Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Հ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.08.2000-01.11.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.07.24/2
Ընդունող մարմին
Սեփականաշնորհման նախարարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.1999
Ստորագրող մարմին
Սեփականաշնորհման նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2008

114.0057.21.04.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

21.04.1999 թ.
ք. Երևան
թիվ 57-Հ

ՇԵՆՔԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով շենքերի (տարածքների) վարձակալության տրամադրումը կանոնակարգելու անհրաժեշտությունից.

 

Հրամայում եմ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից շենքերի (տարածքների) վարձակալության տրամադրման կարգը (կցվում է):

Նախարար Պ. Ղալթախչյան


Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇԵՆՔԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգը ընդունված է, ելնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թ. հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 76 որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի ե) ենթակետից:

2. Սույնով կարգավորվում է ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի և շինությունների, ինչպես նաև ՀՀ սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի տարածքների վարձակալության տրամադրումը:

3. Տարածքները վարձակալության տրամադրվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց:

4. Տարածքները վարձակալության տրամադրելու ժամանակ վարձակալական վճարի նվազագույն չափը հաշվարկվում է ՀՀ կառավարության 1999 թ. փետրվարի 2-ի «ՀՀ սեփականաշնորհման նախարարությանը լիազորություններ տալու և ՀՀ կառավարության 1995 թ. նոյեմբերի 24-ի N 82 ու 1998 թ. մայիսի 21-ի N 311 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 54 որոշմամբ սահմանված կարգով:

5. Եթե մինչև 1999 թ. փետրվարի 2-ը վարձակալական պայմանագիր կնքած վարձակալը ցանկանում է երկարաձգել վարձակալական պայմանագրի ժամկետը, ապա վարձակալական վճարը սահմանվում է սույն կարգի 4-րդ կետով հաշվարկված գումարի չափով:

6. ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի և շինությունների տարածքները վարձակալության տրամադրվում են միայն ուղղակի եղանակով` վերը նշված հիմնարկների ներկայացմամբ:

7. ՀՀ սեփականաշնորհման նախարարության (այսուհետև` նախարարություն) տնօրինությանը հանձնված շենքերի տարածքները վարձակալության տրամադրվում են ուղղակի, մրցութային կամ աճուրդային եղանակով:

8. Նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի տարածքները աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում` ելնելով այդ տարածքների առավել արդյունավետ օգտագործման, իսկ մրցութային եղանակով` նաև ներդրումների ներգրավման անհրաժեշտությունից:

9. Քաղաքական կուսակցություններին, հասարակական, բարեգործական միություններին և բյուջետային հիմնարկներին տարածքները վարձակալության են տրամադրվում ուղղակի եղանակով` սույն կարգի 4-րդ կետով հաշվարկված վարձավճարով:

10. Քաղաքական կուսակցություններին, հասարակական և բարեգործական միություններին տարածքները ուղղակի եղանակով վարձակալության տրամադրելու համար հիմք է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցված լինելը հաստատող փաստաթղթի պատճեն և նախարարությանն ուղղված գրավոր դիմումի առկայությունը: Բյուջետային հիմնարկներին տարածքները ուղղակի եղանակով վարձակալության տրամադրելու համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության որոշման առկայությունը:

11. Իրավաբանական անձանց (բացի սույն կարգի 9-րդ կետով սահմանված իրավաբանական անձանցից) և քաղաքացիներին տարածքները ուղղակի եղանակով վարձակալության կարող են տրամադրվել, եթե տվյալ իրավաբանական անձը կամ քաղաքացին բավարարում են սույն պայմաններից առնվազն երկուսին`

ա) այդ անձանց գործունեությունը և տվյալ շենքում տեղակայված ինստիտուտի գործունեությունը համապատասխանում են,

բ) տվյալ անձը պատրաստ է վճարել սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված վարձավճարներից բարձր վարձավճար,

գ) տվյալ անձը պատրաստ է միանգամից վճարել առնվազն եռամսյակի համար հաշվարկված վարձավճարը.

դ) տվյալ տարածքը վարձակալելու դեպքում կբացվեն նոր աշխատատեղեր:

(11-րդ կետը փոփ. 21.07.00 N 86-Հ)

12. Տարածքները ուղղակի եղանակով սույն կարգի 10-րդ կետով սահմանված անձանց վարձակալության տրամադրելու համար հիմք է հանդիսանում դրանց հիմնադիր կամ անձը հաստատող փաստաթղթերի և նախարարությանն ուղղված գրավոր դիմումի առկայությունը: Դիմումի հետ ներկայացվում է նաև տեղեկանք տարածքի օգտագործման նպատակների, վարձակալական վճարի (որը պատրաստ է վճարել դիմողը), աշխատողների թվաքանակի և այն ժամկետի մասին, որոնց համար վարձակալական վճարները դիմողը պատրաստ է մուծել միանգամից:

13. Սույն կարգի 11-րդ կետի համաձայն ներկայացված առաջարկությունները, որպես առանձին դրույթներ մտցվում են վարձակալական պայմանագրի մեջ և ենթակա են կատարման` պայմանագրով սահմանված կարգով:

14. Նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի տարածքները մրցութային եղանակով վարձակալության հանձնելու դեպքում մրցույթը կազմակերպվում է առաջնորդվելով ՀՀ կառավարության 29.10.1998 թ. «Մրցույթով (այդ թվում միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 669 որոշմամբ սահմանված կարգով:

15. Մրցույթի հաղթողին որոշելու նպատակով, մրցութային հանձնաժողովի կողմից, առաջադրվում են հետևյալ պայմանները.

ա) վարձավճարի նվազագույն չափը.

բ) ներդրումների նվազագույն չափը,

գ) վարձակալության նվազագույն ժամկետը:

16. Մրցույթի հաղթողին որոշելու նպատակով որպես պայման կարող են առաջադրվել նաև աշխատողների թվաքանակը և սոցիալական երաշխիքները:

17. Նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի տարածքները մրցութային եղանակով վարձակալության հանձնելու դեպքում վարձակալական վճարը չի կարող նվազել սույն կարգի 4-րդ կետով հաշվարկված գումարից:

18. Նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի տարածքները աճուրդով վարձակալության հանձնելու դեպքում աճուրդը կազմակերպվում է առաջնորդվելով ՀՀ կառավարության 25.06.98 թ. «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 387 որոշմամբ սահմանված կարգով:

19. Նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի տարածքները աճուրդային եղանակով վարձակալության հանձնելու դեպքում որպես վարձակալական վճարի մեկնարկային գին ընդունվում է սույն կարգի 4-րդ կետով հաշվարկված գումարի չափը:

20. Նախարարության և վարձակալի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և նրանց միջև կնքված վարձակալական պայմանագրով:

(կարգը փոփ. 21.07.00 N 86-Հ)

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 մայիսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 114990072