Գլխավոր տեղեկություն
Համար
N 233-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2021
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.06.2021
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2021

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

30 հունիսի 2021 թ. 

ք. Երևան

N 233-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՐԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔՆ ԱՌՑԱՆՑ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37.1-ին հոդվածի 13-րդ մասով ՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ սերվերի ծրագրային ապահովումն իրականացվում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարարի պաշտոնակատար

Ռ. Պետրոսյան

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2021 թ. հունիսի 30-ի N 233-Ն

հրամանի

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՐԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔՆ ԱՌՑԱՆՑ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են.

1) Գլոբալ տեղորոշման համակարգ՝ համատեղելի Ջի էն էս էս (GNSS), Ջի փի էս (GPS) և Ջի էս էմ (GSM) համակարգերի և դրանց համապատասխան ալեհավաքների հետ միաժամանակ,

2) ներկառուցված լիցքավորվող կուտակիչ՝ առնվազն 1200 մԱ/ժ,

3) միակցման լարերի լրակազմ,

4) տեխնիկական անձնագիր,

5) հեռակառավարման և կարգաբերման հնարավորություն Ջի փի էռ էս (GPRS) ցանցի և Էս էմ էս (sms)-ի միջոցով,

6) սարքավորման կազմի մեջ մտնող ինտելեկտուալ տվիչի ցուցմունքները, ներառյալ տեղը, ժամանակը և սահմանված պարամետրերի խախտումները, պետք է Ջի փի էռ էս (GPRS) կապուղու միջոցով փոխանցվեն հատուկ նախատեսված սերվեր՝ անալիտիկ հաշվետվությունների կազմման համար։ Սարքավորման մեջ ներկառուցված էներգաանկախ հիշողությունը պետք է պահպանի տվյալները առնվազն երկու ամիս կամ առնվազն 300 հազար իրադարձություն,

7) սարքավորումը պետք է հնարավորություն ունենա միացնելու արտաքին տվիչների՝ ապահովելու համար.

ա. տեղորոշումը (լայնություն և երկարություն, շեղումը ոչ ավել քան +/-10 մ),

բ. աշխատանքի տևողությունը,

8) սարքավորման պաշտպանվածության աստիճանը պետք է լինի առնվազն Այ փի (IP) 54։

2. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու համար պահանջվող ծրագրային ապահովումն իրականացնելու նվազագույն պայմաններն են.

1) մուտք դեպի համակարգ վեբ (WEB) ինտերֆեյսի, հատուկ մշակված ծրագրային ապահովմամբ, անդրոիդ (android) և Այ օ էս (IOS) օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոսի միջոցով,

2) համակարգի օգտագործման սահմանափակումներ՝ ըստ վերահսկման կարևորության և առաջնահերթության,

3) միևնույն օգտանունով և գաղտնաբառով տարբեր համակարգիչներից միաժամանակ մուտք գործելու սահմանափակում,

4) ծրագիրը պետք է հնարավորություն ունենա իրական ժամանակի ռեժիմում ցույց տալ վերահսկվող հաստոցի հետևյալ պարամետրերը.

ա. սարքավորումից վերջին անգամ տվյալներ ընդունելու ժամանակը (միացում սերվերին),

բ. վերջին անգամ տեղորոշման ժամանակը, սարքավորման սնուցման աղբյուրը (հիմնական և պահուստային),

գ. տեղորոշման համար օգտագործված արբանյակների քանակը, սարքավորմանը միացված արտաքին տվիչների ընթացիկ վիճակը, սարքավորման նույնականացման համարը (ID),

դ. գտնվելու վայրի հասցեն,

ե. սարքավորման մեջ տեղադրված սիմ (SIM) քարտի համարը,

5) ծրագրային ապահովումը պետք է հնարավորություն ունենա տրամադրել հետևյալ տվյալները՝

ա. աշխատանքի սկսման ժամանակը,

բ. աշխատանքի ավարտի ժամանակը,

գ. որոշակի տիրույթում (գեոզոնա) գտնվելու ժամանակը,

դ. հաշվետվությունների պլանավորման գործիքակազմ, որը հնարավորություն կտա պլանավորված հաշվետվությունները ստանալ էլեկտրոնային հասցեին՝ Փի դի էֆ (PDF) ֆորմատով,

6) հնարավորություն քարտեզի վրա ցուցադրելու ընտրված հաստոցները,

7) հաշվետվությունների արտածման հնարավորություն՝ Փի դի էֆ (PDF), Դի օ սի (DOC), Էքս էլ էս (XLS), Ջեյ փի ջի (JPG), Դի բի էֆ (DBF) ֆորմատներով,

8) ինտերնետ-քարտերի օգտագործման հնարավորություն՝ գուգլ (Google), օփենսթրիթ մափ (Openstreetmap), Յահու (Yahoo), Բինգ (Bing), Յանդեքս (Yandex), մեյլ.ռու (Mail.ru), 2 գիս (2ГИС),

9) բջջային հեռախոսների համար նախատեսված վեբ (WEB)-հավելվածի առկայություն,

10) բջջային հեռախոսով, որում առկա է բրաուզեր, Էյչ թի էմ էլ (HTML) օգտագործելու հնարավորություն, օգտագործողը մեկ քայլի միջոցով կարող է վերլուծություն և տեղեկություններ ստանալ, կարող է ստանալ հաշվետվությունը և միանգամից ստուգել ինֆորմացիան,

11) հնարավորություն քարտեզի վրա տեղադրել գեոզոնաներ,

12) գրաֆիկական գոտիների ցանկացած ձևի ստեղծում, խմբավորում, հնարավոր է օգտագործել գոտու անվանումը որպես հասցե։

3. Սերվերի ծրագրային ապահովման նվազագույն պահանջներն են.

1) տվյալների ընդունումը Թի սի փի (TCP) և Այ փի (IP) արձանագրության միջոցով՝ տրված քանակի մոնիտորինգային մոդուլներից, որոնք տեղադրված են վերահսկվող հաստոցների վրա,

2) ընդունված ինֆորմացիայի ամբողջականության ստուգումը, դրա կոդավորումը, օպերատիվ հիշողության և տվյալների բազայի մեջ պահպանումը,

3) ցանկացած քանակի համակարգի օգտանունների պահպանումը,

4) միացված կարգավորողին (դիսպետչերին) նոր ինֆորմացիայի փոխանցումը,

5) օգտատերերի միացման ժամանակացույցի պատմության դիտելու հնարավորությունը,

6) աշխարհագրական տեղանքի փոփոխման կամ համակարգից հեռացման սահմանափակման հնարավորությունը,

7) մուտքի հնարավորություն ընձեռված օգտատերերի իրավունքների որոշումը (թե որ մոնիտորինգային օբյեկտին, աշխարհագրական տեղանքին է մուտքի հնարավորություն ընձեռված),

8) ընդունված ինֆորմացիայի ինքնուրույն մշակման և ընդլայնման ֆունկցիոնալ հնարավորությունները,

9) սերվերի և համակարգի ծրագրային անվտանգություն։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2021 թվական: