Գլխավոր տեղեկություն
Համար
N 92-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.12.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

09 դեկտեմբերի 2021 թ.

N 92-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 87-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 87-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 09-ի 

N 92-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դատաբժշկական փորձաքննությունների, դատաքիմիական փորձաքննությունների և (կամ) ուսումնասիրությունների, դատակենսաքիմիական ուսումնասիրությունների, դատակենսաբանական փորձաքննությունների և (կամ) ուսումնասիրությունների,, դատահյուսվածաբանական հետազոտությունների, մոլեկուլյար գենետիկական փորձաքննությունների, բժշկաքրեագիտական փորձաքննությունների կամ ուսումնասիրությունների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար հանձնաժողովային, համալիր, կրկնակի, լրացուցիչ փորձաքննությունները, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննությունները, դատաքիմիական փորձաքննությունները և (կամ) ուսումնասիրությունները, դատակենսաքիմիական ուսումնասիրությունները, դատակենսաբանական փորձաքննությունները և (կամ) ուսումնասիրությունները, դատահյուսվածաբանական հետազոտությունները, մոլեկուլյար գենետիկական փորձաքննությունները, բժշկաքրեագիտական փորձաքննությունները կամ ուսումնասիրությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` (այսուհետ` ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ ՊՈԱԿ) Հայաստանի Հանրապետության քրեական կամ քաղաքացիական կամ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու մասին որոշման առկայության դեպքում:

 

ԳԼՈՒԽ 2. ԴԻԱԿՆԵՐԻ ԵՎ(ԿԱՄ) ՆՐԱ ՄԱՍԵՐԻ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

3. Դատաբժշկական փորձաքննության ժամանակ դիակի հագուստը և այլ առարկաները պետք է պահպանվեն մինչ փորձաքննությունը սկսելն այն վիճակով, ինչ վիճակով ընդունվել են դիահերձարան:

4. Դիակի փորձաքննությունը կարող է սկսվել այն դեպքում, երբ մահը վրա հասնելուց անցել է առնվազն 12 ժամ։ Եթե մահվան ժամը հայտնի չէ, ապա փորձաքննության կատարման ժամը որոշում է դատաբժշկական փորձագետը։

5. Դիակի դատաբժշկական փորձաքննության կատարումը նախատեսում է փորձագետի հետևյալ գործողությունները՝

1) Դիակի և (կամ) նրա մասերի փորձաքննության պլանավորում.

2) Դիակի և (կամ) նրա մասերի արտաքին ուսումնասիրության կատարում.

3) Դիակի և (կամ) նրա մասերի ներքին ուսումնասիրության կատարում.

4) Լրացուցիչ հետազոտությունների համար կենսաբանական օբյեկտների վերցնում.

5) Մահվան մասին բժշկական վկայականի լրացում.

6) Ուղեգրերի լրացում (անհրաժեշտության դեպքում)։

6. Փորձաքննությանը ներկայացված նյութերին ծանոթանալուց հետո, առաջնորդվելով փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերով, փորձագետը որոշում է՝

1) Դիակի և(կամ) նրա մասերի արտաքին ու ներքին ուսումնասիրության կատարման կարգը և ծավալը.

2) Լաբորատոր ուսումնասիրությունների համար դիակից և(կամ) նրա մասերից վերցման ենթակա կենսաբանական օբյեկտները:

7. Դիակի և(կամ) նրա մասերի արտաքին ուսումնասիրությունը ներառում է`

1) Հագուստի և այլ առարկաների, որոնք բերվել են դիակի և(կամ) նրա մասերի հետ, ուսումնասիրություն (տեսակային պատկանելիություն, գույն և այլն).

2) Դիակի և(կամ) նրա մասերի մարդաբանական բնութագիր.

3) Արտաքին տեսքի նշանների նկարագրում` ըստ բառացի դիմանկարի (անհայտ դիակի դեպքում).

4) Դիակային վաղ և ուշ երևույթների առկայության որոշում.

5) Վնասվածքների և առանձնահատկությունների արտաքին ուսումնասիրություն.

6) Վնասվածքների լուսանկարահանում։

8. Հագուստի և այլ օբյեկտների ուսումնասիրության պրոցեսում`

1) Թվարկվում է զննման պահին նրանց վիճակը և դիրքը դիակի վրա.

2) Գործվածքի ենթադրյալ տեսակը (բուրդ, մետաքս, կաշի և այլն), գույնը, մաշվածության առկայությունը, անհայտ անձանց դիակների հագուստները նկարագրելիս նշվում են նաև հագուստի վրայի նախշերը կամ պատկերները, ֆիրմային անվանումը և այլ առանձնահատկություններ.

3) Թվարկվում և նկարագրվում է գրպանների պարունակությունն ու այն առարկաները, որոնք բերվել են դիակի հետ.

4) Հագուստի վրա վնասվածքների և աղտոտվածության առկայության դեպքում, նշվում է դրանց կոնկրետ տեղակայումը.

5) Հագուստի վրա վնասվածքներ կամ հետքեր (օրինակ՝ մուր, արնանման հետքեր, փսխման զանգված և այլն) հայտնաբերման դեպքում միջոցներ են ձեռնարկվում հայտնաբերված վնասվածքների կամ հետքերի պահպանման համար՝ հետագայում այլ մասնագետների կողմից ուսումնասիրությունների նպատակով, ինչի համար հագուստը ստորագրությամբ հանձնվում է փորձաքննություն նշանակող մարմնին.

6) Հագուստը հանելուց առաջ ուսումնասիրվում է տարբեր մկանային խմբերում դիակային փայտացումը և դիակային սառեցումը:

9. Դիակի մարդաբանական բնութագրերի ստուգման ժամանակ՝

1) Որոշվում է սեռային պատկանելիության արտաքին նշանները, տարիքը, մարմնակառուցվածքը, սնվածության աստիճանը, դիակի հասակը.

2) Նորածինների դիակները կշռվում են.

3) Որոշվում է մարմնակառուցվածքը՝ ամուր (ատլետիկ հիպերսթենիկ), միջին (նորմոսթենիկ), թույլ (ասթենիկ).

10. Դիակային երևույթների ուսումնասիրության ժամանակ`

1) շոշափումով որոշվում է դիակի հագուստով ծածկված և մարմնի մերկ հատվածների սառեցումը։

2) Ըստ կմախքի (դեմքի, պարանոցի, վերին և ստորին վերջույթների) մկանների ամրության, հոդերում շարժումների ծավալը որոշում է դիակային փայտացման առկայությունը (բացակայությունը), նրա տարածվածությունը և արտահայտվածության աստիճանը։

3) Նշվում է դիակային բծերի առկայությունը (բացակայությունը), դրանց տեղակայումն ըստ մարմնի շրջանների, տարածվածությունը (օջախային, տարածուն), ինտենսիվությունը (առատ, թույլ), գույնը։

4) Նկարագրվում են դիակային բծերից զուրկ (հագուստի կամ այլ առարկաների արտատպվածքներից) մաշկի հատվածները։

5) Երկու կամ ավելի անգամ մատով հավասարակշռված ճնշում է գործադրվում դիակային բծերի վրա և ամրագրվում նրանց սկզբնական գունավորման վերականգնման ժամկետը (վայրկյաններ, րոպեներ) կամ չվերականգնման փաստը։

6) Նշվում է դիակային բծերի տեղակայումն ըստ անատոմիական շրջանների։

7) Որոշվում է մաշկի առանձին հատվածների չորացման, ճնշվածության (սեղմման) առկայությունը, տեղակայումը, տեղակայման մակարդակը (արտացցված, հավասար, ներսընկած)՝ շրջակա անփոփոխ մաշկի համեմատ, և նշվում դրանց չափերը:

8) Որոշվում է աչքերի եղջրաթաղանթների պղտորվածությունը, շրթունքների կարմիր երիզների, մաշկի նուրբ շերտերի (ծալքերի) չորացումը։

9) Դիակային ուշ երևույթների առկայության դեպքում նշվում է նեխային հոտի առկայությունը, նկարագրվում է դիակի փքվածությունը (ուռածությունը), նեխային կանաչի արտահայտվածության աստիճանը, մաշկի նեխային ենթամաշկային անոթային ցանցը, նեխային բշտերը, նեխային էմֆիզեման։

10) Նշվում է դիակի վրա և ներքին օրգաններում հայտնաբերված ճանճերի, թրթուրների և հարսնյակների առկայությունը։

11) Նշվում է դիակի հագուստի և մարմնի մաշկի վրա բորբոսային գաղութների առկայությունը, տեղակայումը, գույնը և բարձրությունը։

12) Արտաքին տեսքի նշանների նկարագրումը բանավոր պատկերի մեթոդով կատարվում է անհայտ դիակների կամ նրանց մասերի հայտնաբերման դեպքում։

11. Դիակի կամ նրա մասերի վրա եղած վնասվածքների և առանձնահատկությունների արտաքին ուսումնասիրությունը՝

1) մարմնի մաշկածածկույթների զննում`

ա. նշվում են մաշկի գույնը և հնարավոր առանձնահատկությունները, գլխի (այդ թվում՝ դեմքի) մազակալման աստիճանը (ճաղատ (ամբողջությամբ, տեղ-տեղ), սափրված (ամբողջությամբ, տեղ-տեղ), մազածածկույթի առկայություն (առատ, չափավոր, քիչ արտահայտված).

բ. որոշվում է աղտոտված հատվածների առկայությունը, ներարկումների, վիրաբուժական կտրվածքների ու կարերի, ցանավորման, ուռածությունների, մաշկի կեղևակալումների, խոցոտումների, բնածին և ձեռքբերովի անատոմիական ու այլ անհատական առանձնահատկությունների (սպիներ, բնածին բծեր, դաջվածքներ և այլն) առկայությունը.

2) Գլխի ուսումնասիրություն՝

ա. շոշափման ժամանակ նշվում են գանգի ուղեղային և դիմային ոսկրերի վիճակը, ախտաբանական շարժունակության առկայությունը, ձևափոխումները և այլ առանձնահատկություններ.

բ. Առավել մանրակրկիտ զննվում է մազածածկ հատվածը, նշվում է գույնը, երկարությունը և այլն.

գ. նկարագրվում են աչքերը՝ բաց (փակ), բբերի տրամաչափը, ակնագնդերի համակազմվածքը, արյունալեցությունը, սպիտակուցաթաղանթի գույնը, էկխիմոզների առկայությունը,

դ. նշվում է քթի և ականջախեցիների արտաքին բացվածքներից ու բերանի խոռոչից արտադրության առկայությունը և բնույթը, զննվում են շրթունքների կարմիր երիզներն ու լորձաթաղանթը, նկարագրվում է բերանը՝ բաց (փակ), լեզվի դիրքը ատամնաշարի կծվածքի նկատմամբ, ատամների պսակների գույնը և առանձնահատկությունը, պրոթեզների առկայությունը, բացակա ատամները, լնդերի վիճակը.

3) Պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջանի, վերին ու ստորին վերջույթների, արտաքին սեռական օրգանների, և հետույքի շրջանների ուսումնասիրություն.

ա. կանանց դիակների ուսումնասիրության ժամանակ որոշում են կրծքագեղձերի ձևը, չափերը, հարպտկային օղակների գունավորումը, պտուկներին սեղմելիս դրանցից արտադրության առկայությունը և բնույթը, հղիության բծերը, որովայնի վրա սպիտակ գիծը և այլ առանձնահատկություններ.

բ. հետանցքի շրջանը հետազոտելիս որոշվում է շրջակա մաշկի գույնը և աղտոտվածության և վնասվածքների առկայությունը.

գ. արտաքին սեռական օրգանները ուսումնասիրելիս տղամարդկանց մոտ որոշվում է թլիփի, փոշտի, միզուկի արտաքին բացվածքի վիճակը, կանանց մոտ` սեռական շրթերի, հեշտոցամուտքի, կուսաթաղանթի, հեշտոցի, շեքի վիճակը.

 4) Շոշափումով կմախքի ոսկրերն ուսումնասիրելիս նշվում է ախտաբանական շարժունակության, ոսկրային դեֆեկտների կամ դեֆորմացիաների առկայությունը.

 5) Հայտնաբերված բոլոր արտաքին վնասվածքները նկարագրվում են փորձագետի եզրակացության նկարագրական մասի համապատասխան հատվածներում առանձին կամ «Արտաքին ուսումնասիրության» «Վնասվածքներ»-ի հատվածում.

 6) Յուրաքանչյուր վնասվածքի համար նշվում է բնույթը, անատոմիական տեղակայումը, չափը և այլն։ Վերքերի դեպքում նշվում է նաև եզրերի, անկյունների բնույթը, խողովակի առկայությունը, բորբոքման կամ ապաքինման հատկանիշները.

 7) Նմանատիպ վնասվածքների առկայության դեպքում թույլատրվում է նկարագրության ժամանակ նրանց խմբավորումն ըստ առանձին անատոմիական շրջանների, եթե վնասվածքն ունի երկրաչափական որևէ մարմնի ձև (եռանկյունի, օվալաձև, կլոր և այլն), նկարագրելիս նշվում է նաև վնասվածքի ձևը կամ անհրաժեշտության դեպքում կարելի է նշել որպես անկանոն ձև.

 8) Վնասվածքների շրջանում աղտոտվածության առկայության դեպքում նշվում է նաև տվյալ նյութի ենթադրյալ բնույթը (արյուն, մուր, քսայուղ, ներկ, ավազ, հող, փոշի և այլն).

 9) Վնասվածքի շրջակա հյուսվածքի վիճակը ուսումնասիրելիս նշվում է ուռածության առկայությունը, գույնը, ինտենսիվությունը, սահմանների հստակությունը։

12. Կմախքի ոսկրերի վնասվածքները կամ ախտաբանական փոփոխությունների առանձնահատկությունները ճշտելու նպատակով շերտազատվում են փափուկ հյուսվածքները, ուսումնասիրվում են ոսկրերը և շրջակա հյուսվածքները: Նշվում է կոտրվածքի հստակ տեղակայումը, ձևը, կոտրվածքի հարթության ուղղությունը, տեղաշարժի առկայությունը, առանձնացված ոսկրային բեկորի առկայությունն ու առանձնահատկությունները:

13. Դիակի հերձման մեթոդը, խոռոչների ուսումնասիրության մեթոդիկան և հերթականությունը որոշում է փորձագետը` առաջնորդվելով վնասվածքներով, ախտաբանական փոփոխություններով, իրեն ներկայացված գործի հանգամանքների տվյալներով, փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերով:

14. Դիակի և(կամ) նրա մասերի ներքին ուսումնասիրությունը՝

1) պնևմոթորաքսի կամ օդային (գազային) էմբոլիայի կասկածի դեպքում կատարվում է համապատասխան փորձ.

2) մինչ պարանոցի, կրծքավանդակի և որովայնի խոռոչի օրգանների դուրս բերումը դրանք զննվում են տեղում՝ նշվում է օրգանների նորմալ տեղակայումը, զարգացման արատները, պլևրալ խոռոչները թոքերով զբաղեցնելու աստիճանը, ստոծանու դիրքի բարձրությունը, պլևրալ և որովայնի խոռոչներում կպումների առկայությունը.

3) որոշվում է ստամոքսի և աղեգալարների փքվածությունը, վերին և ստորին սիներակների արյունալեցության աստիճանը.

4) նշվում է դիակի խոռոչներից և օրգաններից օտարածին հոտերի առկայությունը.

5) հետորովայնամզային արյունահավաքի հայտնաբերման դեպքում որոշվում է նրա չափերը և տեղակայման մակարդակը.

6) թրոմբոէմբոլիայի կամ շնչառական ուղիներում օտար մարմնի առկայությունը հայտնաբերելու կամ ժխտելու նպատակով տեղում կատարվում է թոքային զարկերակացողունի ու գլխավոր ճյուղերի կամ, համապատասխանաբար կոկորդի և շնչափողի հատում ու զննում.

7) ստամոքս-աղիքային համակարգով թունավորման կասկածի դեպքում կերակրափողի, ստամոքսի և աղիների վրա դրվում են կապեր.

8) օրգանները դուրս են բերվում առանձին կամ միասնական համալիրով և ուսումնասիրվում են կտրվածքներով։ Օրգանների դուրս բերման և ուսումնասիրության մեթոդը որոշում է փորձագետն իր հայեցողությամբ:

9) ապահովվում է նորմալ մուտք դեպի դիակի օրգանները՝ մանրազնին ուսումնասիրության նպատակով և պահպանվում են օրգանների ու վնասվածքների միջև եղած տոպոգրաֆիկ հարաբերակցությունը.

10) նշվում են ներքին օրգանների չափերը, քաշը, ուսումնասիրվում են ներքին օրգանները (այդ թվում՝ կտրվածքների վրա), նշվում է դրանց գույնը, յուրահատուկ հոտը (եթե կա), համակազմվածքը, արյունալեցունությունը, մանրազնին ուսումնասիրվում ու նկարագրվում են ախտաբանական փոփոխություններն ու վնասվածքները.

11) վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների, հիպոֆիզի, էպիֆիզի կշռումը պարտադիր չէ, դրանք կշռվում են ակնհայտ ախտաբանական փոփոխությունների առկայության դեպքում.

12) գլխի ուսումնասիրության ժամանակ նշվում են փափուկ հյուսվածքների (ծածկույթների) ներսային մակերեսի վիճակը՝ գույնը, խոնավությունը, արյունազեղումների առկայությունը կամ բացակայությունը, տեղակայումը, չափերը, անհրաժեշտության դեպքում նաև հաստությունը, զննվում են քունքամկանները, չափվում են ճակատային, քունքային, և ծոծրակային ոսկրերի, հաստությունը սղոցվածքների վրա։ Ուսումնասիրվում են գանգի թաղի ոսկրերի վնասվածքները, նշվում են գանգի կարանների վիճակը, նկարագրվում են գլխուղեղի կարծր թաղանթի գույնը, լարվածության աստիճանը, նրա սերտաճումը ոսկրերի հետ, անոթների և ծոցերի արյունալեցունությունը, գլխուղեղի փափուկ թաղանթների թափանցիկությունը և արյունալեցունությունը, գլխուղեղի կիսագնդերի սիմետրիկությունը, գալարների և ակոսների մակերևույթի արտահայտության աստիճանը, գլխուղեղի կտրվածքների վրա նշվում են ուղեղային հյուսվածքի կառուցվածքի ընդհանուր պատկերը և նրա անատոմիական կազմության արտահայտվածությունը, արյունալեցունության աստիճանը, փորոքների պարունակությունը, հյուսակների վիճակը, գլխուղեղի հիմի անոթները՝ նշելով աթերոսկլերոզի, անևրիզմաների կամ այլ ախտաբանական փոփոխությունների առկայությունը: Գլխուղեղի փափկեցման օջախների, ներուղեղային արյունազեղումների, ուռուցքների հայտնաբերման դեպքում նշվում է դրանց հստակ տեղակայումը կիսագնդի, բլթի և վերջինի մակերեսի սահմաններում, չափերը, քաշը, տեսքը մակերեսի և կտրվածքների վրա։ Զննվում են նաև գանգի հիմի ոսկրերը, նկարագրվում դրանց վնասվածքները, ըստ դեպքի առանձնահատկության, բացվում են հավելյալ խոռոչները` նշելով դրանցում պարունակության բացակայությունը կամ առկայությունը.

13) Ողնաշարը և ողնուղեղը ենթակա են պարտադիր ուսումնասիրության` միայն դրանց վնասվածքների մասին վկայող օբյեկտիվ հատկանիշների առկայության դեպքում, մյուս դեպքերում դրանք ուսումնասիրվում են ըստ անհրաժեշտության։ Ուշադրություն է դարձվում ողնուղեղային խողովակում հեղուկի կամ արյան առկայության, ողնուղեղի կարծր թաղանթի և ողնուղեղի վնասվածքների առկայության վրա: Ողնուղեղը և կարծր թաղանթը զննելուց հետո զննվում են ողերը և միջողային սկավառակները՝ վնասվածքների հայտնաբերման նպատակով.

14) Ուսումնասիրվում են լեզուն, նշիկները, ըմպանը, կոկորդը, շնչափողը, կերակրափողը, վահանագեղձը, լիմֆատիկ հանգույցները, ենթալեզվային ոսկրը, կոկորդի և շնչափողի աճառները.

15) Կրծքավանդակի օրգանների ուսումնասիրությունն իր մեջ ներառում է միջնորմը, կերակրափողը, բրոնխները, շնչափողը, թոքերը, սիրտը և աորտան: Ուշադրություն է դարձվում թոքային հյուսվածքի համակազմվածքի ու պարունակության, ինչպես նաև՝ գույնի վրա: Շնչառական ուղիները բացվում են մինչև մանր բրոնխների ճյուղավորումները, նշվում է նրանցում պարունակության առկայությունը կամ բացակայությունը, լորձաթաղանթի գույնը, արյունալեցունությունը, թոքային հյուսվածքի օդակրությունը և արյունալեցունությունը, սեղմելիս նրա մակերեսից արտահոսող հեղուկի բնույթը, օջախային փոփոխությունների առկայությունը և բնույթը.

16) Սրտի և աորտայի ուսումնասիրության մեթոդը, որը ընտրվում է փորձագետի կողմից, պետք է ներառի սրտի պսակաձև անոթների և միոկարդի ուսումնասիրություն: Նկարագրվում է պերիկարդի խոռոչի վիճակը, նրա պարունակության քանակությունը և բնույթը, սրտի խոռոչների արյունալեցունությունը ու արյան մակարդուկների բնույթը, էպիկարդի, միոկարդի, էնդոկարդի, պտկաձև մկանների վիճակը:

17) Որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության օրգանների ուսումնասիրության ժամանակ ուսումնասիրվում է ստամոքսը։ Որոշվում է ստամոքսի պարունակության առկայությունը, համակազմվածքը, քաշը, բնույթը (հնարավորության դեպքում), առկա սննդի մասնիկների չափերը (նվազագույն ու առավելագույն), լորձաթաղանթի վիճակը (գույնը, ծալքավորման արտահայտվածությունը, արյունազեղումների, խոցերի, սպիների և այլնի առկայությունը): Աղիների ուսումնասիրության ժամանակ նկարագրվում է պարունակության առկայությունը, գույնը և այլ առանձնահատկություններ, ինչպես նաև՝ աղիների լորձաթաղանթի վիճակը։

18) Ենթաստամոքսային գեղձի, լյարդի, փայծաղի, մակերիկամների ուսումնասիրության ժամանակ ուշադրություն է դարձվում նրանց արտաքին տեսքի (ձև, գույն), շոշափումով հյուսվածքի պնդության, արյունալեցունության աստիճանի վրա, փայծաղի կտրվածքից կատարված քերուկի առկայության (արտահայտվածության) վրա, նշվում է լեղապարկի տեսքը, պարունակության ծավալը, լորձաթաղանթի վիճակը և լեղածորանների անցանելիությունը:

19) Երիկամների ուսումնասիրության ժամանակ որոշվում է ձևը, չափերը, նկարագրվում է գույնը, հյուսվածքի համակազմվածքը, պատյանը հեռացնելուց հետո մակերեսի բնույթը, կեղևային և միջուկային շերտերը, ավազանի լորձաթաղանթի վիճակը: Որոշվում է միզածորանների անցանելիությունը և լորձաթաղանթների վիճակը, մեզի ծավալը միզապարկում, գույնը, թափանցիկությունը, միզապարկի լորձաթաղանթի տեսքը, գույնը և կոնկրեմենտների առկայությունը:

20) Կանանց մոտ նկարագրվում է հեշտոցի վիճակը, արգանդը՝ համակազմվածքը, լորձաթաղանթը, արտադրության առկայությունն ու բնույթը, փողերը, ձվարանները, հարարգանդային բջջանքը: Տղամարդկանց մոտ ուսումնասիրվում է շագանակագեղձը՝ համակազմվածքը, հյուսվածքի տեսքը, գույնը։ Դեպքի առանձնահատկությունից ելնելով ուսումնասիրվում են նաև ամորձիները (չափերը, գույնն ու առանձնահատկությունները).

21) Կոնքի ոսկրերի ուսումնասիրությունը սկսվում է սրբոսկր-զստոսկրային միակցության զննումից, զննվում են սրբոսկրի կողմնային զանգվածները, զստային ոսկրերի թևերը, կոնքի առաջային կիսաօղի ոսկրերը և այլն։

15. Լաբորատոր ուսումնասիրությունների համար դիակից կարող են վերցվել ներքին օրգանների կտորներ, հյուսվածքների կտորներ, արյուն, մեզ, մազ, ոսկոր և կենսաբանական այլ օբյեկտներ։

16. Կենսաբանական օբյեկտների ցանկը և քանակությունը, լաբորատոր ուսումնասիրությունների տեսակը որոշում է փորձագետը` ղեկավարվելով տվյալ կոնկրետ գործի առանձնահատկություններով. հայտնաբերված վնասվածքներով, ախտաբանական փոփոխություններով, իրեն ներկայացված գործի հանգամանքներով, փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերով և այլն:

17. Փորձագետի նախաձեռնությամբ լաբորատոր ուսումնասիրությունների նպատակով կենսաբանական օբյեկտներն ուղարկվում են համապատասխան լաբորատոր բաժին (բաժանմունք):

18. Վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ լաբորատոր ուսումնասիրությունների կամ փորձաքննությունների նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից կենսաբանական օբյեկտներն առգրավվում (վերցվում), փաթեթավորվում, կնքվում, ստորագրվում և փորձաքննություն նշանակելու մասին որոշման հետ միասին ներկայացվում են ՀՀ ԱՆ ԴԲԳԿԿ ՊՈԱԿ:

19. Դիակի ուսումնասիրությունը ավարտելուց հետո ներքին օրգանների մասերը տեղադրվում են դիակի խոռոչներում և կարվում են սեկցիոն կտրվածքները` վերականգնելով դիակի ամբողջականությունը:

20. Չի թույլատրվում դիակի խոռոչներում տեղադրել օտար առարկաներ:

21. Դիակի դատաբժշկական փորձաքննության (դիահերձման) ավարտից հետո արգելվում է ՀՀ ԱՆ ԴԲԳԿԿ ՊՈԱԿ-ից դուրս այլ հիմնարկությունում (կազմակերպությունում) կամ անհատի կողմից դիակի դաբաղման, մշակման, հարդարման, գեղագիտական կամ այլ բնույթի ծառայությունների իրականացում՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, բացառությամբ այն դեպքերում եթե առկա է վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությունը։

22. Փորձաքննություն կատարող փորձագետի դիակի փորձաքննության ավարտից հետո լրացված մահվան մասին բժշկական վկայականը հանձնվում է մահացած անձի մերձավոր ազգականին կամ օրինական ներկայացուցչին, որը ստանալուց պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ։

 

ԳԼՈՒԽ 3. ԿԵՆԴԱՆԻ ԱՆՁԱՆՑ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

23. Կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննություններն իրականացնող փորձագետը վարույթն իրականացնող մարմնի փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա պարտավոր է ծանոթանալ բժշկական փաստաթղթերին կարիքն առաջանալու դեպքում նախաձեռնել նոր հետազոտությունների կատարում, պահանջել լրացուցիչ բժշկական փաստաթղթեր (կամ դրանց հիմքերը), անհրաժեշտության դեպքում ձեռնարկել նոր հետազոտությունների կատարում` ամբուլատոր և(կամ) ստացիոնար կարգով, խորհրդակցել բժշկական բնագավառի նեղ մասնագետների հետ` նշելով դրանց արդյունքների մասին եզրակացության մեջ, կամ միջնորդել որոշումը կայացնողին ներկայացնել լրացուցիչ տվյալներ դեպքի կապակցությամբ և կազմել փորձագետի եզրակացություն:

24. Կենդանի անձանց փորձաքննություններն իրականացվում են` պարզելու համար.

1) առողջությանը պատճառված վնասի աստիճանը,

2) աշխատունակության կորստի աստիճանը,

3) տարիքը,

4) արհեստական (երբ անձը ինքն է ստեղծում տվյալ հիվանդությունը) և շինծու (երբ անձի մոտ տվյալ հիվանդությունը չկա, սակայն նա նշում է տվյալ հիվանդության սուբյեկտիվ ախտանիշները) հիվանդությունները,

5) սեռական վիճակը.

ա. սեռական անձեռնմխելիությունը` կույս է, թե` ոչ,

բ. բեղմնավորման (հղիանալու և հղիացնելու) ունակությունը,

գ. վիճելի սեռական վիճակը,

դ. հղիությունը, ծննդաբերությունը,

6) ներկա և նախկին հղիությունների բժշկական (հիվանդանոցային) և ոչ բժշկական (արտահիվանդանոցային) ընդհատումները,

7) սեռական բնույթի հանցագործությունները.

ա. բռնի սեռական հարաբերություն և նրա հետ կապված վնասվածքների որոշում,

բ. անառակաբարո գործողությունները,

գ. հոմոսեքսուալիզմը (արվամոլություն),

8) վեներական հիվանդությամբ վարակված լինելը,

9) ՁԻԱՀ-ով վարակված լինելը,

10) կենդանի անձանց ինքնությունների որոշումը:

 

ԳԼՈՒԽ 4. ԴԱՏԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

25. Դատակենսաբանական փորձաքննությունները կատարվում են փորձաքննություն նշանակելու մասին որոշման իսկ ուսումնասիրությունները` դատաբժշկական փորձագետների կողմից ներկայացրած ուղեգրերի հիման վրա։

26. Կենսաբան փորձագետները (դատակենսաբանները) կատարված հանցագործությունների կամ հանցագործության կասկածի դեպքում ուսումնասիրում են ներկայացված առարկաները, հանցագործության գործիքները, փաստում կասկածելի հետքերի առկայությունը, ապա նրանցում հաստատում կենսաբանական օբյեկտի` արյուն, սերմնահեղուկ, մազ, թուք, մեզ, կղանք, քրտինք և այլն, առկայությունը, կամ այդպիսիք չհայտնաբերելու դեպքում` ֆիքսում չհայտնաբերման փաստը:

27. Փորձաքննության կամ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված կասկածելի հետքերը պետք է փորձաքննության ենթարկվեն առանձին-առանձին, նրանցում կենսաբանական նյութի առկայությունը փորձել հաստատել ուսումնասիրության մի քանի եղանակներով (միկրոլուսապատկերային, քրոմատոգրաֆիկ, քիմիական, ախտորոշիչ թեստ ժապավենով, մանրադիտակով):

28. Դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունը կազմվում է փորձաքննությունը նշանակելու մասին վերաբերյալ կայացրած որոշումը համապատասխան պետական փորձագիտական հաստատություն մուտքագրվելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում: Բարդ, ծավալուն փորձաքննությունների դեպքում, ինչպես նաև փորձագետների գերծանրաբեռնվածության պայմաններում, ելնելով փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերից և փորձաքննության ընթացքում ի հայտ եկած հանգամանքներից, փորձաքննությունների կատարման ժամկետը փորձագիտական հաստատության ղեկավարի համաձայնությամբ կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ մինչև 30 աշխատանքային օր՝ տեղեկացնելով փորձաքննություն նշանակող մարմնին:

29. Հայտնաբերված հետքերը փորձագետը փորձաքննության կամ ուսումնասիրության ընթացքում ամբողջությամբ չի ոչնչացնում, հետքի որոշ հատվածներ թողնվում են իրեղեն ապացույցների վրա` հետագա հնարավոր այլ փորձաքննությունների համար:

30. Արյուն հայտնաբերելիս իրականացվում է.

1) արյան հետքի առկայության հաստատումը,

2) արյան տեսակային պատկանելիության պարզումը (կենդանու է, թե մարդու, եթե կենդանու է, ապա ինչ կենդանու),

3) արյան խմբային հատկանիշների պարզումը (տարբեր իզոշճաբանական համակարգերով (ABO, Rh),

4) արյան հետքի մեջ նրա առաջացման վաղեմության պարզումը,

5) մեծահասակի և պտղի արյան տարբերակումը (վիժման, վաղաժամկետ ծննդաբերությունների կամ նորածնի դիակ հայտնաբերվելու դեպքում):

31. Սերմնահեղուկ հայտնաբերելիս իրականացվում է`

1) սերմնահեղուկի հետքի առկայության հաստատումը,

2) սերմնահեղուկի տեսակի հաստատումը,

3) սերմնահեղուկի խմբային պատկանելիության պարզումը,

4) սերմնահեղուկի արտադրողական հատկանիշի հաստատումը:

32. Մեզ, թուք, քրտինք հայտնաբերելիս իրականացվում է սույն չափորոշիչի 31-րդ կետով սերմնահեղուկի համար նախատեսված հատկանիշների որոշում:

33. Մազ հայտնաբերելիս իրականացվում է`

1) մազանման թելիկի` մազ հանդիսանալու փաստի պարզումը,

2) մազի պատկանելիության պարզումը (մարդու, թե կենդանու),

3) մարդու մազի տեղային ծագման պարզումը,

4) մազի` թափված կամ պոկված լինելու հանգամանքի պարզումը,

5) պոկված լինելու դեպքում` մազի անջատման նպատակով կիրառված գործիքի պարզումը,

6) մազի` ներկված, գունազրկված, գանգրեցված կամ այլ կերպ հարդարված լինելու հանգամանքի պարզումը,

7) մազի խմբային պատկանելիության պարզումը,

8) մազերի վնասվածքների պարզումը,

9) մազի` կոնկրետ մարդուն պատկանելու հնարավորությունը:

34. Ոսկոր հայտնաբերելիս իրականացվում է`

1) ոսկրային հյուսվածքի առկայության հաստատումը` լրացուցիչ դատահյուսվածաբանական ուսումնասիրությամբ,

2) ոսկորի` մարդուն կամ կենդանուն պատկանելիության պարզումը,

3) մարդուն պատկանելու դեպքում` ոսկորի խմբային պատկանելիության պարզումը:

35. Մկան հայտնաբերելիս իրականացվում է`

1) մկանային հյուսվածքի առկայության հաստատումը` լրացուցիչ դատահյուսվածաբանական ուսումնասիրությամբ,

2) մկանի տեսակային պատկանելիության պարզումը (մարդու, թե կենդանու),

3) մկանային հյուսվածքի խմբային պատկանելիության պարզումը:

36. Ատամ հայտնաբերելիս իրականացվում է`

1) ատամի պատկանելիության պարզումը` մարդու, թե կենդանու,

2) ատամի խմբային պատկանելիության պարզումը:

37. Եղունգ հայտնաբերելիս իրականացվում է`

1) եղնգային կտրվածքների տեսակային պատկանելիության պարզումը,

2) եղունգի տակ արյան կամ որևէ կենսաբանական նյութի առկայության պարզումը և նրա տեսակի, խմբային պատկանելիության հաստատումը:

38. Քրտնաճարպային արտատպվածք հայտնաբերելիս իրականացվում է նրանում քրտինքի առկայության, տեսակի և խմբի պարզումը:

39. Ցանկացած կենսաբանական նյութի առկայությունը, տեսակը և խմբային պատկանելիությունը որոշելուց հետո, փորձագետն անցնում է համեմատական հետազոտության` ստացված արդյունքները համեմատելով գործով անցնող անձանց համապատասխան կենսաբանական հյուսվածքի (արյուն, սերմնահյութ և այլն) խմբային պատկանելիության հետ:

40. Իրեղեն ապացույցների գծով դատաբժշկական փորձագետների համար ուսումնասիրության օբյեկտներ են հանդիսանում նաև դիակների կամ կենդանի անձանց արյան նմուշները` նրանցում խմբային պատկանելիությունը հաստատելու համար, ինչպես և դիակների, կենդանի անձանց հեշտոցի, հետանցքի և բերանի խոռոչի պարունակությամբ ներծծված խծուծները և պատրաստված քսուկները` նրանցում սերմնահյութի առկայությունը հաստատելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 5. ԴԱՏԱՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ(ԿԱՄ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

41. Դատաքիմիական փորձաքննությունները կատարվում են փորձաքննություն նշանակելու մասին որոշման, իսկ ուսումնասիրությունները` դատաբժշկական փորձագետների կողմից ներկայացրած ուղեգրերի հիման վրա։

42. Դատաքիմիական փորձաքննության (ուսումնասիրության) նպատակն է.

1) Թունավոր նյութերի անջատում և հայտնաբերում` մահվան պատճառը հաստատելու նպատակով,

2) Դեղանյութերի և թմրանյութերի հայտնաբերումը, որոնք կարող են ազդել մարդու վիճակի վրա,

3) Կենսաբանական օբյեկտներում և այլ փորձանմուշներում թմրանյութերի, հոգեմետ(հոգեներգործուն) նյութերի որակական և քանակական անալիզը, որը նշանակություն ունի դատաբժշկական և դատաիրավական պրակտիկայում,

4) Սպիրտների և նրանց ածանցյալների հայտնաբերում և քանակական որոշում, որը էական նշանակություն ունի դատաբժշկական և դատաիրավական պրակտիկայում:

43. Դատաքիմիական փորձաքննության(ուսումնասիրության) օբյեկտներ են հանդիսանում կենսաբանական ծագման նյութերը` դիակի օրգանները, կենդանի անձից վերցված մազերը, եղունգները, կենսաբանական հեղուկները`արյուն, մեզ, փսխման մասսա, մատներից կամ բերանի խոռոչից վերցված քսուկներ, ինչպես նաև դեպքի վայրից առգրավված դեղեր, սրվակներ, ներարկիչներ` նույնականացման համար:

44. Կենսաբանական ծագման նմուշները, որոնք ենթակա են նեխման (ներքին օրգաններ, կենսաբանական հեղուկներ) պահվում են սառցարանում, սառնարանում կամ սառցախցում` հերմետիկ փակ ամանների մեջ:

45. Կենսաբանական ծագման օբյեկտները չպետք է լինեն ֆորմալինի մեջ:

46. Դատաքիմիական բաժնում իրականացվող փորձաքննություններ (ուսումնասիրություններ).

1) Դիակի կենսաօբյեկտներում սպիրտների և նրանց ածանցյալների դատաքիմիական փորձաքննություն (ուսումնասիրություն). իրականացվում է գազային քրոմատոգրաֆը համակցված գոլորշիացնող համակարգով:

2) Դիակի կենսաօբյեկտներում ցնդող նյութերի, այդ թվում նաև քացախաթթվի, բնական գազի (պրոպան, բութան) և նավթամթերքների (բենզին) դատաքիմիական փորձաքննություն (ուսումնասիրություն). իրականացվում է գազային քրոմատոգրաֆիայի, ջրային գոլորշիներով թորման, միկրոդիֆուզիայի մեթոդներով, էլեկտրոլիտների և գազային խառնուրդների որոշման անալիզատորի միջոցով: Անհրաժեշտության դեպքում կիրառվում են մի շարք որակական ռեակցիաներ:

3) Դիակի կենսաօբյեկտներում թունաքիմիկատների (ֆոսֆոր, քլոր, ազոտ, ֆտոր և ծծումբ պարունակող) և սինթետիկ պիրետրոիդների հայտնաբերման դատաքիմիական փորձաքննություն (ուսումնասիրություն). իրականացվում է նրբաշերտ քրոմատոգրաֆիայով, գազային քրոմատոգրաֆիայով, ինչպես նաև կատարվում է ուլտրամանուշակագույն ճառագայթում, միկրոբյուրեղային և գունային ռեակցիաներ:

4) Դիակի կենսաօբյեկտներում դեղանյութերի (բարբիտուրատներ, հակադեպրեսանտներ, բենզոդիազեպիններ, տրանկվիլիզատորներ, ամֆետամիններ և նրա ածանցյալներ և այլն) կամ թմրանյութերի (ափիոնի շարքի ալկալոիդներ, մեթադոն, կոկաին և այլն), այդ թվում նաև կաննաբինոիդների և սինթետիկ թմրանյութերի հայտնաբերման դատաքիմիական փորձաքննություն (ուսումնասիրություն). իրականացվում է նրբաշերտ քրոմատոգրաֆիայի, հեղուկային քրոմատոգրաֆիայի, բարձրաարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիայի, գազային քրոմատոգրաֆիա-մասա սպեկտրոմետրով (GC-MS), իմունոքրոմատոգրաֆիկ (թեսթ), թթվեցված ջրով (Ա.Ա. Վասիլևի մեթոդ) կամ թթվեցված սպիրտով (Ստաս- Օտտո-ի մեթոդ) անջատման, թթվային հիդրոլիզի մեթոդներով: Օգտագործվում են նախ ընդհանուր, իսկ հետո մասնակի մեթոդներ և համակարգեր:

5) Դիակի կենսաօբյեկտներում, ինչպես նաև կենդանի անձանց արյան և մեզի մեջ, ծանր մետաղների աղերի (բարիումի, կապարի, մանգանի, քրոմի, արծաթի, պղնձի, անագի, արսենի, վիմուտի, կադմիումի, ցինկի և սնդիկի), դատաքիմիական փորձաքննություն (ուսումնասիրություն). իրականացվում է միներալիզացիայի եղանակով, Ա.Ն. Կռիլովայի կոտորակային մեթոդով և ծանր մետաղների որոշման անալիազոտորով:

6) Դիակի կենսաօբյեկտներում թթուների, հիմքերի դատաքիմիական փորձաքննություն (ուսումնասիրություն). իրականցվում է կենսաօբյեկտների դիալիզի մեթոդով: Ստացված դիալիզատի հետ իրականացվում են որակական ռեակցիաներ:

7) Դիակի կենսաօբյեկտներում (հիմնականում արյուն) ինչպես նաև կենդանի անձանց արյան կարբօքսիհեմոգլոբինի դատաքիմիական փորձաքննություն (ուսումնասիրություն). իրականացվում է գազային քրոմատոգրաֆիայի, էլեկտրոլիտների և գազային խառնուրդների որոշման անալիզատորի միջոցով: Իրականացվում են նաև որակական ռեակցիաներ:

47. Վերը նշված բոլոր փորձաքննությունների (ուսումնասիրությունների) նույնականացման համար օգտագործվում է համապատասխան ստուգիչ (ստանդարտիզացված մաքուր նյութ): Համապատասխան ստուգիչի բացակայության դեպքում նշվում է միայն խմբային պատկանելիությունը:

48. Դատաքիմիական փորձաքննության եզրակացությունը կազմվում է փորձաքննությունը նշանակելու վերաբերյալ կայացրած որոշումը համապատասխան պետական փորձագիտական հաստատություն մուտքագրվելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

49. Բարդ, ծավալուն փորձաքննությունների դեպքում, ինչպես նաև փորձագետների գերծանրաբեռնվածության պայմաններում, ելնելով փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերից և փորձաքննության ընթացքում ի հայտ եկած հանգամանքներից, փորձաքննությունների կատարման ժամկետը փորձագիտական հաստատության ղեկավարի համաձայնությամբ կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ մինչև 30 աշխատանքային օր՝ տեղեկացնելով փորձաքննություն նշանակող մարմնին:

50. Դատաքիմիական փորձագետը իրեղեն ապացույցը ստանալուց հետո մանրակրկիտ զննում է և մանրամասն նկարագրում աշխատանքային արձանագրության մեջ:

51. Դատաքիմիական փորձաքննության (ուսումնասիրության) սկզբում իրականցվում է վերցված բոլոր կենսաօբյեկտների նախնական ուսումնասիրություն`որոշվում է գույնը, հոտը, քաշը և միջավայրը:

52. Դատաքիմիական փորձաքննության (ուսումնասիրության) իրականացման համար`հայտնաբերման, հաստատող մեթոդների օգտագործման, քանակական որոշման համար ծախսվում է ուղարկված իրեղեն ապացույցների (օբյեկտների) 2/3 մասը`եթե ուղարկված է անհրաժեշտ քանակով, իսկ 1/3 մասը պահվում է լաբորատորիայի պահոցում, կրկնակի անալիզ կատարելու համար:

53. Սահմանափակ քանակությամբ իրեղեն ապացույցներ ստանալու դեպքում, դրանք լրիվ կարող են օգտագործվել քիմիկ-փորձագետի կողմից:

54. Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացում դատաքիմիական հետազոտության անցկացման նպատակով դիակային օրգաններից նմուշառված կենսաբանական ծագման նյութերը պահվում են մարդու կենսաբանական ծագման նյութերի պահոցում, հետազոտման ավարտից հետո առնվազն մեկ տարի ժամկետով, այնուհետև ոչնչացվում են:

55. Կենդանի անձից, դիակից նմուշառված արյունը և մեզը` ստացված ալկոհոլի, թմրանյութերի, հոգեմետ(հոգեներգործուն) նյութերի, կարբօքսիհեմոգլոբինի առկայության որոշման համար, ինչպես նաև կենդանի անձից, դիակից նմուշառված մազը` ստացված թմրանյութերի, հոգեմետ(հոգեներգործուն) նյութերի առկայության որոշման համար, պահվում են փորձաքննության ավարտից հետո` 2 ամիս ժամկետով, այնուհետև ոչնչացվում են:

 

ԳԼՈՒԽ 6. ԴԱՏԱԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

56. Դատակենսաքիմիական ուսումնասիրությունները կատարվում են դատաբժշկական փորձագետների կողմից ներկայացրած ուղեգրերի հիման վրա։

57. Դատակենսաքիմիական ուսումնասիրությամբ որոշվում են դիակային արյան միջոցով դատաբժշկական նշանակություն ունեցող կենսաքիմիական հետևյալ ցուցանիշները`

1) ֆերմենտներ` ասպարտատամինոտրանսֆերազ (ԱսԱտ), ալանինամինոտրանսֆերազ (ԱլԱտ), լակտատդեհիդրոհենազ (ԼԴՀ), խոլինէսթերազ

2) ընդհանուր սպիտակուցներ, գլյուկոզա, միզանյութ, խոլեստերին, կրեատինին, բիլիրուբին, ընդհանուր ճարպեր, C–ռեակտիվ սպիտակուց, թրոմբոպլաստին, տրոպոնին, գլիկոլիզացված հեմոգլոբին,

3) վիրուսային հիվանդությունների մարկերներ (հերպես, ցիտոմեգալովիրուս, տոքսոպլազմա, մարդու պապիլոմա, տուբերկուլոզ),

4) ինֆեկցիոն հիվանդությունների մարկերներ (խլամիդիաներ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ, տրիխոմոնոզ, գարդներելոզ, գոնորեա):

 

ԳԼՈՒԽ 7. ՄՈԼԵԿՈՒԼՅԱՐ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

58. Մոլեկուլյար գենետիկական փորձաքննությունները կատարվում են փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա։

59. Մոլեկուլյար գենետիկական փորձաքննության կամ առարկաներ են հանդիսանում կենդանի անձանց կողմից կամ դիակներից թողնված կենսաբանական ծագման օբյեկտներ, հետքեր:

60. Մոլեկուլյար գենետիկական փորձաքննությանը ներկայացված օբյեկտների նույնականացումը մոլեկուլային գենետիկական մեթոդների կիրառմամբ իրականացվում է անձի նույնականացման կամ վիճելի հայրության(մայրության հաստատման միջոցով (հայտնաբերված գենետիկական բնութագրերի միջոցով):

61. Մոլեկուլյար գենետիկական փորձաքննությունների ընթացքում իրականացվում են`

1) կենսաբանական հետքերի և օբյեկտների սեռական պատկանելության հաստատում,

2) անհայտ դիակների նույնականացում,

3) մասնատված դիակների կամ դիակների մարմնամասերից վերցված փորձանմուշների նույնականացում,

4) արյան, սերմնահեղուկի, թքի, մազերի (մազարմատով), հյուսվածքների, օրգանների և առանձին մարմնի մասերի պատկանելության որոշումը կոնկրետ անձին,

5) կենսաբանական ծնողների հաստատում վիճելի հայրության, մայրության և երեխաների փոխանակման դեպքերում (առանձին դեպքերում հնարավոր է անցկացնել փորձագիտական հետազոտություն մեկ ենթադրյալ ծնողի միջոցով):

62. Մոլեկուլյար գենետիկական փորձաքննությունն իրենից ներկայացնում է անձի նույնականացման նպատակով կենսաբանական ծագման օբյեկտների, հետքերի հետազոտություն և նույնականացում՝

1) հետազոտվում են անհայտ դիակների կամ մասնատված դիակների մարմնի մասեր, կմախքի առանձին հատվածներ, առանձին ոսկրեր և ոսկրաբեկորներ, փափուկ հյուսվածքներ, արյան չորացած հետքեր, ատամներ, մաշկ, մազերի մազարմատներ և ինչպես նաև մեզը, սերմնահեղուկը, կղանքը, այլ կենսաբանական ծագման օբյեկտները,

2) դիակից առաջացած տարբեր հյուսվածքային ծագման ԴՆԹ-ների գենետիկական բնութագրերի նույնականացում, քանի որ նորմայում մեկ օրգանիզմի ցանկացած բջջին բնորոշ է միևնույն գենետիկական բնութագիրը,

3) փորձաքննության ժամանակ նախատեսվում է ներկայացված օբյեկտների սեռական պատկանելության որոշում,

4) մոլեկուլային գենետիկական փորձաքննության խնդիրն է՝ անձը անհատականացնող գենետիկական բնութագրի հայտնաբերում, տարբեր օբյեկտներից ծագած գենետիկական բնութագրերի նույնականացման հաստատում կամ տարբեր գենետիկական բնութագրերի հայտնաբերման դեպքում նույնականացման ժխտում,

5) հետքերի առաջացումը տվյալ անձից հիմնավորված բացառվում է այն դեպքում, երբ գենետիկական բնութագրերը տարբերվում են միմյանցից առնվազն երկու գենետիկական լոկուսներով,

6) օբյեկտների գենետիկական նույնականացման հաշվարկներում անհրաժեշտ է հաշվի է առնել անձի էթնիկական պատկանելությունը, տվյալների բացակայության դեպքում հնարավոր է հաշվարկներում կիրառել գեների հանդիպման հաճախականությանը սպիտակամորթ մարդկանց պոպուլյացիայում,

63. Դատագենետիկական փորձաքննության ենթարկվող մարդուց առաջացած կենսաբանական ծագման նմուշների ցանկը և դրանց պահպանման պայմանները հետևյալն են՝

1) մարդու մարմնի մասերը, կմախքի առանձին հատվածները, առանձին ոսկրերը և ոսկրերի բեկորները, փափուկ հյուսվածքները, ատամները, մաշկը պահպանել սառցարանային պայմաններում (-30°C) պայմաններում,

2) հեղուկ արյունը՝ 3 օր, մեզը՝ մեկ օր, սերմնահեղուկը 1 օր: Նշված նմուշները նշված օրերից հետո պետք է չորացվեն ստերիլ մակերեսների վրա: Կղանքը անմիջապես տեղափոխել ստերիլ թանզիֆի մակերեսին: Բոլոր այս նմուշները չորացնելուց հետո պահել

3) կղանքը՝ -10 °C-ում:

4) արյան, սերմնահեղուկի և թքի չորացած հետքերը պահպանել չոր, մութ տեղում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում,

5) մազարմատներով մազերը տեղափոխել հատուկ թափանցիկ երկտակ ժապավենի արանքում կամ սպիտակ թղթից փաթեթի մեջ և պահպանել չոր տեղում:

64. Դեպքի վայրից առգրավված կենսաբանական հետքերով հագուստները մինչ փորձաքննության ներկայացնելը չորացնել չոր, մութ տեղում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

65. Մոլեկուլյար գենետիկական փորձաքննության չեն ենթարկվում բոլոր այն իրեղեն ապացույցները, որոնց մակերեսների հետքերը ենթարկվել են նեխման (գարշահոտ) կամ պատված են բորբոսով (բորբոսը տեսանելի է անզեն աչքով):

66. Մոլեկուլյար գենետիկական փորձաքննության չեն ենթարկվում նեխած դիակների փափուկ հյուսվածքները, նեխած արյան նմուշները:

67. Մոլեկուլյար գենետիկական փորձաքննությունները իրականացվում են պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով, որի արդյունքում յուրաքանչյուր նմուշից կամ հետքից ստացվում են անձը անհատականացնող գենետիկական բնութագրեր (ԴՆԹ բնութագիր):

68. Մոլեկուլյար գենետիկական փորձաքննության կատարման փուլերն են՝

1) փաստաթղթերի ուսումնասիրություն,

2) փաթեթավորման զննում,

3) կնիքների և փաթեթների ամբողջականության ստուգում,

4) ներկայացված իրեղեն ապացույցների համապատասխանության ստուգում ըստ ներկայացված փաստաթղթերի,

5) փորձաքննության ներկայացված նյութերի նախնական զննում` հետազոտության ծավալը, օբյեկտների պիտանելիությունը և դասակարգումը (նույնականացվող և չնույնականացվող) որոշելու նպատակով,

6) ներկայացված նյութերի համարակալում և նշագրում, իրեղեն ապացույցների վրա հայտնաբերված կենսաբանական ծագման օբյեկտների տեղակայման նկարագրում, պիտակավորում,

7) փորձագետի կողմից փորձաքննության կարգի մշակում կախված որոշման հարցադրումից և ներկայացված օբյեկտներից,

8) նպատակահարմար մեթոդների ընտրում,

9) օբյեկտներից ԴՆԹ-ի անջատում,

10) օբյեկտների անհատականացնող հատկանիշների հայտնաբերում (ամպլիֆիկացում-սեքվենավորում),

11) օբյեկտների անհատականացնող հատկանիշների առանձին-առանձին գնահատում (գենետիկական բնութագիր), ստացված գենետիկական բնութագրերի համադրում, վերջինների համընկնման կամ տարբերության գնահատում,

12) փորձաքննության արդյունքում բոլոր ստացված տվյալների (գենետիկական բնութագրերի) վերլուծություն փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերի լուծման համար,

13) փորձագետի գրավոր եզրակացության կազմում:

 

ԳԼՈՒԽ 8. ԴԱՏԱՀՅՈՒՍՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

69. Դատահյուսվածքաբանական հետազոտությունները կատարվում են դատաբժշկական փորձագետների կողմից ներկայացրած ուղեգրերի հիման վրա։

70. Դատահյուսվածաբանական հետազոտությունը դիակից կամ առանձին դեպքերում՝ կենդանի անձից վերցված հյուսվածքային նմուշների ուսումնասիրությունն և գիտականորեն հիմնավորված արդյունքի ձևակերպումն է դատահյուսվածաբանական ուսումնասիրության ակտի միջոցով:

71. Դիակային նյութի դատահյուսվածաբանական հետազոտությունը իրականացվում է հաստատելու, կամ պարզելու համար`

1) մահվան անմիջական պատճառը,

2) մահվան վաղեմությունը,

3) դիակային փոփոխությունները,

4) կենդանության օրոք ախտաբանական փոփոխությունները,

5) վնասվածքների բնույթը, վաղեմությունը,

6) կենդանության օրոք կամ հետմահու ծագած վնասվածքների տարբերակիչ ախտորոշումը,

7) վնասվածքներից առաջացած բարդությունների ախտորոշումը` ճարպային էմբոլիա, թրոմբոէմբոլիա,

8) բութ գործիքներից, հրազենային և ծակած-կտրած վնասվածքների վերքերի մետաղացման հայտնաբերումը (մուտքեր, ելքեր),

9) հրազենային վնասվածքների լրացուցիչ գործոնների հայտնաբերումը (մուտքեր, ելքեր),

10) մեխանիկական շնչահեղձումների տարբերակիչ ախտորոշումը,

11) դիատոմային պլանկտոնների հայտնաբերումը և նրանց համեմատական իդենտիֆիկացումը դեպքի վայրից բերված ջրում եղած դիատոմային պլանկտոնի ներկայացուցիչների հետ,

12) մեխանիկական շնչահեղձությունների ժամանակ ճմլման ակոսների գնահատումը, կենդանության օրոք և հետմահու որոշումը

13) շնչուղիներում և թոքերում օտարածին մարմինների և մասնիկների հայտնաբերումը,

14) էլեկտրականության ներգործության հայտնաբերումը և հաստատումը (մուտքեր, ելքեր),

15) բարձր ջերմաստիճանի ներգործության հետևանքների հայտնաբերումը և դրանց կենդանության օրոք և հետ մահու լինելու հարցը,

16) ցածր ջերմաստիճանի ներգործության հետևանքով ախտաբանական փոփոխությունների որոշումը և հաստատումը,

17) թունավորումների հետևանքով առաջացած ախտաբանական փոփոխությունների հայտնաբերումը և հաստատումը,

18) մայրական մահացության պատճառների որոշումը,

19) հղիության վաղաժամ հատկանիշների հայտնաբերումը, արտարգանդային հղիության, հղիության վաղեմության և նախկին հղիության հաստատումը,

20) մանկական մահացության պատճառների որոշումը,

21) պտղի և նորածինների մահացության պատճառների որոշումը, կենդանածնության և մեռելածնության տարբերակումը,

22) դեպքի վայրից իրեղեն ապացույց հանդիսացող կտորների նույնականացման` հյուսվածքային պատկանելության որոշումը,

23) հանկարծամահությունների ախտորոշումը,

24) նեխային փոփոխություններով հյուսվածքներում պահպանված ախտաբանական փոփոխությունների և վնասվածքների որոշումը,

25) արտաշիրիմումների դեպքերի, մումիֆիկացված, մոմաճարպերի փոփոխված վերածված, նեխած և այլ փոփոխությունների ենթարկված հյուսվածքների ախտորոշումը:

72. Դատահյուսվածաբանական հետազոտությունները կատարվում են դատահյուսվածաբանների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն կատարող փորձագետի ուղեգրի հիման վրա:

73. Հյուսվածքների հիմնական հետազոտությունը կատարվում է հեմատոքսիլին-էոզինի ներկման եղանակով, կիրառվում են նաև հետևյալ եղանակները՝ ըստ Պեռլսի-վաղեմության-հյուսվածքներում հեմոսիդերինի հայտնաբերում, սուդան-3-ճարպային էմբոլիայի ախտորոշում և գնահատում, ներկում ըստ Տուրևիչի՝ նեխած հյուսվածքներում պահպանված և ֆիքսված էրիթրոցիտների հայտնաբերում, պտղաջրերով էմբոլիայի հայտնաբերում՝ ալցիան կապույտով, ըստ Վան Գիզոնի-շարակցական հյուսվածքի տարբերակում հյուսվածքներում, ըստ Լիի եղանակի՝ վաղաժամ մեռուկների հայտնաբերում սրտամկանում- ՀՀՊՖ, Կոնգո կարմիրով ամիլոիդի հայտնաբերում, ըստ Մալորիի, Ռոմանովսկի-Գիմզայի եղանակի-բջջաբանական ուսումնասիրություն, ըստ Նիլսի:

74. Բարդ փորձաքննությունների ժամանակ օբյեկտիվիզացիայի նպատակով անհրաժեշտ է կատարել նաև մորֆոմետրիայի և հյուսվածաբանական օբյեկտների ֆոտոլուսանկարահանում, որոնք իրականցվում են հատուկ ֆոտոլուսանկարանող մանրադիտակով և արխիվացվում էլեկտրոնային պահոցում՝ դեպքին համատասխանող համարի տակ, նաև կցվում հյուսվածաբանական ակտին: Ընդհանուր պրակտիկայում կիրառվում են լուսային, պոլյարիզացիոն, ֆազո-կոնտրաստային և լյումինիսցենտային մանրադիտակներ:

 

ԳԼՈՒԽ 9. ԲԺՇԿԱՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ(ԿԱՄ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

75. Բժշկաքրեագիտական փորձաքննությունները կատարվում են փորձաքննություն նշանակելու մասին որոշման իսկ ուսումնասիրությունները` դատաբժշկական փորձագետների կողմից ներկայացրած ուղեգրերի հիման վրա։

76. Բժշկաքրեագիտական փորձաքննություններն (ուսումնասիրություններն) իրականացվում են` պարզելու, թե մաշկի, հյուսվածքների, ոսկորների վրա եղած վնասվածքներն ինչ գործիքով, առարկայով, զենքով են պատճառվել (հրազեն, ծակող, ծակող-կտրող, կոտորող, սղոցավոր, սուր, բութ և այլն):

77. Հրազենային վնասվածքների դեպքում, օգտագործելով սպեկտրալ, կոնտակտահպումային, գրաֆիկական, ռենտգենոգրաֆիկ մեթոդները, պարզվում է`

1) վնասվածքը հրազենային է, թե` ոչ,

2) եթե հրազենային է, գնդակային է, թե` կոտորակային,

3) յուրաքանչյուր մուտքի և ելքի անցքերը առանձին-առանձին,

4) կրակոցի հեռավորությունը,

5) գնդակի կամ շապիկի մետաղի տեսակը,

6) կրակոցի ուղղությունը,

7) կրակոցը կատարվել է արգելքով, խլացուցիչով,

8) կրակոցի լրացուցիչ գործոնների առկայությունը:

78. Պայթյունային վնասվածքների ժամանակ որոշվում է`

1) վնասվածքի բնույթը, որը առաջացել է մարմնի վրա պայթյունի հետևանքով,

2) օգտագործված նյութը պայթուցիկ է, թե` ոչ,

3) եթե պայթուցիկ նյութ է, ապա` ինչ պայթուցիկ նյութ է օգտագործվել:

79. Կտրած, ծակած, ծակած-կտրած և սղոցավոր վերքերի ժամանակ պարզվում է`

1) յուրաքանչյուր վնասվածք ինչ գործիքով է պատճառվել (կտրող-ծակող, կտրող, կոտորող և այլ տիպի գործիքներ):

2) եթե դանակով, ապա` ինչ դանակով է պատճառվել (միակողմանի սուր կտրող եզրով, երկկողմանի և այլն),

3) վնասվածքը պատճառվել է մեկ, թե տարբեր դանակներով:

80. Անձի նույնականացման ժամանակ, երբ հայտնաբերվում են անդամահատված մարմնամասեր, ոսկրային մնացորդներ, կմախքացած դիակներ, մոխրացած կամ կիսաայրված ոսկրային մնացորդներ, իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

1) եթե վնասվածքներ կան հյուսվածքների կամ ոսկրերի վրա, ապա որոշվում է նրանց հետագիծը,

2) պատրաստվում է հյուսվածքի կամ ոսկրի վրա վնասվածքի արտատպվածքը, վնասվածք պատճառող գործիքի կամ առարկայի հետ նույնականացնելու նպատակով,

3) պատրաստվում է վնասվածք պատճառող առարկայի, գործիքի կամ զենքի մոտավոր տեսակը և համադրվում վնասվածքի հետ, ստացվում է կասկածելի զենքը, գործիքը կամ առարկան,

4) գանգի թաղի և դիմային հատվածի ոսկորներից վերականգնվում է դեմքը, համադրվում լուսանկարի հետ և կատարվում է ֆոտոնույնացում:

 

ԳԼՈՒԽ 10. ԲԱՐԴ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

81. Կրկնակի, հանձնաժողովային, լրացուցիչ և համալիր փորձաքննությունները իրականացվում են ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ ՊՈԱԿ-ի բարդ փորձաքննությունների բաժնում։

82. Համալիր փորձաքննության ընթացքում լուծվող խնդիրները.

1) Դատաբժշկական և հետքաբանական`

ա. վնասվածքների առաջացման մեխանիզմի որոշում,

բ. վնասվածք պատճառող գործիքի, առարկայի (սուր, ծակող, ծակող-կտրող, կոտորող, բութ, հրազեն և այլն) տեսակի որոշում,

գ. վնասվածքների (հագուստների և մարմնական) համադրում, համընկնում, նրանց առաջացման մեխանիզմի որոշում փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված պայմաններում (հարված, վայր ընկնել և այլն),

դ. վնասվածքների (հագուստների, մարմնական, մանրաթելերի, տրանսպորտային միջոցի) համադրում, համընկնում:

ե․ վնասվածքների առաջացման հնարավորության` գործի նյութերով ներկայացված ցուցմունքներին համապատասխան պայմաններում առաջանալու (կամ չառաջանալու) որոշում, ինքն իրեն վնասվածք պատճառելու կամ ինքնավնասման հնարավորության որոշում

2) Դատաբժշկական և ավտոտեխնիկական`

մարմնական և հագուստների վնասվածքների համընկնում, նրանց առաջացման մեխանիզմի որոշում (վրաերթ, մեքենայի խցիկում ուղևորների և վարորդի տեղի որոշում և այլն):

3) Դատաբժշկական և ձգաբանական`

վնասվածքների բնույթի, տեղակայության, առաջացման մեխանիզմի որոշում (մուտքի և ելքի անցքեր, վերքային խողովակներ, ուղղություններ, հեռավորություն, տրամաչափ):

4) Դատաբժշկական և ռազմաբժշկական`զինապարտների առողջական վիճակների (ախտորոշումների) որոշում:

5) Դատաբժշկական և դատահոգեբուժական`հիվանդությունների առկայության, ծագումնաբանության և վնասվածքների հետ պատճառական կապի որոշում:

83. Լրացուցիչ փորձաքննությունների ընթացքում լուծվող խնդիրները.

1) նախորդ փորձաքննությունների ժամանակ փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին ի լրումն հարցերի առաջադրում և դրանց որոշում,

2) վնասվածքների առաջացման մեխանիզմի որոշում (օր. ուղղակի հարված, վայր ընկնելուց առաջանալու հնարավորության և այլն) է համաձայն լրացուցիչ ի հայտ եկած հանգամանքների:

84. Հանձնաժողովային փորձաքննության ընթացքում լուծվող խնդիրները.

1) բժշկական օգնության և սպասարկման տեսակի, ծավալի, կազմակերպման, հետազոտությունների կատարման, ախտորոշման, բուժման մեթոդի ընտրության, հիվանդի վարման գործընթացում տեղ գտած մասնագիտական բնույթի խախտումները, բացթողումներ

2) հիվանդության զարգացման ժամկետի որոշում, մահվան պատճառի որոշում

3) կոնկրետ որևէ բժշկական գործողության (բժշկի, բժիշկների), անգործության կամ գործունեության (կամ հետևանքների որոշում, դրանց պատճառական կապը հիվանդի վիճակի վատացման հետ (ըստ հետևանքների` առողջությանը պատճառված վնասի աստիճանի և մահվան հետ կապի որոշում), կոնկրետ որևէ բժշկական գործողության) (բժշկի, միջին և կրտսեր բուժանձնակազմի` բուժքրոջ, սանիտարի), (գործունեության պատշաճության և դրանց առաջացրած հետևանքների որոշում, ըստ հետևանքների` առողջությանը պատճառված վնասի աստիճանի և մահվան հետ կապի որոշում),

4) Պացիենտի հետազոտությունների և ախտորոշումների որոշում և դրանց պատճառական կապը առաջացած հետևանքների հետ,

5) բժշկական միջամտությունների (ներարկումներ, թերապևտիկ և վիրահատական միջամտություններ) կատարում կամ չկատարում և դրանց պատճառական կապը առաջացած հետևանքների հետ (ըստ հետևանքների` առողջությանը պատճառված վնասի աստիճանի և մահվան հետ կապի որոշում),

6) պացիենտին բուժ. օգնության ցուցաբերում և չցուցաբերում և դրանց պատճառական կապը հետևանքների հետ (առողջությանը պատճառած վնաս և մահ),

7) մարմնական վնասվածքների առաջացման վաղեմության, մեխանիզմների որոշում, վայր ընկնելուց առաջանալու հնարավորության և այլն որոշում

8) զինապարտների առողջական վիճակների, հիվանդությունների առկայությունների, դրանց հիմնավորվածության, բնույթի, ընթացքի, դրանց գիտական հիմնավորվածության որոշում,

9) անձի առողջական վիճակի` (ախտաբանությունների) հիվանդության առկայության, ֆիզիկական և մտավոր ունակությունների վիճակի, որոշակի ինքնուրույն գործողությունների կատարման (կամ չկատարման) հնարավորության, պարզված առողջական վիճակով դատաքննությանը, քննչական գործողություններին մասնակցելու հնարավորության որոշում

10) վեներական հիվանդությունների վարակվածության որոշում

11) ՄԻԱՎ(ՁԻԱՎ) հիվանդացության որոշում

12) Հղիության ապօրինի ընդհատման որոշում

13) անօրինական բժշկական գործունեությամբ կամ դեղագործությամբ զբաղվելու որոշում

14) կալանավորված անձանց առողջական վիճակի որոշում և փորձաքննության արդյունքներով պարզված առողջական վիճակի (ախտորոշման) կալանքի հետ համատեղելիության որոշում, կալանքի (անազատության պայմաններում) պահանջված բուժօգնության ցուցաբերման հնարավորության կամ անհնարինության որոշում, պարզված ախտորոշման համապատասխանություն ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածի «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ)» կողմնորոշիչ ցանկում ներառված հիվանդությունների հետ

15) Կալանքը (պատիժը) կրելուն խոչընդոտող հիվանդությունների առկայության (կամ բացակայության) պայմաններում անազատության մեջ (կալանավայրում) կալանավորի կալանքի (պատժի) կրման հնարավորության (կամ անհնարինության) որոշումը կատարվում է բացառապես ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 04-ի N 1636-Ն որոշմամբ սահմանված դատաբժշկական միջգերատեսչական հանձնաժողովի կազմով:

85. Կրկնակի փորձաքննությունների ընթացքում լուծվող խնդիրները.

1) նախորդ փորձաքննությունների (համալիր, հանձնաժողովային, կրկնակի) գիտական հիմնավորվածության որոշում,

2) նախորդ փորձաքննությունների ժամանակ փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերի կրկին առաջադրում և դրանց որոշում,

3) վնասվածքների առաջացման մեխանիզմի որոշում (օր. ուղղակի հարված, վայր ընկնելուց առաջանալու հնարավորության և այլն):

86. Երևան քաղաքում և մարզերում ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից դատաբժշկական փորձաքննությունների ընթացքում հիվանդանոցային կամ ամբուլատոր խորհրդատվությունները (այդ թվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդատուների) կամ ստացիոնար կամ գործիքային կամ լաբորատոր կամ ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են պետական պատվեր ունեցող կազմակերպություններում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2021 թվական: