Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2022-02.09.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.05.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մայիս 2022 թ.

N 30-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33 կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի մայիս «18»-ի N 30-Ն

հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունների կարիք ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունները կազմակերպվում և իրականացվում են հիվանդանոցային` վերականգնողական և վերակենդանացման բժշկական օգնության և սպասարկման տեսակների գործունեության իրականացման լիցենզիա ունեցող բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում, ընդ որում պարտադիր է սույն կետում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացումը` բժշկական կազմակերպության նույն մասնաշենքում:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններից օգտվում են զինվորական ծառայության ընթացքում վնասվածք ստացած կամ հիվանդություն ձեռք բերած և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող այն նախկին զինծառայողները, ովքեր․

1) գտնվում են հետվնասվածքային կոմատոզ վիճակում (վեգետատիվ վիճակ), կամ

2) խիստ արտահայտված ֆունկցիոնալ խանգարումների հետևանքով ունեն՝ ինքնասպասարկման ապահովման (անմիզապահություն և (կամ) անկղապահություն), տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու անկարողություն, այլ անձանցից լիակատար կախվածություն և որոնց համար պահանջվում է մշտական անկողնային ռեժիմ:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններն ընդգրկում են.

1) մասնագիտացված համալիր բուժումը,

2) լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների (այդ թվում դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների) իրականացումը,

3) նեղ մասնագիտական խորհրդատվությունների իրականացումը (բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներով առկա տեսակների կամ խորհրդատվական տեսակի լիցենզիայի շրջանակներում),

4) ամենօրյա ստացիոնար խնամքի ապահովումը,

5) դեղերով ապահովումը, այդ թվում 1 միավորի (ամպուլա, հաբ, ֆլակոն և այլն) արժեքը 15,000 դրամը գերազանցող դեղերով ապահովումը,

6) խնամքի պարագաներով ապահովումը,

7) հարբժշկական ծառայությունների տրամադրումը (կինեզիոլոգիական, էրգոթերապևտիկ, լոգոպեդիկ և այլն),

8) սննդով ապահովումը, այդ թվում պարէնտերալ,

9) արյան և դրա բաղադրամասերի փոխներարկումը:

5. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունները կազմակերպվում են.

1) պացիենտի` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություն տեղափոխման դեպքում՝ համապատասխան էպիկրիզի համաձայն, կամ

2) պացիենտի` տնային պայմաններում գտնվելու դեպքում` առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատության ուղեգրի համաձայն` նախապես համաձայնեցնելով հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպության հետ:

6. Հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություն պացիենտի առաջին անգամ ընդունվելու դեպքում իրականացվում են հետևյալ լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.

1) էլեկտրասրտագրություն,

2) կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն

3) որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն,

4) արյան ընդհանուր քննություն,

5) արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշում,

6) վիրուսաբանական հետազոտություններ՝ հեպատիտ Բ վիրուսի մակերեսային հակածին (HbsAg), հեպատիտ Ց վիրուսի նկատմամբ իմունոգլուբուլին Ջ (HCV-IgG), մարդու իմունադեֆիցիտային վիրուս (HIV 1/2 –Ab),

7) մեզի ընդհանուր քննություն,

8) մեզի մանրէաբանական հետազոտություն,

9) խորխի և վերքի (առկայության դեպքում) մանրէաբանական հետազոտություն:

7. Մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունների կազմակերպման ընթացքում լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են հետևյալ ընթացակարգով.

1) կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն` երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ըստ բժշկական ցուցման,

2) արյան ընդհանուր քննություն` ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ըստ բժշկական ցուցման,

3) մեզի ընդհանուր քննություն` ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ըստ բժշկական ցուցման,

4) էլեկտրոլիտներ` 10 օրը մեկ անգամ, ինչպես նաև ըստ բժշկական ցուցման,

5) կոագուլոգրամմա` 10 օրը մեկ անգամ, ինչպես նաև ըստ բժշկական ցուցման,

6) լաբորատոր և գործիքային ախտորոշիչ այլ հետազոտություններ՝ ըստ բժշկական ցուցման:

8. Այն դեպքում, երբ հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում բացակայում են պացիենտի բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ ծառայությունների (լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, մասնագիտական խորհրդատվություններ և այլն) իրականացման հնարավորություն(ներ)ը, բժշկական կազմակերպությունը դրանք կազմակերպում է այլ բժշկական կազմակերպությունում` պայմանագրային հիմունք(ներ)ով, կատարելով համապատասխան չափով փոխհատուցում պացիենտի բուժման համար պետության կողմից հատկացվող գումարներից:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: