ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2022 թ. |
N 9-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել երկրաբանական ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջները՝ համաձայն հավելվածի
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
Նախարար` |
/Գ. Սանոսյան |
Հավելված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի ապրիլի 13-ի N 9-Ն հրամանի |
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով կազմված ուսումնասիրության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր), ծրագրային փաստաթղթերի (տեքստեր, քարտեզներ, գծագրեր, գծապատկերներ, գրաֆիկներ, աղյուսակներ, լուսանկարներ) բովանդակությանը, կառուցվածքին ու ձևավորմանը ներկայացվող նվազագույն պահանջները:
2. Սույն հավելվածի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելիս ներկայացվող Ծրագրերի վրա:
3. Սույն հավելվածի պահանջները տարածվում են բոլոր այն իրավաբանական անձանց վրա, որոնք սույն որոշման 2-րդ կետում նշված ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման նպատակով կազմում են Ծրագրեր:
4. Ծրագիրը պետք է ներառի`
1) կատարվելիք աշխատանքների նպատակներն ու ենթադրվող ժամկետները.
2) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները և մոտավոր ծավալները.
3) ընդերքի հայցվող տեղամասի ընդհանուր և երկրաբանական նկարագրությունները` երկրաբանական քարտեզով, հատակագիծը` օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ:
5. Ծրագրի անվանումը և բովանդակությունը պետք է համապատասխանեն Ծրագիրն իրականացնողի կողմից ներկայացված երկրաբանական առաջադրանքին և արտացոլեն երկրաբանական ուսումնասիրությունների նպատակը:
6. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրային փաստաթղթերը (այսուհետ՝ Ծրագրային փաստաթղթեր) պետք է շարադրված լինեն դյուրըմբռնելի, ոչ երկիմաստ, հակիրճ, առանց ավելորդ տարրերի և ճշգրիտ, որը հնարավորություն կտա իրականացնելու ծրագրային նյութերի վերլուծությունն առանց հեղինակի մասնակցության:
7. Ծրագրային փաստաթղթերի էջերը պետք է համապատասխանեն Ա4 ձևաչափի թղթին: Աղյուսակները, անհրաժեշտության դեպքում, կարող են ներկայացվել նաև Ա3 ձևաչափով:
8. Ծրագրային փաստաթղթերի էջերը պետք է լինեն տպագրված համակարգչային եղանակով, սպիտակ թղթի մեկ էջի վրա` 1,5 համակարգչային միջտողային հեռավորությամբ: Տպագիր տառերը պետք է լինեն սև, իսկ տառերը, թվերը և այլ նշանները՝ «12» տառաչափով:
9. Ծրագրային փաստաթղթերում հայտնաբերված սխալները, հավելագրերը և գծագրական անճշտությունները կարող են ուղղվել ջնջումով կամ սպիտակ գույնի ներկումով և այդ նույն տեղում ուղղված տարբերակի տեղադրումով: Տեքստային թերթերը չպետք է վնասված լինեն:
10. Ծրագրային փաստաթղթերի էջերն անհրաժեշտ է համարակալել արաբական թվանշաններով, պահպանելով ամբողջ տեքստը համընդգրկող համարակալումը: Ծրագրային փաստաթղթի տիտղոսաթերթը ներառվում է էջերի համարակալման ընդհանուր համակարգում: Տիտղոսաթերթի էջի վրա համարը չի տեղադրվում:
11. Առանձին թերթերում տեղադրված աղյուսակները ընդգրկվում են էջերի ընդհանուր համարակալման մեջ: Ա3 ձևաչափի գծապատկերները և աղյուսակները հաշվառվում են որպես մեկ էջ:
12. Գծագրական նյութերը պետք է լինեն ընթեռնելի և ունենան համապատասխան պայմանական նշաններ։
13. Աղյուսակների անվանումները պետք է տեղադրվեն աղյուսակի վերևի աջ մասում:
14. Աղյուսակները (բացառությամբ հավելվածների աղյուսակների) անհրաժեշտ է համարակալել: Հնարավոր է նաև աղյուսակների համարակալումը բաժինների սահմաններում:
15. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը պետք է պարունակի հետևյալ բաժինները՝
1) տիտղոսաթերթ,
2) երկրաբանական առաջադրանք,
4) բովանդակություն,
5) ներածություն,
6) մեթոդական մաս,
7) արտադրատեխնիկական մաս,
8) աշխատանքների անվտանգություն,
9) օգտագործված սկզբնաղբյուրների ցանկը,
10) ժամանակացույց,
11) հավելվածներ:
16. Ծրագրային փաստաթղթերի տիտղոսաթերթը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
1) ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության անվանումը,
2) ծրագրային փաստաթղթերը մշակողի, կատարող-կազմակերպության անվանումը,
3) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի (օբյեկտի) անվանումը՝ ներառելով Հայաստանի Հանրապետության մարզը, տեղամասի անվանումը և կատարվելիք աշխատանքների ժամանակահատվածը՝ նշելով երկրաբանական ուսումնասիրությունների սկիզբն ու ավարտը,
4) ծրագրային փաստաթղթերի կազմման վայրը և տարեթիվը:
17. Երկրաբանական առաջադրանքը ներառում է՝
1) երկրաբանական ուսումնասիրությունների նպատակը,
2) երկրաբանական ուսումնասիրությունների խնդիրները, աշխատանքների կատարման տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումները,
3) ակնկալվող արդյունքները,
4) երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման ժամկետները:
18. Բովանդակությունը պետք է պարունակի՝ բոլոր բաժինների, մասերի, կետերի անվանումները (եթե դրանք ունեն անվանումներ), օգտագործված սկզբնաղբյուրների ցանկը, հավելվածների անվանումները և էջերը:
19. Ներածությունը պետք է պարունակի երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման անհրաժեշտության և ակնկալվող արդյունքների վերաբերյալ տեղեկություններ:
20. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի մեթոդական մասը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից.
1) ընդհանուր տեղեկություններ,
2) օբյեկտի երկրաբանական ուսումնասիրվածության ընդհանուր բնութագիրը,
3) ծրագրով նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մեթոդիկան և ծավալները,
4) աշխատանքների ակնկալվող արդյունքները:
21. Ընդհանուր տեղեկություններ ենթաբաժնում տրվում է ուսումնասիրվող օբյեկտի աշխարհագրանտնտեսագիտական նկարագիրը և նախատեսվող աշխատանքների կազմակերպումը կանխորոշող այլ տեղեկություններ: Տրվում են ընդերքի տեղամասի չափերը և սահմանները: Սահմանները տրվում են կոորդինատներով` WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգին համապատասխան:
22. Օբյեկտի երկրաբանական ուսումնասիրվածության ընդհանուր բնութագիրը ենթաբաժնում, կախված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի տեսակից և նպատակից, ներկայացվում է՝
1) ընդերքի տեղամասում նախկինում կատարված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների համառոտ ամփոփումը և վերլուծությունը,
2) համառոտ ներկայացվում է ընդերքի տեղամասի շերտագրությունը, տեկտոնական կառուցվածքը, հիդրոերկրաբանությունը, հրաբխականությունը և տվյալներ օգտակար հանածոների վերաբերյալ,
3) այլ տվյալներ, որոնք ազդում են այս կամ այն մեթոդի ընտրության վրա:
23. Ծրագրով նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մեթոդիկան և ծավալները ենթաբաժնում ներկայացվում է.
1) ուսումնասիրության մեթոդիկան, եղանակները, միջոցները և աշխատանքների իրականացման հաջորդականությունն ու ծավալները, որոնք ընտրվում է ելնելով ուսումնասիրվող օբյեկտի բնական պայմաններից և երկրաբանական առանձնահատկություններից,
2) ծրագրով նախատեսված ստորերկրյա, այդ թվում՝ հանքային ջրերի ուսումնասիրման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելիս որոշվում են այն ջրատար հորիզոնները, որոնք պետք է ենթարկվեն նմուշարկման, փորձարկման և մշտադիտարկման,
24. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրի մեթոդական մասում նախատեսվող աշխատանքները ներկայացվում են հետևյալ հերթականությամբ՝
1) երկրաբանական բնույթի աշխատանքներ,
2) հիդրոերկրաբանական աշխատանքներ,
3) ինժեներաերկրաբանական աշխատանքներ,
4) հնէաբանական ուսումնասիրություններ,
5) միներալոգիական ուսումնասիրություններ,
6) երկրաֆիզիկական աշխատանքներ,
7) լեռնային փորվածքների անցկացում,
8) հորատանցքերի հորատում,
9) նմուշարկում,
10) նմուշների լաբորատոր հետազոտություններ,
11) գեոդեզիական և մարկշեյդերական աշխատանքներ,
12) փորձնական հանույթ և տեխնոլոգիական ուսումնասիրություններ,
13) աշխատանոցային աշխատանքներ:
25. Աշխատանքների ակնկալվող արդյունքները բաժնում ներկայացվում է տեղեկություն ծրագրով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների հիմնական արդյունքների վերաբերյալ:
26. Աշխատանքների անվտանգություն բաժնում ներկայացվում են ուսումնասիրության աշխատանքների կատարման ընթացքում իրականացվող անվտանգության միջոցառումները և ձեռնարկվող քայլերը:
27. Աշխատանքային ծրագրի արտադրական մասը պետք է պարունակի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների բոլոր տեսակների իրականացման կազմակերպչական պայմանները, ժամանակի, աշխատանքի և նյութերի ծախսերի հաշվարկները, որոնց ծավալները որոշված են ծրագրի մեթոդական մասում:
28. Ժամանակացույցը ներառում է ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակագրական գրաֆիկն՝ ըստ եռամսյակների:
29. Հաշվի առնելով աշխատանքների իրականացման կազմակերպչական պայմանները և երկրաբանական առաջադրանքի կատարման համար կազմած ժամանակացույցը, ծրագրով պահանջվող ողջ ժամանակահատվածի համար իրականացվում է անհրաժեշտ նյութական և աշխատանքային ռեսուրսների հաշվարկ:
30. Աշխատանքների արժեքը որոշվում է աշխատանքային ծրագրով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ամբողջ ծավալի և ծախսերի համար կազմված և հիմնավորված խոշորացված ամփոփ նախահաշվի հիման վրա՝ հիմք ընդունելով ընթացիկ շուկայական գները, հնարավորության դեպքում՝ նշելով անհրաժեշտ հղումները:
31. Օգտագործած սկզբնաղբյուրների մասին տվյալները պետք է տեղադրել ծրագրային փաստաթղթում հղումների կատարման հերթականությունից ելնելով և համարակալել արաբական թվերով, տպելով պարբերույթով:
32. Ծրագրային փաստաթղթերի հավելվածները ձևավորում են որպես ծրագրային փաստաթղթերի թերթերի շարունակություն կամ թողարկվում են առանձին ինքնուրույն մասի (հատորի) տեսքով: Հավելվածները համարակալվում են: Անհրաժեշտության դեպքում հավելվածը կարող է ունենալ «Բովանդակություն»:
33. Ծրագիրը կազմելիս պահպանվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված պահանջները:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2022 թվական: