ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
06 մայիսի 2021 թ. |
N 1658-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԻՇԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ Ա-ԲՕ-000992 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունն այն մասին, որ անհատ ձեռնարկատեր Միշա Հակոբյանն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` ուռուցքաբանական քիմիոթերապիա տեսակը` խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետով նախատեսված պահանջը, որի համաձայն`
1. Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի փետրվարի 27-ին անհատ ձեռնարկատեր «Միշա Հակոբյան Հայկազի» ՀՀ քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 31 շենք, թիվ 37 տարածք հասցեում տրամադրվել է բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` ուռուցքաբանական քիմիոթերապիա տեսակն իրականացնելու N Ա-ԲՕ-000992 լիցենզիա։ «Միշա Հակոբյան Հայկազի» անհատ ձեռնարկատերը, սկսած 2019 թվականի դեկտեմբեր ամսից, նշված հասցեում գործունեություն չի իրականացնում և ուռուցքաբանական քիմիոթերապիա բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնում է պացիենտների բնակարաններում` խախտելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 3–րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները,
2. Անհատ ձեռնարկատեր Միշա Հայկազի Հակոբյանին պատկանող արտահիվանդանոցային ուռուցքաբանական քիմիոթերապիայի կաբինետի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ավագ բուժաշխատող Միշա Հակոբյանը չունի բժշկի որակավորում, ուռուցքաբան քիմիոթերապևտի մասնագիտացում և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 2 ամիս տևողությամբ համապատասխան վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդված 30-ի 1-ին մասի 1-ին կետի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական կրթության համակարգի բարեփոխման մասին» N 330-Ն որոշման հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 8-րդ կետերը և նույն հոդվածի 8-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Միշա Հակոբյանի (Երևան, Արաբկիր Կոմիտասի պողոտա 31 շենք, 37) Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի փետրվարի 27-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման Ա-ԲՕ-000992 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Միշա Հակոբյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Պաշտոնակատար` |
Ա.Ավանեսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2021 թվական: