Գլխավոր տեղեկություն
Համար
N 53
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 53

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 17

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թ.

դեկտեմբերի 26-ի նիստի N 53

արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բոլոր այն շենքերն ու կառույցները, որտեղ բույսեր աճեցնելու համար անհրաժեշտ արտաքին պայմանները ստեղծվում են արհեստականորեն և ապահովում են բուսական արտադրանք տարվա այն եղանակին, երբ բաց դաշտում դա հնարավոր չէ, կոչվում են պաշտպանված գրունտ:

2. Պաշտպանված գրունտի կառույցներն են ջերմատները, ջերմոցները, ջեռուցվող գրունտը և պոլիէթիլենային թաղանթներով ծածկված գրունտը:

3. Պաշտպանված գրունտի հիմնական խնդիրներին են` բաց գրունտի մշակության համար ապահովել սածիլների աճեցումը, կազմակերպել բանջարեղենի արտադրություն տարվա այն ամիսներին, երբ բաց գրունտում դա հնարավոր չէ և նպաստել ջերմասեր բանջարեղենի աճեցմանը հյուսիսային և լեռնային շրջաններում:

4. Ջերմոցներն հիմնականում ծառայում են գարնանը բաց գրունտի ցանքատարածություններին սածիլներով ապահովմանը, ինչպես նաև վաղ գարնան ամիսներին բաց գրունտից շուրջ 1 ամիս առաջ թարմ բանջարեղենի ստացման համար: Ջերմոցները համեմատաբար ավելի պարզ և մատչելի կառույցներ են` հիմնականում չջեռուցվող:

5. Ջերմատները հիմնականում օգտագործվում են ուշ աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին` բուսական արտադրության համար: Ջերմատները ջերմոցների հետ համեմատած ավելի կատարելագործված, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած և ջեռուցվող հիմնական կառույցներ են:

 

II. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

6. Ջերմոցային և ջերմատնային տնտեսություններն (այսուհետ` ջերմատնային տնտեսություններ) առանձնակի դեր ու նշանակություն ունեն հանրապետության գյուղատնտեսության բնագավառում: Վերջիններս տնտեսավարողին հնարավորություն են ընձեռում ամբողջ տարվա ընթացքում, բնակլիմայական պայմանների հետ կապված նվազագույն ռիսկերով, միավոր տարածքից ստանալ կայուն և երաշխավորված բարձր բերք՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն, որը Հայաստանի Հանրապետության նման սակավահող երկրի համար ունի կարևոր նշանակություն և կարող է դառնալ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերից մեկը,

7. ձմռան ամիսներին հանրապետություն ներկրված բանջարեղենի ինքնարժեքն ավելի ցածր է հայրենական արտադրության բանջարեղենի ինքնարժեքից, ինչի արդյունքում տեղական արտադրության բանջարեղենը ներքին շուկայում մրցունակ չէ ներկրվածի համեմատ,

8. չնայած այն հանգամանքին, որ ամբողջ գյուղատնտեսության ոլորտի համեմատությամբ ջերմատնային տնտեսություններում ռիսկերն ավելի ցածր են, միևնույն է ռիսկայնության մակարդակի պատճառով չի գործում ապահովագրական համակարգ,

9. Ջերմատնային տնտեսությունների զարգացումն առանձնահատուկ ազդեցություն կարող է ունենալ բարձրլեռնային և սահմանամերձ այնպիսի համայնքների համար, որտեղ ելնելով բնակլիմայական պայմաններից, հիմնականում զբաղվում են հացահատիկային և կերային մշակաբույսերի արտադրությամբ, ինչը ապահովում է եկամտաբերության շատ ցածր մակարդակ,

10. Ջերմատնային տնտեսությունների զարգացումն ու ընդլայնումը դրական ազդեցություն կունենան նաև կլիմայի գլոբալ փոփոխության դիմակայման և կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի մեղմման գործում,

11. Հանրապետության տարածքում ջերմատնային տնտեսությունների զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը խթան կհանդիսանա հողերի արդյունավետ և նպատակային օգտագործման, ջերմատնային տնտեսությունների ավելացման և գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացման համար,

12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 2011 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից հավաքագրված օպերատիվ տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Ընդհանուր ջերմատների և ջերմոցների (հիմնական և ժամանակավոր կառուցված, ապակեպատ և թաղանթապատ ջերմատներ ու ջերմոցներ) մակերեսը կազմում է ավելի քան 500 հեկտար,

13. Համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների, 2011 թվականին 97 հեկտար փակ գրունտում արտադրվել է 5986 տոննա բանջարեղեն, իսկ 2012 թվականին` 12346 տոննա` 173 հեկտար պաշտպանված գրունտում, սակայն հրապարակման մեջ տվյալները բերվում են մեկ տողով և հստակ չի երևում նշված հեկտարները ջերմատներ են, թե պարզապես թաղանթապատ ջերմոցներ: Անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ ըստ մարզերի, իրականացնել ջերմատների հաշվառում և վիճակագրության վարում:

 

III. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

 

14. Բնագավառի ուսումնասիրության և վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են ջերմատնային տնտեսությունների զարգացմանն ու ընդլայնմանը խոչընդոտող մի շարք գործոններ, որոնցից մի քանիսի լուծմանն է նպատակաուղղված սույն հայեցակարգը,

1) նոր ջերմատան հիմնումը և շահագործումը բավականին մեծ ներդրումներ է պահանջում, որի հնարավորությունները գյուղացիական տնտեսությունների գերակշռող մասը չունեն (1 մ2  ջերմատուն կառուցելու արժեքը՝ կախված օգտագործվող նյութերից և տեխնոլոգիայից, տատանվում է 33-80 հազար դրամի սահմաններում),

2) հանրապետությունում քիչ են ջերմատները սպասարկող գյուղատնտես-մասնագետները,

3) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ ըստ մարզերի, չի կատարվում ջերմատների հաշվառում և վիճակագրության վարում:

15. Վերը նշված խնդիրները լուրջ խոչընդոտ են հանդիսանում հանրապետության տարածքում ջերմատնային տնտեսությունների զարգացման համար: Բացի այն հանգամանքից, որ գյուղացիական տնտեսությունների կողմից նոր ջերմատներ գրեթե չեն հիմնվում, նախկինում հիմնված` շահագործվող ջերմատները չեն վերանորոգվում կամ արդիականացվում:

16. Գազի սակագնի թանկացումը նոր խոչընդոտներ է առաջացնելու ջերմոցատերերի համար` բերելով ինքնարժեքի բարձրացման, շուկայում մեծացնելով անհավասար մրցակցության հետ կապված ռիսկերը:

17. Հայաստանում զարգանում են բանջարեղենի որոշ տեսակների (լոլիկ, վարունգ և այլն) արտադրության խոշոր ջերմատնային տնտեսությունները: Նույն մշակաբույսերի արտադրությունը փոքր ջերմտաներում չի կարող լինել տնտեսապես արդյունավետ և այս պարագայում փոքր ջերմատնային տնեսությունների արտադրանքը չի կարող մրցունակ լինել շուկայում: Փոքր ջերմատնային տնտեսությունների մրցունակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մանր` մինչև 1000 մ2  ջերմատներում հիմնական շեշտը դնել այլընտրանքային մշակաբույսերի աճեցման վրա, որոնցից կարող են հանդիսանալ`

1) լոլիկի մանր կանգուն տեսակները (չերի),

2) կծու և քաղցր տաքդեղի ավանդական ու ոչ ավանդական տեսակներ (հունգարական քառաբլթանի և այլ),

3) ջերմոցային լոբին,

4) դդմիկը,

5) բրոկոլին,

6) ելակը,

7) կանաչեղենի տարբեր տեսակները (համեմ, սամիթ, հազար, կանաչ սոխ, ամսաբողկ և այլ):

18. Վերջին տարիներին որոշ ջերմոցային տնտեսություններում մշակվում են նաև այնպիսի մերձարևադարձային մշակաբույսեր ինչքիսիք են կիտրոնը և բանանը:

 

IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

19. Հայեցակարգի նպատակն է պետական նպատակային քաղաքականության կիրառմամբ`

1) Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում մինչև 10002 մետր տարածք ունեցող ջերմատնային տնտեսությունների զարգացումը,

2) ջերմատնային տնտեսություններում ռիսկերի նվազեցման միջոցով ապահովագրական ընկերությունների համար գրավչության բարձրացումը:

20. Հայեցակարգի խնդիրներն են`

1) ջերմատնային տնտեսությունների հիմնման համար նպատակային միջին ժամկետ և երկարաժամկետ մատչելի վարկավորման մեխանիզմների առաջադրումը,

2) տեղական արտադրության բանջարեղենի սպառման ծավալների խթանումը,

3) տեղական արտադրության բանջարեղենի մրցունակության բարձրացումը:

 

V. ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

21. Ջերմատնային ասոցիացիայի ղեկավարության հետ բանակցությունների վարում` շրջանառու հիմնադրամի ստեղծման ուղղությամբ, որտեղ կուտակված ֆինանսական միջոցները նպաստավոր պայմաններով կհատկացվեն ջերմատների կառուցման, վերակառուցման, արդիականացման, ջրատաքացման արևային կոլեկտորների, ջերմային պոմպերի ձեռքբերման կամ այլ նմանատիպ աշխատանքների իրականացմանն աջակցելու համար:

22. Ջերմատները սպասարկող գյուղատնտես-մասնագետների պատրաստում:

23. Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ ըստ մարզերի ջերմատների վիճակագրական հաշվառում և վիճակագրական հաշվառման վիճակի բարելավում:

 

VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

24. Առաջիկա 3-5 տարիների ընթացքում ջերմատնային տնտեսությունների տարածքի ավելացում մինչև 3 անգամ։

25. Ձմեռային ամիսներին հանրապետություն ներկրվող բանջարեղենի փոխարինումը տեղական արտադրությամբ:

26. Գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում:

 

VII. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

 

27. Ռուսաստանի Դաշնությունում ջերմատների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 2, Լեհաստանում` 6,3, Հոլանդիայում` 10, Թուրքիայում` 41 հազար հեկտար, իսկ Չինաստանում` 1,7 մլն հեկտար:

28. Ռուսաստանի Դաշնությունում մի շարք գյուղատնտեսական ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են «Ռոսսելխոզբանկը» և «Ռոսագրոլիզինգը» մեծ քանակությամբ վարկային միջոցներ են տրամադրում ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրերի համար: Իսկ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից կիրառվում են վարկի տոկոսադրույքի, պարարտանյութի, սերմերի ձեռքբերման և այլ՝ մինչև 30 % սուբսիդավորման մեխանիզմներ, ինչի արդյունքում 2008 թվականից մինչև 2012 թվականը Ռուսաստանի Դաշնությունում ջերմատնային տնտեսությունների տարածքը 1800 հեկտարից հասել է 2150 հեկտարի, իսկ համախառն արտադրանքը` 520 հազար տոննայից հասել է 620 հազար տոննայի:

29. Ղազախստանի Հանրապետությունում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ծրագրով, բացի գյուղատնտեսության մյուս ճյուղերից, մեծ նշանակություն է տրվել նաև մեծ և փոքր ջերմատնային տնտեսությունների զարգացման հարցին: Ղազախստանի Հանրապետության, Բելոռուսի և Ռուսաստանի Դաշնության միջև մաքսային միավորման շրջանակներում ջերմատնային կոնստրուկցիաները և սարքավորումները, անցումային փուլում` 2010-2012թթ ազատվել են մաքսատուրքից: «Ղազագռոֆինանս» բաժնետիրական ընկերության միջոցով ջերմատնային տնտեսությունների կառուցման համար կիրառվում են լիզինգային և ֆինանսավորման տարբեր մեխանիզմներ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թ.

դեկտեմբերի 26-ի նիստի N 53

արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Գործողություն

Ակնկալվող արդյունքը

Ժամկետը

Պատասխանատու կատարողը և համակատարողը

Ֆինանսական գնահատականը և ֆինանսավորման աղբյուրը

1. Ջերմատների հիմնման, գյուղատնտեսական արտադրանքի հետբերքահավաքյան տեխնոլոգիաների, սառնարանային, փաթեթավորման սարքավորումների ձեռքբերման նպատակով գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության տրամադրում և նպատակային օժանդակության մեխանիզմների ստեղծում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N349-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ:

Պետական նպատակային քաղաքականության շնորհիվ օժանդակություն գյուղացիական տնտեսություններին նոր ջերմատների հիմնման և շահագործման հարցում: Ինչի արդյունքում հանրապետության տարածքում կավելանան ջերմատնային տնտեսությունները:

2014թ.
2-րդ եռ-ամսյակ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Լիզինգային մատչելի մեխանիզմներով սարքավորումների մատակարարման ուղղությամբ բանակցությունների վարում:

Սկսած 2014թ-ից

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,

 

Ջերմատնային ասոցիացիայի ղեկավարության հետ բանակցությունների վարում` շրջանառու հիմնադրամի ստեղծման ուղղությամբ, որտեղ կուտակված ֆինանսական միջոցները նպաստավոր պայմաններով կհատկացվեն ջերմատների կառուցման, վերակառուցման, արդիականացման, ջրատաքացման արևային կոլեկտորների, ջերմային պոմպերի ձեռքբերման կամ այլ նմանատիպ աշխատանքների իրականացմանն աջակցելու համար:

Շրջանառու հիմնադրամի ստեղծում:

Սկսած 2014թ-ից

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,

Ջերմատնային ասոցիացիա (համաձայնությամբ)

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում:

2. Ջերմատները սպասարկող գյուղատնտես- մասնագետների պատրաստում:

Համապատասխան որակավորմամբ կրթական պետական չափորոշչի մշակում

Պետական կրթական չափորոշիչ

2014թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

«ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում

Մասնագիտությունների ցանկում համապատասխան մասնագիտության ներառում

2015թ. առաջին եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն-ներում ջերմատները սպասարկող գյուղատնտես-մասնագետների պատրաստման նախատեսում:

Հանրապետությունում կպատրաստվեն ջերմատները սպասարկող որակավորված գյուղատնտես-մասնագետներ

Սկսած 2015թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

3. Ըստ մարզերի ջերմատների հաշվառում և վիճակագրության վարում:

2015 թվականի պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրում ջերմատների հաշվառման նախատեսում՝ ըստ մշակաբույսերի

Պետական վիճակագրական հաշվետվության ձևում համապատասխան փոփոխությունների իրականացմամբ հնա-րավոր կլինի հաշվառել ջերմատները՝ ըստ մշակաբույսերի:

Սկսած 2015թ-ից

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակա-գրական ծառայություն (համաձայնությամբ)

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան