Գլխավոր տեղեկություն
Համար
N 223-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.01.15/2(320) Հոդ.18
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.12.2008
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10208396

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 223-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել նոտարական գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը և նոտարական գրանցամատյանի ձևը (հավելվածներ N N 1, 2 կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն հրամանը:

 

  Գ. Դանիելյան

 

 

Հավելված N 1

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի դեկտեմբերի 23-ի

N 223-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան նոտարների կողմից նոտարական գրանցամատյաններում գրանցումներ կատարելու կարգը և պայմանները:

2. Նոտարները նոտարական գործողությունները գրանցում են նոտարական գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան):

3. Գրանցամատյանը պետք է լինի ամուր կազմված, թերթերը՝ համարակալված: Թերթերի քանակը պետք է հաստատվի և կնքվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Գրանցամատյանի համարակալման սխալներ հայտնաբերելիս, այդ մասին նշում է կատարվում գրանցամատյանի վերջում, այնուհետև՝ ստորագրվում և կնքվում նոտարի կողմից:

Գրանցամատյանի կազմի վրա նշվում է նոտարական տարածքը, նոտարի անունը և ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և գրանցամատյանի հերթական համարը:

(3-րդ կետը խմբ. 17.05.18 N 205-Ն)

4. Յուրաքանչյուր տարվա  սկզբից բացվում է նոր գրանցամատյան:

Գրանցամատյանի լրանալուց-ավարտվելուց հետո նոտարները  ստանում են նոր գրանցամատյան:

Գրանցամատյանները նոտարները ստանում են նոտարական պալատից: Գրանցամատյանի համար նոտարը վճարում կատարում է նոտարական պալատի կողմից ձեռքբերված գնով: Գրանցամատյանների տրամադրումը կատարվում է սույն կարգի 3-րդ կետին համապատասխան:

(4-րդ կետը խմբ. 17.05.18 N 205-Ն)

5. Գրանցամատյանները պահվում են նոտարների մոտ մինչև այդ գրանցամատյանում ամենավերջին գրանցման oրվանից սկսած յոթանասունհինգ տարին լրանալը:

 

II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Նոտարական գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հայերենով: Գրանցումները պետք է լինեն պարզ և ընթեռնելի: Գրանցամատյանում մատիտով գրանցումներ, ինչպես նաև ջնջումներ կատարել չի թույլատրվում, իսկ ուղղումները պետք է ծանոթագրված լինեն գրանցման վերջում` (որտեղ կատարվել է ուղղումը) նոտարի  ստորագրությունից առաջ:

Գրանցամատյանում չլրացված սյունակները պետք է ընդգծվեն:

Եթե նոտարը գործարքի կողմերի տվյալները գրանցել է գրանցամատյանում, սակայն նրանք նույն պահին հրաժարվել են գործարքից, ապա նոտարը համապատասխան գրառում է կատարում գրանցամատյանի 8-րդ սյունակում, որը հավաստում են նաև կողմերը՝ իրենց ստորագրությամբ: Նշված գրառումը ծանոթագրվում, ստորագրվում և կնքվում է նոտարի կողմից գրանցամատյանի վերջում՝ նշելով գործարքի հերթական համարը: Եթե նոտարը գործարքի կողմերի տվյալները գրանցել է գրանցամատյանում, նրանք նույն պահին հրաժարվել են գործարքից, սակայն հրաժարվում են դրա վերաբերյալ նոտարի կատարած գրառումը հավաստել իրենց ստորագրություններով, ապա նոտարը գրառում է կատարում և միաժամանակ նշում, որ կողմերը հրաժարվել են ստորագրել գրանցամատյանը: Նշված գրառումը ծանոթագրվում, ստորագրվում և կնքվում է նոտարի կողմից գրանցամատյանի վերջում՝ նշելով գործարքի հերթական համարը:

(6-րդ կետը փոփ., լրաց. 17.05.18 N 205-Ն)

7. Գրանցամատյաններում գրանցման ենթակա են նոտարների կողմից կատարվող բոլոր նոտարական գործողություններն ու գանձված պետական տուրքի և ծառայության վճարները:

8. Յուրաքանչյուր նոտարական գործողություն կրում է առանձին հերթական համար: Գրանցամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վավերացման մակագրությունում:

Եթե նոտարական գործողությունները կատարվում են նոտարական գրասենյակի շենքից դուրս, ապա գրանցամատյանում պետք է նշվի նոտարական գործողության կատարման վայրը:

9. (կետն ուժը կորցրել է 17.05.18 N 205-Ն)

10. Գրանցամատյանում գրանցումները կատարվում են հետևյալ կերպ՝

1) 1-ին սյունակում ցույց է տրվում տարվա  սկզբի նոտարական գործողության հերթական համարը։ Ընդ որում, հերթական համարները նշվում են հաջորդաբար՝ առանց բաց տողերի:

2) 2-րդ սյունակում ցույց է տրվում նոտարական գործողության կատարման ամսաթիվը, որը պետք է համընկնի նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վրա եղած վավերացման մակագրության ամսաթվին:

3) 3-րդ սյունակում ցույց է տրվում այն ֆիզիկական անձանց ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) կամ կազմակերպությունների լրիվ անվանումը և նրանց ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում), որոնց համար կամ որոնց դիմումով կատարվում է նոտարական գործողությունը:

Եթե նոտարական գործողություն կատարելու համար չի ներկայացել այն անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը, որի անունով տրված է փաստաթուղթը, այլ նրա խնդրանքով ներկայացել է մեկ ուրիշ քաղաքացի, ապա նշվում է ներկայացող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) և նրա բնակության վայրը: Այն դեպքում, երբ նոտարի կողմից հաստատված կամ վավերացված փաստաթղթի մեկ oրինակը մնում է նոտարի գործերում, ապա կողմերի գտնվելու կամ բնակության վայրը կարող է չնշվել:

Ստորագրել չկարողացող անձի անունից նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթում՝ 3-րդ  սյունակում նշվում է նաև  ստորագրող անձի անունը, ազգանունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) և նրա բնակության վայրը:

Եթե նոտարական գործողություն կատարելու համար դիմում է կազմակերպություն, կամ նրա առանձնացված  ստորաբաժանումը, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկը, ապա 3-րդ  սյունակում նշվում է նրանց լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ը, գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը։

Եթե գործարքին մասնակցում է թարգմանիչ կամ վկա, ապա նշվում է նաև նրա անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը: Նոտարի կողմից վստահված թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելիս 3-րդ սյունակում նշվում է նրա անունը, ազգանունը:

Նոտարական գործողության համար դիմած միևնույն անձանց միջև իրար անմիջապես հաջորդող մի քանի գործարքներ կնքվելու դեպքում նոտարը կարող է նրանց ամբողջական տվյալները գրանցել մեկ անգամ, այնուհետ նշել միայն անուն, ազգանուն, հայրանունը՝ նշում կատարելով, որ տվյալները կարող են դիտվել նախորդ համարում:

4) 4-րդ  սյունակում նշվում է նոտարական գործողություն կատարելու համար ներկայացողի անձնագրի կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի համարը, տրման ժամանակը և ում կողմից է տրված, ինչպես նաև գործարքի մասնակիցների գործունակությունը  ստուգելու համար նրանց ծննդյան թվերը:

5) 5-րդ  սյունակում նշվում է կատարվող նոտարական գործողության տեսակը, իսկ գործարքների վավերացման ժամանակ նշվում է միայն այդ գործարքների տեսակը:

Փաստաթղթի պատճենի ճշտության վավերացման ժամանակ այս սյունակում նշվում է փաստաթղթի անվանումը:

6) 6-րդ  սյունակում նշվում է նոտարական գործողությունների համար գանձված պետական տուրքի գումարը:

Եթե օրենքով տվյալ նոտարական գործողության համար պետական տուրք չի գանձվելու, ապա 6-րդ սյունակում նշվում է «Ազատված է ՊՏ», որը հավաստվում է գրանցամատյանի 9-րդ սյունակում պետական տուրքից ազատված անձի ստորագրությամբ:

7) 7-րդ  սյունակում նշվում է նոտարի կողմից նոտարական գործողության կատարման համար գանձված ծառայության գումարը։

8) 8-րդ սյունակում դրվում է այն անձանց ստորագրությունը, որոնց համար կամ որոնց դիմումով կատարվել է նոտարական գործողությունը:

(10-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 17.05.18 N 205-Ն)

11. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից  սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում նոտարը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում գրանցամատյանում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 17.05.18 N 205-Ն)

 

 

Հավելված N 2

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի դեկտեմբերի 23-ի

N 223-Ն հրամանով

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

ՆՈՏԱՐ _______________________________________

 

____________________________________ թվականի N

 

N Նոտարական
գործողության
կատարման
ամսաթիվը,
ամիսը,
տարեթիվը
Անձանց կամ նրանց ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը, որոնց համար
կատարված է
նոտարական գործողությունը, ինչպես նաև թարգմանչի կամ վկայի անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը
Նոտարական գործողությանը ներկայացած անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը Նոտարական
գործողության տեսակը
Գանձված է պետական տուրք կամ նշում պետական տուրքի վճարումից ազատված լինելու մասին
(ՀՀ դրամ)
Նոտարական գործողության կատարման համար գանձված ծառայության գումարը
(ՀՀ դրամ)
Այն անձանց ստորագրությունը, որոնց համար կամ որոնց դիմումով կատարվել է նոտարական գործողությունը  Անձանց ստորագրությունները՝ ի հավաստումը տվյալ նոտարական գործողության համար պետական տուրքից ազատված լինելու
1 2 3 4 5 6 7 8 9
1                
2                
3                
4                
5                
6                
7                
8                
9                
10                

(հավելվածը լրաց. 17.05.18 N 205-Ն, փոփ. 28.03.23 N 160-Ն)