Գլխավոր տեղեկություն
Համար
N 536-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2021
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.10.2021
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հոկտեմբերի 2021 թ.
քաղ. Երևան

N 536-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

 Հաշվի առնելով դատապարտյալների փոխանցման ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով.

 - Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ տարածաշրջանային միջազգային պայմանագրերի՝ 1983 թվականի մարտի 21-ին ստորագրված «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով և 1988 թվականի մարտի 6-ին ստորագրված «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության կոնվենցիայով, ինչպես նաև դատապարտյալների փոխանցման հարցեր կարգավորող երկկողմ միջազգային պայմանագրերով սահմանված պահանջները․

- Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի N (92) 18 Առաջարկությունը, որը անդամ պետություններին պարտավորեցնում է ընդունել դատապարտյալի փոխանցմանը հավանություն տալու կամ մերժելու վերաբերյալ չափանիշներ սահմանող կանոնադրություն․

- Արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի 11 հունիսի 2018 թվականի N 704-Լ որոշման հավելված 1-ով նախատեսվող ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրության՝ նախարարության գործառույթները սահմանող III-րդ մասի 11-րդ կետի 21-րդ ենթակետի դրույթները.

    

Հրամայում եմ`

    

1. Արդարադատության նախարարության իրավասու ստորաբաժանմանը՝ քննարկել օտարերկրյա պետություններում կամ Հայաստանի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված դատապարտյալների փոխանցման հարցը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով՝ համաձայն հետևյալ չափորոշիչների, եթե.

1) դատապարտյալի նկատմամբ կայացված դատավճիռը վերջնական է և մտել է օրինական ուժի մեջ.

2) գործողությունը կամ անգործությունը, որի համար ազատազրկման է դատապարտվել անձը, քրեորեն պատժելի է և դրա համար նախատեսված է ազատազրկման ձևով պատիժ՝ ինչպես դատավճիռը կայացրած պետությունում, այնպես էլ դատապարտյալի քաղաքացիության կամ մշտական բնակության վայրի պետությունում.

3) դատապարտյալի փոխանցման մաuին դիմումը և դրանք հիմնավորող փաստաթղթերը ստանալու պահին մինչև պատիժը կրելու ժամկետի ավարտը մնացել է առնվազն վեց ամիս ժամկետ կամ պատժի ժամկետն անսահմանափակ է։ Բացառիկ դեպքերում պետությունների իրավասու մարմինները կարող են համաձայնության գալ փոխանցման վերաբերյալ, եթե դատապարտյալի պատիժը կրելու ժամկետը վեց ամսից պակաս է.

4) առկա է դատապարտյալի քաղաքացիության կամ մշտական բնակության վայրի պետություն փոխանցման վերաբերյալ դատապարտյալի գրավոր համաձայնությունը: Այն դեպքում, երբ ելնելով դատապարտյալի տարիքից, ֆիզիկական կամ հոգեկան վիճակից, հնարավոր չէ վերջինիս գրավոր համաձայնությունը ստանալը, անհրաժեշտ է դատապարտյալի փոխանցման վերաբերյալ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությունը.

5) դատավճիռը կայացրած պետության և դատապարտյալի քաղաքացիության կամ մշտական բնակության վայրի պետության իրավասու մարմինների միջև համաձայնություն է ձեռք բերվել փոխանցման վերաբերյալ.

6) դատապարտյալի փոխանցման վերաբերյալ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից մերժումը ստանալուց հետո անցել է մեկ տարի:

2. Արդարադատության նախարարության իրավասու ստորաբաժանմանը՝ դատապարտյալի փոխանցման նպատակահարմարության վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի առնել`

1) դատապարտյալի կողմից կատարած հանցանքի ծանրությունը և դատավճիռը կայացրած պետության կողմից նշանակված պատժի ժամկետը.

2) դատապարտյալի՝ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում իրականացրած հանցավոր գործունեության, ունեցած հանցավոր կապերի, ինչպես նաև քրեական ենթամշակույթի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ իրավասու մարմիններից ստացված տեղեկատվությունը.

3) դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման հավանականության կամ առողջապահական հիմնարկներում պահման հնարավորության բացակայության վերաբերյալ իրավասու մարմիններից ստացված դիրքորոշումները.

4) դատապարտյալի կողմից հետագայում կրկին հանցագործություն կատարելու հավանականության վերաբերյալ իրավասու մարմիններից ստացված դիրքորոշումը.

5) Հայաստանի Հանրապետությունում դատապարտված օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի, ինչպես նաև օտարերկրյա պետության տարածքում դատապարտված Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության վայր ունեցող դատապարտյալի փոխանցման նպատակահարմարության վերաբերյալ իրավասու մարմիններից ստացված պատճառաբանված դիրքորոշումներն այն դեպքում, երբ նման դիրքորոշումներն ստանալու անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում անձի վերաբերյալ կայացված դատավճռից կամ Հայաստանի Հանրապետությունում հարուցված՝ անձի հետ առնչություն ունեցող քրեական գործի հանգամանքներից.

6) դատապարտյալի քաղաքացիության կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝ մշտական բնակության վայրի պետությունում մինչև դատապարտվելը բնակվելու, աշխատելու, սոցիալական կայուն կապեր ունենալու, ընտանիքի անդամների և (կամ) մերձավոր ազգականների՝ մշտապես բնակվելու մասին տվյալների առկայությունը, ինչպես նաև դատապարտող օտարերկրյա պետության տարածքում մինչև դատապարտվելը դատապարտյալի և (կամ) նրա ընտանիքի անդամների բնակության ժամանակահատվածի, աշխատելու, սոցիալական կայուն կապեր ունենալու մասին տվյալների առկայությունը.

7) դատապարտյալի փոխանցումն իրականացնելու դեպքում պատիժը կրելու հիմնարկի ռեժիմի հնարավոր անհամապատասխանության և (կամ) գերբեռնվածության վերաբերյալ իրավասու մարմիններից ստացված դիրքորոշումները:

3. ՀՀ միջազգային պայմանագրերի համաձայն և հաշվի առնելով դրանցով սահմանված բացառությունները՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասու ստորաբաժանմանը՝ մերժել դատապարտյալի փոխանցումը հետևյալ հիմքերի առկայության դեպքում`

1) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով կամ այդ պետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով պատիժը չի կարող կատարվել դատապարտյալի քաղաքացիության կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝ մշտական բնակության վայրի պետության տարածքում.

2) մինչև դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելը, դատավճիռը կայացրած պետության տարածքում կատարված արարքի համար դատապարտյալը պատիժը կրել է ամբողջությամբ կամ արդարացվել է կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ՝ ազատազրկման հետ չկապված պատժատեսակով կամ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց.

3) Արդարադատության նախարարությունը պատճառաբանված հետևության է հանգել կամ իրավասու մարմիններից ստացվել են դիրքորոշումներ, որ դատապարտյալի փոխանցումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, սահմանադրական կամ հասարակական կարգին.

4) դատապարտյալի փոխանցումը չի բավարարում սույն հրամանի 1-ին կետում նշված չափորոշիչներին և (կամ) դատապարտյալի փոխանցումը սույն հրամանի 2-րդ կետում նշված որևէ հիմքով նպատակահարմար չի գնահատվել.

5) չի փոխհատուցվել հանցագործությամբ պատճառված վնասը կամ առկա են դատավճռով կամ դատական այլ ակտով սահմանված չկատարված ֆինանսական պարտավորություններ.

6) բացակայում է փոխանցման վերաբերյալ դատապարտյալի կամ սույն հրամանի 1-ին կետի 4֊րդ ենթակետում նշված դեպքերում' դատապարտյալի օրինական ներկայացուցչի կողմից տրված գրավոր համաձայնությունը կամ առկա է հիմնավոր կասկած նման համաձայնությունը դատապարտյալի կամ դատապարտյալի օրինական ներկայացուցչի կողմից ինքնակամ տրված չլինելու վերաբերյալ.

7) առկա է հիմնավոր կասկած դատապարտյալի փոխանցման դեպքում վերջինիս պահելու պայմանների, առողջության վատթարացման, նրա նկատմամբ խոշտանգում կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ` կախված դատապարտյալի սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից.

8) առկա է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված որևէ այլ հիմք:

     

       Կ. Անդրեասյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան