ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
06 դեկտեմբերի 2021 թ. |
N 82-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 48-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգի.
1) 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1 և 4.2 կետերը՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.1 Սույն կարգի 4-րդ կետով սահմանված համապատասխան անձ չլինելու և սույն կարգով սահմանված 2 անգամ հայտարարված մրցույթին համապատասխան Մանկավարժի չմասնակցելու դեպքում՝ տնօրենը կարող է մինչև տվյալ ուսումնական տարվա կիսամյակի ավարտը կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր այն անձի հետ, ով ունի՝
ա) վերջին 10 տարվա ընթացքում 2 տարվա տվյալ մասնագիտությամբ աշխատանքային փորձ, կամ
բ) վերջին 5 տարվա ընթացքում տվյալ մասնագիտությամբ վերապատրաստման վկայական` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված ուսուցման ծրագրով:
4.2 Սույն կարգի 4.1 կետով սահմանված Մանկավարժի պաշտոնը զբաղեցված լինելու դեպքում, մրցույթում հաղթող ճանաչված Մասնակցի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որն ուժի մեջ է մտնում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին հաջորդող կիսամյակի առաջին օրվանից:
2) 11-րդ կետում «զբաղվածության ծառայությանը» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայությանը» բառերով:
3) 13-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ մրցույթը կազմակերպվում է փաստաթղթերի ընդունման ավարտման օրվանից հետո՝ երրորդ աշխատանքային օրը:»: բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|