Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.06.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.06.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

05 հունիս 2023 թ.

N 30-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ABCDE ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՍԻՐՏ-ԹՈՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ABCDE գնահատման և սիրտ-թոքային վերակենդանացման կարիք ունեցող մինչև 18 տարեկան պացիենտների վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«05» հունիս 2023 թ. թիվ 30-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ABCDE ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՍԻՐՏ-ԹՈՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

(Կիրառելի է բոլոր տարիքային խմբերի երեխաների համար, բացի նորածիններից)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սիրտ-թոքային վերակենդանացումը (այսուհետ` ՍԹՎ), անհետաձգելի գործողությունների խումբ է, որն իրենից ներկայացնում է կրծքավանդակի սեղմումների և թոքերի արհեստական օդափոխության զուգակցում, ինչն ուղղված է պահպանելու ուղեղի արյունամատակարարումը մինչև չձեռնարկվեն այլ միջոցառումներ վերականգնելու համար սրտի և շնչառական համակարգի աշխատանքը կամ չդիտվի գործունեության ինքնուրույն (սպոնտան) վերականգնում։

2. Ծայրահեղ ծանր մինչև 18 տարեկան պացիենտի (այսուհետ` երեխա) վիճակի գնահատումը կատարվում է ABCDE սկզբունքով, որի նպատակն է ապահովել երեխայի կենսունակությունը մինչ ախտորոշումը և դարձելի պատճառների վերացումը:

 

2. Երեխայի վիճակի գնահատման առաջին քայլեր

 

3. Գնահատել լրացուցիչ օգնության կարիքը և հնարավորինս շուտ օգնության կանչել այլ բուժաշխատողի:

4. Ներգրավվել թիմի բոլոր անդամներին. սա թույլ է տալիս միաժամանակ կատարել տարբեր միջամտություններ:

5. Հասանելիության դեպքում հագնել անհատական պաշտպանության հանդերձանք՝ ձեռնոց, դիմակ և այլն:

6. Ստուգել երեխայի գիտակցությունը, զգուշորեն շարժել ուսերը, ձայնային կամ տակտիլ ազդակներով դրդել, տալ պարզ հարցեր` «Լավ ե՞ս», «Ինձ լսում ե՞ս»:

7. Արձագանքի բացակայությունը գնահատել որպես ծայրահեղ ծանր վիճակի ցուցանիշ.

1) եթե երեխան անգիտակից վիճակում է, գնահատել շնչառությունը (ռիթմը, խորությունը, օժանդակ շնչական մկանների մասնակցությունը շնչական ակտին), միաժամանակ շոշափել անոթազարկը կենտրոնական (քնային/ազդրային) զարկերակների վրա,

2) եթե անոթազարկի առկայության վերաբերյալ առկա են կասկածներ, անմիջապես սկսել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները, կանչել օգնություն (Տե՛ս Գծապատկեր 1.),

3) եթե չի գնահատվում որպես սրտի կանգ, անցնել ABCDE գնահատմանը:

 

3. ABCDE գնահատում

 

8. Airway (A) Շնչուղիներ

1) զննել հիվանդի բերանի խոռոչը, առկայության դեպքում հեռացնել օտար մարմինը,

2) ուշադրություն դարձնել ստրիդորի, աղմկոտ շնչառության առկայությանը,

3) եթե առկա են արտազատուկներ, կատարել արտածծում,

4) գլխին տալ առավելագույն հարմարավետ դիրք շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար՝ քիչ տարածելով գլուխը և բարձրացնելով ստորին ծնոտը (Վնասվածքների առկայության դեպքում զգույշ լինել պարանոցի շարժումներ իրականացնելիս),

5) տեղադրել բերանըմպանային կամ քթըմպանային օդատար,

6) ապահովել դիմակային շնչառություն:

9. Breathing (B) Շնչառություն

1) գնահատել կրծքավանդակի էքսկուրսիան շնչառության ժամանակ (միաժամանակ գնահատելով երկու կեսերի համաչափությունը շարժումների ժամանակ), ուշադրություն դարձնել դիմակի գոլորշապատմանը,

2) կատարել թոքերի աուսկուլտացիա (աջ և ձախ կեսերի համաչափ կետերի): Եթե նկատվում է հաղորդականության խանգարում, կատարել նաև պերկուսիա (աջ և ձախ կեսերի համեմատությամբ՝ հանդիսանում է կողմնորոշիչ լարված պնևմոթորաքսի դեպքում),

3) ապահովել դիմակային շնչառություն՝ ռեզերվով և O2-ի մեծ հոսքով` 10-15լ/ր,

4) իրականացնել Ամբույի պարկով շնչառություն, եթե շնչական ջանքերն ունեն ցածր արդյունավետություն,

5) կատարել 5 փորձ՝ նորմալ շնչառություն ապահովելու նպատակով։ Եթե շնչական փորձերն ավարտվում են անհաջողությամբ, կատարել միայն կրծքավանդակի սեղմումներ,

6) արհեստական շնչառությունը մինչև 1տ երեխաների դեպքում․

ա. ապահովել գլխի չեզոք դիրք՝ քիչ տարածելով գլուխը և բարձրացնելով ստորին ծնոտը,

բ. դիմակը դեմքին հերմետիկ հպելուց հետո ապահովել շնչառություն Ամբույի պարկի միջոցով,

գ. ներփչումից հետո թույլ տալ որպեսզի հիվանդն արտաշնչի,

7) Արհեստական շնչառությունը 1-18տ երեխաների դեպքում․

ա. ապահովել գլխի չեզոք դիրք՝ քիչ տարածելով գլուխը և բարձրացնելով ստորին ծնոտը,

բ. դիմակը դեմքին հերմետիկ հպելուց հետո ապահովել շնչառություն Ամբույի պարկի միջոցով,

գ. ներփչումից հետո թույլ տվեք որպեսզի հիվանդն արտաշնչի:

10. Circulation (C)-շրջանառություն

1) շոշափել անոթազարկը կենտրոնական զարկերակների վրա (քնային/ազդրային,)

2) եթե անոթազարկի բացակայության մասին առկա են կասկածներ, անմիջապես սկսել ՍԹՎ միջոցառումներ, կանչել օգնության,

3) ՍԹՎ գործողությունները պետք է սկսվեն նաև բրադիկարդիայի դեպքում (< 60/ր), երբ առկա են ոչ ադեկվատ արյունամատակարարման նշաններ, ադեկվատ շնչառական ֆունկցիայի ապահովման ֆոնին։

11. Disability (D)-անկարողություն

1) գնահատել գիտակցությունը (հնարավորության դեպքում Գլազգոյի կոմայի սանդղակով),

2) որոշել գլյուկոզի մակարդակը մազանոթային արյան մեջ,

3) կատարել գլյուկոզի ն/ե շիթային ներարկում, 3.0 մմոլ/լ-ից ցածր ցուցանիշի դեպքում ( 10% գլյուկոզ՝ 2.5մլ/կգ կամ 25% գլյուկոզ՝ 1մլ/կգ),

4) գնահատել բբերի համաչափությունը, լուսային ռեֆլեքսը, անկանոն դիրքի առկայությունը,

5) գնահատել վերջույթների մկանային տոնուսը և ռեֆլեքսները:

12. Exposure (E)-ազդեցություն

1) չափել ջերմությունը,

2) տաքացնել հիվանդին, եթե առկա է հիպոթերմիա,

3) մանրամասն զննել՝ վնասվածքի նշաններ փնտրելու նպատակով:

 

4. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԻՐՏ-ԹՈՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Գծապատկեր 1.

 

Ներմուծեք նկարագրությունը_22883

 

13. ՍԹՎ-ի ընթացքում`

1) համոզվել, որ կրծքավանդակի սեղմումները կատարվում են ճիշտ արագությամբ, խորությամբ ,

2) ապահովել դիմակով օդափոխություն` 100% թթվածնով (2 անձի մոտեցում),

3) ապահովել կրծքավանդակի շարունակական սեղմումներ`

էնդոտրախեալ խողովակի տեղադրումից հետո,

4) հմուտ բուժանձնակազմը կարող է ապահովել Օդափոխության հետևյալ հաճախականությունը (շնչական ակտ/րոպե)՝

 

ա. Նորածիններ՝ 25

բ. 1–8 տարեկան՝ 20

գ. 8–12 տարեկան՝ 15

դ. > 12 տարեկան՝ 10–12

5) Անոթային մուտք ն/ե կամ ն/ո:

 

5. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Երեխաների սիրտ-թոքային վերակենդանացումը իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան

 

Օդափոխության տարբերակ

Սեղմում/ Շնչառություն հարաբերակցություն

Կրծքավանդակի սեղմումների թիվը

Նշումեր

1. Ամբուի պարկ

1) 2 կատարող` Կրծքավանդակի 15 սեղմում/2 ներփչում
2) 1 կատարող`
30 սեղմում/ 2 ներփչում

3) 100-120 սեղմում /1ր-ում

4) Ապահովել ստամոքսի դեկոմպրեսիան

2. Ինտուբացիոն խողովակ

1) 8-10 ներփչում 1 րոպեի ընթացքում

2) 100-120 սեղմում/ 1ր-ում

3) Չդադարեցնել կրծքավանդակի սեղմումները օդափոխության ընթացքում,
4) Համոզվել խողովակի ճիշտ տեղակայման մեջ

15. Կրծքավանդակի սեղմումները մինչև 1 տարեկան երեխաների դեպքում․

1) փոքր երեխաների պարագայում՝ երկու ձեռքերը գոտևորել կրծքավանդակի շուրջ, 4 մատները դնելով մեջքի տակ, իսկ բութ մատներով կատարել կրծքավանդակի սեղմումներ,

2) 1 կատարողի առկայության դեպքում կարելի է իրականացնել կրծքավանդակի սեղմումներ՝ դոմինանտ ձեռքի երկրորդ և երրորդ մատները սեղմելով կրծոսկրի ստորին կեսին

3) 15 սեղմումից հետո ապահովել շնչուղիների անցանելիությունը և կատարել 2 ներփչում։

16. Կրծքավանդակի սեղմումները 1 տարեկանից մեծ երեխաների դեպքում

1) մի ձեռքի ափի ստորին եզրը դնել կրծոսկրի ստորին կեսին՝ ձեռքի մատները վեր բարձրացրած վիճակում։ Մեծ երեխաների դեպքում, սեղմումներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով կարելի է զույգ ձեռքերի մատները հանգուցել,

2) երկու կատարողի առկայության դեպքում, սեղմումներ և ներփչումներ իրականացնողները կարող են պարբերաբար փոխարինել իրար։

17. ՍԹՎ-ի արդյունավետության գնահատման ցուցանիշներ

1) կրծքավանդակի սեղմումների խորությունը պետք է ընդգրկի կրծքավանդակի առաջահետին չափսի առնվազն 1/3-ը, կամ լինի 4 սմ՝ մինչև 1տ երեխաների և 5 սմ՝ 1-18տ երեխաների դեպքում.

2) սեղմումների միջև դադարը պետք է հասցվի նվազագույնի, ՍԹՎ ցիկլի տևողության առնվազն 80%-ը պետք է կազմեն կրծքավանդակի սեղմումները.

3) կրծքավանդակի սեղմումների հաճախականությունը պետք է լինի 100-120 սեղմում/ր.,

4) յուրաքանչյուր սեղմումից հետո պետք է տրվի բավականաչափ ժամանակ, կրծքավանդակի նախնական դիրքի վերականգնման համար:

18. Դեֆիբրիլյացիա և մոնիտորինգ

1) ԷՍԳ-ով գնահատել սրտի էլեկտրական ակտիվությունը, ռիթմը,

2) սրտի ռիթմը գնահատելուց հետո գնահատել, արդյոք շոկի ենթարկվող է ռիթմը, թե՝ ոչ.

ա. չենթարկվող - ասիստոլիա, առանց պուլս էլեկտրական ակտիվություն, բրադիկարդիա,

բ. ենթարկվող– փորոքների ֆիբրիլյացիա (VF) կամ առանց անոթազարկի փորոքային տախիկարդիան (pVT),

3) երեխաների դեպքում դեֆիբրիլյացիան կատարվում է 4 Ջ/կգ էներգիայով,

4) դեֆիբրիլյատորի մի բռնակը տեղադրել աջ անրակից անմիջապես ներքև, իսկ մյուսը՝ ձախ միջին անությային գծով (հիմք-գագաթ) ,

5) շոկի չենթարկվող ռիթմի դեպքում կատարել հետևյալ գործողությունները` հաջորդաբար`

ա. կատարել ՍԹՎ, այնուհետև Ադրենալինի ն/ե կամ ն/ո ներարկում 10մկգ/կգ (0.1մլ/կգ՝ 1։10,000 նոսրացմամբ) հաշվարկով,

բ. ադրենալինի առաջին դեղաչափը պետք է տրվի հնավորինս վաղ՝ սրտի կանգը գրանցելուց առնվազն 3 ր-ի ընթացքում,

գ. կատարել Ատրոպինի ն/ե ներարկում 20մկգ/կգ (1տ-ից մեծ 300-600 մկգ/միանվագ) հաշվարկով,

դ. նատրիումի բիկարբոնատի 8.4% լ-թ-ի ն/ե ներարկում՝ առաջին դեղաչափը 1մլ/կգ հաշվարկով, ապա 0.5 մլ/կգ յուրաքանչյուր 10ր-ն մեկ (մետաբոլիկ ացիդոզն ու հիպերկալիեմիան կանխելու նպատակով),

ե. շարունակել ՍԹՎ-ն, կատարել կարճատև դադարներ՝ 2 րոպեն մեկ, ռիթմը գանահատելու համար, այնուհետև կատարել Ադրենալինի ն/ե ներարկում 10մկգ/կգ (0.1մլ/կգ՝ 1։10,000 նոսրացմամբ) հաշվարկով` 3–5 րոպեն մեկ (յուրաքանչյուր ցիկլից հետո),

զ. եթե ասիստոլիան շարունակվում է, վերսկսել ՍԹՎ-ն` շոկի չենթարկվող ռիթմի համար,

6) եթե առկա է փորոքների ֆիբրիլյացիա (VF) կամ առանց անոթազարկի փորոքային տախիկարդիան (pVT).

ա. շարունակել ՍԹՎ-ն շոկի ենթարկվող ռիթմի համար,

բ. կատարել դեֆիբրիլյացիա, ինչքան հնարավոր է՝ վաղ,

գ. դնել դեֆիբրիլյատորի բռնակները,

դ. լիցքավորել դեֆիբրիլյատորը,

ե. հրահանգել, որպեսզի դադարեցվեն սեղմումները, դաշտը մաքրվի,

զ. կատարելք 1 շոկ 4 Ջ/կգ հաշվարկով,

է. եթե կիրառվում է ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր, կատարել շոկ՝ 50-75Ջ էներգիայով,

ը. շոկից անմիջապես հետո շարունակել կրծքավանդակի սեղմումները,

թ. կատարել Ադրենալինի ն/ե ներարկում 10մկգ/կգ (0.1մլ/կգ՝ 1։10,000 նոսրացմամբ), Ամիոդարոնի ն/ե ներարկում 5մգ/կգ:

19. Շարունակել վերակենդանացման միջոցառումները մինչև․ երեխան ցույց կտա կենդանության նշաններ (ինքնուրույն շարժումներ, հազ, նորմալ շնչառություն)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան