Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.11.2021-28.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.03.20/10(678) Հոդ.73
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.03.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մարտի 2020 թ.
քաղ. Երևան

N 111-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ` սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության կարգը տարածվում է նաև «Սնանկության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքում սնանկության ժամանակավոր կառավարչի նոր թեկնածուի ընտրության նկատմամբ:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

 

  Ռ. Բադասյան

 

Հավելված

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 13-ի

N 111-Ն հրամանի

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

 

I. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից օրենքով սահմանված դեպքերում սնանկության գործով կառավարչի (այսուհետ՝ կառավարիչ) թեկնածուի ընտրությունը կատարվում է հատուկ համակարգչային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) միջոցով կատարվող վիճակահանությամբ:

2. Նախարարության կողմից կառավարչին հաշվառելուց հետո՝ մեկօրյա ժամկետում ծրագրում մուտքագրվում են հաշվառված կառավարչի և նրա սպասարկման տարածքի վերաբերյալ տվյալները:

3. Ծրագրում մուտքագրվում է նաև յուրաքանչյուր կառավարչի վարույթում գտնվող ընթացիկ գործերի քանակը` նրա ընթացիկ ծանրաբեռնվածությունը որոշելու համար:

4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված նպատակներից ելնելով` յուրաքանչյուր կառավարիչ պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը էլեկտրոնային եղանակով նախարարությանը ծանուցել տվյալ ամսվա մեկի դրությամբ իր վարույթում առկա ընթացիկ (չավարտված) սնանկության գործերի քանակի մասին` նշելով յուրաքանչյուր սնանկության գործի հերթական համարը: Նախարարությունը, հիմք ընդունելով կառավարչի ծանուցումը, ծրագրում նշում է կատարում կառավարչի վարույթում առկա գործերի ավելացման կամ նվազման վերաբերյալ` կառավարչի ծանրաբեռնվածությունը որոշելու համար: Սույն կետով սահմանված ծանուցումը չիրականացնելու համար կառավարիչը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի պահանջների չկատարման հիմքով:

(4-րդ կետը խմբ. 22.04.21 N 165-Ն) 

5. Կառավարչի սպասարկման տարածքի փոփոխության դեպքում մեկօրյա ժամկետում համապատասխան փոփոխություններ են կատարվում ծրագրում:

6. Կառավարչի վերաբերյալ տվյալները անհապաղ հանվում են ծրագրից, եթե`

1) կառավարիչը հանվել է հաշվառումից.

2) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը (65 տարին), սակայն ստացել է թույլտվություն շարունակելու իր գործունեությունը դեռևս չավարտված գործերով:

 

II. ՊԱՀԱՆՋԱԳՐԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

7. Կառավարչի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ պահանջագիրը (այսուհետ՝ պահանջագիր) Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանից (այսուհետ՝ դատարան) թղթային, կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի առկայության դեպքում` էլեկտրոնային եղանակով ստանալու օրը ծրագրում մուտքագրվում են պահանջագրում առկա հետևյալ տեղեկությունները՝

1) սնանկության գործի համարը.

2) դատավորի անունը և ազգանունը.

3) սնանկության գործով պարտապանի և դիմումատուի տվյալները.

ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ներառյալ՝ Երևան քաղաքի կամ մարզի մասին նշումով.

բ. իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, ներառյալ՝ Երևան քաղաքի կամ մարզի մասին նշումով, պետական գրանցման համարը.

4) պահանջի ընդհանուր չափը (առկայության դեպքում).

5) նշում պահանջագիրը ժամանակավոր կառավարչի կամ սնանկության գործով (հիմնական) կառավարչի ընտրության համար ներկայացված լինելու մասին.

6) եթե սնանկության գործով նշանակված է ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ՝ նաև վերջինիս անունը, ազգանունը.

7) եթե «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածին համապատասխան՝ պահանջագիրը ներկայացվում է այն հիմքով, որ դատարան ներկայացված սնանկության ժամանակավոր կառավարչի (կառավարչի) թեկնածուն չի համապատասխանում օրենքի 22-րդ հոդվածին կամ թեկնածուի համար հայտնաբերվել են օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքեր կամ դատարանը հիմնավոր է համարել կառավարչի առարկությունը իր թեկնածության վերաբերյալ կամ նախկին ժամանակավոր կառավարչի (կառավարչի) լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, ապա պահանջագիրը պարունակում է նշում նման դեպքերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) թեկնածուի վերաբերյալ:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները ծրագրում մուտքագրվելու պահից ծրագիրը ինքնաշխատ եղանակով գեներացնում է պահանջագրի հերթական համարը, վիճակահանության ամսաթիվը:

(8-րդ կետը փոփ. 06.05.20 N 159-Ն)

9. Սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները՝ որպես դատարանի կողմից ներկայացված պահանջագիր, դրանց մուտքագրման պահից հասանելի են դառնում ծրագրում:

(9-րդ կետը փոփ. 06.05.20 N 159-Ն)

 

III. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Տվյալ օրվա ընթացքում մուտքագրված պահանջագրերի մասով վիճակահանությունն անցկացվում է ծրագրի միջոցով ինքնաշխատ եղանակով` առանց նախարարության միջամտության` ոչ ուշ, քան հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա ժամը 18:00-ն:

(10-րդ կետը փոփ. 06.05.20 N 159-Ն, 13.08.21 N 391-Ն) 

11. Ծրագիրն իրականացնում է վիճակահանություն՝ հետևյալ սկզբունքներով.

1) վիճակահանությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ ծրագրում ներառված այն կառավարիչների ցանկից, որոնք տվյալ պահին սպասարկում են նվազ քանակով ընթացիկ գործեր և սպասարկում են համապատասխան պահանջագրում նշված պարտապանի վայրին համապատասխանող տարածքը: Սույն ենթակետի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր ունեցող են համարվում այն կառավարիչները, որոնց կողմից սպասարկվող գործերի քանակը մինչև 30 գործով ավել է տվյալ պահին այդ տարածքում նվազագույն քանակով ընթացիկ գործեր սպասարկող կառավարչի գործերի քանակից: Եթե տվյալ պահին այդ տարածքում նվազագույն քանակով ընթացիկ գործեր սպասարկող կառավարչի գործերի քանակը պակաս է 20-ից, ապա սույն ենթակետի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր ունեցող են համարվում այն կառավարիչները, որոնց կողմից սպասարկվող գործերի քանակը մինչև 40 գործով ավել է տվյալ պահին այդ տարածքում նվազագույն քանակով ընթացիկ գործեր սպասարկող կառավարչի գործերի քանակից.

2) սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր ունեցող կառավարիչների բացակայության դեպքում վիճակահանությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ ծրագրում ներառված այն բոլոր կառավարիչների ցանկից, որոնք սպասարկում են համապատասխան պահանջագրում նշված պարտապանի վայրին համապատասխանող տարածքը.

3) եթե տվյալ պահանջագրով պարտապանի վայրին համապատասխանող տարածք որևէ կառավարիչ չի ընտրել (կամ որպես սպասարկման տարածք չի որոշվել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը), ապա վիճակահանությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ ծրագրում որպես տվյալ տարածքին հարող նշված տարածքը սպասարկող կառավարիչների ցանկից` սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը հաշվի առնելով.

4) սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով կառավարիչ ընտրելու անհնարինության դեպքում վիճակահանությունը կատարվում է ծրագրում ներառված բոլոր կառավարիչների ցանկից` սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր սպասարկող կառավարիչներից:

(11-րդ կետը փոփ. 06.05.20 N 159-Ն, լրաց. 18.09.20 N 371-Ն, փոփ. 22.04.21 N 165-Ն, 01.11.21 N 558-Ն)

12. Յուրաքանչյուր առանձին գործով ներկայացված պահանջագրի հիման վրա վիճակահանությանը չի մասնակցում այն կառավարիչը`

1) որն արդեն իսկ տվյալ գործով նշանակված է ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ.

2) որի թեկնածությունը տվյալ գործով ներկայացվել է դատարան և դատարանը գտել է, նա չի համապատասխանում օրենքի 22-րդ հոդվածին կամ թեկնածուի համար հայտնաբերվել են օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքեր կամ դատարանը հիմնավոր է համարել կառավարչի առարկությունը իր թեկնածության վերաբերյալ կամ նրա` որպես ժամանակավոր կառավարչի (կառավարչի) լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:

 

IV. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

13. Վիճակահանության անցկացումից հետո դրա արդյունքներն արտացոլվում են ծրագրում և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում: Կառավարչի թեկնածուի ընտրության դեպքում ծրագրի միջոցով կառավարչի էլեկտրոնային փոստին ծանուցում է ուղարկվում այդ մասին:

(13-րդ կետը փոփ., լրաց. 06.05.20 N 159-Ն)

14. Վիճակահանության անցկացման օրը, նախարարության աշխատակիցը ծրագրի միջոցով գեներացնում և արտաբերում (տպում) է վիճակահանության արդյունքների մասին արձանագրություն՝ յուրաքանչյուր պահանջագրի մասով առանձին: Արձանագրությունը պարունակում է տվյալներ դատարանի կողմից ներկայացված պահանջագրի (դատարանի անվանում, գործի համար, դատավորի անուն, ազգանուն), պահանջագրի հերթական համարի, վիճակահանության ամսաթվի, վիճակահանությանը մասնակցած կառավարիչների թվի, վիճակահանության արդյունքում ընտրված կառավարչի թեկնածուի (անուն, ազգանուն, որակավորման վկայականի համար) վերաբերյալ:

(14-րդ կետը փոփ., լրաց. 06.05.20 N 159-Ն)

15. Վիճակահանության արդյունքների մասին արձանագրությունը դատարան է ներկայացվում թղթային, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի առկայության դեպքում` էլեկտրոնային եղանակով:

(15-րդ կետը փոփ. 06.05.20 N 159-Ն)

16. Վիճակահանության արդյունքները արխիվացվում են և պահպանվում են ծրագրում:

(16-րդ կետը փոփ. 06.05.20 N 159-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 06.05.20 N 159-Ն, լրաց. 18.09.20 N 371-Ն, փոփ. 22.04.21 N 165-Ն, 13.08.21 N 391-Ն, 01.11.21 N 558-Ն)