Գլխավոր տեղեկություն
Համար
N 59-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.02.01/3(546) Հոդ.33
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.12.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016028

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 դեկտեմբերի 2015 թ.

N 59-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

(հրամանը խմբ. 09.11.22 N 76-Ն)

«ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N – 3.1.1-030-2015 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 09.11.22 N 76-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հեպատիտներ Բ-ի, Ց-ի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N – 3.1.1-030-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թվականի դեկտեմբերի 23-ի

թիվ 59-Ն հրամանի

«ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N-3.1.1-030-2015 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ՝ սանիտարական կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, որոնք իրականացնում են հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի հայտնաբերումը և բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն):

2. Սույն սանիտարական կանոնները սահմանում են բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց (այսուհետ` պացիենտ) շրջանում հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի հայտնաբերմանը, ախտորոշմանը, հաշվառմանը և հաղորդմանը, պացիենտների հոսպիտալացմանը և դուրս գրմանը, շարունակական (դիսպանսեր) հսկողությանը, հեպատիտներ Բ-ով, Ց-ով անձի հետ շփված անձանց (այսուհետ` կոնտակտավոր) բժշկական հսկողությանը, լաբորատոր հետազոտությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջները:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

 

3. Հեպատիտներ Բ-ի, Ց-ի հայտնաբերումն իրականացվում է բժշկական կազմակերպության բուժաշխատողների կողմից:

4. Բժշկական կազմակերպությունում հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով.

1) արյան դոնորները հետազոտվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի N 12-Ն հրամանի,

2) սերմնահեղուկի դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 907-Ն որոշմամբ սահմանված կարգով,

3) ոսկրածուծի, հյուսվածքների, օրգանների դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 54-Ն և 2019 թվականի փետրվարի 1-ի N 05-Ն հրամանների համաձայն,

4) սույն սանիտարական կանոնների Ձև 1-ով և Ձև 2-ով հաստատված նպատակային քանակակազմը ենթարկվում է պարտադիր լաբորատոր հետազոտման արագ թեստով և/կամ իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ՝ ԻՖԱ) մեթոդով:

5. Հեպատիտներ Բ-ի և Ց-ի դեպք հայտնաբերելիս բուժաշխատողը համաճարակաբանական ցուցանիշների վերաբերյալ գրանցումներ է կատարում պացիենտի բժշկական փաստաթղթերում և/կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:

6. Հեպատիտ Բ-ի, Ց-ի լաբորատոր ախտորոշումն իրականացվում է արագ թեստով և/կամ ԻՖԱ մեթոդով, մոլեկուլյար-կենսաբանական մեթոդով՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայով (ՊՇՌ)՝ այն բժշկական կազմակերպություններում և լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում «այսուհետ՝ լաբորատորիա», որոնք ունեն գործունեության նման տեսակ իրականացնելու համապատասխան լիցենզիա:

7. Արագ թեստով կամ ԻՖԱ մեթոդով կատարված հետազոտությունների հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի դրական արդյունքներով հղիների արյան նմուշներն ուղեգրվում են Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» (այսուհետ՝ ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղ՝ ԻՖԱ մեթոդով ախտորոշումը հաստատելու համար՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 31-ի N 1154-Ա հրամանի:

8. Յուրաքանչյուր լաբորատոր հետազոտություն իրականացնելու դեպքում լաբորատորիայի կողմից տրվող փաստաթղթում նշվում է թեստի անվանումը:

9. Սուր և քրոնիկ հեպատիտներ Բ-ի և Ց-ի կլինիկական ախտորոշումը դրվում է՝ համաձայն սույն սանիտարական կանոնների գլուխ 3-ով և 4-ով սահմանված հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքի ստանդարտ բնորոշումների:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ

 

10. Սուր հեպատիտ Բ-ի կլինիկական չափանիշներ՝ առանձին հիվանդության սուր սկիզբ սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) և/կամ կենսաքիմիական (ալանին ամինատրանսֆերազների [ԱԼՏ] մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում են նորմայի վերին սահմանը):

11. Սուր հեպատիտ Բ-ի լաբորատոր չափանիշ՝ իմունագլոբուլին Մ հակամարմիններ հեպատիտ Բ-ի վիրուսի կորիզային հակածնի նկատմամբ՝ anti-HBc IgM (այսուհետ՝ իմունագլոբուլին Մ հակա-ՀԲկ):

12. Համաճարակաբանական չափանիշ՝ հետևյալներից առնվազն մեկը.

1) հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ շփում,

2) արյան և արյան պատրաստուկների փոխներարկում,

3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ,

4) չպաշտպանված սեռական հարաբերություններ,

5) ներարկային թմրամիջոցների գործածում,

6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:

13. Դեպքի դասակարգում.

1) սուր հեպատիտ Բ՝

ա. կասկածելի` կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք,

բ. հավանական` կլինիկական չափանիշներով ցանկացած անձ, համաճարակա-բանական վերհուշում հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալների առկայություն ՀԲմ հակածնի հայտնաբերումից առաջ՝ 6 ամսվա ընթացքում,

գ. հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

2) քրոնիկ հեպատիտ Բ՝

ա. կասկածելի՝ արյան մեջ ՀԲմ հակածնի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Բ-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար),

բ. հավանական՝ կասկածելի դեպք, որի համաճարակաբանական վերհուշում առկա են հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ,

գ. հաստատված՝ կասկածելի դեպք, ՀԲմ հակածնի երկու դրական թեստերի արդյունքներով՝ առնվազն 6 ամիս տարբերությամբ, ալանինամինատրանսֆերազի (այսուհետ՝ ԱԼՏ) մակարդակի մշտական կամ պարբերական բարձրացում, արյան շիճուկում ՀԲՎ ԴՆԹ-ի մակարդակը՝ ≥2000 ՄՄ/մլ:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ

 

14. Սուր հեպատիտ Ց-ի կլինիկական չափանիշներ՝ առանձին հիվանդության սուր սկիզբ սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) և/կամ կենսաքիմիական (ալանին ամինատրանսֆերազների [ԱԼՏ] մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում են նորմայի վերին սահմանը):

15. Սուր հեպատիտ Ց-ի լաբորատոր չափանիշ՝ հետևյալներից առնվազն մեկը.

1) հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների՝ HCV (այսուհետ՝ հակա-ՀՑՎ) սերոկոնվերսիա,

2) հեպատիտ Ց-ի վիրուսի նուկլեինաթթվի՝ HCV RNA (այսուհետ՝ ՀՑՎ ՌՆԹ) հայտնաբերում հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների՝ հակա-ՀՑՎ բացակայության պարագայում,

3) դրական հակա-ՀՑՎ և բացասական հակա-HAV IgM, հակա-HBc IgM և հակա-HEV IgM-ի:

16. Համաճարակաբանական չափանիշ՝ հետևյալներից առնվազն մեկը.

1) շփում հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ,

2) արյան փոխներարկում,

3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ,

4) չպաշտպանված սեռական հարաբերություններ,

5) ներարկային թմրամիջոցների գործածում,

6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:

17. Դեպքի դասակարգում.

1) սուր հեպատիտ Ց՝

ա. կասկածելի` կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք,

բ. հավանական` կլինիկական չափանիշներով ցանկացած անձ, համաճարակաբանական վերհուշում հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալների առկայություն հակա-ՀՑՎ-ի հայտնաբերումից առաջ՝ 6 ամսվա ընթացքում,

գ. հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

2) քրոնիկ հեպատիտ Ց՝

ա. կասկածելի՝ արյան մեջ հակա-ՀՑՎ-ի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Ց-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար),

բ. հավանական՝ կասկածելի դեպք, որի համաճարակաբանական վերհուշում առկա են հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ,

գ. հաստատված՝ հավանական դեպք, որի արյան շիճուկում ՀՑՎ ՌՆԹ-ի կամ հեպատիտ Ց վիրուսի կորիզային հակածնի՝ HCV-coreAg առկայություն (այսուհետ՝ ՀՑՎ-կ հակածին), առանց սուր հեպատիտի նշանների:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ԴԵՊՔԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Հեպատիտներ Բ-ով, Ց-ով, ինչպես նաև՝ այն պացիենտները (այդ թվում լյարդի ցիռոզով և լյարդի առաջնային քաղցկեղով), որոնց մոտ հայտնաբերվել է ՀԲմ հակածին կամ հակա-ՀՑՎ, ենթակա են հաշվառման (գրանցման):

19. Սանիտարական կանոնների 18-րդ կետում ներկայացված դեպքերի (այսուհետ՝ դեպքեր) հայտնաբերումը, հաղորդումը, հաշվառումը և հաշվետվությունը իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:

20. Բժշկական կազմակերպությունում յուրաքանչյուր դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով հաստատված «Վարակիչ հիվանդությունների հաշվառման մատյանում»:

21. Դեպքերի հաշվառման, ինչպես նաև՝ դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը:

22. Բժշկական կազմակերպության կողմից ախտորոշումը փոխելու կամ հաստատելու դեպքում, անմիջապես (ըստ տեղակայման վայրի) ուղարկվում է նոր շտապ հաղորդում` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված (հաստատված) ախտորոշման ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:

23. Հեպատիտ Ց-ով և ՀԲմ հակածնի նկատմամբ դրական մայրերից ծնված երեխաների մասին տվյալները ծննդատնից հաղորդվում են երեխայի հաշվառման առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն` հետագա հետազոտությունները սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի և Ձև 2-ի համաձայն կազմակերպելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 6. ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

24. Բժշկական կազմակերպության բժիշկները սուր հեպատիտներ Բ-ով կամ Ց-ով պացիենտ հայտնաբերելիս հեռախոսով հայտնում են արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություն՝ կոնտակտավորների հաշվառում, հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի տևողությամբ հսկողություն կազմակերպելու և, անհրաժեշտության դեպքում, լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Վերջիններիս վերաբերյալ տվյալները գրանցվում են ամբուլատոր բժշկական քարտում և/կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:

25. Բժշկական կազմակերպությունում վտանգավոր բժշկական թափոնների անվտանգ գործածությունը և աշխատանքի ընթացքում պատահական ծակոցների ընթացակարգն ապահովվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն և 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանների պահանջների:

26. Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում ստացիոնար բուժման ընթացքում հեպատիտ Բ-ի կամ Ց-ի ստանդարտ բնորոշումներին համապատասխան ախտանշաններով պացիենտ հայտնաբերելիս ապահովվում է վարակաբանի խորհրդատվություն՝ ախտորոշման և բուժման նպատակով:

27. Հաստատված սուր հեպատիտ Բ և Ց ախտորոշմամբ պացիենտները հոսպիտալացվում են հիվանդանոցային պայմաններում վարակիչ հիվանդությունների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում:

28. Սուր հեպատիտ Բ-ով պացիենտի կոնտակտավորների նկատմամբ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի և/կամ վարակաբանի կողմից իրականացվում է հսկողություն 6 ամիս ժամկետով: Երկու ամիսը մեկ անգամ իրականացվում է լաբորատոր հետազոտություն՝ ՀԲմ հակածնի որոշման համար: Հետազոտությունների արդյունքները գրանցվում են պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում և/կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:

29. Հեպատիտ Բ-ի, Ց-ի ներհիվանդանոցային վարակի կանխարգելման նպատակով իրականացվում են`

1) ստացիոնար բուժման համար դիմող անձանց և բուժաշխատողների լաբորատոր հետազոտություններ հեպատիտ Բ-ի նկատմամբ` սահմանված ժամկետներում` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի,

2) բուժանձնակազմի և պացիենտի արյան լաբորատոր հետազոտություններ հեպատիտ Ց-ի դրոշմների նկատմամբ՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի և Ձև 3-ի,

3) հեպատիտներ Բ-ի, Ց-ի յուրաքանչյուր դեպք հայտնաբերելիս՝ համաճարակաբանական հետազոտություն, հնարավոր վարակի աղբյուրի հայտնաբերում և կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների ժամանակին կազմակերպում և իրականացում,

4) բուժանձնակազմի շրջանում մասնագիտական վարակման կանխարգելում.

ա. կենսաբանական գործոններից բուժանձնակազմի պաշտպանություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի N 3354-Ա հրամանի պահանջների,

բ. բժշկական կազմակերպությունում բուժաշխատողների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննությունների գործընթացի ապահովում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման պահանջների,

գ. աշխատանքի ընթացքում բուժանձնակազմի լորձաթաղանթի և մաշկի հետ պացիենտի կենսաբանական հեղուկների և արյան շփման ժամանակ հեպատիտ Բ-ի արտակարգ կանխարգելում (հեպատիտ Բ-ի իմունագլոբուլինի ներարկում առաջին 24 ժամվա ընթացքում), իսկ հետագայում նաև մասնահատուկ (սպեցիֆիկ) կանխարգելում (պատվաստում արագ սխեմայով) համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի հավելվածի Ձև 15-ի,

դ. բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների համաճարակաբանական հսկողություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 3847-Լ հրամանի պահանջների,

ե. վարակի հսկողության ծրագրի մշակում և ներդրում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հունվարի 4-ի N 2117-Ա հրամանի պահանջների:

30. Դոնորական արյուն վերցնելիս բժշկական կազմակերպությունում ապահովվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 7-ի N 06-Ն հրամանի պահանջները:

31. Սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ով կամ Ց-ով պացիենտների հոսպիտալացումը, դուրս գրումն իրականացվում է կլինիկական չափանիշներով:

32. Բժշկական կազմակերպությունում բուժաշխատողն ապահովում է պացիենտներին խորհրդատվության տրամադրումը` հեպատիտ Բ-ի, Ց-ի փոխանցման ուղիների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, անվտանգ վարքագծի վերաբերյալ և վերջինիս մասին կատարում գրառումներ հիվանդության պատմագրի մեջ կամ պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:

33. Պացիենտի ապաքինումից հետո նրա՝ աշխատանքին / ուսմանը վերադառնալու ժամկետը որոշվում է բուժող բժշկի կողմից՝ ելնելով պացիենտի բուժումից հետո կատարված կլինիկա-լաբորատոր հետազոտությունների արդյունքներից և աշխատանքի / ուսման բնույթից:

34. Դոնորական արյան և դրա բաղադրիչների, դոնորական օրգանների և հյուսվածքների անվտանգությունը հաստատվում է արյան միջոցով փոխանցվող վարակների հարուցիչների առկայության, այդ թվում՝ հեպատիտ Բ-ի, Ց-ի նկատմամբ դոնորական նյութի յուրաքանչյուր վերցման ժամանակ դոնորի արյան նմուշների լաբորատոր հետազոտության բացասական արդյունքների հիման վրա:

35. Արգելվում է արյան փոխներարկումային միջոցների և արյան պատրաստուկների ներարկումը մեկ փաթեթից մեկից ավելի պացիենտի:

36. Դոնորական արյան և դրա բաղադրիչների, օրգանների և հյուսվածքների նախապատրաստում, վերամշակում, պահպանում և անվտանգության ապահովում իրականացնող անձնակազմը ենթակա է ՀԲմ հակածնի և հակա-ՀՑՎ-ի նկատմամբ հետազոտության՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի և Ձև 3-ի:

37. Իմունաանբավարարությամբ (ուռուցքաբանական պացիենտները, հեմոդիալիզ ստացողները, իմունաճնշիչ դեղորայք ստացողները) անձանց մոտ, ինչպես նաև սուր հեպատիտ Ց-ի վաղ շրջանում (վարակվելուց հետո մինչև 12 շաբաթը) հակա-ՀՑՎ-ն կարող է բացակայել: Պացիենտների տվյալ խմբերում հեպատիտ Ց-ի ախտորոշումը իրականացվում է հակա-ՀՑՎ-ի և ՀՑՎ ՌՆԹ-ի միաժամանակյա հայտնաբերման միջոցով՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:

38. Հղիներին արյան շիճուկում (պլազմայում) հակա-ՀՑՎ-ի նկատմամբ հետազոտություն կատարում են (հաշվառման դեպքում) առաջին և երրորդ եռամսյակում: Հակա-ՀՑՎ հայտնաբերելիս հղին ուղեգրվում է վարակաբանի խորհրդատվության:

39. Եթե հղիության առաջին եռամսյակում լաբորատոր հետազոտության ժամանակ հակա-ՀՑՎ-ն կյանքի ընթացքում առաջին անգամ է հայտնաբերվում, սակայն ՀՑՎ ՌՆԹ չի հայտնաբերվում, ապա հաջորդ հետազոտությունը այս դրոշմի նկատմամբ իրականացվում է երրորդ եռամսյակում:

40. Մորից երեխային փոխանցվող հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 31-ի N 1154-Ա հրամանի:

41. Բժշկական կազմակերպություններում բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման գործընթացները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի պահանջների:

 

ԳԼՈՒԽ 7. ՀԵՊԱՏԻՏ Բ-ՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

42. Սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ով բոլոր հիվանդացածների նկատմամբ իրականացվում է շարունակական հսկողություն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են:

43. Շարունակական հսկողության ընթացքում առաջին զննությունն իրականացվում է ստացիոնարից դուրս գրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամիս անց: Եթե պացիենտը դուրս է գրվել ԱԼՏ-ի և ԱՍՏ-ի (ասպարտատ ամինատրանսֆերազների) նշանակալի բարձր արդյունքներով, ապա հսկողական զննումն անցկացվում է դուրս գրվելուց հետո 10-14-րդ օրը:

44. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածները վերադառնում են իրենց աշխատանքային գործունեությանը և ուսմանը՝ դուրս գրվելուց հետո ոչ շուտ, քան մեկ ամիս անց՝ նորմալ լաբորատոր ցուցանիշների դեպքում: Նրանք ազատվում են ծանր ֆիզիկական աշխատանքից և սպորտային պարապմունքներից առնվազն 6-12 ամիս:

45. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածների նկատմամբ իրականացվում է շարունակական հսկողություն 6-12 ամիս ժամկետով: Կլինիկական զննումը, կենսաքիմիական, շճաբանական և վիրուսաբանական թեստերն իրականացվում են ստացիոնարից դուրս գրվելուց հետո 1-ին, 3-րդ և 6-րդ ամիսներին: Հիվանդության կլինիկական ախտանշանների առկայության և/կամ լաբորատոր ցուցանիշների շեղումների դեպքում պացիենտի շարունակական հսկողությունը երկարաձգվում է:

46. Քրոնիկ ՀԲՎ վարակով անձինք գտնվում են շարունակական հսկողության ներքո, մինչև ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության բացասական արդյունքների ստացումը: Հետազոտությունների ծավալը որոշվում է բժիշկ-վարակաբանի կամ ընտանեկան բժշկի կողմից՝ կախված դրոշմների հայտնաբերումից, սակայն ոչ ուշ, քան 6 ամիսը 1 անգամ:

47. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ով մորից ծնված երեխան ենթակա է մանկաբույժի և վարակաբանի կողմից շարունակական հսկողության այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նա հաշվառված է, ԱԼՏ ֆերմենտի ակտիվության որոշման և ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի:

 

ԳԼՈՒԽ 8. ՀԵՊԱՏԻՏ Ց-ՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

48. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտները և այն անձինք, ում մոտ հայտնաբերվել է հակա-ՀՑՎ (ՀՑՎ-ի ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), ենթակա են պարտադիր շարունակական հսկողության բժիշկ-վարակաբանի մոտ այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են:

49. Սուր հեպատիտ Ց-ով պացիենտները հիվանդության բացահայտումից 6 ամիս անց ենթարկվում են կլինիկական զննման և լաբորատոր հետազոտության՝ ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության: Այս անձանց մոտ ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության դեպքում նրանք համարվում են քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտներ և ենթակա են շարունակական հսկողության: ՀՑՎ ՌՆԹ (կամ ՀՑՎ-կ հակածնի նկատմամբ) բացասական անձինք ենթակա են կրկնակի լաբորատոր հետազոտության՝ ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության 12 և 24 շաբաթ անց:

50. Քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտների և այն անձանց, ում մոտ սկրինինգի ժամանակ հայտնաբերվել են հակա-ՀՑՎ (ՀՑՎ ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), շարունակական հսկողությունն իրականացվում է 6 ամիսը մեկ անգամ՝ համալիր կլինիկա-լաբորատոր հետազոտություններով՝ ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտությամբ:

51. Հակա-ՀՑՎ-ի առկայությամբ անձինք, ում մոտ բացակայում է ՀՑՎ ՌՆԹ-ի շարժընթացն առնվազն 2 տարի, համարվում են հեպատիտ Ց-ի ռեկոնվալեսցենտներ և հանվում են շարունակական հսկողությունից:

52. Հեպատիտ Ց-ով մորից ծնված երեխան բժշկական կազմակերպությունում ենթակա է դիսպանսեր հսկողության՝ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության հակա-ՀՑՎ-ի և ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ:

53. Հեպատիտ Ց-ով մորից ծնված երեխան կյանքի առաջին տարում հետազոտվում է ՀՑՎ ՌՆԹ-ի նկատմամբ, կյանքի 18-րդ ամսում կամ դրանից հետո՝ հակա-ՀՑՎ-ի նկատմամբ: Հակա-ՀՑՎ դրական երեխան հետազոտվում է ՀՑՎ ՌՆԹ-ի նկատմամբ 3 տարեկանից հետո՝ քրոնիկ հեպատիտ Ց ախտորոշումը հաստատելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 9. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

 

54. Բնակչության բժշկահիգիենիկ կրթությունը և առողջ ապրելակերպի քարոզչությունն ընդգրկում է հեպատիտներ Բ-ով և Ց-ով վարակման ուղիների, գործոնների, մեխանիզմների, ախտորոշման մեթոդների, ժամանակին հետազոտության, ժամանակին բուժման, շարունակական դիտարկման հարցերը:

55. Բնակչության բժշկահիգիենիկ կրթությունը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացնում է բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը՝ պացիենտներին խորհրդատվություն տրամադրելիս, այդ մասին կատարելով գրառումներ հիվանդության պատմագրի մեջ կամ պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:

 

Ձև 1

 

ՔԱՆԱԿԱԿԱԶՄ

ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ՎԻՐՈՒՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՀԱԿԱԾՆԻ (HBSAg) ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ

 

N

Քանակակազմեր

Հետազոտության ժամանակաշրջան

1.

Դոնորներ

Յուրաքանչյուր արյունատվության ժամանակ

2.

Հղիներ

Հղիության I, III եռամսյակում

3.

Արյան և դրա բաղադրիչների ռեցիպիենտներ

Հեպատիտ Բ-ի կասկածի ժամանակ և վերջին փոխներարկումից հետո 6 ամսվա ընթացքում

4.

Սուր (հղիության III եռամսյակում) և քրոնիկ հեպատիտ Բ-ով հիվանդ, ինչպես նաև ՀԲմ հակածնի նկատմամբ դրական մայրերից ծնված երեխաներ

Ծնվելուց հետո մինչև 12 ժամվա ընթացքում, անկախ քաշից, ստանում են հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում և հեպատիտ Բ-ի իմունագլոբուլին՝ տարբեր վերջույթներին: 9-12 ամսականում իրականացվում է հետազոտություն ՀԲմ հակածնի և հակամարմինների նկատմամբ: Եթե հեպատիտ Բ-ի պատվաստումները կատարվել են ուշացումով, ապա հետազոտությունն իրականացվում է վերջին դեղաչափից 1-2 ամիս հետո

5.

Դոնորական արյան և դրա բաղադրիչների, օրգանների և հյուսվածքների նախապատրաստում, վերամշակում, պահպանում և անվտանգության ապահովում իրականացնող անձնակազմը

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ, լրացուցիչ՝ համաճարակաբանական ցուցումով

6.

Մանկաբարձագինեկոլոգիական, 18 տարեկանից ցածր անձանց բժշկական օգնություն և սպասարկում, ստոմատոլոգիական, վիրաբուժական, մաշկավեներաբանական, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հոգեբուժական, շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, ինֆեկցիոն, այդ թվում՝ հակատուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների, կաբինետների), վերակենդանացման, հեմոդիալիզի բաժանմունքների, ախտորոշիչ լաբորատորիաների, մանրէազերծման բաժանմունքների, արյան հավաքագրման և փոխներարկման կետերի կամ բաժանմունքների, միջամտություններ իրականացնող կաբինետների՝ միայն միջամտություններ իրականացնող կամ արյան և դրա բաղադրիչների հետ առնչվող անձնակազմը

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ, լրացուցիչ՝ համաճարակաբանական ցուցումով

7.

Հեմոդիալիզի, երիկամների փոխպատվաստման, վերակենդանացման, վիրաբուժական և հեմատոլոգիայի բաժանմունքների պացիենտները

Բաժանմունք ընդունվելիս և հետագայում՝ համաճարակաբանական ցուցումով

8.

Ցանկացած քրոնիկ ախտաբանությամբ պացիենտ (շաքարային դիաբետ, ՄԻԱՎ-վարակ, տուբերկուլոզ, օնկոլոգիա, հոգենևրոլոգիա)

Առաջնային կլինիկա-լաբորատոր հետազոտության ժամանակ և հետագայում՝ ըստ ցուցումների

9.

Լյարդի քրոնիկ ախտահարմամբ կամ դրանց կասկածով պացիենտները (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիրոզ, լյարդի առաջնային քաղցկեղ և հեպատոբիլիար համակարգի այլ քրոնիկ հիվանդություններ)

Առաջնային կլինիկա-լաբորատոր հետազոտության ժամանակ և հետագայում՝ ըստ ցուցումների

10.

Նարկոլոգիական, մաշկա-վեներաբանական դիսպանսերների, կաբինետների և ստացիոնարների պացիենտները (բացառությամբ մաշկային, սնկային և քոս հիվանդությամբ պացիենտների)

Հաշվառման վերցնելիս և հաջորդիվ՝ ոչ պակաս տարին 1 անգամ, լրացուցիչ՝ ըստ ցուցումների

11.

Վիրաբուժական միջամտությունների համար ստացիոնար ընդունված պացիենտները բացառությամբ 0-18 տարեկան ազգաբնակչությունը

Ստացիոնար ընդունվելուց առաջ

12.

Քիմիաթերապիա և իմունասուպրեսիվ թերապիա ստացողները

Թերապիա ստանալուց առաջ

13.

Մանկատան, հատուկ մանկական հաստատությունների երեխաները

Ընդունվելիս և հաջորդիվ` ըստ ցուցումների

14.

Հեպատիտ Բ-ի (սուր և քրոնիկ ձևեր) օջախների կոնտակտավորները` այդ թվում սեռական զուգընկերները

Օջախը հայտնաբերելիս և հաջորդիվ՝
ոչ պակաս տարին 1 անգամ քրոնիկ օջախների համար

Ձև 2

 

ՔԱՆԱԿԱԿԱԶՄ

ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ

(ՀԱԿԱ-ՀՑՎ–Ի) ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՎԻ (ՌՆԹ-Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ

 

 

Քանակակազմ

Հետազոտության ժամանակաշրջան

1.

Արյան (դրա բաղադրամասերի), օրգանների և հյուսվածքների, սերմի դոնորներ

Յուրաքանչյուր արյունատվության ժամանակ կամ յուրաքանչյուր անգամ դոնորական նյութ վերցնելիս

2.

Հեպատիտ Ց-ով վարակված մայրերից ծնված մինչև 12 ամսական երեխաները

2, 6 և 12 ամսականում (2 ամսականում ՀՑՎ ՌՆԹ-ի բացակայության պայմաններում)

3.

Իմունաանբավարարությամբ անձինք (ուռուցքաբանական պացիենտները, հեմոդիալիզ ստացողները, իմունաճնշիչ դեղորայք ստացողները)

Բաժանմունք ընդունվելիս և հետագայում՝ համաճարակաբանական ցուցումով

4.

Լյարդի անհայտ ծագման հիվանդություն ունեցող անձինք

Առաջնային կլինիկա-լաբորատոր հետազոտության ընթացքում

5.

Հեմոդիալիզի, հեմատոլոգիայի և փոխպատվաստումների բաժանմունքների պացիենտները, որոնք բժշկական կազմակերպությունում անընդմեջ անցկացնում են 30 օրից ավելի

Ընդունվելուց 30 օր անց և հաջորդիվ՝ յուրաքանչյուր ամիս

6.

Սուր հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտավորներ՝ այդ թվում սեռական զուգընկերներ

Օջախ արձանագրելիս և հաջորդիվ՝ 30 օրից՝ միանվագ

7.

Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտավորներ՝ սեռական զուգընկերներ

Օջախ արձանագրելիս

Ձև 3

 

ՔԱՆԱԿԱԿԱԶՄ

 

ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՀԱԿԱ-ՀՑՎ–Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ

 

 

Քանակակազմ

Հետազոտության ժամանակաշրջան

1.

Դոնորներ

Յուրաքանչյուր արյունատվության ժամանակ

2.

Հղիներ

Հղիության I և III եռամսյակում

3.

Արյան, դրա բաղադրամասերի, օրգանների և հյուսվածքների ռեցիպիենտներ

Հեպատիտ Ց-ի կասկածի ժամանակ և արյան ու դրա բաղադրամասերի փոխներարկումից, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումից հետո 6 ամսվա ընթացքում

4.

Մանկաբարձագինեկոլոգիական, 18 տարեկանից ցածր անձանց բժշկական օգնություն և սպասարկում, ստոմատոլոգիական, վիրաբուժական, մաշկավեներաբանական, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հոգեբուժական, շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, ինֆեկցիոն, այդ թվում՝ հակատուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների, կաբինետների), վերակենդանացման, հեմոդիալիզի բաժանմունքների, ախտորոշիչ լաբորատորիաների, մանրէազերծման բաժանմունքների, արյան հավաքագրման և փոխներարկման կետերի կամ բաժանմունքների, միջամտություններ իրականացնող կաբինետների՝ միայն միջամտություններ իրականացնող կամ արյան և դրա բաղադրիչների հետ առնչվող անձնակազմը

Աշխատանքի ընդունվելիս և հաջորդիվ՝ տարին 1 անգամ, լրացուցիչ՝ ըստ ցուցումների

5.

Հեմոդիալիզի, երիկամների փոխպատվաստման, վերակենդանացման, վիրաբուժական, արյունաբանական բաժանմունքների պացիենտները

Ընդունվելիս և անհրաժեշտության դեպքում՝ կլինիկական և համաճարակաբանական ցուցումներով

6.

Պացիենտները՝ վիրաբուժական միջամտության ընդունվելիս և քիմիաթերապիա ստանալուց առաջ

Ընդունվելուց կամ բուժման կուրսը սկսելուց առաջ 30 օրից ոչ շուտ՝ ըստ ցուցումների

7.

Քրոնիկ հիվանդություններով պացիենտները, այդ թվում՝ լյարդի քրոնիկ ախտահարմամբ կամ դրանց կասկածով պացիենտները (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիրոզ, լյարդի առաջնային քաղցկեղ և հեպատոբիլիար համակարգի այլ քրոնիկ հիվանդություններ)

Առաջնային կլինիկա-ախտորոշիչ հետազոտության ընթացքում, լրացուցիչ՝ ըստ ցուցումների

8.

Նարկոլոգիական և մաշկավեներական դիսպանսերների, կաբինետների, ստացիոնարների պացիենտները (բացառությամբ մաշկային, սնկային և քոս հիվանդությամբ պացիենտների)

Հաշվառման վերցնելիս և հաջորդիվ՝ տարեկան 1 անգամից ոչ հազվադեպ, լրացուցիչ՝ ըստ ցուցումների

9.

Մանուկների և մեծահասակների շուրջօրյա կեցության վայրերում (մանկատուն, հատուկ դպրոց, դպրոց-ինտերնատ) գտնվողները

Ընդունվելիս և հաջորդիվ` ըստ ցուցումների

10.

Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախներում կոնտակտավորները՝ այդ թվում սեռական զուգընկերները

Տարին 1 անգամից ոչ պակաս, քրոնիկ հեպատիտ Ց-ով անձից բաժանվելուց կամ նրա առողջանալուց (մահվանից) 6 ամիս անց

11.

Անձինք, ովքեր հեպատիտ Ց-ով վարակման ռիսկի քանակակազմում են.
1) ներարկային թմրանյութեր գործածողները և նրանց սեռական զուգընկերները
2) սեռական ծառայություններ մատուցող անձինք և նրանց սեռական զուգընկերները
3) տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդ՝ ՏՍՏ
4) մեկից ավելի սեռական զուգընկեր ունեցող անձինք

Ռիսկի գործոնները հայտնաբերելիս

12.

Քրեակատարողական հիմնարկներում գտնվողները

Քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս, հաջորդիվ՝ ըստ ցուցումների