ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հունվարի 2023 թ. |
N 68-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 02629813) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով հետևյալ փաստական հանգամանքները.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 08.11.2022թ-ի թիվ 0000004 ՎԽ հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում 04.01.2023թ-ին կազմված ՎԽ No 0000004 ակտի համաձայն «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) կատարել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների խախտումներ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023թ. հունվարի 05-ի թիվ /6-3/744-2023 ծանուցմամբ (Ընկերության կողմից ստացվել է 10.01.2023թ-ին) Ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Արձանագրված խախտումների վերաբերյալ Ընկերության կողմից առարկություններ չեն ներկայացվել:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար Ընկերության նկատմամբ կիրառել տուգանք` երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված պահանջը իննսունչորս դեպքով խախտելու համար Ընկերության նկատմամբ կիրառել տուգանք` ինը միլիոն չորս հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
3. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024162 հաշվեհամարին:
4. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո` ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |