Գլխավոր տեղեկություն
Համար
N 66-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.06.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 հունիսի 2023 թ.

N 66-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Ես և շրջակա աշխարհը» առարկայի 2-4-րդ դասարանների առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 28-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. հունիսի 30-ի 

N 66-Ն հրամանի

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. մարտի 30-ի 

N 28-Ն հրամանի

 

«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ 2-4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

1. Առարկայի ուսումնական նպատակը սովորողների սոցիալականացումն է, աշխարհի ամբողջականության, բազմազանության և փոխադարձ կապերի, բնության, հասարակության և սոցիալ-մշակութային օբյեկտների և երևույթների միասնականության մասին նախնական պատկերացումների ձևավորումը, ինչպես նաև հոգեպես ու ֆիզիկապես առողջ և ներդաշնակ զարգացող, ստեղծագործ անձի ձևավորումը, որը էկոլոգիական, մշակութաբանական տարրական գրագիտություն, հայրենասեր քաղաքացու նկարագիր ունի, մարդկանց և բնության հետ փոխհարաբերություններում դրսևորում է բարոյաէթիկական նորմերին համապատասխան, չվնասող, անվտանգ, պատասխանատու վարք:

Առարկայի չափորոշիչներն արտահայտում են այն առանցքային և կարևոր ուսումնառության վերջնարդյունքները, որոնք անհրաժեշտ են բոլոր աշակերտներին (ներառյալ` հաշմանդամություն ունեցող, օժտված, միջավայրի լեզվին չտիրապետող և կրթության այլ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) կյանքում հաջողությունների հասնելու համար։

 Մասնավորապես առարկան նպատակ ունի հիմքեր դնել և սովորողներին օգնել՝

1) հասկանալ սեփական ինքնությունը` որպես անձ և անհատականություն,

2) ընդունել մարդուն որպես բարձրագույն արժեք, ընդունել իր հասակակիցներին՝ հարգելով նրանց առանձնահատկությունները, դրսևորել միմյանց նկատմամբ հարգալից, ոչ խտրական վերաբերմունք,

3) արդյունավետ հաղորդակցվել, հասկանալ, քննադատաբար վերլուծել տարբեր տեսակետներ, արտահայտել սեփականը,

4) պատկերացում ունենալ ազգային, համամարդկային և համերկրային գաղափարներից, իմանալ բազմազանության մասին եւ ընդունել այն,

5) ուսումնասիրել աշխարհը Հայաստանի տեսանկյունից,

6) ձեռք բերել փորձառություններ, որոնք հիմնված են իրենց հետաքրքրությունների վրա և խթանում են իրենց շրջակա աշխարհն ուսումնասիրելու ձգտումը,

7) կիրառել քննադատական և ռեֆլեքսիվ մտածողություն տարբեր իրավիճակներ վերլուծելու, խնդիրներ լուծելու, որոշումներ կայացնելու հարցում,

8) զարգացնել բնագիտական հետազոտությունների համար անհրաժեշտ գաղափարներ, հմտություններ և սովորություններ,

9) գնահատել և ընտրել արժանահավատ տեղեկատվություն, հաշվի առնել տարբեր տեսակետներ և համադրելով մտածված եզրահանգումներ և պատասխանատու որոշումներ կայացնել,

10) հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակները, բանակցել և նախընտրել խաղաղ տարբերակներ, կարողանալ զերծ մնալ բռնությունից և բռնություն կիրառելուց,

11) տեղեկացված լինել որոշումների կայացման բարոյաէթիկական հետևանքների մասին,

12) ունենալ պատասխանատու և գիտակից վերաբերմունք սեփական և ուրիշների առողջությանն ու անվտանգությանը, ձեռք բերել համապատասխան սովորություններ,

13) հասկանալ հասարակական որոշ գործընթացների կարևորությունը, գիտակցել սեփական արձագանքի հնարավոր ազդեցությունը հասարակության վրա:

2. Առարկայի հիմնական խնդիրներն են.

1) անձնային, հաղորդակցական, ճանաչողական, ստեղծագործական բազմաբնույթ կրթական գործելակերպերի զարգացումը,

2) ճանաչողական ակտիվության և շրջակա աշխարհի մասին գիտելիքներ ձեռք բերելու ինքնուրույնության ձևավորումը,

3) մեդիագրագիտության ձևավորումը,

4) բնության, մարդկանց, հայրենիքի հանդեպ սիրո, հարգանքի և խնայող վերաբերմունքի դաստիարակությունը,

5) սեփական և ուրիշների առողջության հարցում գիտակից և պատասխանատու վերաբերմունքը,

6) իր նախնիների, անցյալի հանդեպ հարգանքը, պատմական և մշակութային ժառանգության պահպանության ձգտումը:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

3. Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) համաձայն՝ «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկան «ԲՏՃՄ», «Հասարակական գիտություններ». «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» և «Հայրենագիտություն» ուսումնական բնագավառները ներկայացնող ինտեգրված պետական պարտադիր առարկա է 2-4-րդ դասարանների համար: Այն նաև հուսալի հիմք է ապահովում հիմնական և միջնակարգ ծրագրերի «Բնագիտություն», «Ես և իմ հայրենիքը», «Հասարակագիտություն», ինպես նաև` «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Պատմություն» առարկաների համար, ինչպես նաև «Առողջ և անվտանգ կենսակերպ» ինտեգրվող բովանդակային ուղղության համար:

4. 7-10 տարեկան հասակը լավագույնն է հետաքրքրությունների ձևավորման, հարցեր ձևակերպելու (այդ թվում`արտահայտվելու այլընտրանքային եղանակներով) և այդ հարցերի պատասխանները քննելու, վերլուծելու և գտնելու, ինչպես նաև համագործակցությունը, քննադատական և ստեղծագործական մտածողությունը զարգացնելու համար: Դա մարդու կյանքում սոցիալական ինքնագիտակցության աճի ժամանակաշրջանն է, և անհրաժեշտ է, որ հենց այս տարիքում ուսումնական գործընթացում քննարկման հիմնական թեմա դառնան յուրաքանչյուրի նկատմամբ արդարացի վերաբերմունքի, սեփական արժանապատվության զգացման, հանդուրժողականության, շրջապատի մարդկանց և բնության նկատմամբ բարյացակամության, հոգատարության ձևավորմանն ուղղված հարցերը: Երեխայի համար շատ կարևոր է հենց այս տարիքում ընդունված լինել կոլեկտիվի կողմից, լինել նրա լիիրավ անդամը:

5. «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված առարկայի չափորոշչով սահմանվել են հիմնական գաղափարներ և ենթագաղափարներ, որոնց համապատասխան՝ յուրաքանչյուր դասարանի համար նախատեսվել են չափորոշչային պահանջներ կամ վերջնարդյունքներ: Ամեն գաղափարի համապատասխան վերջնարդյունքները ձևավորում են սովորողի գնահատման չափանիշը:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (համապատասխան ծածկագրմամբ1)

6. Ակնկալվող վերջնարդյունքները համապատասխան ծածկագրմամբ

1) Շ.Ե.Ի.Ն1 Ուսումնասիրել ինքնության վերաբերյալ գաղափարներ, ներառյալ՝ իր և ուրիշների, տարբերակել ինքնությունը՝ ըստ սոցիալական և հուզական առանձնահատկությունների:

2) Շ.Ե.Ի.Ն2 Գտնել ինքնարտահայտման և ինքնադրսևորման տարբեր եղանակներ:

3) Շ.Ե.Ի.Ն3 Նշել սեփական կարողություններն ու հնարավորությունները, ինքնադրսևորվել:

4) Շ.Ե.Ի.Ն4 Նկարագրել և կառավարել հույզերը, բացատրել, որ ուրիշներն էլ ունեն նույն հույզերը, ապրումակցել:

5) Շ.Ե.Ի.Ն5 Տարբերակել անցյալում, ներկայում կատարված և ապագաում կատարվելիք իրադարձությունները՝ իր կյանքի օրինակով, արդյունավետ տնօրինել ժամանակը:

6) Շ.Ե.Ի.Մ1 Թվարկել զգայարանները, տարբերակել դրանցով ստացված տեղեկությունները՝ որպես աշխարհը ճանաչելու միջոց:

7) Շ.Ե.Ի.Մ2 Նշել մարմնի մասերի գործառույթներն ու կազմության որոշ բնորոշիչներ:

8) Շ.Ե.Ի.Մ3 Հարգել և ընդունել տարբերությունները, այդ թվում` հաշմանդամություն ունեցող և զարգացման առանձնահատկություններ ունեցող, խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց, ներառելով նրանց հնարավոր բոլոր գործընթացներում:

9) Շ.Ե.Ի.Մ4 Տիրապետել անձնական հիգիենայի կանոններին, հիմնավորել հիգիենայի, ֆիզիկական ակտիվության և կոփման անհրաժեշտությունը՝ որպես առողջությունը պայմանավորող կարևոր գործոններ:

10) Շ.Ե.Ա.Ս1 Բացատրել առողջ սնուցման բաղադրիչները՝ բամազանությունը, սննդակարգը, ընդունման պարբերականությունը և անվտանգությունը:

11) Շ.Ե.Ա.Ս2 Բացատրել, որ սնունդն ու ջուրն ապահովում են օրգանիզմի էներգիան, որն էլ ապահովում է ֆիզիկական ակտիվությունը:

12) Շ.Ե.Ա.Ի1 Ցուցադրել տարբեր հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ գնահատելու, խուճապի չմատնվելու, կողմնորոշվելու, անվտանգության կանոնների և քայլերի հաջորդականության իմացություն, ցուցադրել առաջին օգնության քայլերի իմացությունը տարբեր իրավիճակների ժամանակ:

13) Շ.Ե.Ա.Վ1 Տարբերակել վնասակար սովորությունները, այդ թվում ծխելը, ալկոհոլ և այլ վնասակար նյութեր օգտագործելը, և խուսափել դրանցից, թվարկել որոշ վարակիչ հիվանդություններ և դրսևորել դրանց կանխարգելմանն ուղղված վարքագիծ:

14) Շ.Ե.Ա.Վ2 Դրսևորել ռիսկերից խուսափելուն և առողջությանը միտված վարքագիծ:

15) Շ.Մ.Փ.Ը1 Նկարագրել տարբեր կազմով, մեծ, փոքր ընտանիքները, փոփոխություններն ընտանիքում, կանանց և տղամարդկանց հավասարության տեսանկյունից նկարագրել ընտանիքի անդամների դերերը, կարիքները, իրավունքներն ու պարտականություններն ընտանիքում:

16) Շ.Մ.Փ.Ը2 Ներգրավվել տարբեր խմբային գործունեություններում (այդ թվում ընտանիքի, դասարանի, համայնքի և այլն), մեկնաբանել խմբերի առանձնահատկությունները, խմբային դերերը, փոխհարաբերությունները և խմբային գործունեության արդյունքը:

17) Շ.Մ.Փ.Դ1 Պահպանել դպրոցական համակեցության կանոնները, բերել մեծահասակների և հասակակիցների վարքագծի դրական և բացասական ազդեցության օրինակներ, հստակ արտահայտել ցանկություններն ու կամքը, ոչինչ թույլ չտալ առանց իր ցանկության, երբ դա կարող է վնասել իրեն:

18) Շ.Մ.Փ.Դ2 Կարևորել փոխօգնությունը, միմյանց հանդեպ բարեհաճ և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ ստեղծելու կամք ցուցաբերել:

19) Շ.Մ.Փ.Դ3 Բնութագրել, թե ինչպիսին պետք է լինի ընկերը, որ որակներն են բնորոշ լավ ընկերոջը, համապատասխանել այդ բնութագրին, կարողանալ ձեռք բերել և պահպանել ընկերությունը:

20) Շ.Մ.Փ.Դ4 Բացատրել, օրինակներ բերելով, որ բոլոր մարդիկ կարող են ունենալ նախասիրություններ ու հետաքրքրություններ, որոնք պայմանավորված են անհատական առանձնահատկություններով ու անձնային որակներով:

21) Շ.Մ.Փ.Հ1 Դրսևորել հարգալից, հոգատար, պատասխանատու և անխտրական վերաբերմունք հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների, ներառյալ՝ տարբեր սեռի, տարբեր ազգային, կրոնական, լեզվական պատկանելիություն, սոցիալական կարգավիճակ, հաշմանդամություն ունեցող և այլ առանձնահատկություններ ու տարբերություններ ունեցող անձանց, հանդեպ:

22) Շ.Մ.Փ.Հ2 Նկարագրել ազգային ինքնությունը սահմանող խորհրդանիշները, անցյալի և ներկայի իրադարձությունները, տարբերակել իրենց ազգայինը այլ երկրների հետ համեմատության համատեքստում և զարգացնել դրանցից հուզական կախվածությունը, հայրենիքի հանդեպ սերը:

23) Շ.Մ.Փ.Հ3 Կողմնորոշվել տարածքում, բնութագրել տարբեր կառույցների, հաստատությունների նշանակությունը, դրանցից օգտվելու ձևերը:

24) Շ.Մ.Փ.Հ4 Տեղյակ լինել իր բնակավայրի, հայրենի բնության և պատմամշակութային արժեքներին, գնահատել և խնայող ու պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել դրանց նկատմամբ:

25) Շ.Մ.Փ.Ի1 Նկարագրել իրավունքների և քաղաքացիական պատասխանատվության հիմնական բաղադրիչները, որոնք հնարավորություն են տալիս հասարակությանը դուրս գալ ավելի զարգացած, ներդաշնակ ուղի:

26) Շ.Մ.Փ.Ի2 Կանխատեսել իր և ուրիշների արարքների հնարավոր հետևանքները, գնահատել դրանք, ունենալ անձնական դիրքորոշում:

27) Շ.Մ.Փ.Կ1 Ցուցաբերել արդյունավետ շփման, կոնֆլիկտները խաղաղ կարգավորելուն ուղղված վարքագիծ:

28) Շ.Մ.Փ.Կ2 Տարբերակել բռնության տարբեր դրսևորումները հասակակիցների և մեծահասակների կողմից/միջև, հրաժարվել բռնության բոլոր ձևերից, աջակցել բռնության ենթարկվածին:

29) Շ.Մ.Փ.Կ3 Տարբերակել փաստը տեսակետից:

30) Շ.Մ.Փ.Կ4 Նկարագրել և բերել իրենց առնչվող պարզ օրինակներ ազատության, արդարության և հավասարության, պատասխանատվության և հանդուրժողականության պարզ օրինակներ։

31) Շ.Մ.Հ.ՔՏ1 Հիշատակել տեղեկություններ հնում եղած որոշ նշանակալի քաղաքակրթությունների մասին, բացատրել, թե ինչպես, ինչ միջոցներով են մեզ հասել այդ մշակույթների մասին վկայությունները:

32) Շ.Մ.Հ.ՔՏ2 Թվարկել տնտեսության ճյուղերը, ներկայացնել դրանք, համեմատել նախկինում, ներկայում և ապագայում դրանց զարգացման որոշ առանձնահատկություններ և օրինակներ բերել:

33) Շ.Մ.Հ.ՔՏ3 Ներկայացնել ապրանքափոխանակության, փողի առաջացման և նշանակության մասին, բացատրել բարիք-փող-բարիք շղթան, կազմել անձնական բյուջե:

34) Շ.Բ.Բ.Օ1 Տարբերակել և բնութագրել բնության կենդանի և անկենդան օբյեկտները, դրանց փոխկապվածության և փոխազդեցությունների օրինակներ բերել:

35) Շ.Բ.Բ.Օ2 Ներկայացնել տարբեր բնական գործոնների ազդեցությունը բույսերի աճի և զարգացման վրա (հող, ջուր, օդ, լույս, ջերմություն):

36) Շ.Բ.Բ.Օ3 Բնութագրել տարբեր տարածքներին բնորոշ կենդանիների, բույսերի և մարդկանց բազմազանությունն ու հարմարվողականությունը միջավայրին, այդ բազմազանության պահպանության անհրաժեշտությունը:

37) Շ.Բ.Բ.Կ1 Նկարագրել, հիմնավորել, որ բնության մեջ գտնվող բուսական և կենդանական տեսակները դասակարգվում են ըստ տարբեր բնութագրերի:

38) Շ.Բ.Բ.Կ2 Տարբերակել և նկարագրել բույսերի հիմնական մասերը, նկարագրել դրանց հիմնական գործառույթները, հետազոտել, ներկայացնել սերմերի ծլման, աճի գործընթացը և անհրաժեշտ հիմնական պայմանները:

39) Շ.Բ.Բ.Կ3 Բացատրել և ընդհանրացնել, որ բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում և առաջացնում են իրենց նման, բայց ոչ կրկնօրինակ սերունդ:

40) Շ.Բ.Բ.Կ4 Բացատրել, թե մարդը, կենդանիները և բույսերը որտեղից են ստանում իրենց սնունդը, նշել, որ մարդը և կենդանիները սնվում են բույսերով կամ այլ կենդանիներով, սնման շղթաների պարզ օրինակներ բերել:

41) Շ.Բ.Բ.Ա1 Նկարագրել երկրի մակերևույթի հիմնական ձևերը, բնորոշել շրջապատի ռելիեֆի տարբեր ձևերը (լեռներ, հարթավայրեր ևն):

42) Շ.Բ.Բ.Ա2 Ներկայացնել անկենդան բնության նշանակությունը կենդանիների, բույսերի և մարդկանց կյանքում:

43) Շ.Բ.Բ.Ա3 Ներկայացնել մարդկանց, բույսերի և կենդանիների համար ջրի կենսական նշանակությունը, երկրագնդի վրա քաղցրահամ ջրի սահմանափակությունը, աղտոտման խնդիրը, ջրի տնտեսման, արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

44) Շ.Բ.Բ.Ա4 Բացատրել, որ երկրագունդը շրջապատված է օդային թաղանթով, որը կենսական նշանակություն ունի:

45) Շ.Բ.Բ.Ա5 Գլոբուսի և քարտեզի վրա ցույց տալ մայրցամաքները և օվկիանոսները: Ցույց տալ հորիզոնի հիմնական և միջանկյալ կողմերը, կողմնորոշվել դրանցով, կարողանալ օգտվել կողմնացույցից, կոմնորոշվել տեղանքում այլ կողմնորոշիչներով: Ճանաչել հատակագծի որոշ պայմանական նշաններ:

46) Շ.Բ.Բ.Փ1 Նկարագրել բնության մեջ տեղի ունեցող պարբերական երևույթները (տարվա եղանակներ, գիշեր-ցերեկ) և բացատրել, թե այդ փոփոխություններով պայմանավորված այլ բնական երևույթներն ինչ ազդեցություն են ունենում բնության վրա:

47) Շ.Բ.Բ.Փ2 Ներկայացնել, թե մարդու գործունեությունն ինչպես է ազդում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա: Պատկերացում ունենալ բնության աղտոտվածության և առղջության կապի մասին։

48) Շ.Բ.Բ.Փ3 Կարևորել աղբի տեսակավորման, վերամշակման, երկրորդային օգտագործման և թափոնների վերամշակման անհրաժեշտությունը բնապահպանության և խնայողության տեսանկյունից:

49) Շ.Տ.Ե.Պ1 Տարրական պատկերացում ունենալ Արեգակնային համակարգի՝ մոլորակների, Երկրի, Լուսնի մասին:

50) Շ.Տ.Ե.Պ2 Դիտարկել գլոբուսը՝ որպես երկրի մոդել և ցուցադրել, թե ինչպես է Երկրի պտույտն Արեգակի և իր առանցքի շուրջը պայմանավորում գիշերվա և ցերեկվա հերթագայությունը:

51) Շ.Տ.Շ.ՈՒ1 Ցուցադրել, որ այն ամենը, ինչ սկսում է շարժվել, շարժվում է որևէ ուժի շնորհիվ, որ կան մարմինը շարժման մեջ դնելու տարբեր եղանակներ (ձգել, հրել տարբեր ուժերով և ուղղություններով):

52) Շ.Տ.Շ.ՈՒ2 Բացատրել, որ մարմիններն ընկնում են երկրի ձգողականության պատճառով:

53) Շ.Տ.Շ.ՁԼ1 Ծանոթանալ ձայնի և լույսի տարածման երևույթին, համոզվել, որ ձայնը և լույսը տարբեր կերպ են տարածվում փակ և բաց տարածքում, ձայնը և լույսը կարող են անդրադառնալ՝ դիպչելով մարմիններին։

54) Շ.Տ.Շ.ՁԼ2 Ներկայացնել լույսի բնական և արհեստական աղբյուրներ, օրինակներ բերել:

55) Շ.Տ.Շ.ՁԼ3 Բնութագրել նյութերն ըստ իրենց թափանցիկ, կիսաթափանց և անթափանց լինելու հատկության:

56) Շ.Տ.Շ.Է1 Փորձել և համոզվել, որ արևի տակ բոլոր առարկաները (ջուրը, օդը, հողը) տաքանում են։

57) Շ.Տ.Մ.Ն1 Տարբերակել՝ ինչ են մարմինները, նյութերը, բացատրել, որ նյութերը կազմված են չափազանց փոքր մասնիկներից։

58) Շ.Տ.Մ.Ն2 Փորձերի միջոցով (կամ որևէ այլընտրանքային եղանակով) ներկայացնել որոշ նախնական պատկերացումներ մասնիկների շարժման և փոխազդեցության մասին:

59) Շ.Տ.Մ.Ն3 Փորձերի միջոցով (կամ որևէ այլընտրանքային եղանակով) ցույց տալ նյութերի խառնման պարզ օրինակներ, դա բացատրել մասնիկների շարժմամբ:

60) Շ.Տ.Մ.Հ1 Բնութագրել նյութերն ըստ իրենց որակական հատկանիշների՝ (պինդ, հեղուկ, գազային):

61) Շ.Տ.Մ.Հ2 Ներկայացնել, որ ջուրը բնության մեջ միաժամանակ երեք վիճակներում (հեղուկ, պինդ, գազային) հանդիպող միակ նյութն է: Փորձերի միջոցով (կամ որևէ այլընտրանքային եղանակով) ներկայացնել մի վիճակից մյուսին անցումը: Ջրի օրինակով բնութագրել նյութերի հալման, պնդացման, գոլորշիացման և խտացման երևույթները:

62) Շ.Տ.Մ.Չ1 Նկարագրել մարմինները՝ ըստ քանակական հատկանիշների, hամապատասխան գործիքների օգնությամբ կատարել երկարության, զանգվածի, ջերմաստիճանի չափումներ, կատարել անցումներ չափման միավորների չափողականությունների միջև:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Առարկայի բովանդակությունը կառուցելիս առաջնորդվել ենք հետևյալ ընդհանրական սկզբունքներով.

1) Առարկայի բովանդակությունը կառուցված է գիտականության, տեխնոլոգիայի և մշակույթի ժամանակակից նվաճումներին համապատասխան:

2) Պահպանված է տրամաբանական հաջորդականությունը:

3) Նյութի կառուցման հիմքում ընկած են հիմնարար գաղափարներ, որոնցից բխում են բոլոր թեմաներն ու գաղափարները:

4) Առարկայի բովանդակությունը կառուցված է հաջորդականության և շարունակականության սկզբունքով՝ պարզից բարդ: Բոլոր աշակերտների (տղաներ և աղջիկներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ և խոցելի իրավիճակում գտնվող երեխաներ) համար ապահովված է առարկայական ծրագրի և/կամ դասավանդման մեթոդների մատչելիությունը:

5) Հիմնված է երեխայի անձնական փորձառության, իրական կյանքի օրինակների և աշխարհում արագ կատարվող փոփոխություններին նախապատրաստելու սկզբունքի վրա:

6) Թեմաները ներկայացված են պարուրաձև սկզբունքով՝ դասընթացի ընթացքում ուսումնասիրված նյութերը ընդլայնվում և խորացվում են մյուս դասարաններում նույն թեմայի աստիճանական ավելի բարձր մակարդակում, այնուհետև՝ հիմնական դպրոցի բնագիտական, հասարակագիտական, հայրենագիտական և անվտանգ կենսակերպի բնագավառների դասընթացներում:

7) Առարկայի բովանդակությունը ներկայացված է սովորողների տարիքային առանձնահատկություններին համապատասխան, որպեսզի նրանք ինքնուրույն, միմյանց օգնելով կամ ուսուցչի ուղղորդմամբ այն յուրացնելու հնարավորություն ունենան:

8) Առարկայի բովանդակությունը կառուցված է այնպես, որ գիտելիքների և կարողությունների զարգացմանը զուգընթաց՝ ձևավորվեն սովորողների վերաբերմունքները, արժեքային համակարգը, զարգանան սոցիալական հմտություններն ու ստեղծագործական ունակությունները։

9) Առարկայի բովանդակությունը ներկայացված է բազմաթիվ միջոցներով և ապահովում է մեթա ճանաչողական յուրացման խթանում ու աջակցություն։

10) Առարկայի բովանդակությունը երաշխավորում է ընդհանրացումը և նյութի փոխանցումը նոր համատեքստեր։

 

Սահմանված են հետևյալ հիմնական հասկացություններն ու ենթահասկացությունները:

 

Ես

(Ե)2

Ինքնություն, ինքնաճանաչում

(Ի)

Ներաշխարհ (Ն)

Մարմին (Մ)

Անվտանգություն

(Ա)

Առողջ սնուցում (Ս)

Արտակարգ իրավիճակներ (Ի)

Վնասակար սովորություններ, վարակիչ, ոչ վարակիչ հիվանդություններ (Վ)

Ես և մարդիկ

(Մ)

Փոխհարաբերություններ

 (Փ)

Ընտանիք (Ը)

Դպրոց (Դ)

Համայնք (Հ)

Իրավունքներ (Ի)

Կոնֆլիկտ (Կ)

Հասարակական փոփոխություններ

(Հ)

Քաղաքակրթություններ, տնտեսություն

(ՔՏ)

Ես և բնությունը

(Բ)

Բնության բազմազանություն

 

Փոխազդեցություններ

 

(Բ)

Օբյեկտներ՝ կենդանի, անկենդան (Օ)

Կենդանի բնության օբյեկտներ (Կ)

Անկենդան բնության օբյեկտներ (Ա)

Փոփոխությունները բնության մեջ (Փ)

Ես և տիեզերքը

(Տ)

Երկնային մարմիններ

(Ե)

Երկնային մարմիններ

Պարբերական երևույթները բնության մեջ

(Պ)

Շարժում

Փոխազդեցություններ

(Շ)

Ուժեր, շարժում (Ու)

Ձայն և լույս (ՁԼ)

Էներգիա (Է)

Մարմիններ, նյութեր

Մասնիկներ

(Մ)

Նյութեր, մասնիկներ (Ն)

Նյութի վիճակ և հատկություն (Հ)

Չափեր և չափումներ (Չ)

7. Առարկայի բովանդակությունը կառուցվում է «Ես» գաղափարի շուրջ՝ հետագայում ընդլայնելով ես-ի շուրջն եղած շրջանակները, բացահայտելով անձի և այդ շրջանակների բազմաշերտ փոխազդեցությունները: «Ով եմ ես», «Ես և մյուսները», «Ես և բնությունը» և «Ես և տիեզերքը» ինտեգրված միավորները կրտսեր դպրոցականներին հնարավորություն են տալիս պատկերացնելու իրենց շուրջն եղած աշխարհի ամբողջական և միաժամանակ բազմաշերտ էությունը՝ իր փոխադարձ կապվածություններով և փոխկախվածություններով, ինքնաճանաչումից մինչև աշխարհաճանաչողություն: «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված դասընթացը կոչված է օգնելու երեխային ճանաչել իրեն ոչ միայն որպես անհատ, այլև որպես հասարակության և բնության մասնիկ: Դասընթացի օգնությամբ կրտսեր դպրոցականը սկսում է «կառուցել» իր սեփական աշխարհը` գծելով իր պատկերացումների, զգացողությունների, մտքերի ու նախասիրությունների շրջանակը: Թեմաներն ընտրված են այնպես, որ աշակերտի մեջ քայլ առ քայլ ձևավորվի այն գիտակցությունը, որ ինքն աշխարհում մենակ չէ, որ իր ցանկություններից ու երազանքներից այն կողմ կան ուրիշ մարդիկ, որոնք իրեն նման չեն, և ինչպես ինքը, անկրկնելի անհատականություն են, ուստի նույնպես արժանի են հարգանքի: Այնուհետև պատկերացումներն ընդլայնվում են շրջակա աշխարհին ծանոթացման շնորհիվ: Երեխաներն ուսումնասիրում են իրենց բակը, քաղաքը, մարզը, հայրենիքը, նրա ներկան ու անցյալը, պատմամշակութային արժեքները, ծանոթանում են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, սովորում են հասարակական վայրերում օրինակելի վարքագիծ դրսևորել, ձեռք են բերում հաղորդակցական հմտություններ, առողջ և անվտանգ ապրելակերպի համար անհրաժեշտ կարողություններ, նախնական պատկերացումներ են ձեռք բերում բնության, տիեզերքի և դրանցում գործող օրենքների և օրինաչափությունների մասին: Բացի բնագավառներով պայմանավորված բովանդակությունից ու կարողունակություններից, առարկան ներառում է նաև մի շարք կարևորվող բովանդակային ուղղություններ, ինչպիսիք են՝ ֆինանսական կրթությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, քաղաքացիական, էկոլոգիական կրթությունը, բռնության և հալածանքի (բուլիինգի) կանխարգելման և մեդիագրագիտության ուսուցումը:

8. «Ես և շրջակա աշխարհը» առարկայի ուսումնասիրման գործընթացում կրտսեր դպրոցականները հնարավորություն են ունենում.

1) համակարգելու, ընդլայնելու, խորացնելու ընտանիքում, նախադպրոցական հաստատություններում, մարդկանց և բնության հետ շփման անձնական փորձից ձեռք բերած պատկերացումները բնության և հասարակական օբյեկտների մասին,

2) իմաստավորելու մարդու և բնության փոխհարաբերությունները, հասարակական տարբեր խմբերի (ընտանիք, դասարան, դպրոց, համայնք, ազգ) ներսում առկա հարաբերություններն ու օրինաչափությունները,

3) յուրացնելու և ցուցաբերելու առողջ ապրելակերպին բնորոշ վարքագիծ և սովորություններ, անվտանգության կանոններ, էկոլոգիապես գրագետ և բարոյական վարք բնության գրկում և հասարակության մեջ,

4) գիտակցելու շրջապատի մարդկանց (տարբեր տարիքի, սեռի, ազգության, հավատքի, բոլոր մշակույթներն ու սոցիալ-կրթական խավերի ներկայացնողների և առողջական խնդիրների) հանդեպ հարգալից և ուշադիր վերաբերմունքի կարևորությունը,

5) խնայող վերաբերմունք ցուցաբերելու բնությանը, պատմական և մշակութային արժեքներին:

6) Տարրական ծրագրով սովորողի գիտելիքները սերտորեն առնչվում են մայրենիին, մաթեմատիկային, տեխնոլոգիային, արվեստին, օտար լեզուներին ու ֆիզիկական կուլտուրային և ապահովվում են միջառարկայական թեմատիկ կապերի և խաչվող հասկացությունների միջոցով: Դրանք ապահովում են ընդհանուր/միջառարկայական գաղափարների հիման վրա գիտելիքների կառուցումը, խորացումն ու կիրառումը։ Ըստ նպատակահարմարության, երևույթները բացատրելու և մատչելիություն ապահովելու համար համատեղ կիրառվում են տարբեր բնագիտական գիտակարգերի հիմնական առարկայական գաղափարները։

9. Այս դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները, հմտությունները և վերաբերմունքները արժեքավոր են և հիմք են հանդիսանում հետագայում միջին դպրոցի հասարակագիտական և բնագիտական, հայրենագիտական բնագավառների առարկաների համար:

10. Ուսումնառությունն առավել արդյունավետ և տևական է, երբ խրախուսվում է բարձրակարգ մտածողության և քննադատական մտածողության զարգացումը, խթանվում են վերլուծական հմտությունները, որոնք ներառում են կիրառություն, վերլուծություն, գնահատում և ստեղծում: Պետք է ուշադրություն դարձնել նաև սովորողների հուզական և հոգեբանական հմտությունների զարգացմանը:

 

ԳԼՈՒԽ 5. ԽԱՉՎՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

11. Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք ընդհանրական խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք ընդհանրական են տարբեր գիտությունների համար և օգնում են սովորողներին միավորելու, կապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակներում:

12. Այդ հասկացությունները պետք է մեծ ուշադրության արժանանան կրթական 3 աստիճաններում, բոլոր առարկաների, այդ թվում՝ «Ես և շրջակա աշխարհը» առարկայի ուսուցման ժամանակ:

13. Առանձնացվում են յոթ այդպիսի խաչվող գաղափարներ, որոնք առավել բնորոշ են բնագիտական առարկաներին.

1) Օրինաչափություններ

2) Պատճառ և հետևանք

3) Մասշտաբ, համամասնություն և քանակ

4) Համակարգեր և մոդելներ

5) Էներգիա և նյութ

6) Կառուցվածք և գործառույթ

7) Կայունություն և փոփոխություն

14. Ինչպես նաև որոշ ընդհանրական գաղափարներ, որոնք ավելի համապատասխանում են հասարակագիտական առարկաներին և թեմաներին.

1) Անհատ և հարաբերություններ

2) Ժամանակ և տարածություն

3) Անհատական և մշակութային արտահայտություն

4) Գիտատեխնիկական նորարարություն

5) Արդարություն և զարգացում

15. Այս երկու ցանկով ներկայացված խաչվող հասկացություններն էլ կարող են կիրառելի լինել «Ես և շրջակա աշխարհը» առարկայի՝ որպես ինտեգրված առարկայի դեպքում:

 

ԳԼՈՒԽ 6. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

16. Դասընթացի բոլոր թեմաների ուսումնասիրության ժամանակ կարևոր է ապահովել ուսումնառության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարական բազմաբնույթ գործունեության ձևեր, որոնք կապահովեն աշակերտների հետաքրքրվածությունը, ակտիվ մասնակցությունը, անկախությունն ու ընտրության հնարավորությունը, միմյանց հետ մտքերի փոխանակման, սեփական առաջընթացի ամրագրման, տարբեր կարողություններով երեխաների հավասար ներգրավվածության հնարավորությունը, ուսումնառության երեխայակենտրոն, բարոյահոգեբանական նպաստավոր միջավայրը, աշակերտների ներգրավման, հետևողական աշխատանքի և ինքնակարգավորման համար նպաստավոր պայմանները։

17. Առարկայի ուսումնառության ընթացքում սովորողները տարբեր աղբյուրներից տեղեկույթ են հայթայթում, վերլուծություն և ընդհանրացումներ անում, համակարգում են և տարբեր ձևաչափերով՝ հաշվի առնելով նաև տարիքային, սեռային, գենդերային և մի շարք այլ առանձնահատկություններ և հատկանիշներ ներկայացնում դրանք, փոքրիկ հետազոտություններ, ուսումնասիրություններ են պլանավորում և իրականացում, որոնք ուղղված են ուսումնասիրության օբյեկտի հատկությունները հայտնաբերելուն, պատճառահետևանքային կապերը, բնական և սոցիալական գործընթացների հաջորդականությունը բացահայտելուն: Միաժամանակ իրականացվում են ուսումնական գործունեության (պրակտիկաների) բոլոր բաղադրիչները՝ սովորողների կարիքներին ու հնարավորություններին համապատասխան. հարցի ձևակերպում, խնդրի առաջադրում, դրա լուծմանն ուղղված գործողությունների պլանավորում, իրականացում, արդյունքների վերլուծություն, գնահատում, եզրակացությունների ձևակերպում: Կրտսեր դպրոցականները սովորում են համագործակցել ուսուցչի և դասընկերների հետ, փոքր և մեծ խմբերում համատեղ գործողություններ կատարել, տիրապետում են հաղորդակցման և փոխօգնության տարբեր եղանակների: Այս բոլոր գործելակերպերը սովորողների համար ստեղծում են ուսումնառությունը հաջողությամբ շարունակելու նպաստավոր պայմաններ:

18. Մասնավորապես առարկայի դասավանդման համար անհրաժեշտ է կիրառել գործունեության բազմազան ձևեր, որոնք են՝

1) ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր,

2) խմբային, համագործակցային առաջադրանքներ,

3) իրավիճակների առաջադրում, քննարկում,

4) դասարանական քննարկումներ և բանավեճեր,

5) դիտումներ,

6) դաշտային աշխատանք,

7) փորձեր,

8) ​​հետազոտական առաջադրանքներ,

9) մոդելավորում,

10) պարզ նախագծային աշխատանքներ,

11) պատկերազարդում՝ նկարների գծապատկերների և սխեմաների ստեղծում

12) հրապարակային ներկայացում, շնորհանդես (պրեզենտացիա)

13) ուսուցողական ֆիլմերի դիտում, քննարկում

14) պարզ հատակագծերի, քարտեզների գծում, վերծանում, կողմնորոշում

15) հարցադրումների սահմանում,

16) գաղափարների և հասկացությունների սահմանում և վերհանում,

17) մրցույթներ, վիկտորինաներ, հանդեսներ,

18) աշխատանքային թերթիկներ՝ տարբեր առաջադրանքներով,

19) տեսանյութերի ստեղծում,

20) խաչբառների, գլուխկոտրուկների, հանելուկների կազմում, լուծում,

21) էքսկուրսիաներ, արշավներ

22) փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում,

23) պարզ գիտական բառապաշարի և լեզվի գործածում,

24) տեքստի ուսումնասիրման աշխատանքներ:

19. Ուսումնական գործընթացում ստեղծվում է միջավայր և օգտագործվում են գործիքներ, որոնք.

1) Օպտիմալ համապատասխանում են աշակերտների ունակություններին և առաջադրանքի պահանջներին:

2) Հարգալից են բոլոր մշակույթներն ու սոցիալ-կրթական խավերը ներկայացնողների նկատմամբ:

3) Ապահովում են բազմաթիվ խմբերի ճկուն աշխատանք, հեշտ անցումներ՝ ուսումնառության տարբեր եղանակները ապահովելու համար:

4) Զգայուն են անհատ սովորողի ակադեմիական, սոցիալ-հուզական և վարքագծային առանձնահատկությունների նկատմամբ։

5) Ապահովում են հիմնական գաղափարների ներկայացման և իմացությունն արտահայտելու տարատեսակ եղանակներ` աշակերտների ուսումնառության տարատեսակ կարիքների հիման վրա։

6) Ապահովվում է հետադարձ կապը և կարևորվում է ջանքը։

7) Ապահովվում է մեթաճանաչողական յուրացման խթանում ու աջակցություն։

 

ԳԼՈՒԽ 7. ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

20. Գնահատումը տեղեկատվություն հավաքելու, վերլուծելու և դրա հիման վրա հանրակրթության իրականացման բովանդակային և կազմակերպչական արդյունքները վերահսկելու գործընթաց է: Գնահատման հիմնական նպատակը սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման ու տիրապետման աստիճանի, նրանց անձնային որակների, ունեցած արժեհամակարգի ստուգումն է և ուսման որակի վերահսկումը:

21. Համաձայն ՀՊՉ-ի 42-րդ կետի` 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է ձևավորող գնահատման միջոցով, իսկ որպես տարեկան ամփոփիչ գնահատում՝ կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

22. Ձևավորող գնահատումը գնահատման համակարգի հիմնական և կարևոր մասն է, որի միջոցով հստակեցվում են ուսուցման գործընթացի և արդյունքների առարկայական չափորոշիչներին և ծրագրային պահանջներին համապատասխան լինելը: Գնահատման արդյունքում բացահայտվում են ուսուցիչների, աշակերտների բացթողումները, դժվարություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև հստակեցվում են ուսուցման գործընթացի բարելավման ուղիները:

23. Այսօր գնահատման համակարգի կիրառումը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշիչի և առարկայական ծրագրի բովանդակությամբ: Գնահատման նոր համակարգը պետք է հիմնվի հավաստիության, հուսալիության, օբյեկտիվության, արդարության, մատչելիության և թափանցիկության սկզբունքների վրա:

24. Առարկայի գնահատումը պետք է երեխաներին հնարավորություն ընձեռի գիտակցելու նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությունը: Այն երեխայի առաջընթացն ու զարգացումը պետք է արձանագրի այնպես, որ ակնհայտ լինի երեխաների, ծնողների և այլոց՝ շահագրգիռ կամ հետաքրքրված անձանց համար (ուսուցիչներ, դասղեկ, տնօրեն և այլք):

 

ԳԼՈՒԽ 8. «ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ 2-4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

25. Ծրագրի ձևաչափը ներառում է հետևյալ բաժինները.

1) Հիմնական հասկացությունները

2) Թեմաները

3) Նպատակը

4) Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքները՝ ծածկագրված

5) Թեմայի վերջնարդյունքները՝ ծածկագրված

6) Բովանդակությունը

7) Առաջարկվող գործունեության ձևերը

8) Խաչվող գաղափարները

9) Միջառարկայական կապերը

10) Ներառարկայական կապերը

11) Կապը ՀՊՉ տարրական դպրոցի չափորոշիչների հետ ծածկագրված

_______________________________

1 Ծածկագրումը կատարվել է հետևյալ կերպ. 1-ին տառը Շ-Շրջակա՝ ցույց է տալիս առարկայի անունը (Ես և շրջակա աշխարհը), 2-րդ տառը ցույց է տալիս հիմնական հասկացությունները՝ Ե-Ես, Մ-Ես և մարդիկ, Բ-Ես և բնությունը, Տ-Ես և տիեզերքը, 3-րդ և 4-րդ տառերը՝ երկրորդ և երրորդ ենթահասկացությունների համապատասխան տառերը, օրինակ՝ Ի-Ն Ինքնաճանաչում-Ներաշխարհ. Ի-Մ- Ինքնաճանաչում-Մարմին, վերջին տառի կողքի թիվը՝ ցույց է տալիս վերջնարդյունքի համարը 1, 2 և այլն:

2 Հիմնական գաղափարների նշագրերը, որոնցով ձևավորվել են վերջնարդյունքների գաղտնագրերը

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան