Գլխավոր տեղեկություն
Համար
N 83-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.12.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.12.2021
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

07 դեկտեմբերի 2021 թ.

N 83-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 124-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի փետրվարի 24-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունիսի 23-ի N 527-Ն և 2008 թվականի օգոստոսի 7-ի N 646-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 124-Ն հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի 

2021 թվականի դեկտեմբերի 7-ի

թիվ 83-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի 

2011 թվականի փետրվարի 24-ի

թիվ 124-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը:

2. Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ), որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Խորհուրդը ձևավորվում է Հաստատության մանկավարժական կազմի, ուսանողության, հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից առաջադրված ներկայացուցիչներից:

4. Պետական ուսումնական հաստատության հիմնման, վերակազմակերպման կամ Խորհրդի ձևավորման կարգի` Խորհրդի կազմի վերանայման հանգեցնող փոփոխությունների դեպքերում, 30-օրյա ժամկետում սույն կարգի համաձայն կազմակերպվում է Հաստատության Խորհրդի անդամների ընտրության և ձևավորման գործընթացը:

5. Խորհրդի 5 տարվա լիազորությունների ավարտից առնվազն մեկ ամիս առաջ լիազոր մարմնի կողմից նախաձեռնվում է նոր Խորհրդի ձևավորման աշխատանքները:

6. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված Խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց 15 աշխատանքային օր առաջ Խորհրդի անդամին առաջադրող մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան առաջադրում է Խորհրդի անդամի նոր թեկնածու:

7. Խորհրդի անդամների թիվը (ոչ ավելի, քան 20) սահմանվում է Հաստատության կանոնադրությամբ:

8. Հաստատության մանկավարժական խորհուրդն իր կողմից սահմանված ընթացակարգի համաձայն Հաստատության մանկավարժական կազմից Խորհրդի անդամության (ընդ որում նույն անձը չի կարող ընդգրկվել Խորհրդի կազմում ավելի, քան երկու անգամ անընդմեջ) թեկնածուներ է առաջադրում, որը կազմում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը:

9. Հաստատության ուսանողական խորհուրդն իր կողմից սահմանված ընթացակարգի համաձայն Հաստատության ուսանողական կազմից Խորհրդի անդամների թեկնածուներ է առաջադրում, որը կազմում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը:

10. Հիմնադիրը կամ հիմնադրի առաջարկությամբ` ըստ հաստատության գործունեության վայրի Մարզպետը կամ Երևանի քաղաքապետը առաջադրում է Խորհրդի անդամների 10 տոկոսը:

11. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված թեկնածուներին լիազորված մարմին է ներկայացնում Հաստատության տնօրենը՝ կցելով համապատասխան նիստի արձանագրությունը կամ քաղվածքը՝ արձանագրությունից:

12. Լիազորված մարմնի որոշմամբ Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացուցիչներ կարող են առաջադրվել.

1) պետական պաշտոն զբաղեցնող, շահագրգիռ գերատեսչությունների, գիտության, մշակույթի, տնտեսության տարբեր ոլորտների և Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ոլորտի ներկայացուցիչներ` 20 տոկոս,

2) սոցիալական գործընկերներ` 25 տոկոս:

13. Հաստատության Խորհրդի կազմում լիազոր մարմնի կողմից չի կարող առաջադրվել այն անձը, ով միաժամանակ հանդիսանում է տվյալ հաստատության աշխատակից, ինչպես նաև Հաստատության տնօրենը չի կարող լինել նույն Հաստատության Խորհրդի անդամ:

14. Լիազորված մարմինը, հիմք ընդունելով առաջադրող մարմնի կողմից առաջադրված Խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է Խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման առկայության դեպքում մերժում է Խորհրդի անվանական կազմում առաջադրված տվյալ անդամի թեկնածությունը՝ բացառությամբ սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի:

15. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով նոր Խորհուրդների ձևավորման դեպքում, լիազորված մարմինը, հիմք ընդունելով բոլոր առաջադրող մարմինների կողմից առաջադրված և սույն կարգի պահանջներին բավարարող Խորհրդի անդամների թեկնածուների տվյալները, 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է Խորհրդի անվանական կազմը:

16. Խորհրդի կազմը փոփոխության չի ենթարկվում հաստատության տնօրենի մրցույթի հրապարակման օրվանից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494-Ն որոշմամբ հաստատված կարգով հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի անցկացումը և նշանակումը` բացառությամբ սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի:

17. Խորհրդի առաջին նիստը վարում է Խորհրդի տարիքով ավագ անդամը:

18. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:

19. Խորհուրդն իր կազմից, Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ չի կարող լինել Հաստատության ուսանողական խորհրդի կամ մանկավարժական կազմի ներկայացուցիչը:

20. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստանում սույն կարգի 19-րդ կետով նախատեսված ձայները, անցկացվում է նոր քվեարկություն, որի արդյունքում Խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ հավասար ձայների դեպքում Խորհրդի նախագահը որոշվում է վիճակահանությամբ` հավասար ձայներ ստացած թեկնածուների միջև:

21. Խորհուրդն իր կազմից առաջադրում է նաև Խորհրդի նախագահի տեղակալի և քարտուղարի թեկնածություններ, ովքեր ընտրվում են Խորհրդի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ (քվեարկության բաց կամ փակ ձևը որոշում է Խորհուրդը):

22. Խորհրդի նախագահի նիստից բացակայելու դեպքում նրան փոխարինում է Խորհրդի նախագահի տեղակալը:

23. Խորհրդի քարտուղարի կողմից Խորհրդի բոլոր նիստերն արձանագրվում են, որը հաստատում է Խորհրդի նախագահը և քարտուղարը:

24. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը և պարտավորությունները սահմանվում են Հաստատության կանոնադրությամբ:

25. Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման կամ լիազորված մարմնի կողմից Խորհրդի անվանական կազմում սույն կարգի պահանջների խախտմամբ առաջադրված անձի թեկնածությունը մերժելու դեպքերում, նրան առաջադրող մարմինն առաջադրում է Խորհրդի անդամի նոր թեկնածու` սույն կարգի պահանջներին համապատասխան:

26. Խորհրդի նիստերը գումարվում են Հաստատության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում.

1) Խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ,

2) լիազորված մարմնի կողմից,

3) Հաստատության տնօրենի կամ Խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:

27. Լիազորված մարմինը կարող է վաղաժամկետ դադարեցնել Խորհրդի լիազորությունները կամ լուծարել Խորհուրդը.

1) Հաստատության կանոնադրությամբ Խորհրդին վերապահված լիազորությունները չկատարելու դեպքում,

2) Հաստատությունը լուծարվելու կամ վերակազմակերպվելու դեպքում:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2021 թվական: