Գլխավոր տեղեկություն
Համար
N 40
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2015-09.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.2018

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

31 օգոստոսի 2015 թվականի N 40

 

12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՆԻՍՏԻ N 16 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 37-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների օրինակելի կանոնադրությանը և կառուցվածքին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության նախարարության, գործակալության, տեսչության օրինակելի կանոնադրությունների և կառուցվածքի մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Հայաստանի Հանրապետության նախարարության տեսչության օրինակելի կանոնադրությունը և կառուցվածքն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «տեսչություն» բառը:

3. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` իրենց ղեկավարած մարմինների կազմում տեսչական մարմինների ստեղծման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տեսչական մարմնի օրինակելի կանոնադրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ստեղծված տեսչական մարմինների կանոնադրությունները և կառուցվածքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թ.

օգոստոսի 31-ի նիստի N 40
արձանագրային որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմնի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին) ------------------------ լիազոր մարմնի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է վերահսկողական և այլ գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ -------- բնագավառում/բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչական մարմինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Տեսչական մարմնի կանոնադրության փոփոխությունները լիազոր մարմնի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացվում կառավարման խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) համաձայնությամբ:

3. Տեսչական մարմնի լիազորությունները սահմանվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

4. Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչական մարմինն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տեսչական մարմնի կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Տեսչական մարմնի անվանումն է`------------------:

8. Տեսչական մարմինը կազմված է տեսչական մարմնի ղեկավարից, ղեկավարի տեղակալից, որակի ապահովման ստորաբաժանումից, կառուցվածքային ստորաբաժանումներից: Տեսչական մարմինը կարող է ունենալ տարածքային ստորաբաժանումներ:

9. Տեսչական մարմնի նպատակները և խնդիրներն են`

1) ....... ոլորտում անվտանգության ապահովումը

2) ...... ոլորտում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը

3) ………………..

 

II. Տեսչական մարմնի լիազորությունները

 

10. Տեսչական մարմինն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ լիազորությունները`

1) տնտեսավարող սուբյեկտների կողմից -------- ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենքների, ------------ ոլորտի (ոլորտների) հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

3) --------- ոլորտում (ոլորտներում) Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու, միջնորդագրերի ներկայացումը լիցենզավորող մարմիններ.

5) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.

6) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, --------- ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական և հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտները,  տնտեսավարող սուբյեկտները.

7) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումը այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.

8) --------

9) -------------

10) այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:

 

III. Տեսչական մարմնի կառավարումը

 

11. Տեսչական մարմինը կառավարում է տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ), որը կազմված է ---- անդամից (առնվազն 9):

12. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ներկայացմամբ:

13. Խորհուրդը նախագահում է ----- բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը (ղեկավարի տեղակալը) կամ ----- բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը (ղեկավարի տեղակալը)՝ հաջորդաբար տարին մեկ պարբերականությամբ՝ համաձայն <Տեսչական մարմինների մասին> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի:

14. խորհրդի լիազորությունները`

1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

2) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.

3) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

4) հաստատում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

5) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.

6) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

8) հաստատում է տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները տեսչական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

 

IV. Տեսչական մարմնի ղեկավարումը

 

15. Տեսչական մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը, որին պաշտոնի է նշանակում, պաշտոնից ազատում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության Վարչապետը` Խորհրդի ներկայացմամբ:

16. Տեսչական մարմնի ղեկավարն ունի ------- տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում, պաշտոնից ազատում և նրանց նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության Վարչապետը:

17. Տեսչական մարմնի ղեկավար կարող է նշանակվել ----- ոլորտին համապատասխանող մասնագիտության բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 3 տարին՝ ղեկավարի պաշտոնում կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

18. Տեսչական մարմնի ղեկավարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

19. Տեսչական մարմնի ղեկավարը պատասխանատու է ---------------------------------- բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

20. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Խորհրդին:

21. Տեսչական մարմնի ղեկավարը՝

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակները.

3) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Խորհրդին և լիազոր մարմնի ղեկավարի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

4) Լիազոր մարմնի ղեկավարի միջոցով Հայաստանի Հանրապետության Վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների քանակը.

5) Լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի հաստիքացուցակը.

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

7) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության այն պաշտոններում, որոնցում չեն կատարվում նշանակումներ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.

8) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.

11) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

12) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

13) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

14) ապահովում է տեսչական մարմնի համագործակցությունն այլ պետական մարմինների հետ.

15) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

22. Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:

23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ----- ոլորտին համապատասխանող մասնագիտության բարձրագույն կրթություն ունեցող, առնվազն 3 տարվա պետական կառավարման ոլորտի պաշտոնի, որից առնվազն 1 տարին ղեկավար պաշտոնի ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 1 տարին ղեկավար պաշտոնի ստաժ ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

24. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը`

1) Տեսչական մարմնի նպատակներին և խնդիրներին համապատասխան` տալիս է տեսչական մարմնի ստորաբաժանումներին հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

2) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերջինիս մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

3) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

4) պարբերաբար տեսչական մարմնի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.

5) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում տեսչական մարմնի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում տեսչական մարմնի ղեկավարին.

6) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

V. Տեսչական մարմնի աշխատանքների կազմակերպումը

 

 Տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան պլանով չնախատեսված ստուգումների անցկացման, տեսչական մարմնի բյուջեի հետ կապված և լիազոր մարմնի աշխատակազմի կողմից իրականացվող վարչական գործառույթներն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:

 

VI. Տեսչական մարմնի ֆինանսավորումը

 

25. Տեսչական մարմնի ֆինանսավորումն իրականացվում է լիազոր մարմնի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում՝ առանձին տողով:

26. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:

27. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է Խորհրդի հաստատմանը: Խորհրդի հաստատելուց հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է լիազոր մարմինը ՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում ներառելու համար:

28. Տեսչական մարմնի բյուջետային հայտը նույնությամբ լիազոր մարմինը ներառում է իր միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում:

29. Տեսչական մարմնի բյուջետային հայտը պարունակում է իր բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

30.Պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ լիազոր մարմինը կարող է կատարել միայն Խորհրդի համաձայնությամբ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թ.

օգոստոսի 31-ի նիստի N 40
արձանագրային որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

Հայաստանի Հանրապետության ................ տեսչական մարմնի

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչություն

2. Վարչություններ

3. Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժին

4. Որակի ապահովման բաժին/վարչություն

5. Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

6. Բաժիններ

 

II. Տարածքային ստորաբաժանումներ