդհանրական հասկացություններն են՝

1) օրինաչափություն,

2) պատճառ և հետևանք,

3) մասշտաբ, համամասնություն և քանակ,

4) համակարգեր և համակարգերի մոդելներ,

5) էներգիա և նյութ,

6) կառուցվածք և գործառույթը

7) կայունություն և փոփոխություն:

 

5. Թեմաները և դրանց բովանդակությունը

 

Առարկայի թեմաների և դրանց բովանդակության կառուցման հիմքում դրվել են հետևյալ սկզբունքները․

1) Անդրադառնալ գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ժամանակակից նվաճումներին։

2) Միտված լինել սովորողների վերաբերմունքի և արժեքային համակարգի ձևավորման սոցիալական նպատակներին։

3) Ուղղված լինել սովորողների ստեղծագործական ունակությունների զարգացման նպատակներին։

4) Նպաստել սովորողների մոտ առողջ ապրելակերպի ձևավորման համար անհրաժեշտ գիտելիքի, կարողությունների, հմտությունների և վերաբերմունքի ձևավորմանը։

5) Ապահովել նախկինում ուսումնասիրված և հաջորդող նյութերի շարունակականությանը։

6) Հստակ արտահայտել միջառարկայական կապերը։

7) Հետևողականորեն ի ցույց դնել ուսումնասիրվող երևույթների միջև գոյություն ունեցող բնական կապերը:

Առարկայական ծրագրում տրված թեմաների հաջորդականությունը կարող է փոփոխվել: Ուսուցիչն ազատ է թեմաների դասավանդման հաջորդականությունը և դրանց հատկացվող ժամաքանակը ընտրելու գործում՝ կախված դպրոցի, դասարանի առանձնահատկություններից և սովորողների կարիքներից:

Ուսումնական ծրագրով սահմանված կրթության բովանդակության հստակեցումը ներկայացվում է դասագրքերում, ուսումնական ձեռնարկներում և ուղեցույցներում: Ուսումնական նյութերում անհրաժեշտ է շեշտադրել ուսումնասիրվող նյութի կապը Հայաստանի գիտության, արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտների հետ: Կենսաբազմազանության ներկայացուցիչները հնարավորության դեպքում պետք է Հայաստանի բնաշխարհին բնորոշ լինեն:

 

6. Թեմաների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները

Թեմաների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները միտված են ապահովելու համապատասխան կրթական աստիճանների ավարտի վերջնարդյունքները։

 

7. Ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը

 

7.1 Դասավանդման մոտեցումներ

 

Դասավանդումը պետք է իրականացվի համագործակցության և հետազոտության վրա հիմնված ուսումնառության սկզբունքով: Հետազոտության վրա հիմնված ուսումնառությունը հենվում է սովորողների ինքնուրույն և համագործակցությամբ իրականացվող հետազոտությունների և գործնական ուսուցման վրա: Այն սովորողակենտրոն ուսուցում է, երբ սովորողը ուսումնառության ընթացքում ունի ակտիվ մասնակցային դերակատարություն: Ուսումնասիրվող նյութի շրջանակներում հետազոտվող հարցի, երևույթի վերհանումը, դրա ճիշտ ձևակերպումը, առաջ քաշված հարցերի լուծումները, եզրահանգումներ անելը սովորողի գործառույթն է: Դա թույլ է տալիս, որ սովորողը հասկանա գիտության բնույթը և առաջադրի գիտական հարցադրումներ, իրականացնի հետազոտություններ և հետևություններ անի։

 

Դասավանդող ուսուցիչը պետք է դասավանդման և ուսումնառության գործընթացը հարմարեցնի սովորողների առանձնահատկություններին, նախասիրություններին և կարողություններին՝ կիրառելով տարբերակված ուսուցման տարաբնույթ ռազմավարություններ: Կարևոր է, որ դասավանդման ընթացքում կիրառված մոտեցումները, աշխատանքների տեսակները և մեթոդները լինեն բազմազան ու հետաքրքիր և ուղղակիորեն կապված լինեն ծրագրի նպատակներին և ակնկալվող վերջնարդյունքներին։

 

Կենսաբանության դասընթացում կարող են իրականացվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները․

 

1) հետազոտական աշխատանքներ,

2) լաբորատոր փորձեր,

3) վիրտուալ փորձեր,

4) մոդելավորում,

5) դաշտային աշխատանքներ,

6) նախագծային աշխատանքներ,

7) խմբային աշխատանքներ,

8) ցուցադրություններ,

9) մտաքարտեզների ստեղծում,

10) ինքնագնահատում և փոխադարձ գնահատում,

11) խաղային առաջադրանքներ,

12) դասարանական քննարկումներ և բանավեճեր,

13) շնորհանդեսներ` գրավոր, բանավոր, տեսողական,

14) բանախոս հյուրերի և ուսուցիչների հետ քննարկումներ և դասախոսություններ,

15) ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ:

 

7.2 «Կենսաբանության» ուսուցումը լիարժեք իրականացնելու համար դպրոցները պետք է՝

1) ունենան կահավորված ուսումնառության ապահով միջավայր, որտեղ առկա է տաք և սառը ջուր, էլեկտրական հոսանքի աղբյուրներ, լվացարան, հատուկ ծածկույթով սեղաններ, ցուցադրման սեղան, մանրադիտակներ, ուսումնական մոդելներ, ցուցապաստառներ և ցուցադրման հարմարություն, օրինակ՝ պրոյեկտոր, բարձրախոսներ, սենյակը մթնեցնող վարագույրներ և այլն,

2) ապահովեն ծրագրում նշված փորձարարական, մոդելավորման և այլ գործնական աշխատանքների համար պահանջվող սարքեր և նյութեր,

3) ունենան անհրաժեշտ քանակությամբ համակարգիչներ՝ ծրագրով նախատեսված հետազոտական աշխատանքները վիրտուալ միջավայրում ՏՀՏ համապատասխան գործիքների և փաթեթների կիրառմամբ իրականացնելու համար,

4) ստեղծեն միջավայր, որտեղ հարմար կլինի աշխատել խմբերով, հավաքել և պահել հետազոտության համար անհրաժեշտ նյութերը և ներկայացնել շնորհանդեսներ։

5) ապահովեն դասերի անցկացումը (տարեկան առնվազն երկու անգամ) դպրոցի տարածքից դուրս՝ բնության մեջ, թանգարաններում և/կամ լաբորատորիաներում։

 

8. ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների

 

8.1 Հիմնական դպրոցի «Կենսաբանության» ծրագիրը նախատեսված է նվազագույնը 204 դասաժամ ուսումնառության համար։ Ժամանակի առնվազն 30-45%-ը պետք է ծախսվի բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաների վրա, որից 15%-ը պետք է ծախսվի լաբորատոր փորձերի համար։

8.2 Ավագ դպրոցի «Կենսաբանության» ծրագիրը նախատեսված է նվազագույնը 612 ժամ ուսումնառության համար։ Ժամանակի առնվազն 40-55%-ը պետք է ծախսվի բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաների վրա, որից 20%-ը պետք է նվիրված լինի հետազոտություններ պլանավորելուն և իրականացնելուն։

 

9. Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը

 

9.1 Գնահատման նպատակը և շեշտադրումները

 

Գնահատումը ուսուցման և ուսումնառության անբաժանելի մասն է, որի նպատակն է՝

1) գնահատել և բարելավել ուսումնառությունը և դասավանդումը,

2) խոսել ձեռքբերումների մասին, բարձրաձայնել և ներկայացնել դրանք,

3) սովորողներին և շահագրգիռ մյուս կողմերին նրանց առաջընթացի վերաբերյալ հետադարձ կապ տրամադրել

4) նպաստել սովորողների գիտելիքի, կարողությունների և հմտությունների ձեռք բերմանն ու շարունակական զարգացմանը,

5) դիտարկել, բարելավել կրթական ծրագրերի բովանդակությունը, դասավանդման մեթոդական համակարգը:

«Կենսաբանության» գնահատումը պետք է կարևորի գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումը և կիրառումը, ոչ թե մեծաքանակ փաստացի նյութի մտապահումը։ Կենսաբանության դասընթացում առավել կարևորվում է բնական համակարգերի փոխկապակցվածությունները վերլուծելու սովորողների կարողությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն: Սովորողը պետք է առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ։ Սովորողը հետազոտական աշխատանքներ իրականացնելիս պետք է վերլուծի փորձերի արդյունքում ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ, կիրառի համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ։:

Սովորողը պետք է քննարկի գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցերը և ունենա փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ, պետք է պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս: Սովորողը պետք է կարողանա օգտագործել համացանցը որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ, պետք է գնահատի, կիրառի տեղեկատվական տեխնոլոգիաները որպես պատասխանատու, հմուտ և ստեղծարար օգտագործող:

 

9.2 Գնահատման տեսակները

Հայտորոշիչ (ախտորոշիչ) գնահատումը նախնական գնահատումն է, որի նպատակն է պարզել սովորողների նախնական գիտելիքը, կարողությունները կամ հմտությունները՝ մինչև դասավանդումը:

Ուսուցանող գնահատումը հաճախ կոչվում է նաև ձևավորող գնահատում կամ գնահատում ուսումնառության համար: Այսպիսի գնահատումն ուղղված է սովորողների ուսումնառության բարելավմանը։ Այն հնարավորություն է տալիս ուսումնառության ընթացքում բացահայտելու սովորողի թույլ և ուժեղ կողմերը՝ սովորողներին ուղղորդելու և դասավանդման հետագա ընթացքը պլանավորելու համար։

Ուսումնառության գնահատումը հաճախ կոչվում է ամփոփիչ գնահատում: Դրա նպատակը ապացույցներ և տվյալներ ձեռք բերելն է, որոնք ցույց են տալիս ուսումնառության արդյունավետությունը: Սովորաբար ամփոփիչ գնահատումն իրականացվում է ժամկետի (քառորդ, կիսամյակ) կամ թեմատիկ միավորի վերջում: Տարեվերջյան քննությունները նույնպես ամփոփիչ գնահատման օրինակներ են: Դրանք սովորաբար արվում են պաշտոնական գրանցման համար և հաշվետվական նպատակ ունեն:

Ձևավորող (ուսուցանող) և ամփոփիչ գնահատումն իրականացվում է նախապես հրապարակված չափանիշների և սանդղակների համաձայն։

 

9.3 Գնահատականի բաղադրիչները

 

Հիմնական դպրոցում «Կենսաբանություն» առարկայի գնահատականի 55-60%-ը պետք է կազմի կենսաբանության հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետելը պետք է կազմի գնահատականի 40-45%-ը, որից 15%-ը պետք է բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն և իրականացնելուն։

 

Ավագ դպրոցում «Կենսաբանության» գնահատականի 45-50%-ը պետք է կազմի կենսաբանության հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 50-55%-ը, որից 20%-ը պետք է բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն և իրականացնելուն։

 

Հավելված 1. Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները 7-9-րդ և 10-12-րդ դասարանների համար

 

7-րդ դասարան

 

Մոլեկուլներից օրգանիզմներ (ՄՕ)
Բջիջները կյանքի փոքրագույն միավորներն են (Բ)

Կ7-ՄО-Բ1 Թվարկել կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկանիշները և սահմանել բջիջը՝ որպես կյանքի բոլոր հատկանիշներով օժտված փոքրագույն միավոր։

 

Կ7-ՄО-Բ2 Մոդելների, մանրապատրաստուկների, նկարների և գծապատկերների միջոցով ուսումնասիրել նախակորիզավորի, բույսերի և կենդանիների բջիջներ և բերել ապացույցներ, որ բջիջներն ունեն տարբեր կառուցվածք։

 

Կ7-ՄО-Բ3 Գնահատել օրգանիզմների կենսական գործառույթների ապահովման մեջ ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կարևորությունը։

 

Կ7-ՄО-Բ4 Պարզ փորձերի միջոցով նկարագրել, որ բույսերը և կենդանիները սննդից էներգիա ստանալու համար միջավայրից կլանում են թթվածին և անջատում են ածխաթթու գազ։

Կառուցվածքը համապատասխանում է գործառույթին (ԿԳ)

Կ7-ՄО-ԿԳ1 Գոյություն ունեցող փաստացի տվյալների, մոդելների և նկարների միջոցով բացատրել, թե ինչպես են բջջային կառուցվածքներն օգնում բջիջներին գոյատևել։

 

Կ7-ՄО-ԿԳ2 Կենդանիների տարբեր տիպերի վերաբերյալ տեղեկության հիման վրա բացատրել, որ օրգան-համակարգերը փոխկապակցված են գործում և ապահովում են օրգանիզմի նորմալ գործունեությունը։

 

Կ7-ՄО-ԿԳ3 Կենդանիների մոդելների, նկարների միջոցով հիմնավորել այն գաղափարը, որ կենդանիների նմանատիպ կառուցվածքների տարբերությունները պայմանավորված են միջավայրի տարբեր պայմաններին հարմարվածությամբ։

 

Կ7-ՄО-ԿԳ4 Փաստարկներով հիմնավորել այն գաղափարը, որ արմատներն ու ընձյուղներն ապահովում են բույսերի աճը և միջավայրի պայմաններին հարմարումը։

 

Կ7-ՄО-ԿԳ5 Հետազոտություններ կատարելով ձեռք բերել ապացույցներ, որ ցողունը մասնակցում է նյութերի փոխադրմանը և բույսերը կարող են արձագանքել միջավայրին` փակելով և բացելով հերձանցքները և փոփոխելով աճի օրինաչափությունները:

Օրգանիզմները վերարտադրվում են, աճում և զարգանում (ԲԱԶ)

Կ7-ՄО-ԲԱԶ1 Մոդելների, նկարների միջոցով բացատրել, որ ծաղիկներն ունեն մասնագիտացած կառույցներ, որոնք ապահովում են գամետների առաջացումը և ծածկասերմ բույսերի բեղմնավորումը։

 

Կ7-ՄО-ԲԱԶ2 Նկարագրել սերմերից ծածկասերմ բույսերի աճման գործընթացը և բացատրել բույսերի աճի և զարգացման համար համապատասխան պայմանների անհրաժեշտությունը։

 

Կ7-ՄО-ԲԱԶ3 Փաստերի հիման վրա նկարագրել կենդանիների բեղմնավորման, աճի և զարգացման գործընթացը, և բացատրել միջավայրի գործոնների ազդեցությունը բազմացման առանձնահատկությունների վրա։

Էկոհամակարգ, փոխհարաբերություններ և դինամիկա (ԷՓԴ)

Էկոհամակարգի կառուցվածքը և գործառույթները (ԷԿԳ)

Կ7-ԷՓԴ-ԷԿԳ1 Փաստերի և տեղեկությունների հիման վրա հիմնավորել այն գաղափարը, որ կենդանիների վարքագիծն օգնում է նրանց գոյատևել և վերարտադրվել:

Էվոլյուցիա և կենսաբազմազանություն (ԷԿբ)

Կենսաբազմազանության էվոլյուցիան և դասակարգումը (ԿբԷԴ)

Կ7- ԷԿբ-ԿբԷԴ.1 Հիմնավորել կենսաբազմազանության դասակարգման անհրաժեշտությունը և նկարագրել ժամանակակից դասակարգման երեք վերնաթագավորությունները՝ դոմենները և թագավորությունները։

 

Կ7- ԷԿբ-ԿբԷԴ.2 Գտնել և ներկայացնել ապացույցներ, որ վիրուսները կյանքի ոչ բջջային ձևեր են և կարող են բազմանալ միայն կենդանի բջիջներում՝ առաջացնելով բույսերի, կենդանիների և մարդկանց տարբեր հիվանդություններ։

 

Կ7- ԷԿբ-ԿբԷԴ.3 Ստեղծել և օգտագործել պարզ որոշիչներ (դիխոտոմիկ բանալի)՝ հիմնված կենդանի օրգանիզմների հիմնական դասերի առանձնահատկությունների վրա:

 

Կ7- ԷԿբ-ԿբԷԴ.4 Նախագծել կենդանիների և բույսերի նոր տեսակ և ցույց տալ դրանց ազգակցական կապը գոյություն ունեցող տեսակների հետ։

 

Կ7- ԷԿբ-ԿբԷԴ.5 Տարբերակել նախակորիզավորների, պրոտիստների, սնկերի, քարաքոսերի կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները։

 

Կ7- ԷԿբ-ԿբԷԴ.6 Տարբերակել կենդանիների հիմնական կարգաբանական խմբերի ներկայացուցիչներին՝ ըստ արտաքին կառուցվածքի և կենսագործունեության բնորոշ առանձնահատկությունների։

 

Կ7- ԷԿբ-ԿբԷԴ.7 Տարբերակել բույսերի հիմնական կարգաբանական խմբերի ներկայացուցիչներին՝ ըստ արտաքին կառուցվածքի և կենսագործունեության բնորոշ առանձնահատկությունների:

Կենսաբազմազանության պահպանությունը (ԿբՊ)

Կ7-ԷԿբ-ԿբՊ1 Փաստերի և եղած տեղեկության հիման վրա հիմնավորել այն գաղափարը, որ կենդանի օրգանիզմները կարևոր դեր ունեն հողագոյացման, սննդի արդյունաբերության, դեղագործության, հանգստի և զբոսաշրջության ապահովման ոլորտներում և այլն։

 

Կ7-ԷԿբ-ԿբՊ2 Փաստարկների միջոցով հիմնավորել այն գաղափարը, որ կենսաբազմազանության պահպանումը կարևոր է ինչպես համաշխարհային, այնպես էլ ազգային և անհատական հեռանկարների տեսանկյունից։

 

8-րդ դասարան

 

Մոլեկուլներից օրգանիզմներ (ՄՕ)

Բջիջները կյանքի փոքրագույն միավորներն են (Բ)

Կ8-ՄО-Բ1 Բացատրել, որ հյուսվածքները մտնում են կազմավորվածության ավելի բարձր մակարդակ ունեցող համակարգերի` օրգանների կազմության մեջ՝ որպես նրանց կառուցվածքային տարրեր և օժտված են այնպիսի գործառույթներով ու հատկանիշներով, որոնցից զուրկ են առանձին վերցրած բջիջները:

Կ8-ՄО-Բ2 Փորձարարական եղանակով ապացուցել, որ սննդի մեջ եղած օսլան թքի ազդեցությամբ ենթարկվում է քիմիական մարսողության։

Կ8-ՄО-Բ3 Ուսումնասիրել տարբեր սննդամթերքների սննդային պիտակները և համեմատել այդ սննդամթերքներում պարունակվող օրգանական նյութերը և դրանց էներգիական արժեքները՝ կազմելով առողջ սննդակարգ։

Կ8-ՄО-Բ4 Պլանավորել և իրականացնել հետազոտություն՝ պարզելու ածխածնի երկօքսիդի պարունակությունը մարդու ներշնչած և արտաշնչած օդում և բացատրել ստացված արդյունքները՝ հղում կատարելով բջջային շնչառության գործընթացին։

Կառուցվածքը համապատասխանում է գործառույթին (ԿԳ)

Կ8-ՄО-ԿԳ1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ մարդու հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը համապատասխանում է վերջիններիս գործառույթներին։

Կ8-ՄО-ԿԳ2 Մոդելների, նկարների, գծապատկերների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական և լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառնական առանձնահատկություններին:

Կ8-ՄО-ԿԳ3 Գծապատկերների, նկարների և մոդելների միջոցով բացատրել, թե ինչպես են ոսկրերը և մկաններն ապահովում հենաշարժիչ համակարգի գործառույթները:

Կ8-ՄО-ԿԳ4 Նկարագրել արյան ձևավոր տարրերի առանձնահատկությունները, արյան և ավշի շրջանառությունը, տարբերակել արյան խմբերը:

Կ8-ՄО-ԿԳ.5 Մոդելների, գծապատկերների, նկարների միջոցով բացատրել սրտի և անոթների կառուցվածքային և գործառնական առանձնահատկությունները։

Կ8-ՄО-ԿԳ6 Բացատրել, որ օրգանիզմի բնական դիմադրողունակությունը ապահովող գործոնները բնածին են և բնորոշ են տվյալ տեսակի բոլոր առանձնյակներին, իսկ լիմֆոցիտային (ձեռքբերովի) իմունիտետը մշակվում է տվյալ առանձնյակի կյանքի ընթացքում և իրագործվում է լիմֆոցիտների միջոցով:

Կ8-ՄО-ԿԳ7 Տարբերել բնածին և ձեռքբերովի իմունիտետը, քննարկել վարակիչ հիվանդությունների կանխարգելման եղանակները՝ ներառյալ պատվաստումը։

Կ8-ՄО-ԿԳ8 Նկարների և մոդելների միջոցով բացատրել, թե շնչառական համակարգի օրգանների կառուցվածքային առանձնահատկություններն ինչպես են նպաստում օրգանիզմի գազափոխանակության իրականացմանը։

Կ8-ՄО-ԿԳ9 Նկարագրել մարսողական համակարգի օրգանների կատարած գործառույթները սննդանյութերի մարսման գործընթացում և բացատրել դրանց կառուցվածքի և գործառույթի փոխկապակցվածությունը։

Կ8-ՄО-ԿԳ10 Գնահատել հոմեոստազի պահպանման կարևորությունը ջերմակարգավորման և օսմոկարգավորման օրինակներով։

Կ8-ՄО-ԿԳ11 Մոդելների, գծապատկերների, նկարների միջոցով բացատրել, թե մաշկի կառուցվածքը ինչպես է ապահովում վերջինիս պաշտպանական, ջերմակարգավորման, արտազատական և ընկալչական դերը:

Կ8-ՄО-ԿԳ12 Նկարների, գծապատկերների և մոդելների միջոցով բացատրել, որ մարդու օրգան-համակարգերը փոխգործակցում են, ինչը համակարգվում և կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով։

Կ8-ՄО-ԿԳ13 Մեկնաբանել բարձրագույն նյարդային գործունեության դերը մտավոր և հոգեկան գործունեության զարգացման գործում:

Կ8-ՄО-ԿԳ14 Քննարկել գլխուղեղի և ողնուղեղի գործառույթը որոշակի գրգռիչների նկատմամբ պատասխանի ձևավորման մեջ (ռեֆլեքսային գործողություն):

Կ8-ՄО-ԿԳ15 Քննարկել, թե ինչպես են սննդակարգը, կենսակերպը, անձնական հիգիենան և միջավայրի էկոլոգիական գործոնները ազդում մարդու նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժիչ, վերարտադրողական և այլ համակարգերի գործունեության վրա:

Կ8-ՄО-ԿԳ16 Գնահատել թմրանյութերի, ծխախոտի, ալկոհոլի օգտագործման հետևանքները, ինչպես նաև կախվածության առաջացումը։

Օրգանիզմները վերարտադրվում, աճում և զարգանում են (ԲԱԶ)

Կ8-ՄО-ԲԱԶ1 Նկարների և մոդելների օգնությամբ բացատրել, թե ինչպես է ձևավորվում զիգոտը, երբ ձվարանում զարգացող ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնարանում զարգացող սերմնաբջջով, որից հետո զիգոտը զարգանալով վեր է ածվում սաղմի, այնուհետև՝ պտղի:

Կ8-ՄО-ԲԱԶ2 Նկարագրել մարդու զարգացման հիմնական փուլերը և մշակել խորհուրդներ, որոնց հետևելը կնպաստի մարդու բնականոն զարգացմանը։

Էվոլյուցիա և կենսաբազմազանություն (ԷԿբ)

Կենսաբազմազանության էվոլյուցիան և դասակարգումը (ԿբԷԴ)

Կ8- ԷԿբ-ԿբԷԴ.1 Քննարկել մարդու տարածված վիրուսային հիվանդությունների հետևանքները, վարակի ուղիները և պաշտպանության եղանակները:

 

9-րդ դասարան

 

Մոլեկուլներից օրգանիզմներ (ՄՕ)

Կառուցվածքը համապատասխանում է գործառույթին (ԿԳ)

Կ9-ՄО-ԿԳ1 Գծապատկերների, մոդելների և նկարների միջոցով բացատրել, թե ինչպես են ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կառուցվածքը հարմարված ժառանգական տեղեկություն կրելու և փոխանցելու գործառույթին։

Բջիջները կյանքի փոքրագույն միավորներն են (Բ)

Կ9-ՄО-Բ.1 Գծապատկերների, մոդելների և նկարների միջոցով բացատրել բջջի կառուցվածքը` անդրադարձ կատարելով բջջի անօրգանական և օրգանական նյութերին:

Կ9-ՄО-Բ2 Գնահատել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կարևորությունը օրգանիզմների կենսական գործառույթների ապահովման մեջ։

Էկոհամակարգ, փոխհարաբերություններ և դինամիկա (ԷՓԴ)

Էկոհամակարգի կառուցվածքը և գործառույթները (ԷԿԳ)

Կ9-ԷՓԴ-ԷԿԳ1 Բացատրել, որ էկոհամակարգերը բարդ կենսաբանական համակարգեր են և համեմատել դրանք պոպուլյացիաների ու համակեցությունների հետ՝ հիմնավորելով դրանց տարբերությունները կոնկրետ օրինակների միջոցով:

Կ9-ԷՓԴ-ԷԿԳ2 Գնահատել ոչ կենսածին և կենսածին գործոնների դերը խէկոհամակարգերում՝ անդրադարձ կատարելով սահմանափակող գործոնի գաղափարին։

Կ9-ԷՓԴ-ԷԿԳ3 Համեմատել կենդանի օրգանիզմների փոխհարաբերությունների տեսակները պոպուլյացիաներում և էկոհամակարգերում` բերելով օրինակներ։

Կ9-ԷՓԴ-ԷԿԳ4 Պոպուլյացիաների աճի, սեռատարիքային, ծնելիության, մահացության կորերի հիման վրա մեկնաբանել միջավայրի գործոնների ազդեցությունը պոպուլյացիաների բնութագրիչների վրա։

Նյութերի շրջապտույտը և էներգիայի հոսքը էկոհամակարգում (ՆՇԷՀ)

Կ9-Էկ-ՆՇԷՀ1 Գնահատել նյութերի շրջապտույտն էկոհամակարգում՝ մոդելավորելով սննդային շղթաներ, սննդային ցանցեր և էկոլոգիական բուրգեր:

Կ9-Էկ-ՆՇԷՀ2 Հիմնավորել արեգակնային էներգիայի դերը որպես կենսաբանական համակարգերի էներգիայի հիմնական աղբյուր` մեկնաբանելով էկոհամակարգում էներգիայի փոխանցման գործում արտադրողների, սպառողների և քայքայողների դերը։

Էկոհամակարգի դինամիկան և կայունությունը (ԷԴԿ)

Կ9-ԷՓԴ-ԷԴԿ1 Փաստարկներով հիմնավորել, որ ժամանակի ընթացքում ջրային և ցամաքային էկոհամակարգերը որոշակի սահմաններում փոփոխվում և զարգանում են, իսկ ծայրահեղ փոփոխություններից հետո կարող են վերականգնվել:

Կ9-ԷՓԴ-ԷԴԿ2 Գնահատել կենսաբազմազանությանը սպառնացող վտանգները և կանխատեսել բնակատեղիների ոչնչացման, գերշահագործման, ջրային և ցամաքային էկոհամակարգերի աղտոտման հետևանքները էկոհամակարգերի կայունության վրա։

Ժառանգականություն և փոփոխականություն (ԺՓ)

Ժառանգականության մոլեկուլային հիմքերը (ՄՀ)

Կ9-ԺՓ-ՄՀ.1 Ներկայացնել բջիջների միտոտիկ բաժանման նշանակությունը, ընդհանուր գծերով նկարագրել բջջային ցիկլը, միտոզի փուլերը և քրոմոսոմների վարքը այդ գործընթացում:

Կ9-ԺՓ-ՄՀ.2 Գծապատկերների, տրամագրերի և մոդելների միջոցով բացատրել, որ անսեռ բազմացման դեպքում ստացվում է հիմնականում գենետիկորեն միակերպ, իսկ սեռական բազմացման դեպքում՝ գենետիկորեն բազմազան սերունդ:

Կ9-ԺՓ-ՄՀ.3 Բացատրել գամետների առաջացման ժամանակ քրոմոսոմների թվի կրճատման անհրաժեշտությունը և ընդհանուր գծերով ներկայացնել մեյոզի գործընթացը (առանց փուլերը նշելու)։

Կ9-ԺՓ-ՄՀ.4 Ընդհանուր գծերով ներկայացնել ժառանգական տեղեկության փոխանցումը գեն-սպիտակուց-հատկանիշ շղթայում։

Կ9-ԺՓ-ՄՀ.6 Հիմնավորել գենային ճարտարագիտության դերը ժամանակակից կենսաբանության զարգացման մեջ։

Ժառանգման օրինաչափությունները (ԺՕ)

Կ9-ԺՓ-ԺՕ.1 Գծապատկերների, տրամագրերի օգնությամբ ներկայացնել ժառանգականության հիմնական հասկացությունները և օրինաչափությունները միահիբրիդային խաչասերման օրինակով՝ անդրադառնալով աուտոսոմային և սեռի հետ շղթայակցված հատկանիշներին:

Կ9-ԺՓ-ԺՕ.2 Բացատրել մուտացիաների դերը մարդու ժառանգական հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների առաջացման գործում։

Փոփոխականության աղբյուրները (ՓԱ)

Կ9-ԺՓ-ՓԱ.1 Հիմնավորել մուտացիաների, գեների անկախ բաշխման և պատահական բեղմնավորման դերը ժառանգական փոփոխականության մեջ:

Կ9-ԺՓ-ՓԱ.2 Բացատրել շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը հատկանիշների դրսևորման վրա:

Էվոլյուցիա և կենսաբազմազանություն (ԷԿբ)

Բնական ընտրություն և Էվոլյուցիա (ԲըԷ)

Կ9-ԷԿբ-ԲըԷ.1 Վերլուծել, թե ինչպես կարող են բրածո մնացորդները, հոմոլոգ կառուցվածքները և ԴՆԹ-ի կառուցվածքային նմանությունները հանդիսանալ էվոլյուցիայի ապացույցներ:

Կ9-ԷԿբ-ԲըԷ.2 Օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի՝ անդրադառնալով ժառանգական փոփոխականություն և գոյության կռիվ հասկացություններին։

Կ9-ԷԿբ-ԲըԷ.3 Օրինակների հիման վրա արհեստական ընտրությունը դիտարկել որպես էվոլյուցիայի ապացույց՝ համեմատելով բնական ընտրության հետ:

Կ9-ԷԿբ-ԲըԷ.4 Քննարկել հարմարվողականության դերը կենդանի օրգանիզմների գոյատևման գործընթացում:

Կենսաբազմազանության պահպանությունը (ԿբՊ)

Կ9-ԷԿբ-ԿբՊ1 Առաջարկել մարդու վնասակար ազդեցության նվազեցմանը և բնության պահպանությանն ուղղված լուծումներ։

Կ9-ԷԿբ-ԿբՊ2 Հիմնավորել հատուկ պահպանվող տարածքների դերը կենսաբազմազանության պահպանության գործում, բերել Հայաստանի և Միջազգային կարմիր գրքերում ներառված բույսերի, սնկերի և կենդանիների օրինակներ։

 

10-12-րդ դասարաններ

 

Մոլեկուլներից օրգանիզմներ (ՄՕ)

Բջիջները կյանքի փոքրագույն միավորներն են (Բ)

Կ-ԱԴ-ՄО-Բ1 Մոդելների, նկարների և սխեմաների միջոցով բացատրել բջջի անօրգանական նյութերի և կենսամոլեկուլների՝ ածխաջրերի, լիպիդների, նուկլեինաթթուների և սպիտակուցների կառուցվածքն ու գործառույթները:

Կ-ԱԴ-ՄО-Բ2 Մոդելների, նկարների և գծապատկերների միջոցով նկարագրել և համեմատել նախակորիզավոր և կորիզավոր բջիջների կառուցվածքային տարրերը և դրանց գործառույթները։

Կ-ԱԴ-ՄО-Բ3 Գնահատել բջջային գործընթացների կարևորությունը օրգանիզմների կենսական գործառույթների ապահովման մեջ։

Կ-ԱԴ-ՄО-Բ4 Սխեմաների և նկարների օգնությամբ բացատրել բջջաթաղանթով նյութերի փոխադրման եղանակները և քննարկել դրանց կարևորությունը բջջային գործառույթների իրականացման մեջ։

Կ-ԱԴ-ՄО-Բ5 Բացատրել ֆերմենտների դերը ռեակցիայի ակտիվացման էներգիայի փոքրացման մեջ և ուսումնասիրել ֆերմենտային ռեակցիայի արագության վրա ազդող գործոնները։

Կ-ԱԴ-ՄО-Բ6 Բացատրել, թե ինչպես են գլյուկոզի մոլեկուլում առկա ածխածնի, ջրածնի և թթվածնի ատոմները վերամիավորվում այլ ատոմների հետ՝ առաջացնելով տարբեր օրգանական միացություններ, օրինակ՝ ամինաթթուներ, ճարպաթթուներ և այլն։

Կ-ԱԴ-ՄО-Բ7 Բացատրել բջջային շնչառությունը՝ որպես կենսաքիմիական գործընթաց, որի ընթացքում օրգանական միացություններից ստացվում է էներգիա:

Կ-ԱԴ-ՄО-Բ8 Մոդելների, նկարների և գծապատկերների միջոցով բացատրել ֆոտոսինթեզը՝ որպես կենսաքիմիական գործընթաց, որի ընթացքում արևի էներգիան փոխակերպվում է օրգանական նյութերում պաշարված քիմիական պոտենցիալ էներգիայի։

Կ-ԱԴ-ՄО-Բ9 Մոդելների, նկարների և սխեմաների միջոցով բացատրել գոյություն ունեցող բջիջներից նոր բջիջների առաջացման գործընթացը։

Կ-ԱԴ-ՄО-Բ10 Նկարների և սխեմաների միջոցով բացատրել բջիջներում ԴՆԹ-ից սպիտակուցներին տեղեկության փոխանցման գործընթացները և դրանց կարգավորումը նախակորիզավոր և կորիզավոր բջիջներում՝ անդրադառնալով ԴՆԹ-ի կրկնապատկմանը, տրանսկրիպցիային և տրասլյացիային։

Կ-ԱԴ-ՄО-Բ11 Քննարկել գենային տեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիայի կիրառությունները, դրանց առավելությունները, սոցիալական, էթիկական հետևանքները և վտանգները։

Կառուցվածքը համապատասխանում է գործառույթին (ԿԳ)

Կ-ԱԴ-ՄО-ԿԳ1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ կենդանի օրգանիզմների կառուցվածքային հիերարխիայի բոլոր մակարդակներում կարելի է դիտարկել «կառուցվածքը համապատասխանում է գործառույթին» դրույթը։

 Կ-ԱԴ-ՄО-ԿԳ2 Օրինակներ բերելով բացատրել, թե ինչպես է օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը ապահովում օրգանիզմի գործառույթների իրականացումը։

Կ-ԱԴ-ՄО-ԿԳ3 Քննարկել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը մարդու առողջության, վերարտադրողականության, աճի և զարգացման վրա։

Կ-ԱԴ-ՄО-ԿԳ4 Փաստարկների միջոցով հիմնավորել այն պնդումը, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ՝ բարելավելով մարդկանց կյանքի որակը։

Կ-ԱԴ-ՄО-ԿԳ5 Օրինակներ բերելով բացատրել, թե ինչպես է կմախքի և մկանների համաձայնեցված գործունեությունը ապահովում օրգանիզմի շարժումը։

Կ-ԱԴ-ՄО-ԿԳ.6 Քննարկել հոմեոստազի նշանակությունը և հոմեոստազի ապահովման մեխանիզմները բույսերում և կենդանիներում։

Կ-ԱԴ-ՄО-ԿԳ.7 Օրինակներ բերելով բացատրել, թե օրգանիզմում ինչպես է իրականացվում նյարդային և հումորալ կարգավորումը և օրգան-համակարգերի գործունեության համաձայնեցումը։

Կ-ԱԴ-ՄО-ԿԳ-8 Մոդելների, սխեմաների, օրինակների միջոցով բացատրել, թե կենդանիների և բույսերի օրգանիզմում ինչպես է իրականացվում օրգանիզմին անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը և փոխադրումը։

Կ-ԱԴ-ՄО-ԿԳ9 Բացատրել մարդու իմունային պատասխանի ձևավորման մեխանիզմները և քննարկել դրանց ձախողման պատճառներն ու հետևանքները, կանխարգելման եղանակները։

Կ-ԱԴ-ՄО-ԿԳ10 Օրինակներ բերելով բացատրել, թե վերարտադրողական համակարգի օրգանները ինչպես են համագործակցում՝ ապահովելով գամետագենեզը, բեղմնավորումը և սաղմնային զարգացումը։

Օրգանիզմները վերարտադրվում են, աճում և զարգանում (ԲԱԶ)

Կ-ԱԴ-ՄО-ԲԱԶ.1 Բացատրել բջջի բաժանման (միտոզի և մեյոզի) և տարբերակման նշանակությունը բազմաբջիջ օրգանիզմների անսեռ և սեռական բազմացման, աճի և առողջ կենսագործունեության ապահովման մեջ։

Կ-ԱԴ-ՄО-ԲԱԶ.2 Օրինակներ բերելով քննարկել անսեռ բազմացման նշանակությունը կենդանի օրգանիզմներում և ներկայացնել անսեռ բազմացման առավելությունները և թերությունները՝ համեմատած սեռական բազմացման հետ։

Էկոհամակարգ, փոխհարաբերություններ և դինամիկա (ԷՓԴ)

Էկոհամակարգի կառուցվածքը և գործառույթները (ԷԿԳ)

Կ-ԱԴ-ԷՓԴ-ԷԿԳ.1 Բացատրել միջավայրի բիոտիկ և աբիոտիկ գործոնների ազդեցությունը էկոհամակարգի տարողունակության և պոպուլյացիաների թվաքանակի վրա՝ հիմնավորման համար օգտվելով դինամիկ մաթեմատիկայի գործիքներից, գրաֆիկներից, հիստոգրամներից և այլ միջոցներից։

Կ-ԱԴ-ԷՓԴ-ԷԿԳ.2 Գնահատել միջտեսակային և ներտեսակային փոխազդեցությունների դերը առանձնյակների և տեսակների կենսունակության և վերարտադրողականության վրա՝ օգտվելով տրամադրված տեղեկությունից։

Նյութերի շրջապտույտը և էներգիայի հոսքը էկոհամակարգում (ՆՇԷՀ)

Կ-ԱԴ-ԷՓԴ-ՆՇԷՀ.1 Բացատրել նյութերի շրջապտույտը էկոհամակարգում և հիմնավորել պնդումները՝ օգտվելով մաթեմատիկական մոդելներից, գրաֆիկներից ու հաշվարկներից և քննարկել մարդու գործունեության ազդեցությունը նյութերի շրջապտույտի վրա։

Կ-ԱԴ-ԷՓԴ-ՆՇԷՀ.2 Բացատրել էներգիայի հոսքը էկոհամակարգերում և քննարկել սննդային մակարդակներում էներգիայի փոխանցման արդյունավետությունը՝ օգտվելով մաթեմատիկական մոդելներից, գրաֆիկներից և հաշվարկներից։

Էկոհամակարգի դինամիկան և կայունությունը (ԷԴԿ)

Կ-ԱԴ-ԷՓԴ-ԷԴԿ.1 Քննարկել էկոհամակարգում փոխազդեցությունների կարևորությունը հարաբերական կայունություն պահպանելու տեսանկյունից և գնահատել պայմանների փոփոխության հնարավոր հետևանքները էկոհամակարգի վրա։

Կ-ԱԴ-ԷՓԴ-ԷԴԿ.2 Գնահատել էկոհամակարգերի վրա մարդու ունեցած ազդեցության հետևանքները և առաջարկել և/կամ կատարելագործել այդ ազդեցությունը նվազեցնող միջոցառումներ և գործողություններ։

Ժառանգականություն և փոփոխականություն (ԺՓ)

Ժառանգականության մոլեկուլային հիմքերը (ՄՀ)

Կ-ԱԴ-ԺՓ-ՄՀ.1 Փաստարկների միջոցով հիմնավորել ԴՆԹ-ում նուկլեոտիդների հաջորդականության և ծնողներից սերնդին ժառանգվող հատկանիշների միջև կապը։

Ժառանգման օրինաչափությունները (ԺՕ)

Կ-ԱԴ-ԺՓ-ԺՕ.1 Հաշվարկել սերնդում գեների ժառանգման և հատկանիշների արտահայտման հավանականությունները և վիճակագրական վերլուծության ենթարկել փորձի միջոցով ստացված արդյունքները` դրանց օրինաչափ լինելը պարզելու նպատակով։

Փոփոխականության աղբյուրները (ՓԱ)

Կ-ԱԴ-ԺՓ-ՓԱ.1 Նկարներից, գծապատկերներից և տրամադրված տեղեկությունից օգտվելով բացատրել, թե ինչպես են մեյոզի ընթացքում տեղի ունեցող քրոմոսոմների անկախ բաշխումը և հոմոլոգ քրոմոսոմների տրամախաչումը, գամետների պատահական համակցումը, ԴՆԹ-ի կրկնապատկման սխալները և միջավայրի գործոնների ազդեցությամբ տեղի ունեցող մուտացիաները հանգեցնում ժառանգական փոփոխականության։

Կ-ԱԴ-ԺՓ-ՓԱ.2 Փաստարկներ բերելով հիմնավորել այն պնդումը, որ միջավայրի գործոնները կարող են հանգեցնել այնպիսի փոփոխականության, որը սերունդներին չի ժառանգվում։

Էվոլյուցիա և կենսաբազմազանություն (ԷԿբ)

Բնական ընտրություն և Էվոլյուցիա (ԲըԷ)

Կ-ԱԴ-ԷԿբ- ԲըԷ.1 Քննարկել էվոլյուցիայի բազմաբնույթ ապացույցների կիրառելիությունը կենսաբանական էվոլյուցիայի և ընդհանուր նախնու վերաբերյալ գաղափարները պաշտպանելու համար։

Կ-ԱԴ-ԷԿբ-ԲըԷ.2 Փաստարկներով հիմնավորել այն միտքը, որ էվոլյուցիան տեղի է ունենում, քանի որ օրգանիզմներն ունեն գերվերարտադրվելու հնարավորություն, միևնույն տեսակին պատկանող օրգանիզմները մուտացիաների և սեռական բազմացման արդյունքում ունեն ժառանգական գենետիկ տարբերություններ և մրցակցում են միջավայրի անբավարար ռեսուրսների համար, ինչի արդյունքում գոյատևում և սերունդ են տալիս տվյալ միջավայրին առավել հարմարված օրգանիզմները։

Կ-ԱԴ-ԷԿբ-ԲըԷ3 Իրականացնել վիճակագրական վերլուծություն և կիրառելով հավանականությունների տեսության գործիքակազմը բերել ապացույցներ, որ օգտակար ժառանգական հատկանիշներով օրգանիզմների թվաքանակը տվյալ հատկանիշը չունեցող օրգանիզմների համեմատ մեծանում է։

Կ-ԱԴ-ԷԿբ-ԲըԷ.4 Փաստարկներ բերելով հիմնավորել այն միտքը, որ բնական ընտրությունը հանգեցնում է միջավայրի պայմաններին պոպուլյացիաների հարմարվածությանը։

Կենսաբազմազանության էվոլյուցիան և դասակարգումը (ԿբԷԴ)

Կ-ԱԴ-ԷԿբ.ԿբԷԴ.1 Քննարկել դասակարգման անհրաժեշտությունը, ներկայացնել դասակարգման երեք դոմեններից կազմված համակարգի հիմքում դրված սկզբունքները և տարբերակել հիմնական կարգաբանական խմբերը։

Կ-ԱԴ-Էկբ-ԿբԷԴ.2 Քննարկել նախակորիզավորների, սնկերի, բույսերի և կենդանիների էվոլյուցիայի առանցքային իրադարձությունների վերաբերյալ ժամանակակից պատկերացումները։

Կ-ԱԴ-Էկբ-ԿբԷԴ.3 Քննարկել արհեստական ընտրության և սելեկցիայի նպատակները, մեթոդները և հաջողություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։

Կենսաբազմազանության պահպանությունը (ԿբՊ)

Կ-ԱԴ-ԷԿբ-ԿբՊ.1 Գնահատել տրամադրված փաստարկները, որոնք ապացուցում են, որ միջավայրի պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել որոշ տեսակների բնաջնջմանը, որոշ տեսակների թվաքանակի ավելացմանը և նոր տեսակների առաջացմանը։

Կ-ԱԴ-ԷԿբ-ԿբՊ.2 Քննարկել կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունը և վտանգված տեսակների պահպանության ուղղությամբ կիրառվող մեթոդների դերը և արդյունավետությունը աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում։

(հավելվածը խմբ. 30.06.23 N 63-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2023, N 63-Ն 07.07.2023, N 29-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան