Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.02/12(815) Հոդ.18
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.12.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

 N 31-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

(հրամանը խմբ. 26.06.23 N 34-Ն)

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-013-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 26.06.23 N 34-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում դիֆթերիայի կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ 3.1.1-013-10 սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն հավելվածի:

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 31-Ն հրամանի

 

«ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-013-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ՝ Կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն), ինչպես նաև առողջարանների, ուսումնական հաստատությունների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (այսուհետ՝ կազմակերպություն) համար:

2. Կանոնները սահմանում են դիֆթերիայի դեպքերի հայտնաբերմանը, հաշվառմանը և հաղորդմանը, պացիենտների շարունակական բժշկական դիտարկմանը, դիֆթերիայով անձի հետ շփված անձանց (այսուհետ` կոնտակտավոր) բժշկական դիտարկմանը, լաբորատոր հետազոտությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջները:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

 ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

 

3. Դիֆթերիայով պացիենտների, ինչպես նաև հիվանդության կասկածով անձանց հայտնաբերումն իրականացնում են բժշկական կազմակերպության կամ կազմակերպության ավագ, միջին բուժաշխատողները.

4. Դիֆթերիայի վաղ հայտնաբերման նպատակով`

1) Կանոնների Ձև 1-ում ներկայացված դիֆթերիայի դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող յուրաքանչյուր պացիենտ 24 ժամվա ընթացքում ենթարկվում է դիֆթերիայի նկատմամբ մանրէաբանական հետազոտության,

2) ախտաբանական փառով պատված (ներառյալ հարնշիկային թարախակույտերը) անգինայով յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ սահմանվում է 7 օր բժշկական դիտարկում,

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԴԵՊՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՂՈՐԴՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

5. Դիֆթերիայի յուրաքանչյուր հաստատված կամ կասկածելի դեպքի շտապ հաղորդումը, ախտորոշումը փոփոխելու, ժխտելու, հաստատելու կամ մահվան մասին հաղորդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների համաձայն:

6. Դիֆթերիայի դեպքի և դիֆթերիայի թունածին կորինեբակտերիաներ կրողների լիարժեք, հավաստի և ժամանակին հաշվառումը, գրանցումը, հաղորդումը, հաշվետվությունների ամբողջականությունն ապահովում է բժշկական կազմակերպության ղեկավարը (տնօրենը):

7. Բոլոր բժշկական կազմակերպություններում և կազմակերպություններում դիֆթերիայի յուրաքանչյուր հաստատված կամ կասկածելի դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով հաստատված «Վարակիչ հիվանդությունների հաշվառման» մատյանում:

8. Դիֆթերիայի դեպքերի և դիֆթերիայի թունածին կորինեբակտերիաներ կրողների դեպքերի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կառավարելի վարակիչ հիվանդությունների «Ձև N Պ-4/հ» վարչական վիճակագրական ձևով` համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի N 08-Ն հրամանի: Դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն և յուրաքանչյուր հիվանդության տողում «Ընդամենը» սյունակում նշվում է 0:

9. Հաշվետվության կրկնօրինակները պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշմամբ սահմանված ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ (ՊԱՑԻԵՆՏՆԵՐ, ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԹՈՒՆԱԾԻՆ ԿՈՐԻՆԵԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԿՐՈՂՆԵՐ) ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

10. Դիֆթերիայով պացիենտը կամ կասկածելի դեպքը կամ դիֆթերիայի թունածին կորինեբակտերիաներ կրողները ենթակա են պարտադիր հոսպիտալացման ինֆեկցիոն հիվանդանոցներում, բժշկական կազմակերպությունների ինֆեկցիոն բաժանմունքներում ապահովելով մեկուսացումը կամ կյանքի ցուցումով՝ վերակենդանացման բաժանմունքներում ապահովելով մեկուսացումը:

11.Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, ծերանոց, գիշերօթիկ և այլն) ախտաբանական փառով պատված անգինայով, հարնշիկային թարախակույտերով, ստենոզով ընթացող լարինգոտրախեիտներով պացիենտները ենթակա են հոսպիտալացման բժշկի դիմելու առաջին օրը:

12. Ախտաբանական փառով պատված անգինայով պացիենտի, դիֆթերիայով պացիենտի կամ կասկածելի դեպքի հոսպիտալացման ուղեգրում, իսկ հիվանդանոցային պայմաններում բուժման դեպքում՝ նաև պացիենտի հիվանդության պատմությունում նշվում են հիվանդության առաջնային ախտանշանները, մինչև հոսպիտալացումը ստացած բուժումը, տեղեկություններ դիֆթերիայով պացիենտի կամ մանրէակրի հետ շփման, բնակության վայրում դիֆթերիայի առումով համաճարակային իրավիճակի, պատվաստումային կարգավիճակի մասին:

13. Կասկածելի դեպքին համապատասխանող յուրաքանչյուր պացիենտի և դիֆթերիայի թունածին կորինեբակտերիաներ կրողների մոտ ստացիոնար բժշկական կազմակերպություն ընդունման օրը և հետագա 2 օրվա ընթացքում, անկախ հակաբիոտիկների նշանակումից, իրականացվում է մանրէաբանական հետազոտություն դիֆթերիայի նկատմամբ:

14. Դիֆթերիայով պացիենտի կամ թունածին կորինեբակտերիաներ կրողների ստացիոնարից դուրս գրումն իրականացվում է լրիվ կլինիկական առողջացումից և դիֆթերիայի հարուցչի նկատմամբ կոկորդից ու քթից առնվազն 24 ժամ ընդմիջումով վերցված նմուշների մանրէաբանական հետազոտության կրկնակի բացասական արդյունքների դեպքում: Հետազոտություններն իրականացվում են հակաբիոտիկային բուժման ավարտից առնվազն 24 ժամ հետո:

15. Դիֆթերիայով պացիենտի կամ դիֆթերիայի թունածին կորինեբակտերիաներ կրողների մոտ մանրէաբանական հետազոտության դրական արդյունքի դեպքում բուժումը կրկնվում է:

16. Պացիենտները կամ թունածին կորինեբակտերիաներ կրողները Կանոնների 17-րդ կետում սահմանված կարգով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունից դուրս գրումից հետո կարող են հաճախել աշխատանքի կամ նախադպրոցական, ուսումնական, սոցիալական պաշտպանության հաստատություններ:

17. Աշխատավայրում, նախադպրոցական, ուսումնական, սոցիալական պաշտպանության հաստատությունում միամոմենտ 10-15% և ավելի դիֆթերիայի թունածին կորինեբակտերիաներ կրողներ հայտնաբերվելու դեպքում թույլատրվում է բուժումը կազմակերպել արտահիվանդանոցային պայմաններում` իրականացնելով.

1) ամենօրյա բժշկական դիտարկում (քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից զննում, ջերմաչափում),

2) անգինայով պացիենտների հոսպիտալացում,

3) մանրէակիրների հետ սերտ շփված անձանց մանրէաբանական հետազոտություն մանրէակրությունը հաստատվելուց անմիջապես հետո և հետագայում ամիսը 1 անգամից ոչ պակաս, մինչև նրանց մանրէակրության ընդհատումը,

4) բոլոր չպատվաստված անձանց շրջանում դիֆթերիայի դեմ պատվաստումներ` շփումից 7 օրվա ընթացքում:

18. Ոչ թունածին կորինեբակտերիաներ կրողները հոսպիտալացման, հակաբիոտիկներով բուժման և մեկուսացման ենթակա չեն: Նրանց նշանակվում է քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն` վերին շնչուղիների քրոնիկ ախտահարումների ախտորոշման նպատակով: Հակահամաճարակային միջոցառումներ չեն իրականացվում:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ՕՋԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

19. Դիֆթերիայի վարակի օջախում հակահամաճարակային միջոցառումները (դիֆթերիայով պացիենտների, դիֆթերիայով կասկածելի պացիենտների, մանրէակիրների հայտնաբերում և նրանց հոսպիտալացում, քիթ-կոկորդ-ականջ օրգանների ախտահարմամբ պացիենտների հայտնաբերում, բուժում, դիֆթերիայի դեմ պատվաստումներ, կոնտակտավորների նկատմամբ բժշկական դիտարկում, լաբորատոր նմուշառում, բնակչության շրջանում իրազեկման և քարոզչության աշխատանքներ) կազմակերպում և իրականացնում են բժշկական կազմակերպությունները:

20. Դիֆթերիայով կամ դրա կասկածով պացիենտի կամ թունածին կորինեբակտերիաներ կրողների օջախում իրականացվում է ընթացիկ ախտահանում, իսկ հոսպիտալացումից հետո եզրափակիչ ախտահանում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԴԻՖԹԵՐԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

21. Դիֆթերիայով կամ դրա կասկածով պացիենտի կամ մանրէակրի և նրանց կոնտակտավորների նկատմամբ իրականացվում է ամենօրյա բժշկական դիտարկում` տեղամասային բժշկի, քիթ-կոկորդ-ականջաբանի, վարակաբանի կողմից (բկանցքի զննում և ջերմաչափում) վարակի աղբյուրի մեկուսացման պահից սկսած 7 օր տևողությամբ` տվյալները գրանցելով համապատասխան բժշկական փաստաթղթերում:

22. Դիֆթերիայով կամ դիֆթերիայի կասկածով պացիենտի կամ մանրէակրի կոնտակտավորները ենթարկվում են դիֆթերիայի հարուցչի նկատմամբ միանվագ մանրէաբանական հետազոտության` «դիֆթերիա» ախտորոշման պահից 48 ժամվա ընթացքում: Տվյալ օջախում կոնտակտավորների շրջանում դիֆթերիայի թունածին կորինեբակտերիայի մանրէակիրներ հայտնաբերելու դեպքում դիֆթերիայի նկատմամբ մանրէաբանական հետազոտությունները կրկնվում են մինչև մանրէակրության ընդհատումը:

23. Դիֆթերիայի մանրէաբանական ախտորոշման նպատակով նմուշառումը և նմուշի տեղափոխումը կատարվում է համաձայն Կանոնների Ձև 2-ի:

24. Կազմակերպությունում կոնտակտավորների դիտարկումը, կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են տվյալ կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողների կողմից: Կազմակերպությունում ավագ և միջին բուժաշխատողների բացակայության դեպքում աշխատանքներն իրականացվում են տվյալ կազմակերպությունը սպասարկող բժշկական կազմակերպության կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

25. Դիֆթերիայի դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը, իրականացումը, հաշվառումը, հաշվետվությունների ներկայացումը, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և բժշկական հակացուցումների վարումը, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գրանցումը, հաշվառումը, հաղորդումը և համաճարակաբանական հետազոտությունն իրականացվում են համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի:

26. Դիֆթերիայի դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ժամկետներում և պատվաստանյութերով:

27. Կոնտակտավորների շրջանում կանխարգելիչ պատվաստումների ենթակա են`

1) դիֆթերիայի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք,

2) երեխաները և դեռահասները, որոնց մոտ հերթական պատվաստման կամ կրկնապատվաստման ժամանակն է,

3) մեծահասակները, որոնց մոտ համաձայն բժշկական փաստաթղթերի դիֆթերիայի դեմ պատվաստումից անցել է 10 տարի և ավելի,

4) անձինք, որոնց մոտ շճաբանական հետազոտությամբ չեն հայտնաբերվել դիֆթերիայի հակամարմինների պաշտպանիչ տիտրեր (1:20 և ավելի),

5) կազմակերպությունների դիֆթերիայի դեմ չպատվաստված անձնակազմը, որտեղ աշխատում կամ հաճախում են թունածին կորինեբակտերիաներ կրողներ:

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

28. Համաճարակաբանական ցուցումով դիֆթերիայի դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը, իրականացումը, հաշվառումը, հաշվետվությունների ներկայացումը, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և բժշկական հակացուցումների վարումը, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գրանցումը, հաշվառումը, հաղորդումը և համաճարակաբանական հետազոտությունն իրականացվում են համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի:

29. Համաճարակաբանական ցուցումով դիֆթերիայի դեմ պատվաստումները կատարվում են հետևյալ չափանիշներից առնվազն երկուսի առկայության դեպքում՝

1) հիվանդացածների շրջանում դիֆթերիայի տոքսիկ ձևերով հիվանդացության բարձր ցուցանիշ` 15% և ավելի,

2) դիֆթերիայով պացիենտների շրջանում մահացու ելքերի առկայություն,

3) պատվաստումներում ընդգրկվածության ցածր մակարդակ` մինչև 80% կամ հակադիֆթերային հակամարմինների պաշտպանիչ տիտր ունեցող անձանց ցածր մակարդակ` մինչև 80%:

 

Ձև 1

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ

 

Դեպքի սահմանում

Կլինիկական նկարագիր

Դիֆթերիան վերին շնչուղիների սուր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է նշիկների, քիթ-ըմպանի, կոկորդի լորձաթաղանթի բորբոքումով, ոչ համասեռ գորշասպիտակավուն փառի առաջացումով: Դիֆթերիային բնորոշ նշաններն են՝

 - տեղային` փառ, ըմպանաբորբ, կոկորդաբորբ, նշիկաբորբ, շրջանային ավշային հանգույցների մեծացում,

 - հարաճուն (տարածուն) ստրիդոր,

 - պարանոցի չարորակ կարծր այտուց (եզան պարանոց), եղնջացան, մաշկի և լորձաթաղանթների արյունազեղումներ, տոքսիկ անոթային կոլապս, սուր երիկամային անբավարարություն, միոկարդիտ, հիվանդության սկզբից 1-6 շաբաթ հետո շարժողական կաթված:

Դեպքի դասակարգում

Կասկածելի դեպք՝

- կոկորդի բորբոքում, կամ քիթ-ըմպանի բորբոքում, կամ նշիկների բորբոքում գումարած մոխրագույն, հյուսվածքներին ամուր կպած փառ, որի հեռացման փորձը մեծ հավանականությամբ առաջացնում է արյունահոսություն,

- չլավացող խոցեր դիֆթերիայի առումով Էնդեմիկ համարվող կամ դիֆթերիայի բռնկում ունեցող երկրներ այցելած անձանց մոտ դիֆթերիայի մաշկային ձև:

Հավանական դեպք՝ կասկածելի դեպք գումարած

 ներքոհիշյալներից որևէ մեկը.

 - շփում հաստատված դեպքի հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում,

 - տվյալ բնակավայրում ընթացող բռնկում,

 - կոկորդի լորձաթաղանթի այտուց,

 -ենթալորձաթաղանթային կամ մաշկային արյունազեղումներ,

 - երիկամային սուր անբավարարություն,

 -սրտամկանի բորբոքում կամ (և) շարժիչ նյարդի կաթված՝ հիվանդության սկզբից հաշված՝ 1-6 շաբաթ անց,

 - շնչահեղձություն (ստրիդոր),

 - մահ:

Հաստատված դեպք՝ կասկածելի կամ հավանական դեպք գումարած

- Corynebacterium Diphtheriae-ի թունածին շտամի անջատում ախտահարված տեղից (բկանցք, քիթ-ըմպան, քիթ, մաշկային խոց, վերք, աչքի լորձաթաղանթ, ականջ, հեշտոց)

 ԿԱՄ

արյան մեջ հակատոքսինների տիտրի բարձրացում չորս և ավելի անգամ շիճուկի զույգ նմուշներում, որոնք վերցվել են մինչև պացիենտին հակադիֆթերիային շիճուկի ներարկումը։

Հաստատված դեպքերը դասակարգվում են՝

Բերովի՝ կլինիկական ախտանիշները զարգանում են այլ վայրից վերադառնալուց հետո երկու շաբաթվա ընթացքում,

Տեղական՝ պացիենտը բնակավայրից դուրս չի եկել:

Համաճարակաբանորեն կապված դեպք՝ կասկածելի դեպք, որն ունի համաճարակաբանական կապ լաբորատոր հաստատված դեպքի հետ (շփում լաբորատոր հաստատված դեպքի հետ ըմպանաբորբի զարգացմանը նախորդող 14 օրվա ընթացքում)

Լաբորատոր ախտորոշման չափանիշներ

- Ախտահարված հատվածներից վերցված քսուկի մանրէաբանական հետազոտությամբ Corynebacterium Diphtheriae-ի թունածին շտամի անջատում՝ հաստատված թունածնության որոշման Elek-թեստով

Մանրէակրություն՝ կորինեբակտերիաների անջատում այն անձանց մոտ, որոնք չունեն ախտաբանական փառ անամնեզում (նույնիսկ մյուս կլինիկական ախտանշանների առկայության դեպքում)

Ժխտված դեպք

Ժխտված դեպքը կասկածելի դեպք է, որը համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևէ մեկին.

Corynebacterium spp. բայց բացասական Elek թեստ (ոչ թունածին Corynebacterium)

ԿԱՄ

բացասական ՊՇՌ դիֆթերիայի տոքսին (tox) գենի համար

 

Ձև 2

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆԸ ԵՎ ՆՄՈՒՇԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Դիֆթերիայի կասկածի դեպքում հետազոտման է ենթարկվում քթըմպանից, բկանցքից վերցված քսուքը, փառը:

2. Նմուշը պետք է վերցնել հնարավորինս շուտ, նույնիսկ եթե սկսվել է հակաբիոտիկներով բուժումը:

3. Դիֆթերիայի հարուցիչների (Corynebakterium dipհtհeriae) նկատմամբ մանրէաբանական հետազոտության նպատակով քսուքի նմուշառումն իրականացվում է ախտաբանական տարբեր օջախներից՝ առանձին վիրախծուծներով: Բկանցքից, ըմպանից և նշիկներից նմուշառումը կատարվում է` մինչ սննդի կամ խմիչքի ընդունումը կամ դրանց օգտագործումից 2 ժամ անց, ինչպես նաև բուժման տարբեր եղանակներից առաջ:

4. Դիֆթերիայի հազվադեպ տեղակայման դեպքում` աչք, ականջ, մաշկ, վերքեր, նմուշառումը կատարվում է ախտահարված հատվածներից: Դրան զուգահեռ նմուշառում է իրականացվում նաև բկանցքից և քթից:

5. Ախտահարված հատվածից անհրաժեշտ է վերցնել լորձը փառով պատված բորբոքային օջախի և առողջ հյուսվածքի սահմանից՝ պտուտակաձև շարժումներով: Քսուքը վերցնում են նշիկի մակերեսից, քմային աղեղներից, լեզվակից` չդիպչելով լեզվի և այտի լորձաթաղանթին:

6. Քթից լորձը վերցնելուց առաջ պետք է նախօրոք մաքրել քթային ուղիները, կամ լորձաթաղանթը մաքրել չոր բամբակե վիրախծուծներով և հեռացնել կեղևները: Վիրախծուծը մտցնել խորը երկու քթանցքերը և հպվել բոլոր պատերին և միջնապատին: Լարինգոսկոպիայի ժամանակ լորձը վերցնում են անմիջապես կոկորդից: Մանրէաբանական հետազոտության նպատակով վիրահատական միջամտության դեպքում լորձն անհրաժեշտ է վերցնել ինտուբացիոն տրախեոտոմիկ խողովակից: Ախտահարված մաշկից նմուշ վերցնելու դեպքում անհրաժեշտ է մաշկի այդ հատվածը մաքրել մանրէազերծ ֆիզիոլոգիական լուծույթով թրջված թանզիֆե անձեռոցիկով կամ վիրախծուծով, որից հետո զգուշորեն տեղաշարժել կեղևները և վիրախծուծով վերցնել արտազատուկը:

7. Նմուշառումից հետո նմուշները տեղափոխվում են լաբորատորիա ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում` արագ ցանքս իրականացնելու համար: Եթե հնարավոր չէ ապահովել հետազոտվող նյութի արագ տեղափոխումը լաբորատորիա, ապա անհրաժեշտ է օգտագործել տրանսպորտային միջավայրեր:

8. Թերմոստատի առկայության դեպքում նմուշառումն իրականացվում է շուրջօրյա` օգտագործելով ընտրովի սննդային միջավայրերով թասեր: Երեկոյան և գիշերային ժամերին ընդունված պացիենտներից վերցված նմուշների առաջնակի ցանքսերն առավոտյան ուղարկվում են մանրէաբանական լաբորատորիա:

9. Դիահերձման ժամանակ հետազոտության համար նյութ է վերցվում դիակի շնչուղիներից (նշիկներից, կոկորդից և քթի խոռոչից` լորձ, թաղանթ) և կենսական կարևոր օրգաններից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.06.2023, N 34-Ն 05.07.2023, N 31-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան