Գլխավոր տեղեկություն
Համար
N 420-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2022-05.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.10.2022
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
07.10.2022
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 հոկտեմբերի 2022 թ.

N 420-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և 5-րդ մասը, ինչպես նաև Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 28-Լ որոշումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերը` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի 2022 թվականի

հոկտեմբերի 7-ի թիվ 420-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

Աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման

 

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

 

1. Աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերը (այսուհետ՝ Կարգ) կարգավորում են «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցների (այսուհետ՝ մասնագիտացված կառույց) կողմից՝ իրենց անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման (այսուհետ՝ արտաքին գնահատում) հետ կապված հարաբերությունները:

2. «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով նախատեսված դեպքերում Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի (այսուհետ՝ Հանրային վերահսկողության խորհուրդ) կողմից իրականացվող արտաքին գնահատումն անցկացվում է սույն Կարգի համաձայն:

3. Սույն Կարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) Փորձագետ` «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով սահմանված աուդիտորական գործունեության ոլորտում մասնագիտական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ, որը ներգրավված է արտաքին գնահատման գործընթացում.

2) Վերահսկող՝ արտաքին գնահատում իրականացնող աշխատանքային խմբի անդամ, որն ուղղակիորեն իրականացնում է արտաքին գնահատումը.

3) Գլխավոր վերահսկող՝ արտաքին գնահատում իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար: Վերահսկողների և գլխավոր վերահսկողի պարտականությունները և նրանց նկատմամբ որակավորման պահանջները ներկայացված են Կարգի 6-րդ Բաժնում:

4․ Արտաքին գնահատման նպատակը աուդիտորական կազմակերպության և (կամ) աուդիտորի կողմից «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի, Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների և Պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագրքի (այսուհետ՝ աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրություն) պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն է:

5․ Արտաքին գնահատումները լինում են պլանային և ոչ պլանային: Պլանային արտաքին գնահատումները պետք է իրականացվեն ոչ հաճախ, քան տարին մեկ, և ոչ ուշ, քան երեք տարին մեկ: Ոչ պլանային արտաքին գնահատումների իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ մասնագիտացված կառույցի կամ Հանրային վերահսկողության խորհրդի ստացած տեղեկությունները, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների սեփական նախաձեռնությունը:

6․ Արտաքին գնահատման արդյունքներով մասնագիտացված կառույցն իր անդամների նկատմամբ կիրառում է հետևյալ կարգապահական պատասխանատվության միջոցները.

1) նախազգուշացում,

2) տուգանք,

3) մասնագիտացված կառույցին անդամակցության կասեցում,

4) աուդիտորի որակավորման չեղարկում,

5) մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցում:

 

Բաժին 2. Արտաքին գնահատման հիմնական սկզբունքները

 

7. Արտաքին գնահատման հիմնական սկզբունքներն են.

1) մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում գրանցված բոլոր աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների նկատմամբ արտաքին գնահատման իրականացում,

2) արտաքին գնահատման անկախություն, որը ներառում է մասնագիտացված կառույցի և արտաքին գնահատումն իրականացնելու նպատակով վերջինիս կողմից ներգրավված անձանց անկախությունն արտաքին գնահատման ենթարկվող աուդիտորական կազմակերպություններից և աուդիտորներից, մասնավորապես՝ արտաքին գնահատման գործընթացի կազմակերպման, իրականացման, ֆինանսավորման, արտաքին գնահատման աշխատանքային խմբի անդամների ընտրության, արտաքին գնահատման արդյունքների հիման վրա որոշումների կայացման և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման հարցերում,

3) մասնագիտացված կառույցի՝ անհրաժեշտ ֆինանսական, նյութական և աշխատանքային ռեսուրսներով ապահովվածություն,

4) արտաքին գնահատման աշխատանքային խմբի անդամների ընտրության ընթացակարգերի թափանցիկություն,

5) արտաքին գնահատման արդյունքների հրապարակայնություն։

8. Արտաքին գնահատում կազմակերպելիս մասնագիտացված կառույցը պետք է ապահովի.

1) աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների պարբերական արտաքին գնահատումը,

2) աշխատանքային խմբի անդամների իրավունքների, պարտականությունների ու լիազորությունների սահմանումը՝ արտաքին գնահատում կազմակերպելիս և իրականացնելիս,

3) աշխատանքային խմբի անդամների և արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների (աուդիտորների) միջև «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված փոխկապակցվածության կանխումը, տեղեկատվության գաղտնիության պահպանումը,

4) աուդիտորական կազմակերպություններին և աուդիտորներին արտաքին գնահատման արդյունքների մասին տեղեկացումը,

5) աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից՝ արտաքին գնահատման արդյունքներով հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման գործողությունների՝ ժամանակին և ամբողջական կատարման նկատմամբ հսկողությունը,

6) աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների նկատմամբ արտաքին գնահատման արդյունքների հիման վրա Օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառումը,

7) արտաքին գնահատման ընդհանուր իրավիճակի և արդյունքների մասին տարեկան հաշվետվության պատրաստումը, որը տեղեկատվություն է պարունակում իրականացված արտաքին գնահատումների քանակի, արտաքին գնահատման ընտրանքի ձևավորման, արտաքին գնահատումների արդյունքների հիման վրա ներկայացված առաջարկությունների և դրանց կատարման աստիճանի, աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցների, արտաքին գնահատումների հետ կապված համեմատական տեղեկատվության, թերությունների բացահայտման և դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունների մասին,

8) արտաքին գնահատման ընդհանուր իրավիճակի և արդյունքների մասին տարեկան հաշվետվության հրապարակումը մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքում:

 

Բաժին 3. Արտաքին գնահատման գործընթացի նկարագրությունը

 

9. Պլանային արտաքին գնահատումն իրականացվում է մասնագիտացված կառույցի կողմից հաստատված և Հանրային վերահսկողության խորհրդի կողմից համաձայնեցված` առաջիկա տարվա ընթացքում արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկի և արտաքին գնահատում իրականացնելու տարեկան ժամանակացույցի (այսուհետ՝ Տարեկան ժամանակացույց) համաձայն, որը հրապարակվում է մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան արտաքին գնահատման տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

10. Տարեկան ժամանակացույցով յուրաքանչյուր արտաքին գնահատման համար սահմանվում է արտաքին գնահատման մեկնարկի ամսաթիվը:

11. Պլանային արտաքին գնահատման իրականացման առաջին երեք տարիների ընթացքում արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպություններն ընտրվում են պատահականության սկզբունքով՝ պահպանելով սույն Կարգի 5-րդ կետով նախատեսված պահանջները և սահմանափակումները, իսկ այդ ժամանակահատվածից հետո՝ ընտրությունը կատարվում է ռիսկերի վրա հիմնված մոտեցմամբ:

12. Ռիսկերի վրա հիմնված մոտեցումը ներառում է արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպության ընտրություն՝ հիմնված կազմակերպության կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հետ կապված ռիսկերի գործոնների վերլուծության վրա: Գործոններից յուրաքանչյուրի տեսակարար կշիռը սահմանվում և, անհրաժեշտության դեպքում, վերանայվում և օգտագործվում է բացառապես Տարեկան ժամանակացույցը կազմելիս: Աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հետ կապված ռիսկերի գնահատման մասին տեղեկատվությունը գաղտնի է, և հրապարակման դեպքում կիրառվում են աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ: Ռիսկերի գործոնները, որոնք պետք է հաշվի առնվեն, ներառում են, սակայն չեն սահմանափակվում ստորև թվարկվածներով.

1) նախորդ 3 տարիների ընթացքում հանրային հետաքրքրություն ներկայացնող և խոշոր կազմակերպություններում իրականացված աուդիտների քանակը,

2) նախորդ 3 տարիների ընթացքում իրականացված աուդիտների ընդհանուր քանակը,

3) նախկին արտաքին գնահատումների արդյունքները,

4) նախորդ տարվա համեմատությամբ աուդիտորական ծառայությունների մատուցումից հասույթի և (կամ) իրականացված աուդիտների քանակի ավելի քան 20 տոկոս աճ,

5) նախորդ տարվա համեմատությամբ իրականացված աուդիտների քանակի և աուդիտորական կազմակերպությունում աշխատող աուդիտորների թվաքանակի հարաբերակցության ավելի քան 20 տոկոս աճ,

6) նախորդ տարվա համեմատությամբ իրականացված աուդիտի քանակի աճի տեմպի նշանակալի գերազանցումը աուդիտորական ծառայությունների մատուցումից ստացված հասույթների աճի տեմպի նկատմամբ,

7) աուդիտորական կազմակերպության ղեկավարության հաճախակի փոփոխություն, անձնակազմի բարձր հոսունություն,

8) աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտորական ծառայությունների մատուցում տնտեսության այն ճյուղերի կազմակերպություններին, որտեղ աուդիտորական կազմակերպությունը նախկինում աուդիտորական ծառայությունների մատուցման փորձ չի ունեցել,

9) վերջին տասներկու ամիսների ընթացքում աուդիտորական կազմակերպության կողմից թույլ տրված հնարավոր խախտումների վերաբերյալ բողոքների և այլ տեղեկատվության առկայությունը։

13. Տարեկան ժամանակացույցը հաշվի է առնում նաև մասնագիտացված կառույցի՝ ռեսուրսներով (աշխատանքային, նյութական և ֆինանսական) ապահովվածության աստիճանը, արտաքին գնահատումների ակնկալվող տևողությունը, աշխատանքային խմբի անդամների ծանրաբեռնվածության համարժեքությունը և պահուստային ժամանակի առկայությունը՝ ոչ պլանային արտաքին գնահատումներ իրականացնելու նպատակով:

14. Ոչ պլանային արտաքին գնահատումը նշանակվում է մասնագիտացված կառույցի որոշմամբ։

15. Ոչ պլանային արտաքին գնահատումների համար նախատեսվում է մասնագիտացված կառույցի Տարեկան ժամանակացույցի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների 10%-ը:

16. Ոչ պլանային արտաքին գնահատում իրականացնելու ընթացակարգերը նույնական են պլանային արտաքին գնահատում անցկացնելու ընթացակարգերի հետ:

17. Յուրաքանչյուր աուդիտորական կազմակերպությունում արտաքին գնահատման տևողությունը պլանավորվում է մի շարք գործոնների համակցության հիման վրա, ներառյալ՝ աուդիտորական եզրակացությունները ստորագրած աուդիտորների թիվը, աուդիտորական կազմակերպության հաճախորդների քանակը և տեսակները, աուդիտորական կազմակերպության կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հետ կապված ռիսկերի վերաբերյալ մասնագիտացված կառույցում առկա տեղեկատվությունը:

18. Արտաքին գնահատումը նշանակվում է մասնագիտացված կառույցի որոշմամբ, և արտաքին գնահատման մեկնարկից առնվազն 30 օրացուցային օր առաջ արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությանը մասնագիտացված կառույցի կողմից ուղարկվում է էլեկտրոնային ծանուցում՝ հետևյալ բովանդակությամբ.

1) արտաքին գնահատում նշանակելու հիմքը,

2) տվյալներ աշխատանքային խմբի անդամների մասին, որոնք պետք է իրականացնեն արտաքին գնահատումը,

3) փաստաթղթերի ցանկը, որոնք էլեկտրոնային ծանուցումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացվեն աշխատանքային խմբին,

4) արտաքին գնահատման գործընթացի համառոտ նկարագիրը։

19. Արտաքին գնահատումն իրականացնում է 1 գլխավոր վերահսկողից և առնվազն 1 վերահսկողից բաղկացած աշխատանքային խումբը:

20. Աշխատանքային խմբի անդամները պետք է ունենան սույն Կարգով սահմանված որակավորում, տեխնիկական կարողություններ և փորձառություն:

21. Աշխատանքային խմբի անդամ կարող է լինել նաև փորձագետը:

22. Փորձագետը կարող է ներգրավվել արտաքին գնահատման իրականացման ցանկացած փուլում:

23. Աշխատանքային խմբի անդամները պարտավոր են արտաքին գնահատում իրականացնելիս ապահովել մասնագիտական էթիկական վարքագիծ, պահպանել անկախության, օբյեկտիվության, մասնագիտական կոմպետենտության և գաղտնիության սկզբունքները:

24. Արտաքին գնահատումն իրականացվում է՝ Աղյուսակ 1-ում ներկայացված գնահատման և պատասխանատվության ենթարկելու փաստաթղթաշրջանառության գործընթացի համաձայն:

25. Արտաքին գնահատման մեթոդաբանությունը մասնագիտացված կառույցի մտավոր սեփականությունը հանդիսացող, շարունակական լրամշակման և կատարելագործման ենթակա գաղտնի փաստաթուղթ է:

 

Բաժին 4. Արտաքին գնահատման գործընթացի փուլերը

 

26․ Արտաքին գնահատման գործընթացը բաղկացած է հետևյալ փուլերից.

1) արտաքին գնահատման պլանավորում և կազմակերպում,

2) արտաքին գնահատման անցկացում և միջանկյալ արդյունքների պատրաստում,

3) միջանկյալ արդյունքների քննարկում աուդիտորական կազմակերպության հետ,

4) արտաքին գնահատման վերջնական արդյունքները ներառող հաշվետվության հաստատում,

5) արտաքին գնահատման արդյունքներով ներկայացված առաջարկությունների կատարման նկատմամբ մշտադիտարկում։

 

Գլուխ 4.1. Արտաքին գնահատման պլանավորում և կազմակերպում

 

27. Առաջին փուլում որոշվում է աշխատանքային խմբի կազմը (բացառությամբ փորձագետի՝ հաշվի առնելով սույն Կարգի 22-րդ կետի դրույթները), արտաքին գնահատման մեկնարկի ամսաթիվը, ստուգման ենթակա հարցերը, ընթացակարգերի նախնական ժամանակացույցը։

28. Աշխատանքային խումբը նախնական պլանավորում է իր աշխատանքը՝ հիմնվելով աուդիտորական կազմակերպության վերաբերյալ մասնագիտացված կառույցում առկա, ինչպես նաև արտաքին աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա:

29. Արտաքին գնահատման աշխատանքային ծրագիրը պետք է ներառի առնվազն մեկ իրականացված աուդիտորական առաջադրանք աուդիտորական կազմակերպության յուրաքանչյուր գործընկերոջ (աուդիտորական եզրակացությունը ստորագրած աուդիտոր) գծով:

30. Արտաքին գնահատման ենթակա աուդիտորական առաջադրանքներ ընտրելիս աշխատանքային խումբը կիրառում է հետևյալ չափանիշները.

1) վերջին 18 ամսվա ընթացքում իրականացված աուդիտորական առաջադրանքներ,

2) առնվազն մեկ աուդիտորական առաջադրանք, որի նկատմամբ աուդիտորական կազմակերպության կողմից իրականացվել է որակի հսկողության մշտադիտարկում,

3) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների աուդիտորական առաջադրանքներ,

4) բարձր ռիսկային կազմակերպությունների աուդիտորական առաջադրանքներ, ինչպիսիք են որոշակի ոլորտներ ներկայացնող կամ առանձնակի ուշադրություն գրավող իրավիճակներում հայտնված կազմակերպությունները:

31. Արտաքին գնահատման աշխատանքային ծրագիրը վերջնականացվում է՝ ներառելով արտաքին գնահատման ընթացքում ուսումնասիրման ենթակա հարցերի ցանկը:

32. Արտաքին գնահատման աշխատանքային ծրագիրը պետք է կազմված լինի այնպես, որ հնարավոր լինի հաստատել, որ.

1) աուդիտորական կազմակերպությունն ունի աուդիտի որակի հսկողության ներքին համակարգ,

2) աուդիտորական կազմակերպությունը կատարում է աուդիտի որակի ներքին հսկողության պահանջները,

3) աուդիտորական կազմակերպությունը և տվյալ կազմակերպությունում աշխատող աուդիտորներն ապահովում են աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջները։

 

Գլուխ 4.2. Արտաքին գնահատման անցկացում և միջանկյալ արդյունքների պատրաստում

 

33․ Աուդիտորական կազմակերպության որակի հսկողության համակարգի համապատասխանությունը աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջներին ստուգվում է տեղեկատվության և փաստաթղթերի հավաքագրման և վերլուծության միջոցով։

34․ Արտաքին գնահատման աշխատանքներն իրականացվում են երկու ուղղություններով.

1) աուդիտի որակի հսկողության քաղաքականության և ընթացակարգերի ներդրման գնահատում աուդիտորական կազմակերպության մակարդակով,

2) աուդիտի որակի հսկողության քաղաքականության և ընթացակարգերի գնահատում աուդիտորական առաջադրանքների մակարդակով։

35. Նշված երկու ուղղություններով արտաքին գնահատման արդյունքները պետք է պատշաճ կերպով փաստաթղթավորվեն:

36. Աուդիտորական կազմակերպությունն աշխատանքային խմբի համար ապահովում է աշխատավայր, պայմաններ փաստաթղթերի պահպանման համար, ծառայողական հաղորդակցության միջոցներից օգտվելու հնարավորություն, էլեկտրոնային տվյալների շտեմարաններին, համակարգերին և ծրագրային ապահովումներին հասանելիություն, որոնք օգտագործվում են աուդիտորական կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ավտոմատացման համար, ինչպես նաև արտաքին գնահատման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և նյութեր: Արտաքին գնահատման աշխատանքային խմբի պահանջով աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է հնգօրյա ժամկետում տրամադրել արտաքին գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ օտարալեզու փաստաթղթերի հայերեն թարգմանված տարբերակները։

37․ Աուդիտորական կազմակերպության մակարդակով աուդիտի որակի հսկողության համակարգի կառավարման գնահատումը ներառում է ստորև նշված վեց հիմնական տարրերի համապատասխանության և փաստաթղթավորման գնահատումը, մասնավորապես.

1) աուդիտորական կազմակերպությունում որակի համար ղեկավարության պատասխանատվությունը,

2) համապատասխան էթիկական պահանջները,

3) հաճախորդների հետ հարաբերությունների ապահովումն ու պահպանումը, հաճախորդի ընդունումն ու շարունակականությունը,

4) մարդկային ռեսուրսները,

5) աուդիտորական առաջադրանքի կատարողականը,

6) որակի ներքին հսկողությունը։

38․ Աշխատանքային խումբը պետք է հավաստիանա, որ բավարար աշխատանք է կատարվել՝ եզրակացնելու, որ աուդիտորական կազմակերպության որակի հսկողության համակարգն ամբողջությամբ վերցրած համապատասխանում է աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջներին: Սա նվազագույնը ներառում է․

1) աուդիտորական կազմակերպության կողմից ինքնուրույն իրականացված ներքին մշտադիտարկման գործընթացի ստուգումը, ինչպես նաև մշտադիտարկման գործընթացում կատարված մեկնաբանությունների, պահանջների, խախտումների և գործողությունների ուսումնասիրությունը,

2) շարունակական մասնագիտական զարգացման հետ կապված աուդիտորական կազմակերպության փաստաթղթավորման ստուգումը,

3) ստուգում, թե ինչպես է աուդիտորական կազմակերպությունն ապահովում, որ աուդիտորական եզրակացությունը ստորագրող աուդիտորները և աուդիտորական աշխատանքներում ներգրավված բոլոր այլ անձինք համապատասխանեն անկախության, համապատասխանության, պատշաճ վարքագծի և գաղտնիության բոլոր պահանջներին:

39. Որակի հսկողության համակարգի ընդհանուր վերանայումից հետո լրացուցիչ աշխատանք կարող է պահանջվել՝ բացահայտելու և հասկանալու աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջներին անհամապատասխանության նշանակալի դեպքերի հիմնական պատճառները:

40․ Աուդիտորական առաջադրանքների մակարդակով աուդիտի որակի հսկողության քաղաքականությունն ու ընթացակարգերը գնահատելու համար աշխատանքային խումբը ստուգում է առանձին վերցրած աուդիտորական առաջադրանքների աշխատանքային փաստաթղթերի՝ աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանությունը, ինչպես նաև այդ առաջադրանքների իրականացման ընթացքում կատարված աուդիտորական աշխատանքի որակը:

41․ Առանձին վերցրած աուդիտորական առաջադրանքի աշխատանքային փաստաթղթերի ստուգումն այդ աուդիտորական առաջադրանքի համար աուդիտորական կազմակերպության կողմից իրականացված որակի ներքին հսկողության միջոցառումների արդյունքների համեմատությունն է արտաքին գնահատման աշխատանքային խմբի կողմից ստացված արդյունքների և աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների հետ:

42․ Արտաքին գնահատում իրականացնելիս պետք է ձեռք բերվեն գնահատման արդյունքները հաստատող ապացույցներ, ներառյալ՝ աուդիտորական կազմակերպության որակի ներքին հսկողության համակարգի նկարագրությունը, աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը, արտաքին գնահատման ընթացքում իրականացված հսկողական ընթացակարգերի արդյունքները, աուդիտորական կազմակերպության ղեկավարության գրավոր հայտարարությունները, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված փաստաթղթերն ու տեղեկությունները: Հավաքագրված տեղեկատվությունը և փաստաթղթերը պահպանվում են մասնագիտացված կառույցի կողմից սահմանված էլեկտրոնային ֆայլում:

43․ Աուդիտորական կազմակերպության հետ աշխատանքային խմբի բոլոր հանդիպումների արձանագրությունները կազմվում են աշխատանքային խմբի անդամի կողմից, որտեղ առնվազն նշվում է․

1) հանդիպման վայրը, ամսաթիվը և ժամը,

2) տեղեկություններ մասնակիցների մասին,

3) քննարկման առարկան,

4) մասնակիցների դիրքորոշումները,

5) կատարված դիտողությունները և առաջարկությունները:

 

Գլուխ 4.3. Միջանկյալ արդյունքների քննարկում աուդիտորական կազմակերպության հետ

 

44. Արտաքին գնահատման երրորդ փուլը գնահատման գործընթացի ավարտին աշխատանքային խմբի եզրափակիչ հանդիպումն է աուդիտորական կազմակերպության հետ: Աշխատանքային խումբը պետք է պատրաստի բոլոր աշխատանքային փաստաթղթերը և արտաքին գնահատման կարծիքը: Եզրափակիչ հանդիպումը պետք է անցկացվի արտաքին գնահատման ավարտից հետո 15 օրացուցային օրվա ընթացքում: Եզրափակիչ հանդիպման հիմնական նպատակն է աուդիտորական կազմակերպությանը ծանոթացնել մասնագիտացված կառույցի եզրակացության և կիրառվելիք կարգապահական պատասխանատվության միջոցների (եթե այդպիսիք կան) մասին, որոնք հանդիպումից առնվազն 5 օրացուցային օր առաջ պետք է ներկայացվեն աուդիտորական կազմակերպությանը:

45. Կարծիքը պետք ներառի աուդիտորական կազմակերպության և նրա աուդիտորական գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հստակ սահմանի աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջներին բոլոր անհամապատասխանությունները, ներառյալ՝ խախտումների հիմնական պատճառները և ցանկացած այլ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են ձեռնարկված կարգապահական պատասխանատվության միջոցներին։ Եզրափակիչ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի պատասխանները աուդիտորական կազմակերպությունը պետք է ներկայացնի հանդիպման օրվանից հետո 5 օրացուցային օրվա ընթացքում:

46. Եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել տեսակոնֆերանսի միջոցով՝ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառմամբ: Հանդիպման մասնակիցների համաձայնությամբ կարող է իրականացվել արտաքին գնահատման ակնկալվող արդյունքների քննարկման ձայնագրություն:

 

Գլուխ 4.4. Արտաքին գնահատման վերջնական արդյունքները ներառող հաշվետվության հաստատում

 

47. Արտաքին գնահատման վերջնական փաստաթուղթը արտաքին գնահատման հաշվետվությունն է: Հաշվետվությունը կազմելիս պետք է ապահովվի ներկայացման օբյեկտիվությունը, վավերականությունը և հետևողականությունը:

48. Հաշվետվության վերջնական նախագիծը պետք է կազմվի և հաստատվի գլխավոր վերահսկողի կողմից եզրափակիչ հանդիպման ավարտից հետո 15 օրացուցային օրվա ընթացքում:

49. Գլխավոր վերահսկողը եզրափակիչ հանդիպման ավարտից հետո 15 օրացուցային օրվա ընթացքում հաշվետվության վերջնական նախագիծն ուղարկում է Մասնագիտացված կառույցին և աուդիտորական կազմակերպությանը, որը կարող է 5 օրացուցային օրվա ընթացքում նախագծի վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել: Մասնագիտացված կառույցը արտաքին գնահատման վերջնական հաշվետվության հիման վրա կայացնում է կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ որոշումներ՝ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն հաստատված կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգի համաձայն: Աուդիտորական կազմակերպությունը հաշվետվությամբ արձանագրված խախտումների և թերությունների շտկման գործողությունների և այդ գործողությունների կատարման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն պետք է ներկայացնի մասնագիտացված կառույցին՝ արտաքին գնահատման վերջնական հաշվետվությունը ստանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում:

50. Աուդիտորական կազմակերպության և աուդիտորի կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման արդյունքներով տրվում է հետևյալ գնահատականներից մեկը՝ «1», «2», «3», «4», «5» կամ «6»: Գնահատականը որոշվում է Աղյուսակ 2-ով և 3-ով սահմանված մոտեցումների հիման վրա:

51. Արտաքին գնահատման արդյունքներով տրված գնահատականները հրապարակվում են մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում:

 

Գլուխ 4.5. Արտաքին գնահատման արդյունքներով ներկայացված առաջարկությունների կատարման նկատմամբ մշտադիտարկում

 

52․ Աշխատանքային խումբը մշտադիտարկում է արտաքին գնահատման հաշվետվությամբ ներկայացված առաջարկությունների կատարումը՝ արտաքին գնահատման հաշվետվությամբ որոշված ժամանակահատվածում:

 

Բաժին 5. Աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները

 

53․ Օրենքի 28-րդ և 29-րդ հոդվածների համաձայն՝ արտաքին գնահատման արդյունքներով տրված գնահատականների հիման վրա կիրառվում են կարգապահական պատասխանատվության հետևյալ միջոցները.

1) «1» գնահատական՝ ոչ էական խախտումներ կամ խախտումներ առկա չեն,

2) «2» գնահատական՝ նախազգուշացում՝ Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն,

3) «3» գնահատական՝ տուգանք՝ Օրենքի 31-րդ հոդվածի համաձայն,

4) «4» գնահատական՝ մասնագիտացված կառույցին անդամակցության կասեցում՝ Օրենքի 32-րդ հոդվածի համաձայն,

5) «5» գնահատական՝ աուդիտորի որակավորման չեղարկում՝ Օրենքի 33-րդ հոդվածի համաձայն,

6) «6» գնահատական՝ մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցում՝ Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն։

54․ Արտաքին գնահատման արդյունքներով տրված «1» գնահատականի դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում։

 

Բաժին 6. Վերահսկողների և գլխավոր վերահսկողի պարտականությունները և նրանց նկատմամբ որակավորման պահանջները

 

55. Վերահսկողների և գլխավոր վերահսկողի պարտականություններն են.

1) աուդիտորական աշխատանքային փաստաթղթերի ստուգում` գնահատելու աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության համապատասխանությունը աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջներին,

2) աուդիտորական կազմակերպությունների որակի հսկողության համակարգերի և աուդիտի որակի վրա դրանց ազդեցության գնահատում,

3) աուդիտորական կազմակերպության անձնակազմի հետ հանդիպումներ և հարցազրույցներ՝

ա. հասկանալու կազմակերպության որակի հսկողության համակարգերը,

բ. հասկանալու աուդիտորական առաջադրանքների նկատմամբ կազմակերպության մոտեցումը, և

գ. բացահայտելու թերություններ և առաջարկելու բարելավումներ,

4) տեղեկությունների հավաքագրում և կոմպիլյացիա` բացահայտված թերությունները հիմնավորելու համար,

5) տեխնիկական հարցերի շուրջ ուսումնասիրություններ և խորհրդակցություն մասնագիտացված կառույցի ներկայացուցիչների հետ,

6) արտաքին գնահատման արդյունքների փոխանցում աուդիտորական կազմակերպության անձնակազմին՝ հանդիպումների միջոցով,

7) արտաքին գնահատման հաշվետվության պատրաստում,

8) մասնակցություն ծրագրերին, որոնք ուղղված են արտաքին գնահատման համակարգի արդյունավետության բարձրացմանը,

9) մասնակցություն վերապատրաստման դասընթացների ծրագրերի մշակմանը։

56. Վերահսկողները և գլխավոր վերահսկողները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

1) ունենան բակալավրի կրթական աստիճան հետևյալ ոլորտներում՝ տնտեսագիտություն, բիզնեսի կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում.

2) ունենան վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (ավագ մասնագետի մակարդակից ոչ պակաս) հետևյալ ոլորտներում՝

ա. արտաքին աուդիտ (պարտադիր),

բ. հանրային հատվածի աուդիտ (նախընտրելի),

գ. ներքին աուդիտ և վերահսկողություն (նախընտրելի),

դ. ֆինանսական հաշվետվողականություն և ներքին վերահսկողություն (նախընտրելի),

ե. որակի հսկողություն (նախընտրելի).

3) ունենան հետևյալ որակավորումներից որևէ մեկը.

ա. Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) անդամակցության վկայական, կամ

բ. Որակավորված հանրային հաշվապահների ամերիկյան ինստիտուտի (AICPA) անդամակցության վկայական, կամ

գ. Աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված աուդիտորի վկայական:

4) տիրապետեն MS Office ծրագրերի (Word, Excel, Outlook, PowerPoint), հաշվապահական ծրագրերի.

5) տիրապետեն հայերենի և անգլերենի (նախընտրելի է առնվազն B2 մակարդակ).

6) ունենան ինքնուրույն և որպես թիմի անդամ աշխատելու կարողություն, ինչպես նաև գրավոր և բանավոր հաղորդակցման ուժեղ հմտություններ:

 

Աղյուսակ 1. Գնահատման և պատասխանատվության ենթարկելու փաստաթղթաշրջանառության գործընթաց

 

N

Փուլ

Գործո-ղություն/ փաստա-թուղթ

Պատ-րաստող

Վերանայող

Ստորագրող

Հասցեատեր

Պայմաններ

1

Արտաքին գնահատում

Արտաքին գնահատում նշանակելու մասին որոշում

Վերահսկող

Գլխավոր վերահսկող

Մասնա-գիտացված կառույցի համա-պատասխան հանձնա-ժողով

Աուդիտորական կազմակերպություն

Արտաքին գնահատման մեկնարկից 30 օրացուցային օր առաջ

2

Տեղե-կատվություն ներկայացնելու պահանջի նամակ

Վերահսկող

Գլխավոր վերահսկող

Գլխավոր վերահսկող

Աուդիտորական կազմակերպություն

Որոշման հետ մեկտեղ

3

Արտաքին գնահատման հաշվետ-վության նախնական նախագիծ

Վերահսկող

Գլխավոր վերահսկող

Գլխավոր վերահսկող

Աուդիտորական կազմակերպություն

Որոշումից հետո ոչ ավելի, քան 30 օրացուցային օր

4

Բացա-հայտումների վավերացում

Եզրափակիչ հանդիպում աուդիտորական կազմակերպության և արտաքին գնահատման աշխատանքային խմբի միջև

Արտաքին գնահատման ավարտից հետո 15 օրացուցային օր

5

Աուդի-տորական կազմա-կերպության արձագանքը եզրափակիչ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերին

Աուդիտո-րական կազմակեր-պություն

Աուդի-տորական կազմա-կերպություն

Աուդիտո-րական կազմակեր-պության ղեկավար

Գլխավոր վերահսկող

Եզրափակիչ հանդիպումից հետո 5 օրացուցային օր

6

Արտաքին գնահատման հաշվետ-վության վերջնական նախագիծ

Վերահսկող

Գլխավոր վերահսկող

Գլխավոր վերահսկող

Մասնագիտացված կառույցի համապատասխան հանձնաժողով /
Աուդիտորական կազմակերպություն

Եզրափակիչ հանդիպումից հետո 15 օրացուցային օր

7

Աուդի-տորական կազմա-կերպության արձագանքը արտաքին գնահատման հաշվետ-վության վերջնական նախագծի վերաբերյալ

Աուդիտո-րական կազմակեր-պություն

Աուդի-տորական կազմա-կերպություն

Աուդիտորա-կան կազմակեր-պության ղեկավար

Գլխավոր վերահսկող

Արտաքին գնահատման հաշվետվության վերջնական նախագիծը ստանալուց հետո 5 օրացուցային օր

8

Արտաքին գնահատման հաշվետվության վերջնական նախագծի քննարկում արտաքին գնահատման աշխատանքային խմբի և Մասնագիտացված կառույցի համապատասխան հանձնաժողովի միջև (կարող են մասնակցել նաև արտաքին գնահատման ենթարկվող աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները)

Եզրափակիչ հանդիպումից հետո 25 օրացուցային օր

9

Արտաքին գնահատման հաշվետ-վության կազմում

Արտաքին գնահատման վերջնական հաշվետ-վություն

Վերահսկող

Իրավաբան/
Գլխավոր վերահսկող

Գլխավոր վերահսկող

Մասնագիտացված կառույցի համապատասխան հանձնաժողով /
Աուդիտորական կազմակերպություն

Եզրափակիչ հանդիպումից հետո 30 օրացուցային օր

Աղյուսակ 2. Գնահատման և պատասխանատվության միջոցների կիրառման սխեմա. բացահայտումների սահմանումը

 

N

Բացահայտման տեսակը

Նկարագիր

Օրինակներ

1

Տագնապալի

Աուդիտի ձախողման, սխալ վարքագծի կամ աուդիտորի խարդախության հստակ ապացույց

Աուդիտորական աշխատանք չի կատարվել, անկախության և էթիկայի պահանջների կոպիտ խախտումներ, հաճախորդի կեղծ հաշվետվությունների մեջ ներգրավվածություն, փաստաթղթերի կեղծում

2

Նշանակալի

Սրանք բացահայտումներ են, որոնք չլուծվելու դեպքում կհանգեցնեն կամ շատ հնարավոր է հանգեցնեն աուդիտի ձախողման: Սրանք առաջնահերթություններ են, որոնց պետք է անդրադառնա աուդիտորը:

Ֆինանսական հաշվետվությունների էական հոդված(ներ)ի վերաբերյալ ապացույցների բացակայություն կամ անբավարար աուդիտորական ընթացակարգեր, էական փաստաթղթերի բացակայություն, ոչ պատշաճ պլանավորում և ռիսկի հայտնաբերում, որը, պատշաճ կերպով կատարվելու դեպքում, կարող էր հանգեցնել այլ տեսակի աուդիտորական եզրակացության

3

Որոշակիորեն նշանակալի

Այս տեսակի բացահայտումները կարող են նշանակալի լինել, եթե ինչ-որ արտասովոր իրավիճակ լինի: Հաճախ այս տեսակի բացահայտումները հիմնված են «ինչ կլիներ, եթե» սցենարների վրա:

Ֆինանսական հաշվետվությունների նվազ էական հոդված(ներ)ի կամ բացահայտման(ների) հետ կապված ապացույցների բացակայություն կամ անբավարար աուդիտորական ընթացակարգեր, փաստաթղթերի բացակայություն, ռիսկի որոշակի հայտնաբերում, որը, պատշաճ կերպով կատարվելու դեպքում, չէր կարող հանգեցնել այլ տեսակի աուդիտորական եզրակացության

4

Ոչ նշանակալի

Սրանք հաճախ ոչ նշանակալի բացահայտումներ են, որոնք նշվում են աուդիտորական կազմակերպությանը իրազեկելու նպատակով և հեշտ լուծելի են

Ֆինանսական հաշվետվությունների ոչ էական հոդված(ներ)ի հետ կապված ապացույցների բացակայություն, ոչ նշանակալի փաստաթղթերի բացակայություն, որոնց առկայության դեպքում աուդիտորական եզրակացությունը չէր փոխվի։

Աղյուսակ 3. Բացահայտումների քանակի հիման վրա կարգապահական պատասխանատվության միջոցների սահմանում

 

N

Գնահատական

Կարգապահական պատասխանատվության միջոց

Ծանոթա-գրություն

Բացահայտումների թիվն ու նշանակալիությունը

Մասնագիտացված կառույցի կարգապահական հանձնաժողովի ներգրավվածությունը

1

1

Ոչ մի գործողություն չի պահանջվում

 

ոչ նշանակալի 10

Ոչ

2

2

Նախազգուշացում

Կարող է պահանջվել թերությունների վերացում

ոչ նշանակալի >= 10, կամ
որոշակիորեն նշանակալի < 10, կամ
նշանակալի < 5

Ոչ

3

3

Տուգանք

500 հազար դրամ.
Պահանջվում է թերությունների վերացում

որոշակիորեն նշանակալի >= 10, կամ
5=<նշանակալի <10, կամ
Նախորդ արտաքին գնահատման արդյունքներով բացահայտված թերությունների վերացմանն ուղղված գործողություններ առկա չեն

Ոչ

4

4

Մասնագիտացված կառույցին անդամակցության կասեցում

Մինչև 6 ամիս.
Պահանջվում է թերությունների վերացում

նշանակալի >=10, կամ
Նախորդ արտաքին գնահատման արդյունքներով բացահայտված թերությունների վերացմանն ուղղված գործողություններ առկա չեն

Այո

5

5

Որակավորման չեղարկում

 

տագնապալի>=1

Այո

6

6

Մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցում

տագնապալի>=1

Այո

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2022 թվական: