Գլխավոր տեղեկություն
Համար
N 1455-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.01/3(386) Հոդ.25
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 հոկտեմբերի 2010 թ.

N 1455-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ) ՄԵԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը.

(նախաբանը փոփ. 15.08.23 N 106-Ն)

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել ուսանողների (ունկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

 

Ա. Աշոտյան

 

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2010 թ. հոկտեմբերի 1-ի
N 1455-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ) ՄԵԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունից (այսուհետ` ուսումնական հաստատություն) մեկ այլ համապատասխան մակարդակի կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն ուսանողների տեղափոխման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների վրա` անկախ ուսուցման ձևից:

3. Ուսանողի տեղափոխումը մեկ ուսումնական հաստատությունից մեկ այլ ուսումնական հաստատություն (այսուհետ՝ տեղափոխում) կատարվում է երկու ուսումնական հաստատությունների տնօրենների համաձայնությամբ:

4. Ուսանողի տեղափոխումն առաջին կիսամյակում չի թույլատրվում:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատության հեռակա ուսուցման բաժնից առկա ուսուցման բաժին և առկա ուսուցման բաժնից հեռակա ուսուցման բաժին հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողի տեղափոխումը թույլատրվում է չորրորդ կիսամյակն ավարտելուց հետո, եթե տվյալ կրթական ծրագրի իրականացման ժամկետները համապատասխանում են:

5. Տեղափոխման ընթացքում մասնագիտությունների փոփոխություն թույլատրվում է միայն ուսանողի կողմից նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների (մոդուլների) տարբերությունները 8-ը չգերազանցելու պայմանով: Օտարերկրյա ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխման դեպքում հանձնման ենթակա ստուգարքների և քննությունների մեջ չեն մտնում հայագիտական առարկաները:

6. Նախընտրած մասնագիտության գծով հաստատված ուսումնական պլանով ուսանողի ուսումնառություն չանցած, չուսումնասիրած կամ ամփոփիչ ստուգում չանցած առարկաները և առարկաների (մոդուլների) ժամաքանակների 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունները, համարվում են ակադեմիական տարբերություններ:

Ակադեմիական տարբերությունների ցանկը և ուսանողի կողմից դրանց հանձնման անհատական ժամանակացույցը կազմում է ընդունող ուսումնական հաստատությունը՝ հիմք ընդունելով ուսումնական պլանը: Ուսանողի կողմից ակադեմիական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը մեկ ամիս է:

Տեղափոխումը կարող է կատարվել, եթե դրա արդյունքում, համապատասխան մասնագիտության լիցենզիայով (գործունեության թույլտվության) տվյալ մասնագիտությանը հատկացված տեղերի թիվը չի գերազանցում:

(6-րդ կետը փոփ. 15.08.23 N 106-Ն) 

7. Ուսումնական հաստատության վերակազմակերպման կամ լուծարման դեպքում այլ ուսումնական հաստատություն ուսանողի տեղավորումը կազմակերպում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

(7-րդ կետը փոփ. 15.08.23 N 106-Ն)  

8. Հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխումը պետական ուսումնական հաստատություն կարող է կատարվել նախարարության թույլտվությամբ՝ ընդունող ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ:

9. Ուսումնական հաստատությունը` ուսանողին հրամանագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվությունը մուտքագրում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, իսկ յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտից հետո 10 օրյա ժամկետում, Լիազոր մարմնին է ներկայացնում ուսանող(ներ)ի տեղափոխման վերաբերյալ հաշվետվություն` նշելով ուսումնառած և տեղափոխված ուսումնական հաստատության անվանումները, կրթական հիմքերը, կրթական ծրագրերը, մասնագիտության և որակավորման անվանումները, կիսամյակները և ուսուցման ձևերը:

(9-րդ կետը խմբ. 15.08.23 N 106-Ն)

 

II. ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

10. Ուսանողը տեղափոխման մասին դիմում է ներկայացնում իր ուսումնական հաստատության տնօրենին` նրա գրավոր համաձայնությունը ստանալու համար:

Տեղափոխման մասին ուսանողից դիմումն ընդունվում է ուսումնական կիսամյակը սկսելուն նախորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ այլ ժամկետում ուսանողի տեղափոխությունը կատարվում է ուսումնական հաստատության ներկայացմամբ և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ` պահպանելով սույն կարգի պահանջները:

Տնօրենը եռօրյա ժամկետում գրավոր պատասխանում է ուսանողին` կցելով ակադեմիական տեղեկանքը կամ մերժման դեպքում` դրա փաստարկված հիմնավորումները։

(10-րդ կետը խմբ. 15.08.23 N 106-Ն) 

11. Ուսանողը կիսամյակը սկսելուն հաջորդող երկու շաբաթների ընթացքում դիմում է այն ուսումնական հաստատություն, ուր ցանկանում է տեղափոխվել և ներկայացնում է՝

1) տեղափոխման մասին դիմումը` տնօրենի համաձայնության նշագրումով,

2) ակադեմիական տեղեկանքը,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու իրավունքի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը(ները) կամ այդ մասին հավաստող այլ փաստաթղթեր (առկայության դեպքում)։

Անվճար ուսուցման համակարգում ուսումնառած ուսանողի տեղափոխման դեպքում կրթությունը կազմակերպվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում արտոնություն ունեցող ուսանողների, որոնց կրթությունը շարունակվում է անվճար հիմունքներով։ Տեղափոխված ուսանողը հետագա ուսումնառության տարիներին կարող է օգտվել նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման իրավունքից։

Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ տվյալ տարվա համար սահմանված տեղերի շրջանակում նույն մասնագիտության համար վճարովի տեղ չի սահմանվել։ Այդ դեպքում տեղափոխումը կարող է կատարվել անվճար ուսուցման համակարգ` միայն նույն մասնագիտությամբ:

(11-րդ կետը լրաց. 15.08.23 N 106-Ն)  

12. Եթե ուսումնական հաստատությունում դիմորդների ընդհանուր թիվը գերազանցում է տվյալ մասնագիտության գործունեության թույլտվությամբ (լիցենզիայով) հատկացված տեղերի թիվը, ապա դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական հաստատության տնօրենի (ռեկտորի) հրամանով ձևավորված հանձնաժողովը անցկացնում է մրցույթ և առաջնահերթությունն ըստ հաջորդականության տրվում է՝

1) ակադեմիական արձակուրդից, մեկ տարուց ավելի տևողությամբ նպատակային արձակուրդից, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած անձին.

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանով դիմած անձին.

3) սույն կարգով դիմած հավակնորդին.

4) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 12-ի N 194-Ն հրամանով դիմած հավակնորդին.

5) առավել քիչ ակադեմիական տարբերություն ունեցող դիմորդին.

6) առավելագույն մասնագիտական ստաժ ունեցող դիմորդին:

Ուսումնական հաստատության տնօրենը (ռեկտորը)` սույն կարգի պահանջներն ապահոված դիմորդներին՝ տալիս է ժամանակավոր հրաման, որին կցվում է ակադեմիական տարբերությունների ցանկը և դրանց մարման անհատական ժամանակացույցը` ուսանողին կցագրելով համապատասխան խմբում և թույլատրելով մասնակցելու ուսումնական պարապմունքներին:

(12-րդ կետը խմբ. 15.08.23 N 106-Ն) 

13. Ակադեմիական տարբերությունների բացակայության կամ դրանք դրական գնահատականներով հանձնելու դեպքում ընդունող ուսումնական հաստատության տնօրենն եռօրյա ժամկետում ուսանողին տալիս է համապատասխան տեղեկանք:

(13-րդ կետը լրաց. 15.08.23 N 106-Ն)   

14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված տեղեկանքը ուսանողը ներկայացնում է իր ուսումնական հաստատության տնօրենին, որը եռօրյա ժամկետում հրամանով ամրագրում է ուսանողի տեղափոխումը։ Ուսումնական հաստատությունը ուսանողին է հանձնում կամ պատվիրակված փոստով առաքում է՝

1) տեղափոխման մասին հրամանի պատճենը,

2) կրթության մասին վկայող փաստաթղթի բնօրինակը,

3) այլ փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Նախկին ուսումնական հաստատությունում պահպանվում է ուսանողի անձնական գործը, որը ներառում է՝

1) ուսանողի տեղափոխման մասին հրամանը,

2) 13-րդ կետով սահմանված տեղեկանքը,

3) ուսանողի կրթության մասին վկայող փաստաթղթի պատճենը,

4) ընդունելության քննությունների գրավոր աշխատանքները (դրանց առկայության դեպքում),

5) ուսանողական տոմսը և այլ փաստաթղթերի պատճենները:

15. Ընդունող ուսումնական հաստատության տնօրենը համապատասխան փաստաթղթերի բնօրինակները ստանալուց հետո եռօրյա ժամկետում հրամանագրում է ուսանողին:

16. Օտարերկրյա ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխումն իրականացվում է նախարարության թույլտվությամբ և հրամանագրվում է միայն վճարովի ուսուցման համակարգում:

17. Ընդունող ուսումնական հաստատությունում կազմվում է ուսանողի նոր անձնական գործ, որում ընդգրկվում են ուսանողի կրթության մասին վկայող փաստաթուղթը, ակադեմիական տեղեկանքը, ընդունման հրամանի պատճենը և ուսանողի հետ կնքած պայմանագիրը: Ուսանողին տրվում է նոր ուսանողական տոմս և նրա հետ կնքած պայմանագրի 2-րդ օրինակը:

18. Ունկնդրի տեղափոխումը կարգավորվում է ունկնդրի և ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրով:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 15.08.23 N 106-Ն)