Գլխավոր տեղեկություն
Համար
N 113-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
04.09.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«04» սեպտեմբերի 2023 թ.

N 113-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 38-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը սահմանելու և հանրակրթական ուսումնական հաստատության և ծնողի միջև երկարօրյա ուսուցման կազմակերպման նպատակով կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 38-Ն հրամանի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 Հավելված 1

 ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

 2023 թվականի սեպտեմբերի 4-ի N 113-Ն հրամանի

 

«Հավելված 1

 ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանի»

 

ԿԱՐԳ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) երկարօրյա ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Երկարօրյա ուսուցումը կազմակերպվում է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվում են՝

1) սովորողի ծնողի դիմումի հիման վրա՝

ա. ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու.

բ. դասապատրաստումներին աջակցելու.

գ. ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու նպատակներով:

2) Երկարօրյա ուսուցումը կազմակերպվում է նաև հանրակրթության պետական չափորոշչի (այսուհետ՝ ՀՊՉ) ներդրման շրջանակներում ուսումնառության ցածր արդյունք արձանագրած սովորողների առաջադիմության բարելավման նպատակով:

3. Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների առավելագույն թիվը 25 է:

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված նպատակներով ձևավորված խմբերում Հաստատության տնօրենը և տնօրենի տեղակալը մանկավարժական գործունեություն ծավալել չեն կարող, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք դպրոցում առարկան դասավանդող միակ մասնագետն են:

5. Երկարօրյա խմբերում իրականացված պարապմունքները, ինչպես նաև խմբերում ընդգրկված սովորողների գրանցումը, հաճախումները, ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողների գնահատումն իրականացվում են էլեկտրոնային մատյանի «Երկարօրյա խմբեր» բաժնում:

6. Երկարօրյա խմբերի սովորողները կարող են օգտվել Հաստատության գրադարանից, ընթերցասրահից, լաբորատորիաներից և ուսումնական այլ ռեսուրսներից:

7. Երկարօրյա խմբերի ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացման, սովորողների հաճախումների ապահովման համար պատասխանատու են համապատասխան մանկավարժական աշխատողները և սովորողի ծնողը:

8. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված նպատակներով ձևավորված խմբերը համարվում են երկարօրյա ուսուցման տարբեր խմբեր:

 

2. ԾՆՈՂԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՐԿԱՐՕՐՅԱ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Ծնողի դիմումի հիման վրա իրականացվող երկարօրյա խմբերը ձևավորվում են ըստ կրթական աստիճանի (տարրական և միջին դպրոց) կամ նույն տարիքային խմբի տարբեր դասարանների սովորողներից:

10. Երկարօրյա խմբում ընդգրկվելու համար սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) և Հաստատության տնօրենի միջև ընթացիկ ուսումնական տարվա համար կնքվում է երկարօրյա ուսուցման կազմակերպման պայմանագիր` սույն կարգով նախատեսված օրինակելի ձևին համապատասխան՝ համաձայն Հավելված 2-ի:

11. Հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը (որոնք քննարկվում են մանկավարժական խորհրդի նիստում), երկարօրյա խմբի կազմը, դրա հետ աշխատող մանկավարժական աշխատողների անվանական կազմը, իրականացվող աշխատանքների կարգացուցակը հաստատվում են Հաստատության տնօրենի հրամանով:

12. Կարգացուցակը ներառում է սովորողների դասապատրաստման, հանգստի, ըստ անհրաժեշտության՝ անհատական աշխատանքների, զբոսանքի, էքսկուրսիաների և խմբակի աշխատանքի ժամերը, խմբերում ընդգրկված սովորողների անվանական կազմը, աշխատանքների իրականացման համար պատասխանատու մանկավարժական աշխատողների ազգանունը, անունը, հայրանունը: Կարգացուցակում փոփոխություններ կարող են կատարվել Հաստատության տնօրենի հրամանով:

 13. Երկարօրյա պարապմունքներն իրականացվում են վճարովի հիմունքներով՝ ծնողի վճարումների հաշվին: Վճարի չափը հաստատվում է Հաստատության կողմից՝ կառավարման խորհրդի որոշման հիման վրա: Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար երկարօրյա խմբում ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել անվճար:

14. Երկարօրյա խմբերը ձևավորվում են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ մինչև սեպտեմբերի 10-ը, երկրորդ կիսամյակում՝ մինչև հունվարի 15-ը, և համալրվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:

15. Աշխատանքի կարգացուցակի և կրթական ծրագրերի կազմման վերահսկողությունն իրականացնում է տնօրենը:

 

3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ՍՈՎՈՐՈՂԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

 

16. ՀՊՉ-ի ներդրման ժամանակացույցով սահմանված դասարաններում (բացառությամբ միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի) ՀՊՉ-ի պահանջներին համապատասխան սովորողի ուսումնառության ցածր արդյունքների դեպքում առարկայական ծրագրի յուրացումը ապահովելու նպատակով կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը կամ սովորողի դասղեկը երկարօրյա ուսուցում կազմակերպելու համար դիմում է տնօրենին՝

1) այն դասարաններում, որտեղ չի իրականացվում միավորային գնահատում, սովորողների կողմից որևէ առարկայից առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունենալու.

2) այն դասարաններում, որտեղ իրականացվում է միավորային գնահատում, սովորողների կողմից որևէ առարկայից 2 անգամ անընդմեջ 1-3 գնահատական ստանալու դեպքերում:

17. Ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով երկարօրյա խումբը կարող է ձևավորվել նույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող դասարանների սովորողներից (մեկից ավելի դասարանների առկայության դեպքում):

18. Երկարօրյա խմբերում սովորողների՝ սույն կարգով սահմանված ծառայությունների մատուցումը կազմակերպվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

19. Ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողներին ուսումնառության արդյունքները բարելավելու համար երկարօրյա խմբերը ձևավորվում են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ սկսած հոկտեմբերի 1-ից, երկրորդ կիսամյակում՝ սկսած փետրվարի 1-ից, համալրվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության: Սովորողի երկարօրյա պարապմունքները դադարեցվում են ուսումնական պլանով սահմանված առարկայի դասավանդման ժամանակ առաջադիմության դրական արդյունք արձանագրելու դեպքում:

20. Երկարօրյա պարապմունքները կարող են իրականացվել կրթական 1-ին աստիճանում (տարրական)՝ շաբաթական առավելագույնը 2 ժամ, կրթության 2-րդ աստիճանում (հիմնական)՝ շաբաթական առավելագույնը 3 ժամ:

21. Երկարօրյա խմբի պարապմունքներն անցկացվում են համապատասխան ուսումնական առարկան դասավանդող՝ տվյալ Հաստատության որևէ ուսուցչի կողմից:

22. Երկարօրյա պարապմունքները վարող ուսուցիչը վարձատրվում է՝ հիմք ընդունելով մանկավարժական դրույքի չափը՝ հաշվի առնելով պարապած դասաժամերի քանակը:

23. Հաստատության երկարօրյա խմբերում աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով, իսկ սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված սովորողներին երկարօրյա խմբերում ընդգրկելու պատասխանատվությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի N 216-Ն որոշմամբ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2023 թվական: