Գլխավոր տեղեկություն
Համար
N 22
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

21 մայիսի 2015 թվականի N 22

 

35. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 21 -ի նիստի N -22
արձանագրային որոշման

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության (գնաճի հաշվետվության) մասին

 

2014 թվականի ընթացքում նպատակադրվել էր իրականացնել ընդլայնող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններ, ինչը և այդ ուղղությամբ էլ ընթացել է մինչև տարեվերջ՝ որոշակի ճշգրտումներով: Այսպես, արտաքին հատվածում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում սպասվածից ավելի գնանկումային զարգացումների և ՀՀ արժութային շուկայում տարեվերջին ստեղծված փոխարժեքային ճնշումների ներքո ՀՀ ԿԲ-ն վերանայեց դրամավարկային քաղաքականության ուղղությունը և կիրառվելիք միջոցառումները:

2014 թվականի համար ՀՀ ԿԲ կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը դրսևորվեց ազդեցության երկու տարբեր ուղղություններով, նախ` ընդլայնող, ապա` զսպող: Նախ այն ուղղված էր խթանելու տնտեսական ակտիվությունը և որոշակիորեն ընդլայնելու տարվա սկզբում ձևավորված թույլ գնաճային միջավայրը, այնուհետև՝ ներքին և արտաքին տնտեսական զարգացումների ներքո 2014 թվականի տարեվերջին արտարժութային հոսքերի կտրուկ նվազման և ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությամբ պայմանավորված դրամը արժեզրկվեց և ձևավորվեցին փոխարժեքային ճնշումներ, ինչով էլ պայմանավորված դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմինը կիրառեց զսպող գործիքակազմ՝ ֆինանսական կայունության հասնելու համար:

Այսպես, 2014 թվականի մինչև չորրորդ եռամսյակ, ձևավորված մակրոտնտեսական միջավայրին համապատասխան, ՀՀ ԿԲ-ն վարել է ընդլայնող դրամավարկային քաղաքականություն` թուլացնելով և մեղմելով դրամավարկային պայմանները, համախառն պահանջարկի ընդլայնմանը և գնաճի տեմպերի վերականգնմանը նպաստելու համար (իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 1 տոկոսային կետով): Սակայն, տարեվերջին ՀՀ ԿԲ-ն ճշգրտել է դրամավարկային քաղաքականության ուղղությունները և միջոցառումներն ուղղված են եղել ֆինանսական և արժութային շուկաներում ձևավորված լարվածության մեղմմանը, ինչով էլ պայմանավորված խստացվել են դրամավարկային պայմանները: Մասնավորապես նոյեմբերի վերջից բարձրացվեց լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը (8.25-ից` 21.0%), և դեկտեմբերի կեսից բարձրացվեց արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորման (12-ից` 24%):

Միաժամանակ, 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության (գնաճի հաշվետվության) որոշ բաժինների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը:

Գնաճի հաշվետվության մեջ 2014 թվականի չորրորդ եռամսյակի համար նշվում է, որ «ձևավորվեց դրական ՀՆԱ ճեղքվածք՝ նպաստելով գնաճի տեմպերի ակնկալվածից արագ վերականգնմանը»: Սակայն, 2014 թվականի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճի տեմպը ավելի ցածր է եղել, քան երրորդ եռամսյակում: Մասնավորապես, ՀՆԱ-ի իրական աճի տեմպը երրորդ եռամսյակում եղել է 5.3 տոկոս, չորրորդում՝ 2.6 տոկոս, ընդ որում մեծածախ ու մանրածախ առևտրի իրական աճը եղել է 2 տոկոս, իսկ չորրորդ եռամսյակում կազմել է 1.2 տոկոս: Այստեղից հետևում է, որ գնաճին նպաստել է ոչ թե ՀՆԱ-ի դրական ճեղքվածքը, այլ տնտեսական այլ գործոններ:

2014 թվականի ցուցանիշները կանխատեսված են գնահատականների հիման վրա, սակայն ՀՀ ԱՎԾ-ի կողմից փաստացի տվյալներն արդեն իսկ հրապարակված են, ինչով էլ պայմանավորված առկա են փաստացի տվյալներից շեղումներ (դրամավարկային ծրագրի պատրաստումը և հրապարակումը եղել է ավելի վաղ, քան որոշ մակրոտնտեսական ցուցանիշների մասով):

Մասնավորապես, գնաճի հաշվետվությունում նշվում է, որ 2014 թվականի տնտեսական աճը կգտնվի 3.2-3.5%-ի սահմաններում, երբ համաձայն ԱՎԾ տվյալների, 2014 թվականի տնտեսակայն աճը փաստացի կազմել է 3.4% կամ նշվում է, որ ըստ ԿԲ գնահատումների ՀՆԱ-ի դեֆլյատորը կազմում է 103.5%, երբ համաձայն ԱՎԾ տվյալների, 2014 թվականի ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը փաստացի կազմել է 102.4%: Իսկ 2014 թվականի արդյունքներով հարկային եկամուտները կազմել են 1,064,118.4 մլն. դրամ, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` 23.50%, փաստաթղթում նշված 23.4%-ի փոխարեն: