«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մարտի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11516078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 փետրվարի 2016 թ. |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 36-Պ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 153-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 26.05.21 N 78-Ն)
Ի կատարումն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 35-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման հավելված N 1-ի 12-րդ կետի «ա» ենթակետի՝
Հրամայում եմ`
1. Սահմանել՝
1) Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելված N 1-ի.
2) Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման ընթացակարգը՝ համաձայն հավելված N 2-ի.
3) Տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի օրինակելի աշխատակարգը՝ համաձայն հավելված N 3-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 2000 թվականի հուլիսի 31-ի «Սոցիալական աջակցության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 36-Պ հրամանը.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 18-ի «Սոցիալական աջակցության խորհրդի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 153-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ասատրյան
Հավելված N 1 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի N 25-Ն հրամանի |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ Ե Վ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի դրույթներով, և
նպատակ ունենալով խթանել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի՝ սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց, համագործակցության լիարժեք կայացումը, հետագա զարգացումն ու գործընկերային հարաբերությունների ձևավորումը,
առաջնահերթ թիրախավորելով աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը.
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության _______ տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն) համագործակցության է հրավիրում մարզում (Երևան քաղաքում), Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման 5-րդ կետով հաստատված՝ իր սպասարկման տարածքում (այսուհետ՝ տարածաշրջան) գործող պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող պետական և համայնքային, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց, որոնք՝ միանալով սոցիալական համագործակցության համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր), հայտնում են իրենց համաձայնությունը հետևյալի մասին՝
գործել Համաձայնագրի նպատակներին և սոցիալական աջակցության սկզբունքներին համապատասխան,
գործադրել լավագույն ջանքերը Համաձայնագրում և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) ամրագրված դրույթներն իրագործելու համար:
(նախաբանը փոփ. 26.05.21 N 78-Ն)
1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐԸ
1.1 Համաձայնագրի նպատակներն ու խնդիրներն են Հայաստանի Հանրապետության _______________ մարզի ______________ տարածաշրջանում, իսկ Երևանում՝ Երևանի ___________ վարչական շրջանում, սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքում ապահովել՝
1.1.1 սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում՝ սոցիալական դեպքի վարման շրջանակներում, փոխգործակցության ապահովում, սոցիալական դեպքի վարման գործընթացի արդյունավետության մեծացում՝ Համաձայնագրի 2.1 կետում նշված մարմինների և անձանց ռեսուրսների արդյունավետ ներգրավմամբ և օգտագործմամբ.
1.1.2 ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության մեծացում, սոցիալական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացում, ինչպես նաև կողմնորոշում՝ դեպի սոցիալական աջակցություն ստացողները.
1.1.3 սոցիալական աջակցության անհրաժեշտություն առաջացնող գործոնների, դրանց փոխկապակցվածության և պատճառահետևանքային կապերի բացահայտում, բացասական ազդեցության չեզոքացում.
1.1.4 կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) օրինական շահերի պաշտպանություն և նման իրավիճակում հայտնվելու կանխարգելում.
1.1.5 սոցիալական համախմբվածության ամրապնդում՝ նվազեցնելով խոցելի խմբերի սոցիալական մեկուսացվածությունը.
1.1.6 արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող՝ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող, կյանքի դժվարին իրավիճակում (այսուհետ՝ արտակարգ իրավիճակ) հայտնված սոցիալական աջակցություն ստացողի խնդիրներին արագ արձագանքման, ինչպես նաև սոցիալական ծառայությունների անհապաղ տրամադրման հնարավորությունների ստեղծում.
1.1.7 աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցում.
1.1.8 սոցիալական ոլորտում սոցիալական աշխատանքի դերի ու նշանակության բարձրացում.
1.1.9 վստահության մթնոլորտի, սոցիալական համերաշխության ձևավորում, և՛ հասարակության մեջ, և՛ աշխատանքում.
1.1.10 տարածաշրջանում սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանում ու դրանց մասին բարձրաձայնելը.
1.1.11 մասնակցային գործընթացի ապահովում՝ մարզում (Երևանում) շահագրգիռ կողմերի հետ համակողմանի քննարկումների իրականացում:
2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՈՂՄԵՐԸ
2.1 Հայաստանի Հանրապետության _______________ մարզի ______________ տարածաշրջանում, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի ______________ վարչական շրջանում (շրջաններում), Համաձայնագրի կողմերն են Համաձայնագրին միացած սուբյեկտները՝ տարածքային կենտրոնը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք (միասին նաև՝ Կողմեր):
(2.1-ին կետը լրաց., փոփ. 26.05.21 N 78-Ն)
3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
3.1 Սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով Կողմերը ձևավորում են համակարգող խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ):
3.2 Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են միասնական սոցիալական ծառայության ____________ տարածքային կենտրոնի երկու՝ սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի մասնագետ, մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի կամ Երևանի վարչական շրջանի, ներքին գործերի նախարարության ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման տարածքային ստորաբաժանման մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք՝ ոչ ավելի հինգ, ընդամենն ինն անդամ:
(3.2-րդ կետը լրաց., փոփ. 14.06.16 N 64-Ն, խմբ. 26.05.21 N 78-Ն, փոփ. 27.04.23 N 77-Ն)
3.3 Խորհուրդը գործում է խորհրդի անհատական կազմը ձևավորվելուց հետո 2 տարի ժամկետով:
3.4 Խորհրդի անհատական նոր կազմով գործունեությունը սկսվում է նախորդ կազմի գործունեության դադարման օրը:
3.5 Խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին տարածքային կենտրոնի հայտարարությունը հրապարակվում է միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում՝ Խորհրդի անհատական կազմի գործունեության դադարման տարվա մինչև մայիսի 20-ը:
(3.5-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն, 27.04.23 N 77-Ն)
3.6 Օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց ներկայացվող՝ Համաձայնագրի 3.7 կետով սահմանված, պահանջները հրապարակվում են խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին տարածքային կենտրոնի հայտարարության մեջ, որում նշվում է նաև Խորհրդին անդամագրվելու հայտագրման վերջնաժամկետը` մեկ ամիս:
(3.6-րդ կետը լրաց. 14.06.16 N 64-Ն, փոփ. 26.05.21 N 78-Ն)
3.7 Հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են.
3.7.1 սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձ.
3.7.2 սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացում:
3.8 Միասնական սոցիալական ծառայությունը Խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին հայտարարության մեջ նշված վերջնաժամկետից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի ներկայացուցիչների և Խորհրդի կազմում անդամագրվելու համար հայտագրված տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ մարմին), սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչների և ֆիզիկական անձանց տվյալները ներկայացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Խորհրդի անհատական կազմը հաստատելու նպատակով: Խորհրդի անհատական կազմում ներառվող՝ ներքին գործերի նախարարության ոստիկանության ներկայացուցիչների տվյալներն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանում է ներքին գործերի նախարարությունից։
(3.8-րդ կետը լրաց. 14.06.16 N 64-Ն, փոփ., լրաց. 26.05.21 N 78-Ն, խմբ. 27.04.23 N 77-Ն)
3.9. Խորհրդի կազմում անդամագրվելու համար հայտագրված կազմակերպությունների և ֆիզիկական անձանց թիվը հինգից ավելի լինելու դեպքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ խորհրդի կազմում ընդգրկվելու առաջնահերթությունը տալիս է այն կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին, որը սոցիալական աջակցության բնագավառում գործունեության ավելի երկար ժամանակահատվածի փորձառություն ունի և(կամ) սոցիալական ծառայությունների տրամադրման ավելի մեծ թվով ծրագրեր է իրականացրել(նում):
(3.9-րդ կետը փոփ. 14.06.16 N 64-Ն, 26.05.21 N 78-Ն)
3.10. Խորհրդի կազմն ավելի վաղ ժամկետում կարող է վերանայվել Խորհրդի անդամ կազմակերպության կամ ֆիզիկական անձի Խորհրդի անդամությունից դուրս գալու կամ Խորհրդի նախագահի և(կամ) տարածքային կենտրոնի հիմնավորված կարծիքի դեպքում:
(3.10-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
3.11. Խորհրդի նախագահը կամ տարածքային կենտրոնը Խորհրդի անհատական կազմի վերանայման հիմնավորված կարծիքը ներկայացնում է Միասնական սոցիալական ծառայությանը՝ Խորհրդի կազմում ներկայացված մարմնի, կազմակերպության ներկայացուցչի կամ ֆիզիկական անձի կողմից Խորհրդի աշխատանքներին մասնակցության վերաբերյալ: Միասնական սոցիալական ծառայությունը հարցը քննարկում է մարմնի, կազմակերպության կամ ֆիզիկական անձի հետ: Մարմինը, կազմակերպությունը կարող է առաջադրել Խորհրդի անդամության այլ թեկնածու՝ տվյալ կազմակերպության անդամության մնացած ժամկետով:
(3.11-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն, լրաց., փոփ. 27.04.23 N 77-Ն)
3.12. Միասնական սոցիալական ծառայությունը խորհրդի անհատական կազմի փոփոխությունը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, բացառությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից առաջադրվող Խորհրդի անդամության թեկնածուի, որի դեպքում ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Խորհրդի անհատական կազմի փոփոխությունը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
(3.12-րդ կետը խմբ. 26.05.21 N 78-Ն, փոփ. 27.04.23 N 77-Ն)
3.13. Խորհրդի անդամ կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը ցանկացած պահի և սեփական նախաձեռնությամբ կարող է դուրս գալ Խորհրդի անդամությունից՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով միասնական սոցիալական ծառայությանը:
(3.13-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Կողմերն իրավունք ունեն՝
4.1.1 ստանալ տեղեկություն իրականացվող ծրագրերի (տրամադրվող սոցիալական ծառայությունների) և առկա ռեսուրսների մասին.
4.1.2 ակնկալել անհապաղ աջակցություն Կողմերի հնարավորությունների շրջանակում, արտակարգ իրավիճակներում հայտնված անձի (ընտանիքի) խնդիրների լուծման հարցում.
4.1.3 առաջարկություններ ներկայացնել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարելավման նպատակով և ստանալ դրանց վերաբերյալ գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային) պատասխաններ Կողմերից.
4.1.4 մասնակցել տեղական սոցիալական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիտորինգի և գնահատման աշխատանքներին.
4.1.5 միանալ սոցիալական համագործակցության ազգային մակարդակում ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրին.
4.1.6 հայտագրվել Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով.
4.1.7 ներկայացնել առաջարկություն Խորհրդի քննարկման օրակարգում հարց ներառելու վերաբերյալ.
4.1.8 տարբեր, այդ թվում տեղական, սոցիալական ծրագրերի շրջանակներում կազմակերպել հանրային բնույթի միջոցառումներ (քննարկումներ, սեմինարներ, խորհրդակցություններ, բանակցություններ և այլն) և մասնակցել դրանց.
4.1.9 կազմակերպել աջակցող ցանցի տարածաշրջանային ֆորում, որում կարող են քննարկվել տվյալ տարածաշրջանի սոցիալական բնույթի էական նշանակություն ունեցող խնդիրներ.
4.1.10 դադարեցնել մասնակցությունը Համաձայնագրին:
4.2. Կողմերը պարտավորվում են՝
4.2.1 պահպանել օրենքով սահմանված՝ համագործակցության սկզբունքները.
4.2.2 իրազեկել Կողմերին՝ իր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի (տրամադրվող սոցիալական ծառայությունների) և առկա ռեսուրսների մասին.
4.2.3 արագ արձագանքել յուրաքանչյուրն իր հնարավորության շրջանակում՝ արտակարգ իրավիճակներում հայտնված անձի (ընտանիքի) խնդիրների լուծման հարցում՝ համապատասխան Կողմի ահազանգի դեպքում.
4.2.4 մասնակցել համայնքների սոցիալական կարիքների վերհանման, ինչպես նաև դրանց համարժեք՝ տեղական սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին.
4.2.5 համագործակցել տարածքային կենտրոնի սոցիալական դեպք վարողի հետ՝ սոցիալական դեպքի վարման շրջանակներում.
(4.2.5-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
4.2.6 իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ կյանքի դժվարին իրավիճակում չհայտնվելու, դրա պատճառների բացահայտման և վերացման ուղղությամբ.
4.2.7 համագործակցության շրջանակների ընդլայնման և կայացման նպատակով իրականացնել հանրության իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքներ.
4.2.8 հավաքագրել և Խորհրդին ներկայացնել սոցիալական ծրագրերի իրականացման մասին հանրային կարծիքը և դիրքորոշումն արտահայտող առաջարկություններ.
4.2.9 մոբիլիզացնել սեփական և հանրային ներուժը՝ ներկայացված առաջարկությունները տեղական սոցիալական ծրագրերում ընդգրկելու համար.
4.2.10 համագործակցության ընթացքում ցուցաբերել կառուցողական դիրքորոշում և անհրաժեշտ աջակցություն բոլոր համաձայնեցված հարցերի իրականացման առնչությամբ՝ նպաստելով գործընկերության զարգացմանը.
4.2.11 ապահովել հետադարձ կապը Կողմերի, ինչպես նաև հանրության միջև.
4.2.12 Խորհրդի քննարկման օրակարգում հարց ներառելու առաջարկությանը կից ներկայացնել դրա հիմնավորումը, առաջարկվող հնարավոր լուծումները, մեխանիզմները և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.
4.2.13 մասնակցել Խորհրդի ձևավորման, գործունեության զարգացման և ծավալման աշխատանքներին.
4.2.14 առաջարկություններ ներկայացնել աջակցող ցանցի մասնակիցներին՝ անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի հայեցողական լիազորությունների շրջանակներում որոշումների կայացման համար.
4.2.15 պահպանել սույն համաձայնագրի դրույթների կատարումը:
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
5.1. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և(կամ) ոչ պատշաճ կատարելու համար:
5.2. Կողմերի՝ Համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և(կամ) ոչ պատշաճ կատարելու դեպքում խնդիրը կարող է քննարկվել Համաձայնագրի 4.1.9 կետով նախատեսված ֆորումի ընթացքում:
5.3. Կողմերի՝ Խորհրդի կազմում ընդգրկվելու, բայց դրանց աշխատանքներին չմասնակցելու և(կամ) ոչ պատշաճ մասնակցելու դեպքում կիրառվում են Համաձայնագրի 3.10 և 3.11 կետերը:
5.4. Համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը, համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրարկման վերաբերյալ տարաձայնությունները լուծվում են համատեղ՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6.1 Համաձայնագիրը միակողմանի ստորագրվում է Միասնական սոցիալական ծառայության _____________ տարածքային կենտրոնի տնօրենի կողմից:
(6.1-ին կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
6.2 Համաձայնագիրը կազմված է հայերեն մեկ օրինակից, որը պահպանվում է միասնական սոցիալական ծառայության _____________ տարածքային կենտրոնում:
(6.2-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
6.3 Յուրաքանչյուր կողմին տրամադրվում է համաձայնագրի՝ Միասնական սոցիալական ծառայության _____________ տարածքային կենտրոնի տնօրենի կողմից վավերացված պատճենի մեկ օրինակ:
(6.3-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
6.4 Համաձայնագրի բովանդակությունը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում, տեղադրելով նաև համաձայնագրին միացած, ինչպես նաև մասնակցությունը հետ կանչած Կողմերի անունները, անվանումները և այլ տվյալները:
(6.4-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
6.5 Սույն համաձայնագիրը յուրաքանչյուր Կողմի համար ուժի մեջ է մտնում միանալու պահից:
6.6 Կողմի մասնակցությունը Համաձայնագրին համարվում է դադարած Կողմի՝ մասնակցությունը հետ կանչելու մասին գրությունը (դիմումը) տարածքային կենտրոն ներկայացնելու պահից:
(6.6-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
7. ԿՈՂՄԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
7.1 Միասնական սոցիալական ծառայության ________________ տարածքային կենտրոնի տնօրեն __________________________
Կ. Տ.
«_______» _________________ 20__ թ.
(7.1-ին կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 14.06.16 N 64-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.05.21 N 78-Ն, 27.04.23 N 77-Ն)
Հավելված N 2 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի N 25-Ն հրամանի |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարզի (Երևան քաղաքի) տարածաշրջանում (վարչական շրջանում) սոցիալական համագործակցության համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ընդունման ընթացակարգը (այսուհետ՝ ընթացակարգ):
2. Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն) Համաձայնագրի ընդունման նպատակով այդ մասին հայտարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն), միասնական սոցիալական ծառայություն Հայաստանի Հանրապետության մարզպետին, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետին՝ պաշտոնական համացանցային կայքում տեղադրելու նպատակով:
(2-րդ կետը փոփ., լրաց. 26.05.21 N 78-Ն)
3. Հայտարարության մեջ նշվում են հրավերը Համաձայնագրին միանալու վերաբերյալ, ինչպես նաև Համաձայնագրի տեքստն ամբողջությամբ:
4. Համաձայնագրին միանալու մասին տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ մարմին), սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) պաշտոնական գրությունները, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ դիմումները, ներկայացվում են տարածքային կենտրոն, որում նշվում է Համաձայնագրին ամբողջությամբ կամ վերապահումով միանալու մասին:
(4-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն, լրաց. 27.04.23 N 77-Ն)
5. Տարածքային կենտրոնը հաշվառում և պահում է Համաձայնագրին միանալու մասին գրությունները (դիմումները):
(5-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
6. Միասնական սոցիալական ծառայությունը՝ ընթացակարգի 4-րդ կետում նշված տարածքային կենտրոններին ներկայացված մարմնի, կազմակերպության գրությունները, ֆիզիկական անձանց դիմումները ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանց պատճենները ներկայացնում է նախարարություն Համաձայնագրին միացած մարմնի, կազմակերպության և ֆիզիկական անձանց տվյալները պաշտոնական համացանցային կայքում տեղադրելու նպատակով:
(6-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն, խմբ. 27.04.23 N 77-Ն)
7. Ընթացակարգի 6-րդ կետում նշված տվյալներն են՝
1) մարմնի կամ կազմակերպության դեպքում՝
ա. անվանումը,
բ. իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման օրը, ամիսը, տարին, գրանցման համարը (բացառությամբ՝ մարմինների),
գ. փաստացի գործունեության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, կայքի անվանումը (առկայության դեպքում),
դ. ներկայացուցչի ազգանունը, անունը,
ե. իրականացված(վող) ծրագրերը.
2) ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. ազգանունը, անունը,
բ. հաշվառման հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
գ. գործունեության նախընտրելի ոլորտը,
դ. կամավորական աշխատանքի տևողությունը (առկայության դեպքում):
8. Տարածքային կենտրոնը Համաձայնագրին միանալու ցանկություն հայտնած մարմնին, կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին, նրանց տվյալները համապատասխան պաշտոնական կայքում տեղադրվելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին և տրամադրում Համաձայնագրի մեկ օրինակ վավերացված տարածքային կենտրոնի ղեկավարի կողմից՝ յուրաքանչյուր էջը կնքված տարածքային կենտրոնի կնիքով:
(8-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն, լրաց. 27.04.23 N 77-Ն)
9. Համաձայնագրին միանալու օր է համարվում տարածքային կենտրոն այդ մասին գրությունը (դիմումը) ներկայացնելու օրը:
(9-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
10. Յուրաքանչյուր կողմ Համաձայնագրից մասնակցությունը հետ կանչելու պաշտոնական գրությունը (դիմումը) ներկայացնում է տարածքային կենտրոն:
(10-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
11. Կողմի մասնակցությունը Համաձայնագրին համարվում է դադարած Կողմի՝ մասնակցությունը հետ կանչելու մասին գրությունը (դիմումը) տարածքային կենտրոն ներկայացնելու պահից:
(11-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
12. Տարածքային կենտրոնը Համաձայնագրից մասնակցությունը հետ կանչելու պաշտոնական գրությունը (դիմումը) ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրառում է կատարում Համաձայնագրին միանալու գրության (դիմումի) հաշվառման մատյանում՝ հաշվառման համապատասխան տեղում և դրա պատճենը ներկայացնում է նախարարություն Համաձայնագրից մասնակցությունը հետ կանչելու հանգամանքը՝ պաշտոնական կայքում նշելու նպատակով:
(12-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 26.05.21 N 78-Ն, լրաց., խմբ. 27.04.23 N 77-Ն)
Հավելված N 3 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի N 25-Ն հրամանի |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության _________ մարզի ________________ (Երևան քաղաքի ___________ վարչական շրջանի (շրջանների) տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) համաձայն ձևավորված համակարգող խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) աշխատակարգը:
(1-ին կետը լրաց. 26.05.21 N 78-Ն)
2. Խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի մեկ օրինակը միասնական սոցիալական ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ տարածքային կենտրոն) հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Խորհրդի անդամներին:
(2-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
3. Խորհրդի առաջին նիստը հրավիրում և վարում է տարածքային կենտրոնի ղեկավարը:
(3-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
4. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմը հաստատվելուց հետո հրավիրված առաջին նիստում, Խորհրդի անդամների թվից՝ բաց քվեարկությամբ, Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով, բայց ոչ ավելի խորհրդի տվյալ անհատական կազմով գործելու ժամկետի ավարտը:
5. Խորհրդի նախագահի ժամկետից շուտ վերընտրություն հնարավոր է՝
1) Խորհրդի նախագահի հրաժարականի դեպքում.
2) Խորհրդի անդամների երկու երրորդի կողմից Խորհրդի նախագահի հրաժարականի գրավոր պահանջի դեպքում:
6. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:
7. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Համաձայնագրին, սույն աշխատակարգին և այլ իրավական ակտերին համապատասխան:
8. Խորհրդի նիստերի անցկացման և (կամ) աշխատանքների իրականացման վայրը տարածքային կենտրոնի գտնվելու վայրն է:
(8-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Իր իրավասության շրջանակներում Խորհուրդը՝
1) քննարկում և ուսումնասիրում է սոցիալական աջակցություն հայցող անձանց ներկայացրած դիմումները, փաստաթղթերը և կողմնորոշում նրանց սոցիալական աջակցություն ստանալու հարցում.
2) իր անդամների (նրանց ներկայացրած կազմակերպությունների) ուժերով կազմակերպում է տնային այցելություն և տալիս առաջարկություն՝ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում և կարգով.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման NN 3, 8 և 12, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 2 հավելվածներով Խորհրդին վերապահված լիազորությունները.
4) ստեղծում է համապատասխան աշխատանքային խմբեր՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության դեպքում.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Համաձայնագրով սահմանված այլ լիազորություններ:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստերը գումարվում են նաև Խորհրդի նախագահի կամ տարածքային կենտրոնի ղեկավարի նախաձեռնությամբ:
(10-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
12. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է Խորհրդի նախագահը, Խորհրդի նախագահի բացակայության դեպքում՝ Խորհրդի նախագահի հանձնարարականով՝ Խորհրդի անդամներից մեկը (իսկ դրա անհնարինության դեպքում՝ տարածքային կենտրոնի ղեկավարը):
(12-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
13. Խորհրդի նիստի անցկացման վայրը տարածքային կենտրոնի գտնվելու վայրն է: Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կարող են գումարվել նաև արտագնա նիստեր: Խորհրդի նախագահը որոշում է Խորհրդի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:
(13-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
14. Խորհրդի նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել շահագրգիռ անձինք կամ նրանց օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև Համաձայնագրի այլ կողմերի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
15. Խորհրդի նախագահը՝
1) հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը,
2) ստորագրում է Խորհրդի որոշումները, այլ փաստաթղթերը (քաղվածքներ, արձանագրություններ, առաջարկություններ և այլն),
3) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:
16. Տարածքային կենտրոնն ապահովում է Խորհրդի աշխատանքների կազմակերպական և գործավարական սպասարկումը՝
1) կազմում է Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը Խորհրդի անդամների և իր, ինչպես նաև Համաձայնագրին միացած այլ կողմերի ներկայացրած առաջարկությունների հիման վրա.
2) նիստի օրակարգի նախագիծը Խորհրդի անդամներին է ուղարկվում (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով) նիստից առնվազն երկու աշխատանքային օր առաջ.
3) արձանագրում է նիստը և արձանագրությունը ներկայացնում ստորագրման Խորհրդի նիստի բոլոր մասնակիցներին՝ ավարտից հետո մեկօրյա ժամկետում:
(16-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
17. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են՝
1) Խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը,
2) քննարկվող յուրաքանչյուր հարցը, զեկուցողի անունը, ազգանունը,
3) Խորհրդի նիստին հրավիրված անձանց անունները, ազգանունները, զբաղեցրած պաշտոնները (իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումները):
18. Խորհրդի նիստն անցկացվում է հաստատված օրակարգով:
19. Խորհուրդը նիստերի ընթացքում որոշումները կայացնում է բաց քվեարկության միջոցով, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը կայացվում է հօգուտ սոցիալական աջակցություն հայցող անձի:
20. Որոշմանը դեմ քվեարկած Խորհրդի անդամը կարող է հատուկ կարծիք ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) և (կամ) տարածքային կենտրոնին և (կամ) Միասնական սոցիալական ծառայության պետին:
(20-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
21. Տարածքային կենտրոնի համապատասխան աշխատողը Խորհրդի նիստում կայացրած որոշումները, ինչպես նաև այլ փաստաթղթերը (արձանագրություններ, քաղվածքներ, կարծիքներ և այլն) դրանք ստորագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում (ուղարկում) է տարածքային կենտրոնի ղեկավարին և (կամ) այլ համապատասխան կազմակերպություններին ու պաշտոնատար անձանց:
(21-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
22. Խորհրդի կայացրած որոշումները տարածքային կենտրոնի կողմից չկատարման (առաջարկությունները չբավարարվելու) դեպքում Խորհուրդը կարող է այդ մասին տեղեկացնել Միասնական սոցիալական ծառայության պետին և (կամ) նախարարությանը:
(22-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն)
23. Միասնական սոցիալական ծառայությունը տարածքային կենտրոններից ստացված՝ Խորհուրդների իրականացրած գործունեության մասին կիսամյակը մեկ անգամ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում նախարարությանը մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը:
(23-րդ կետը փոփ. 26.05.21 N 78-Ն, խմբ. 27.04.23 N 77-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 26.05.21 N 78-Ն, խմբ. 27.04.23 N 77-Ն)