Գլխավոր տեղեկություն
Համար
N 265-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.04.15/14(332) Հոդ.169
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
25.03.2009
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11809151

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 մարտի 2009 թ.
ք. Երևան

N 265-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 418, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 329, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 161-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 517 ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 895 որոշմամբ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել`

1) (ենթակետն ուժը կորցրել է 08.06.23 N 238-Ն)

2) (ենթակետն ուժը կորցրել է 29.02.12 թիվ 183-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.16 N 818-Ն)

4) Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելված 4-ի:

(1-ին կետը փոփ. 16.02.11 թիվ 77-Ն, 29.02.12 թիվ 183-Ն, 10.11.14 թիվ 785-Ն, 16.08.16 N 818-Ն, 08.06.23 N 238-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 418 հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի փետրվարի 16-ի «Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 161-Ն հրամանը,

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի ապրիլի 29-ի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կազմն ու կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 329 հրամանը,

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 26-ի «Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 517 հրամանի 1-ին կետը:

 

Նախարար Տ. Դավթյան

 

 

Հավելված 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2009 թվականի մարտի 25-ի

թիվ 265-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 (հավելվածն ուժը կորցրել է 08.06.23 N 238-Ն)

 

Հավելված 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2009 թվականի մարտի 25-ի

թիվ 265-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(հավելվածն ուժը կորցրել է 29.02.12 թիվ 183-Ն)

 

 

 

Հավելված 3

ՀՀ ֆինանսների նախարարի

2009 թվականի մարտի 25-ի

թիվ 265-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(հավելվածն ուժը կորցրել է 16.08.16 N 818-Ն)

 

 

 

Հավելված 4

ՀՀ ֆինանսների նախարարի

2009 թվականի մարտի 25-ի

թիվ 265-Ն հրամանի

 

Կ Ա ՆՈ Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը փոփ. 10.11.14 թիվ 785-Ն, 16.08.16 N 818-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

(1-ին կետը փոփ. 10.11.14 թիվ 785-Ն, 16.08.16 N 818-Ն)

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

2. Հանձնաժողովի հիմնական խնդիրները վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների բնագավառներում լիցենզավորման գործընթացի իրականացմանը նպաստելն է:

(2-րդ կետը փոփ. 10.11.14 թիվ 785-Ն, 16.08.16 N 818-Ն)

3. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզիա (այսուհետ` Լիցենզիա) տալու, մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին,

2) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման բնագավառների օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 10.11.14 թիվ 785-Ն, 16.08.16 N 818-Ն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

5. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

6. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև` հրավիրված անձ):

7. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

8. Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

(8-րդ կետը լրաց. 29.10.12 թիվ 924-Ն, փոփ. 10.11.14 թիվ 785-Ն)

9. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:

10. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում դրանք չքննարկելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

11. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ ներկայացնել:

(11-րդ կետը փոփ. 16.08.16 N 818-Ն)

12. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց, որոնց ողջ ընթացքը ձայնագրվում է: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին: Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:

(12-րդ կետը լրաց. 23.12.09 N 1143-Ն)

13. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

13.1. հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման արդյունքում կազմվում է հանձնաժողովի եզրակացություն, որտեղ նշվում է`

1) հիմքը, որի հիման վրա հանձնաժողովի նիստում քննարկվում է հարցը,

2) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,

3) իրավական հիմքերը, որոնց հիման վրա կայացվում է որոշումը,

4) հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:

(13.1-ին կետը լրաց. 29.10.12 թիվ 924-Ն)

14. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

(14-րդ կետը լրաց. 10.11.14 թիվ 785-Ն)

15. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

16. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝

1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը,

2) հանձնաժողովի տեսակը և կազմը,

3) քննարկվող հարցի բովանդակությունը,

4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին,

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,

6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները,

7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը,

8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

17. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

Հարցերի քննարկման ողջ ընթացքի ձայնագրությունը պահպանվում է 3 տարի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալությունում:

(17-րդ կետը լրաց. 23.12.09 N 1143-Ն, փոփ. 29.10.12 թիվ 924-Ն, 08.06.23 N 238-Ն)

18. Հանձնաժողովի նախագահը՝

1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք,

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ,

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

18.1. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում Հանձնաժողովը` Հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ Հանձնաժողովի անդամներից ընտրում է Հանձնաժողովի նիստի նախագահող:

(18.1-ին կետը լրաց. 16.08.16 N 818-Ն)

19. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,

2) կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և կազմակերպում արձանագրությունից կատարված քաղվածքների տարածումը.

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

4) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ,

5) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ,

6) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.

7) անհրաժեշտության դեպքում լիցենզավորման փաթեթները հանձնաժողովի նիստից առնվազն 7 օր առաջ տրամադրում է հանձնաժողովի անդամներին,

8) հանձնաժողովի նիստից 1 օր առաջ լիցենզավորման փաթեթների հակիրճ բովանդակությունը և դրանց վերաբերյալ շահագրգիռ ստորաբաժանումների կարծիքները տրամադրում է հանձնաժողովի անդամներին,

9) հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, ժամկետի և օրակարգում ընդգրկված հարցերի մասին հանձնաժողովի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին,

10) հանձնաժողովի նիստի ժամանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո պատրաստում է եզրակացություն և ապահովում է հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների կողմից դրա ստորագրումը,

11) եզրակացությունը հանձնում է հրավիրված անձին կամ հանձնաժողովի նիստի ավարտից հետո պատշաճ ձևով ուղարկում է նրան:

(19-րդ կետը լրաց. 29.10.12 թիվ 924-Ն)

20. Հանձնաժողովի անդամները՝

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին,

2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

21. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

22. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը լրաց. 23.12.09 N 1143-Ն, լրաց., փոփ. 29.10.12 թիվ 924-Ն, 10.11.14 թիվ 785-Ն, փոփ., լրաց. 16.08.16 N 818-Ն, փոփ. 08.06.23 N 238-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան