Գլխավոր տեղեկություն
Համար
N 10
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

13 մարտի 2014 թվականի N 10 

 

 12. ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ «ԱՐԻ ՏՈՒՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

 

 Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Տ. Սարգսյան


2014 թ. մարտի 18
Երևան

 

 

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թ.
մարտի 13-ի նիստի N 10
արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ «ԱՐԻ ՏՈՒՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

1. Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014 թվականի ծրագրի (այսուհետ` Ծրագիր) նպատակներն են`

1) Հայաստան-հայրենիքն աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար ճանաչելի դարձնելը,

2) սփյուռքահայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանն ու լեզվապահպանությանն աջակցելը,

3) սփյուռքահայ երիտասարդ սերնդին հայ ժողովրդի սովորույթների ու ավանդույթների, հայ ընտանիքի և հայ մարդու կերպարի առանձնահատկությունները ներկայացնելը, նրանց մեջ Հայաստանը որպես հայրենիք գիտակցելու ձևավորմանն աջակցելը,

4) սփյուռքահայ երիտասարդության մեջ ազգային ինքնության և արմատների ճանաչողության, սփյուռքահայ երիտասարդի ազգային գիտակցության ձևավորման հնարավորություններն ընդլայնելը,

5) սփյուռքահայ երիտասարդների մեջ հայրենասիրության և հայոց պետականաստեղծ գործին աջակցելու ցանկության ձևավորմանը նպաստելը,

6) Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանն աջակցելը, հայադարձությանը նպաստելը:

Այսպիսով, Ծրագիրն իրականացնում է հայապահպանության առաքելություն` նպատակ ունենալով ձևավորել սեփական արմատներին տեղեկացված հպարտ հայ սերունդ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Ծրագրի հիմնախնդիրներն են`

1) Սփյուռքի և Հայաստանի երիտասարդության միջև թույլ և չհամակարգված կապերը,

2) հայրենիքի, նրա պատմաճարտարապետական կոթողների, հայ մարդու կյանքի, կենցաղի և կենսագործունեության, ազգային արժեքային համակարգի և ազգային մշակույթի վերաբերյալ սփյուռքահայ երիտասարդների թերի տեղեկացվածությունը,

3) Հայաստանի և հայ իրականության վերաբերյալ Հայաստանում և Սփյուռքում առկա ոչ լիարժեք կամ սխալ պատկերացումները,

4) սփյուռքահայ շատ ընտանիքների սոցիալական սուղ պայմանները` սփյուռքահայ երիտասարդներին դեպի Հայաստան ուխտագնացության ուղարկելու նպատակի իրականացման համար,

5) որոշ համայնքներում մայրենի լեզվի իմացության ցածր մակարդակը և խառնամուսնությունների թվի ավելացումը,

6) հայկական կառույցներում երիտասարդների ընդգրկվածության ցածր մակարդակը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

3. Ծրագրի մշակման հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի N ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը,

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2013 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» N ԱԺՈ-067-Ն որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1049-Ն որոշումը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 740-Ն որոշումը,

 5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 10-Ն որոշումը:

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 նիստի արձանագրային որոշումը

,

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) Հայաստան–Սփյուռք գործակցության խթանումը և զարգացումը,

2) երիտասարդության շրջանում ազգային ինքնության և արժեքների ճանաչողության խթանումը,

3) հայադարձության խթանումը,

4) լեզվապահպանությանը նպաստելը,

5) «Հայկական աշխարհի» կազմավորմանը նպաստող անհրաժեշտ համագործակցության նախադրյալների ստեղծումը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միջև կապերի ամրապնդումը,

6) Հայաստանի նկատմամբ Սփյուռքում առկա թերի պատկերացումների շտկումը,

7) զբոսաշրջության խթանումը,

8) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը և հետաքրքրության ավելացումը:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Ծրագիրն իրականացվում է պետական, մասնավոր և հասարակական հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն Հայաստան-Սփյուռք գործակցության խթանմանն ու զարգացմանը:

6. Ծրագիրը մեկնարկում է 2014 թվականի հունիսին և շարունակվելու է մինչև սեպտեմբեր, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-18 տարեկան մինչև 1000 երիտասարդներ, որպես կանոն, կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում: Նախատեսվում է նաև կազմակերպել «Արի տուն» ամառային ճամբար, ուր ծրագրի մասնակիցները` այդ թվում Արցախից, կհյուրընկալվեն հայաստանցի իրենց հասակակիցների հետ: Ծրագրի յուրաքանչյուր փուլի տևողությունը երկու շաբաթ է, որին չեն կարող մասնակցել «Արի տուն» ծրագրի նախորդ մասնակիցները: 2014 թվականի ծրագիրը զուգահեռ կիրականացվի երկու տարիքային խմբերի` 13-15 և 16-18 տարեկանների համար, բացառությամբ ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով սահմանված դեպքերի:

7. Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերը ձևավորվելու և Հայաստան են տեղափոխվելու օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, համահայկական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների աջակցությամբ: Ծրագրի մասնակից երիտասարդները ճանապարհածախսը հոգում են իրենք` սեփական կամ համայնքային կազմակերպությունների և այլ հովանավորների միջոցներով:

8. Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կմշակվի և կիրականացվի միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են երիտասարդների հայաստանյան հասակակիցների հետ շփումներ և հաղորդակցություն, կապերի ստեղծում, էքսկուրսիաներ` պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների դիտումներ, այցելություններ ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ, ուսուցողական դասընթացներ` տարբեր թեմաներով: Ծրագրի շրջանակներում կապահովվեն նաև միջոցառումների մասնակցության համար անհրաժեշտ փոխադրամիջոցները, մասնակիցների սնունդը, ծրագրային միջոցառումների լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, մասնակիցներին տրամադրվելիք` Ծրագրի տարբերանշանով պարագաները, Ծրագրին առնչվող անհրաժեշտ տպագիր և էլեկտրոնային նյութերը, ինչպես նաև մասնակիցների սնունդն ու գիշերումը «Արի տուն» ամառային ճամբարում` Ծրագրի ճամբարային փուլի իրականացման ընթացքում:

9. Հյուրընկալող ընտանիքների ընտրությունն իրականացվում է Երևան քաղաքի և երևանամերձ քաղաքային ու գյուղական համայնքների, նրանց կողմից երաշխավորված կրթական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության բարձրագույն և այլ ուսումնական հաստատությունների, երիտասարդական, հասարակական կազմակերպությունների միջոցով: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններն են`

1) Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Ծրագրի իրականացման համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական ու ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքային խմբերի ձևավորումը,

2) հյուրընկալող ընտանիքների ընտրության չափորոշիչների և դիմում-հարցաթերթիկի մշակումը, հյուրընկալող ընտանիքների ընտրության գործընթացի կազմակերպումը,

3) հյուրընկալվող երիտասարդների ընտրության չափորոշիչների և դիմում-հարցաթերթիկի մշակումը, հյուրընկալվող երիտասարդների ընտրության գործընթացի կազմակերպումը,

4) հյուրընկալվող երիտասարդների և հյուրընկալող ընտանիքների հայտերի ընդունումը, ուսումնասիրումը, երկու կողմերի տեղեկատվական տվյալների հավաքը, համադրումը և փոխանակումը,

5) կազմակերպական աշխատանքներում գործընկեր հասարակական կազմակերպությունների և երիտասարդ կամավորների ընտրությունը և ներգրավումը,

6) հյուրընկալող ընտանիքների և հյուրընկալվող երիտասարդների հաղորդակցության, կենցաղային համակեցության, իրավական, բարոյահոգեբանական հարաբերությունների և համապատասխան մեխանիզմների ճշգրտումը, հյուրընկալության ընթացքում ծագող հնարավոր խնդիրներին շուտափույթ արձագանքումն ու կարգավորումը,

7) «Արի տուն» ամառային ճամբարի ընտրությունը, անհրաժեշտության դեպքում` դրա կահավորումն ու զինումը տեխնիկական միջոցներով,

8) համապատասխան մասնագետների ներգրավմամբ յուրաքանչյուր տարիքային խմբի համար «Արի տուն» ամառային ճամբարի օրակարգի մշակումը,

9) ուսուցողական դասընթացների, կրթական, մշակութային և այլ միջոցառումների ծրագրերի մշակումը և կազմակերպումը. մասնավորապես`

ա. հայոց լեզվի արագացված դասընթացների կազմակերպումը,

բ. մշակութային փառատոների, համերգների, թատերական ներկայացումների դիտումները, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ այցելությունները,

գ. պատմամշակութային կոթողներ, տեսարժան վայրեր շրջայցերի կազմակերպումը,

դ. ճամբարային փուլում հայրենագիտության, այլ ուսուցողական ծրագրերի իրականացումը,

ե. ազգային երգի, պարի, արվեստի դասընթացների կազմակերպումը,

զ. մարզական և սպորտային միջոցառումների կազմակերպումը,

10) Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ հանդիպումները,

11) Սփյուռքի երիտասարդների Հայաստան այցելությունների փուլերի ժամանակացույցի կազմումը,

12) Սփյուռքի տարբեր համայնքներից երիտասարդների խմբերի ձևավորումը և Հայաստան երկշաբաթյա այցերի կազմակերպումը,

13) հյուրընկալվող երիտասարդներին օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի համար պետական տուրքից ազատումը,

14) հյուրընկալվող երիտասարդների առաջին և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը,

15) Ծրագրի միջոցառումների անխափան անցկացման և հյուրընկալվող երիտասարդների անվտանգության ապահովումը:

 

VII. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

11. Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, Հայաստանի և օտարերկրյա պետություններում գործող համայնքային հասարակական և այլ կազմակերպությունների ու կառույցների, բնակչության (ընտանիքների), ինչպես նաև հյուրընկալվող խմբերի սերտ համագործակցությունը:

12. Ծրագրի իրականացման համակարգող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն է:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ապահովում է երիտասարդների համար հայրենագիտության ուսուցողական ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի ուսումնական հաստատություններ ճանաչողական այցերի կազմակերպումը:

14. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն աջակցում է հյուրընկալվողներին Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը և հայկական մշակութային արժեքներին ծանոթացնելու նպատակով էքսկուրսիաների կազմակերպման, պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ այցելությունների, ինչպես նաև համերգների, թատերական ներկայացումների դիտումների, փառատոներին, երգի, պարի, գեղարվեստի խմբակներին երիտասարդների մասնակցության ու մշակութային այլ ծրագրերի մշակման և կազմակերպման աշխատանքներին:

15. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ապահովում է մարմնամարզության, տարբեր սպորտաձևերի, ազգային ավանդական խաղերի ու մրցույթների կազմակերպումը:

16. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը (համաձայնությամբ) աջակցում են հյուրընկալող ընտանիքների ընտրությանը, ապահովում են նրանց կողմից լրացված դիմում-հարցաթերթիկների ներկայացումը Ծրագրի կազմակերպիչներին, ինչպես նաև գործուն մասնակցություն են ունենում ծրագրի իրականացման գործընթացին` հյուրընկալության ամբողջ ժամանակահատվածում:

17. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով աջակցում է հյուրընկալվող երիտասարդների ընտրության գործընթացի կազմակերպմանն օտարերկրյա պետություններում, միաժամանակ ապահովելով օրենքով սահմանված կարգով նրանց` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի համար պետական տուրքից ազատման գործընթացը: Անհրաժեշտության դեպքում ապահովվում է կապը հյուրընկալվող երիտասարդների ընտանիքների, խմբերի ձևավորմանն աջակցող Սփյուռքի կառույցների և անհատների հետ:

18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունն իրականացնում է հյուրընկալվող երիտասարդների` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի համար պետական տուրքից ազատումը և մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանակետերում, ինչպես նաև ապահովում է նրանց անձնական անվտանգությունը:

19. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն աջակցում է ռազմակրթական հաստատություններ ճանաչողական այցելությունների կազմակերպմանը:

20. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում կազմակերպում է հյուրընկալվող երիտասարդների բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները:

21. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը շրջայցերի ընթացքում ապահովում է էքսկուրսավարների ծառայությունների մատուցումը:

22. Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված են նաև գործընկեր հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցում են ծրագրային միջոցառումների կազմակերպման, ճամբարային առօրյայի արդյունավետ համակարգման, հյուրընկալող ընտանիքների և հյուրընկալվող երիտասարդների հաղորդակցության, կենցաղային համակեցության, միջմշակութային և բարոյահոգեբանական հարաբերությունների կազմակերպման աշխատանքներին:

 

VIII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

23. Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ միջոցների հաշվին:

 

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թ.
մարտի 13-ի նիստի N 10
արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ «ԱՐԻ ՏՈՒՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆԸ

1

2

3

1

Հյուրընկալող ընտանիքների դիմում-հարցաթերթիկների մշակում, նախնական ընտրված հյուրընկալող ընտանիքների ուսումնասիրություն և հյուրընկալող ընտանիքների ընտրություն

ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2

Ծրագրի մասնակիցների հայտերի մշակում, տարածում սփյուռքյան համայնքներում և մասնակիցների ընտրություն

ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն

3

Հյուրընկալող ընտանիքների և հյուրընկալվող մասնակիցների տեղեկատվական տվյալների համադրում

ՀՀ սփյուռքի նախարարություն

4

Հյուրընկալվող խմբերի դիմավորում, տեղավորում հյուրընկալող ընտանիքներում և «Արի տուն» ամառային ճամբարում, ընթացիկ վերահսկողություն, ճանապարհում

ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

5

Հյուրընկալվող մասնակիցներին ծրագրի ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ պարագաների տրամադրում

ՀՀ սփյուռքի նախարարություն

6

Ուսուցողական ծրագրերի մշակում և իրականացում ճամբարում, ճանաչողական այցելություններ Հայաստանի ուսումնական հաստատություններ

ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

7

Երևանից դուրս ծրագրերի իրականացում և շրջայցերի կազմակերպում

ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

8

Մշակութային, մարզական և ժամանցային ծրագրերի կազմակերպում Երևանում և ՀՀ մարզերում

ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

9

Ճանաչողական այցելություններ ռազմակրթական հաստատություններ

ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն

10

Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում հյուրընկալվող երիտասարդների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում և անձնական անվտանգության ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

11

Հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական հաստատություններում և պաշտոնատար անձանց հետ` ճամբարում

Համապատասխան պետական մարմիններ

12

Երևանամերձ հյուրընկալող համայնքների ընտրություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ Արարատի, ՀՀ Կոտայքի, ՀՀ Արմավիրի ՀՀ Արագածոտնի մարզպետարաններ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան