«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11212232
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
18 մայիսի 2012 թ. ք. Երևան |
թիվ 8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 27.07.20 թիվ 7-Ն)
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերության, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելության գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով.
Հրամայում եմ`
1. Սահմանել՝
1) ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը՝ համաձայն հավելված 1-ի,
2) ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով դիմորդների ընդունելության և ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողների վերապատրաստման մրցույթի անցկացման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
(1-ին կետը խմբ. 27.07.20 թիվ 7-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Հավելված 1 ՀՀ ոստիկանության պետի 18 մայիսի 2012 թ. թիվ 8-Ն հրամանի |
(գլխագիրը փոփ. 27.07.20 թիվ 7-Ն)
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ուսումնական հաստատության՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի (այսուհետ՝ կրթահամալիր)՝ նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող ուսումնական կենտրոնի (այսուհետ՝ ուսումնական կենտրոն), միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող քոլեջի (այսուհետ՝ քոլեջ) և բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցում իրականացնող ակադեմիայի (այսուհետ՝ ակադեմիա) դիմորդների ընդունելության (բացառությամբ «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ ընդունելության) կարգը:
(1-ին կետը փոփ., լրաց. 27.07.20 թիվ 7-Ն)
2. Կրթահամալիր կարող են դիմել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 55-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող անձինք:
3. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների (քննությունների) կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ոստիկանության պետի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ:
4. Կրթահամալիրի դիմորդը ոստիկանության կադրային ստորաբաժանում է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ոստիկանության կողմից տրված՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ).
2) դիմում (զեկուցագիր).
3) կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ.
4) 4 լուսանկար (3x4 չափսի).
5) զինգրքույկ կամ կցագրման վկայական (արական սեռի դիմորդների համար).
6) կադրերի հաշվառման անձնական թերթիկում նշված մերձավոր ազգականների անձնագրերը (ծննդյան վկայականները, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականները) և դրանց պատճենները.
7) սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը).
8) սոցիալական քարտ և դրա պատճենը:
5. Կրթահամալիրի մագիստրատուրայի դիմորդները ներկայացնում են նաև դիպլոմի հավելված կամ միջուկ և դրանց պատճենները, ինչպես նաև տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների ցանկը (այդպիսիք լինելու դեպքում):
6. Ոստիկանության ծառայող դիմորդները սույն կարգի 4-րդ կետի 5-րդ, 6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացնում:
7. Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար յուրաքանչյուր ստուգման ձևի համար վճարում է 1500-ական (հազար հինգհարյուրական) Հայաստանի Հանրապետության դրամ: Գումարները մուտքագրվում են կրթահամալիրի բանկային հաշվին:
8. Սույն կարգի 18-րդ կետով և 19-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են վճարից: Մանդատային հանձնաժողովը իր հայեցողությամբ դիմորդին կարող է ազատել վճարից: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
9. Ընդունելության ստուգումների (քննությունների) գործընթացը կազմակերպվում է կրթահամալիրում:
10. Ընդունելության ստուգումները (քննությունները) անցկացվում են հայերենով:
11. Անհարգելի պատճառով ստուգման (քննության) չներկայացած կամ անբավարար գնահատականներ ստացած դիմորդը զրկվում է հետագա ստուգումներին (քննություններին) մասնակցելու իրավունքից:
12. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման (քննության) բնականոն ընթացքը խանգարող դիմորդին զրկելու տվյալ և հետագա ստուգումներին (քննություններին) մասնակցելու իրավունքից:
13. Ստուգումների (քննությունների) արդյունքները դիմորդներին հայտնվում են ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման (քննության) արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
14. Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին՝ անկախ փորձագետ հրավիրելու համար:
15. Մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
16. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ կրթահամալիրի պետի հրամանով: Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած ոստիկանության ծառայողները ոստիկանության պետի հրամանով գրանցվում են կադրերի գործող ռեզերվում և գործուղվում կրթահամալիր՝ առկա ուսուցմամբ սովորելու:
17. Ստուգումները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
18. Ընդունելության ստուգումների (քննությունների) դրական արդյունքներով մրցույթից դուրս ընդունվում են հետևյալ անձինք՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.
2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները:
19. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելությունը տրվում է՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով (շքանշաններով և մեդալներով) պարգևատրվածներին.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաներին.
3) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին.
4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած՝ ոստիկանության ծառայողների երեխաներին:
(19-րդ կետը փոփ. 27.07.20 թիվ 7-Ն)
20. Ուսումնական կենտրոն կարող են դիմել 18-ից մինչև 30 տարեկան անձինք:
(20-րդ կետը փոփ. 30.05.15 թիվ 10-Ն)
21. Քոլեջ կամ ակադեմիայի՝ «իրավագիտություն» մասնագիտությամբ առկա անվճար ուսուցմամբ բակալավրիատ կարող են դիմել 18-ից մինչև 30 տարեկան անձինք, ինչպես նաև առնվազն 1 տարի ոստիկանության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող՝ մինչև 35 տարեկան ծառայողները:
(21-րդ կետը փոփ. 30.05.15 թիվ 10-Ն)
22. Քոլեջի` մրցույթով չանցած դիմորդն իր ցանկությամբ կարող է ստուգումների արդյունքներով (միավորներով) դիմել ուսումնական կենտրոնի տվյալ տարվա ընդունելության մրցույթին մասնակցելու համար:
23. Ակադեմիայի` մրցույթով չանցած դիմորդն իր ցանկությամբ կարող է ստուգումների արդյունքներով (միավորներով) դիմել քոլեջի կամ ուսումնական կենտրոնի տվյալ տարվա ընդունելության մրցույթներին մասնակցելու համար:
24. Ուսումնական կենտրոնում, քոլեջում և ակադեմիայում առկա անվճար ուսուցմամբ ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման (թեստավորման) և ֆիզիկական պատրաստականության ստուգման, իսկ ակադեմիայում և քոլեջում` նաև հայոց լեզվի ստուգման (թեստավորման) արդյունքների հիման վրա: Մրցույթում հավասար արդյունքներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը:
(24-րդ կետը լրաց. 30.05.15 թիվ 10-Ն)
25. Ակադեմիայի՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ հեռակա անվճար ուսուցման բակալավրիատ կարող են դիմել առնվազն 1 տարի ոստիկանության կրտսեր, միջին, ավագ, գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցնող՝ մինչև 43 տարեկան ծառայողները: Միջնակարգ ընդհանուր, նախնական, միջին մասնագիտական կրթություն ունեցող ոստիկանության ծառայողների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների քննությունների ու «Ֆիզիկական պատրաստականություն» առարկայի ստուգման արդյունքների հիման վրա: Պետական նմուշի բարձրագույն կրթության դիպլոմ ունեցող ոստիկանության ծառայողների ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով՝ ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված հարցաշարի սահմաններում:
26. «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ ունեցող ոստիկանության ծառայողները չեն կարող դիմել ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի ընդունելությանը մասնակցելու համար:
27. Ակադեմիայի՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ առկա կամ հեռակա անվճար ուսուցման մագիստրատուրա կարող են դիմել իրավագիտության բակալավրի որակավորում ունեցող (պետական նմուշի դիպլոմ) և առնվազն 1 տարի ոստիկանության կրտսեր, միջին, ավագ, գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցնող՝ մինչև 43 տարեկան ծառայողները և ոստիկանության զորքերի զինծառայողները:
28. Ակադեմիայի մագիստրատուրայի (այսուհետ՝ մագիստրատուրա) ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշների առաջնահերթությունը.
1) նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով.
2) մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով.
3) տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատանքների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ.
4) ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:
29. Կրթահամալիրի առկա կամ հեռակա անվճար ասպիրանտուրա կարող են դիմել դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող (պետական նմուշի դիպլոմ) և առնվազն 2 տարի ոստիկանության միջին, ավագ, գլխավոր, բարձրագույն խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողները և ոստիկանության զորքերի զինծառայողները:
30. Առկա ուսուցման ասպիրանտուրա կարող են դիմել մինչև 35 տարեկան, իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրա՝ մինչև 43 տարեկան ոստիկանության ծառայողները:
31. Դիմորդի տարիքը և ծառայության 1 տարվա ստաժը հաշվարկվում է ընդունելության ստուգումների (քննությունների) համար սահմանված ժամկետի վերջին օրվա դրությամբ:
32. Կրթահամալիրի ասպիրանտուրայի մրցույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
33. Ընդունելության հետ առնչվող կամ մրցույթի անցկացման ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն սահմանվում սույն կարգով, կանոնակարգվում են կրթության բնագավառին առնչվող իրավական այլ ակտերով:
(հավելվածը փոփ., լրաց. 30.05.15 թիվ 10-Ն, 27.07.20 թիվ 7-Ն)
Հավելված 2 ՀՀ ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի թիվ 8-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ուսումնական հաստատության՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի (այսուհետ՝ կրթահամալիր)՝ «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով դիմորդների ընդունելության (այսուհետ՝ ընդունելություն) և ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողների վերապատրաստման մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) անցկացման կարգը:
2. Ընդունելության համար կարող են դիմել ոստիկանության ծառայող չհանդիսացող, 18 տարին լրացած այն անձինք (այսուհետ՝ դիմորդ), որոնք համապատասխանում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ և 55-րդ հոդվածների պահանջներին:
3. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ոստիկանության ծառայողները (այսուհետ՝ ծառայող), բացառությամբ.
1) հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.
2) 40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ծառայողների.
3) զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների (Ճանապարհային ոստիկանությունում, ինչպես նաև ոստիկանության համակարգում պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:
4. Դիմորդի (ծառայողի) տարիքը և ծառայողի ծառայության ստաժը հաշվարկվում է ընդունելության (մրցույթի) ստուգումների համար սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամանակացույցով սահմանված ժամկետի վերջին օրվա դրությամբ:
5. Դիմորդների ընտրության համար ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է մանդատային հանձնաժողով: Նույն հրամանով հաստատվում է ընդունելության (մրցույթի) գործընթացի ժամանակացույցը:
6. Ոստիկանության պետի հրամանով կարող է հայտարարվել միասնական ընդունելություն-մրցույթ, որի համար հայտարարվող տեղերի թիվը չի կարող գերազանցել տվյալ ուսումնական տարվա համար նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ազատ տեղերի թիվը:
7. Ոստիկանության պետի հրամանով հայտարարվող տեղերի թվից կարող են սահմանվել առանձին տեղեր իգական սեռի դիմորդների (ծառայողների), ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության առանձին մարզերի կամ Երևան քաղաքի ստորաբաժանումներում պաշտոնի նշանակվելու նպատակով ընդունելության դիմում (զեկուցագիր) ներկայացնող դիմորդների (ծառայողների) համար:
(7-րդ կետը լրաց. 24.09.21 թիվ 7-Ն)
8. Ընդունելության (մրցույթի) ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:
9. Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ոստիկանության կողմից տրված՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ)՝ պատճենով.
2) դիմում.
3) կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ՝ պատճենով.
4) 4 լուսանկար (4x6 չափսի).
5) զինվորական գրքույկ (արական սեռի դիմորդների համար).
6) մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրա պատճենը, դիմորդի ամուսնացած լինելու դեպքում` նաև ամուսնության վկայականը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը.
7) սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք՝ պատճենով.
8) տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից.
9) «B» կարգի վարորդական վկայականը՝ պատճենով կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը ներկայացնելու վերաբերյալ (համաձայն Ձևի):
10. Ծառայողը մրցույթին մասնակցելու համար ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջոցով զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության պետին: Զեկուցագրին կցվում է ծառայողական բնութագիրը: Զեկուցագրում ծառայողը պետք է հավաստի, որ ունի «B» կարգի վարորդական վկայական կամ պարտավորվի մրցույթով անցնելու դեպքում դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում կրթահամալիրի պետին ուղղված զեկուցագրով հավաստել «B» կարգի վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը:
11. Ոստիկանության կադրային ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար զեկուցագիր ներկայացրած ծառայողների վերաբերյալ նախապատրաստված նյութերը մրցույթի ստուգումների անցկացման համար սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամանակացույցով սահմանված ժամկետի սկզբից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ ուղարկում է ընդունող հանձնաժողովին:
12. Դիմորդները (ծառայողները) ընդունելության (մրցույթի) գործընթացի կազմակերպման և անցկացման համար յուրաքանչյուր ստուգման ձևի համար վճարում են 1500-ական (հազար հինգհարյուրական) Հայաստանի Հանրապետության դրամ: Գումարները մուտքագրվում են կրթահամալիրի բանկային հաշվին:
13. Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը հետ չի վերադարձվում:
14. Ընդունելության (մրցույթի) ստուգումները անցկացվում են հայերենով:
15. Ընդունելության (մրցույթի) ստուգումներն են.
1) ֆիզիկական պատրաստականության ստուգումը.
2) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը):
16. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:
17. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին (ծառայողին) զրկելու տվյալ և հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
18. Ստուգումների արդյունքները դիմորդներին (ծառայողներին) հայտնվում են ստուգման օրը: Դիմորդը (ծառայողը) իրավունք ունի մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման (թեստավորում) արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում: Բողոքարկման կարգը սահմանվում է ընդունող հանձնաժողովի կողմից:
19. Անհարգելի պատճառով ստուգման չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը (ծառայողը) զրկվում է հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
20. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին (ծառայողներին) թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևի համար սահմանված ժամկետը չի ավարտվել:
21. Ընդունելության (մրցույթի) յուրաքանչյուր ստուգումից դրական միավորներ հավաքած դիմորդները (ծառայողները) անցնում են հարցազրույց:
22. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովն իր կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ծառայողների) անձնական որակները և արժանիքները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները, ինչպես նաև ընդհանուր գիտելիքները։
23. Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր դիմորդի (ծառայողի) համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում դիմորդը (ծառայողը) համարվում է ընդունելությունը (մրցույթը) չանցած:
24. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած են համարվում այն դիմորդները (ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, և որոնք ընդունելության (մրցույթի) ստուգումներից հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են ընդունելության (մրցույթի) սահմանված տեղերը:
25. Հավասար միավորների դեպքում մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ծառայողներին)՝
1) որոնք մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր.
2) որոնց ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի մեծ է:
26. Ստուգումները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին (ծառայողներին) իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
27. Մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
28. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ կրթահամալիրի պետի հրամանով, իսկ նախկին ծառայող հանդիսացող և միջին, ավագ, գլխավոր կամ դրանց հավասարեցված կոչում ունեցող դիմորդները՝ ոստիկանության պետի հրամանով: Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած ծառայողները ոստիկանության պետի հրամանի հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հրամաններով գործուղվում են կրթահամալիր՝ վերապատրաստման:
29. Ուսումնառության մեկնարկից հետո սովորողների՝ կրթահամալիրից ազատման (ծառայողների վերապատրաստման դադարեցման) դեպքում ընդունող հանձնաժողովի նախագահը կարող է ուսումնառության մեկնարկից ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում հրավիրել ընդունող հանձնաժողովի նիստ, և ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած կարող են համարվել նախկինում մրցույթով չանցած այն դիմորդները (ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում: Այդ դեպքում կիրառվում են սույն կարգի 25-րդ, 27-րդ և 28-րդ կետերի դրույթները:
(29-րդ կետը լրաց. 23.01.21 թիվ 1-Ն)
30. Ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում պաշտոնի նշանակումը կատարվում է առանձին մրցույթի արդյունքներով վերապատրաստման հիման վրա: Մրցույթը կազմակերպում և իրականացնում է Ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանվում են մրցութային հանձնաժողովի որոշմամբ:
(30-րդ կետը լրաց. 17.04.23 թիվ 1-Ն)
Ձև
ՀՀ ոստիկանության պետի
2012 թվականի մայիսի 18-ի
թիվ 8-Ն հրամանի Հավելված 2-ի
Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր
Ես` _______________________________________________ս, սույնով պարտավորվում եմ
անուն, հայրանուն, ազգանուն
«Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր ընդունվելու դեպքում դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի պետին ուղղված զեկուցագրով հավաստել «B» կարգի վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը` զեկուցագրին կից ներկայացնելով վարորդական վկայականի պատճենը և իրավասու անձին ներկայացնելով վկայականի բնօրինակը:Տեղեկացված եմ, որ սահմանված ժամկետում վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում իմ ուսումնառությունը դադարեցվելու է:
___________________ ստորագրություն |
____________________________ անուն, հայրանուն, ազգանուն, |
___________________ ամսաթիվ |
(հավելվածը լրաց. 27.07.20 թիվ 7-Ն, 23.01.21 թիվ 1-Ն, 24.09.21 թիվ 7-Ն, 17.04.23 թիվ 1-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.01.2024, թիվ 1-Ն | 09.01.2024, թիվ 8-Ն | |
17.04.2023, թիվ 1-Ն | 21.04.2023, թիվ 8-Ն | |
24.09.2021, թիվ 7-Ն | 01.10.2021, թիվ 8-Ն | |
23.01.2021, թիվ 1-Ն | 24.01.2021, թիվ 8-Ն | |
27.07.2020, թիվ 7-Ն | 29.07.2020, թիվ 8-Ն | |
30.05.2015, թիվ 10-Ն | 02.07.2015, թիվ 8-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|