Գլխավոր տեղեկություն
Համար
N 61-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.08.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

04 օգոստոսի 2021 թ.

N 61-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

1) հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի հիվանդության պատմագրի լրացման կարգը` համաձայն հավելված 1-ի,

2) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի ամբուլատոր բժշկական քարտի լրացման կարգը` համաձայն հավելված 2-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված N 1

Առողջապահության նախարարի

2021 թվականի օգոստոսի 04-ի

N 61-Ն հրամանի

 

 ԿԱՐԳ

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի (այսուհետ` պացիենտ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 26-ի N 25-Ն հրամանի հավելված N 1-ով հաստատված հիվանդության պատմագիրը (այսուհետ` Պատմագիր) լրացվում է բժշկի և բուժքրոջ կողմից` սույն կարգին համաձայն:

2. Պատմագիրը լրացվում է գրական հայերենով:

3. Պատմագրում լրացված տեղեկությունները պետք է լինեն հավաստի և ժամանակագրական առումով ճշգրիտ:

4. Պատմագրում արված խմբագրումները և դրանք իրականացնողների վերաբերյալ տվյալները ամրագրվում և պահպանվում են:

5. Պատմագրում լրացման ենթակա բաժինները և տողերը լրացվում են ըստ սույն կարգի:

 

2. ՊԱՏՄԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ՊԱՑԻԵՆՏԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ

 

6. Պացիենտին հոգեբուժական կազմակերպություն ընդունելիս հոգեբուժական կազմակերպության ընդունարանում լրացվում են Պատմագրի համապատասխան տողերը` հետևյալ կարգով.

1) «Հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի հիվանդության պատմագիր N» տողում նշվում է Պատմագրի համարը, լրացվում են պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը, «Բաժանմունք» տողում նշվում է բաժանմունքի անվանումը, որտեղ ուղեգրվել է պացիենտն առաջին զննումից հետո, «Ընդունվել է» տողում` պացիենտի ընդունման օրը, ամիսը, տարին` հաջորդաբար, «Դուրս է գրվել» տողում` պացիենտի դուրս գրման օրը, ամիսը, տարին` հաջորդաբար, «Եզրակացություն, ՀԴ ծածկագիր» տողում նշվում է պացիենտի հոգեկան առողջության վերաբերյալ եզրակացությունը, նաև պացիենտի ախտորոշումը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչին համապատասխան:

2) «Ընդհանուր տեղեկություններ հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի մասին» բաժնում լրացվում են պացիենտի`

ա.անունը, ազգանունը, հայրանունը,

բ. ծննդյան ամսաթիվը,

գ. ազգությունը,

դ. քաղաքացիությունը,

ե. մայրենի կամ հասկանալի լեզուն,

զ. «Անձ հաստատող փաստաթուղթ» տողում նշվում է «չունի» կամ «ունի, բայց հասանելի չէ» տարբերակը,

է. «Անձնագիր/ն/ք» տողում ընդգծվում է «անձնագիր» կամ «նույնականացման քարտ» տարբերակը, անձնագիրը կամ նույնականացման քարտը տրամադրած ստորաբաժանման ծածկագիրը, տրամադրման ժամկետը, համարը,

ը. «Անձը հաստատող այլ փաստաթուղթ» տողում նշվում է անձը հաստատող այլ փաստաթղթի տեսակը,

թ. «Հաշվառման հասցեն» տողում նշվում է պացիենտի հաշվառման հասցեն,

ժ. «Բնակության վայրը» տողում նշվում է պացիենտի բնակության վայրը,

ժա. «Հաշմանդամության խումբ» տողում ընդգծվում է «չունի» կամ «I» կամ «II» կամ «III» կամ «այլ» (մինչև 18 տարեկան երեխաներին՝ «հաշմանդամ երեխա» կարգավիճակում) կամ «հայտնի չէ» տարբերակը,

ժբ. «Կրթություն» տողում նշվում է «օժանդակ դպրոց» կամ «միջնակարգ» կամ «միջին մասնագիտական» կամ «բարձրագույն» տարբերակը,

ժգ. «Մասնագիտություն» տողում ընդգծվում է «ունի» (նշվում է համապատասխան մասնագիտությունը) կամ «չունի» տարբերակը,

ժդ. «Ընտանեկան կարգավիճակ» տողում ընդգծվում է «ամուսնացած է» կամ «ամուսնալուծված է» կամ «ամուսնացած չէ» կամ «ամուրի (այրի) է» տարբերակը,

ժե. «Գործունակություն» տողում ընդգծվում է «գործունակ է» կամ «անգործունակ է ճանաչված» (նշվում է երբվանից) կամ «հայտնի չէ» տարբերակը.

ժզ. «Կոնտակտային անձ» տողում ընդգծվում է «չունի» կամ «ունի» կամ «հայտնի չէ» տարբերակը, առկայության դեպքում լրացվում են կոնտակտային անձի տվյալները,

ժէ. «Օրինական ներկայացուցիչ» տողում ընդգծվում է «չունի» կամ «ունի» կամ «հայտնի չէ» տարբերակը, առկայության դեպքում լրացվում են օրինական ներկայացուցչի տվյալները,

ժը. «Անձնական հեռախոսահամարներ» տողում նշվում են անձնական հեռախոսահամարները,

ժթ. «Անձնական էլեկտրոնային հասցե» տողում նշվում է անձնական էլեկտրոնային հասցեն:

 

3. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏՄԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԵՏԵՐԸ

 

7. «Ներկա հոսպիտալացման պատմությունը» բաժնում լրացվում են պացիենտի`

1) «Ընդունվել է» տողում լրացվում է ընդունման ժամը, օրը, ամիսը, տարին` հաջորդաբար,

2) «Ընդունվել է որպես» տողում լրացվում է ընդունման հիմքը,

3) «Ընդունվել է» տողում նշվում է հոժարակամ կամ ոչ հոժարակամ բուժման տեսակը,

4) «Ուղեգրող» տողում նշվում է ուղեգրող մարմինը,

5) «Ուղեգիր N» տողում նշվում է ուղեգրի համարը, տրման ամսաթիվը,

6) «Ուղեկցող» տողում նշվում է ուղեկցող մարմինը,

7) «Ընդունվելիս առկա նյութական արժեքները և անձնական իրերը» տողում նշվում են ընդունվելիս նյութական արժեքների և անձնական իրերի առկայության, անձնական իրերի հանձման կամ հանձման հրաժարման, նյութական արժեքների ընդունման/հանձման ակտի կազմման, բաժանմունքին հանձնման փաստերը,

8) «Ընդունվելիս բացատրվել են պացիենտների իրավունքները, ազատությունները և դրանց սահմանափակումները» տողում արձանագրվում է ընդունվելիս պացիենտի իրավունքների, ազատությունների և դրանց սահմանափակումների բացատրման փաստը, նշվում է պացիենտի/օրինական ներկայացուցչի կողմից իրազեկման թերթիկի ստորագրման փաստը,

9) «Ընդունվելիս հոժարակամ բուժման համաձայնությունը» տողում նշվում է պացիենտի/օրինական ներկայացուցչի կողմից ընդունվելիս հոժարակամ բուժման համաձայնության փաստը,

10) «Հիվանդանոցում վնասվածքների դեպքեր» տողում արձանագրվում են հիվանդանոցում վնասվածքների դեպքերը, ոստիկանությանը հաղորդագրության տրման փաստը:

11) «Դուրս է գրվել» տողում լրացվում է հիվանդության ելքը,

12) «Դուրսգրման» տողում նշվում է դուրսգրման ժամը, օրը, ամիսը, տարին` հաջորդաբար,

13) «Գրանցվել է մահ» տողում նշվում է մահվան ժամը, օրը, ամիսը, տարին` հաջորդաբար,

14) «Ընդամենը հիվանդանոցում անցկացրած մահճակալ/օրերի թիվ» տողում լրացվում է հոգեբուժական կազմակերպությունում պացիենտի անցկացրած մահճակալային օրերի քանակը` պացիենտին բժշկական կազմակերպություն ընդունելուց մինչև պացիենտին դուրս գրելու օրը: Ընդունման և դուրս գրման օրերը համարվում են մեկ մահճակալ-օր:

15) «Տեղափոխվել է այլ բժշկական կազմակերպություն» տողում նշվում է պացիենտին այլ բժշկական կազմակերպություն տեղափոխելու ժամը, օրը, ամիսը, տարին, տեղափոխման վայրը:

16) «Տրվել է անաշխատունակության թերթիկ» տողում անաշխատունակության թերթիկ հատկացնելու դեպքում նշվում է անաշխատունակության թերթիկի համարը, օրերի թիվը,

17) «Ուղեգրվել է կամ ներկայացվել է բժշկասոցիալական փորձաքննության» տողում արձանագրվում է բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրվելու կամ ներկայացվելու փաստը, օրը, ամիսը, տարին,

18) «Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքը» տողում նշվում է բժշկասոցիալական փորձաքննության արդյունքը` «հաշմանդամության խումբ» տողում ընդգծվում է «չունի» կամ «I» կամ «II» կամ «III» կամ «այլ» (մինչև 18 տարեկան երեխաներին՝ «հաշմանդամ երեխա» կարգավիճակում),

8. «Ներկա հիվանդության պատմությունը» բաժնում «Հիմնական գանգատը» տողում լրացվում է պացիենտի կողմից ներկայացված հիմնական սուբյեկտիվ գանգատը, «Այլ գանգատներ» տողում` պացիենտի կողմից ներկայացված սուբյեկտիվ այլ գանգատները:

9. «Ընդունվելիս հոգեկան վիճակի համառոտ նկարագիրը ըստ հոգեկան ոլորտների» բաժնում նշվում են`

1) ուսումնասիրության կատարման ժամը, օրը, ամիսը, տարին, համապատասխան սյունակներում նկարագրվում է պացիենտի գիտակցությունը, կողմնորոշումը, մտածողությունը, հուզական ոլորտը, ինտելեկտը, ուշադրությունը, կամային ոլորտը, վարքը, քննադատությունը, ընկալման խանգարումները, շարժական ակտիվությունը, սոցիալական վտանգավորության առկայությունը, հիմնավորումը,

2) լրացուցիչ տվյալներ հոգեկան վիճակի վերաբերյալ,

3) պացիենտի գերզգայունությունը դեղերի, այդ թվում՝ հոգեմետ դեղերի և սննդի նկատմամբ,

4) «Համաճարակաբանական անամնեզ» տողում նշվում են պացիենտի հետ վարակիչ պացիենտների շփման ժամանակահատվածը, պացիենտի սննդակարգը, բնակության վայրի կենցաղային պայմանները, օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում` ժամանակահատվածը, վայրը:

10. «Պացիենտի ֆիզիկական զննում» բաժնում նշվում են`

1) պացիենտի քաշը, հասակը, Էլեկտրասրտագրության կատարման փաստը, ջերմությունը, անոթազարկը, զարկերակային ճնշումը, պացիենտի տեղաշարժման ունակությունը,

2) մարմնի վրա հին վնասվածքների կամ վերքերի, թարմ վնասվածքների կամ վերքերի, բաց կոտրվածքների, կապտուկների, սալջարդի առկայությունը, այրվածքների հետքերը, սպիների առկայությունը, ինքնավնասման փորձերի հետքերի առկայությունը, առկայության դեպքում` հակիրճ նկարագիրը և տեղակայումը,

3) ընդունվելիս «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերում Կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 65-Ն որոշմամբ հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հաղորդում ներկայացնելու փաստը, օրը, ամիսը, տարին, ժամը,

4) ընդունող հերթապահ հոգեբույժի նշանակումները:

11. «Ախտորոշումները» բաժինը լրացվում է ամբողջությամբ` առանց հապավումների.

1) «Ախտորոշումն ըստ ուղեգրի» տողում լրացվում է ուղեգրող մարմնի ախտորոշումը,

2) «Ախտորոշումը հիվանդանոց ընդունվելիս» տողը լրացվում է հոգեբուժական կազմակերպությունում պացիենտի զննելուց անմիջապես հետո,

3) «Եզրակացություն» տողում նշվում է պացիենտի հոգեկան առողջության վերաբերյալ եզրակացությունը,

4) ՀԴ ծածկագիր» տողում նշվում է պացիենտի ախտորոշումը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչին համապատասխան:

5) «Ուղեկցող հիվանդություններ» տողում լրացվում են ուղեկցող հիվանդությունները:

12. «Ընդհանուր անամնեզ / կատամնեզ» բաժնում հստակ նկարագրվում և լրացվում է հիվանդության սկիզբը, ընթացքը` սուր կամ փոփոխվող ախտանիշների առաջացման հաջորդականությունը, ստացած բուժումը՝ դեղը, դեղաչափը, տևողությունը և կատարված միջամտությունները, կյանքի ընթացքում կրած հիվանդությունները, այդ թվում` մանկական տարիքում ունեցած հիվանդությունները, ինֆեկցիաները, դրանց տևողությունը, բարդությունները, ինչպես նաև յուրաքանչյուր հիվանդության դեպքում ստացած բուժումները, դիսպանսերային հսկողության տակ գտնվելու փաստը: Պարտադիր նշվում են ալերգիաների վերաբերյալ տեղեկություններ (սննդից, դեղերից և այլն), ժառանգական նախատրամադրվածությունը:

13. «Թերապևտի զննումը և մարմնական վիճակը» բաժնում թերապևտի կողմից լրացվում է պացիենտի ընդհանուր անամնեզը, նշվում է կազմվածքը, հասակը, քաշը, հասակաքաշային ցուցանիշը, էլեկտրասրտագրության եզրակացությունը, նկարագրվում է սիրտ-անոթային, շնչառական, մարսողական, էնդոկրին, միզասեռական համակարգերի գործունեությունը, նշվում են հավելյալ հետազոտությունները:

14. «Նեղ մասնագիտական հետազոտություններ» բաժնում նշվում է նեղ մասնագետի զննման իրականացման օրը, ամիսը, տարին, արդյունքները, նեղ մասնագիտական եզրակացությունը, նշանակված բուժումը:

15. «Բուժման ծրագիրը» բաժնում նշվում են`

1) կլինիկական հետազոտությունները,

2) դեղորայքային բուժումը /հոգեֆարմակոթերապիան/,

3) անհրաժեշտության դեպքում իրականացված հոգեբանական աջակցությունը,

4) անհրաժեշտության դեպքում իրականացված աշխատանքային թերապիան,

5) իրավաբանական աջակցությանը դիմելու փաստը:

16. «Հիվանդության ընթացքը» բաժնում լրացվում է «Օրագիրը»: Այն լրացնելիս պահպանվում է ճշգրիտ ժամանակագրությունը և արտացոլում է պացիենտի վիճակի դինամիկան և կատարվող նշանակումները: «Ամիս, ամսաթիվը, տարին» սյունակում լրացվում է գրառում կատարելու օրը, ամիսը, տարին, որին համապատասխանող սյունակում լրացվում են տվյալներ հիվանդության ընթացքի, հոգեկան վիճակի, նշանակումների վերաբերյալ:

17. Պացիենտին բժշկական կազմակերպությունից դուրս գրելիս բուժող բժշկի կողմից լրացվում է «էպիկրիզը», որտեղ նշվում է պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրը, հիվանդության համառոտ պատմությունը, ընթացքը, ներառյալ ընդունվելիս պացիենտի հոգեկան վիճակը, բժշկական կազմակերպությունում անցկացրած մահճակալ–օրերի քանակը, կատարված բոլոր լաբորատոր-գործիքային հետազոտությունները, ախտորոշումը, ընդունվելիս և դուրս գրվելիս խորհուրդները և ստացած բուժումը:

18. «Ախտաբանաանատոմիական եզրակացություն» բաժնում ներհիվանդանոցային մահվան դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 519-Ն որոշմամբ սահմանված կարգով լրացվում է ախտաբանաանատոմիական ախտորոշումը, որում նշվում են հիմնական հիվանդությունը, ինչպես նաև հիվանդության բարդությունները, ուղեկցող հիվանդությունները և ախտաբանական վիճակները:

 Արձանագրվում է նաև դուրս գրումից հետո Պատմագրի արխիվ հանձնման փաստը, հանձնման օրը, ամիսը, տարին:

19. «Նշանակման թերթիկ»-ում լրացվում է պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը, Պատմագրի համարը, գրառում կատարելու օրը, ամիսը, տարին, որին համապատասխանող սյունակում լրացվում են դեղի անվանումը, դեղաչափը, նշանակման ժամերը:

20. «Ջերմաստիճանային թերթիկ»-ում լրացվում է Պատմագրի համարը, հիվանդասենյակի համարը, պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը, չափման օրվա ամսաթիվը, հիվանդության օրը և հիվանդանոցում գրանցվելու օրը: Ջերմաստիճանային թերթիկում լրացվում են պացիենտի ջերմաստիճանի, զարկերակային ճնշման, անոթազարկի, սատուրացիայի տվյալները:

21. «Լրացուցիչ տեղեկատվություն» բաժինը ներառում է հոգեբուժական կազմակերպության առանձնահատկություններից ելնելով պացիենտի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն:

 

 

Հավելված N 2

Առողջապահության նախարարի

2021 թվականի օգոստոսի 04-ի

N 61-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն մատուցող բժշկական կազմակերպությունում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի (այսուհետ` պացիենտ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 26-ի N 25-Ն հրամանի հավելված N 2-ով հաստատված ամբուլատոր բժշկական քարտը (այսուհետ` Քարտ) լրացվում է բժշկի և բուժքրոջ կողմից` սույն կարգին համաձայն:

2. Քարտը լրացվում է գրական հայերենով:

3. Քարտում լրացված տեղեկությունները պետք է լինեն հավաստի և ժամանակագրական առումով ճշգրիտ:

4. Քարտում արված խմբագրումները և դրանք իրականացնողների վերաբերյալ տվյալները ամրագրվում և պահպանվում են:

5. Քարտում լրացման ենթակա բաժինները և տողերը լրացվում են ըստ սույն կարգի:

6. Լրացվում են`

1) բժշկական կազմակերպության անվանումը,

2) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի ամբուլատոր բժշկական քարտի համարը,

3) պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը,

4) ծննդյան ամսաթիվը,

5) «Անձնագիր/ն/ք/ծննդյան վկայական» տողում ընդգծվում է «անձնագիր» կամ «նույնականացման քարտ» կամ «ծննդյան վկայական» տարբերակը, նշվում անձնագրի կամ նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի համարը,

6) «Պացիենտի հաշվառման հասցեն» տողում նշվում է հաշվառման հասցեն,

7) «Պացիենտի բնակության վայրը» տողում նշվում է բնակության վայրը,

8) «Անձնական հեռախոսահամարներ» տողում նշվում են անձնական հեռախոսահամարները,

9) «Կրթություն» տողում նշվում է «օժանդակ դպրոց» կամ «միջնակարգ» կամ «միջին մասնագիտական» կամ «բարձրագույն» տարբերակը,

10) «Մասնագիտություն» տողում ընդգծվում է «ունի» (նշվում է համապատասխան մասնագիտությունը) կամ «չունի» տարբերակը,

11) «Հաշմանդամության խումբ» տողում ընդգծվում է «չունի» կամ «I» կամ «II» կամ «III» կամ «այլ» (մինչև 18 տարեկան երեխաներին՝ «հաշմանդամ երեխա» կարգավիճակում) կամ «հայտնի չէ» տարբերակը,

12) «Կոնտակտային անձ/օրինական ներկայացուցիչ» տողում ընդգծվում է «չունի» կամ «ունի» կամ «հայտնի չէ» տարբերակը, առկայության դեպքում լրացվում են տվյալները,

13) «Նախնական ախտորոշումը» տողում նշվում է պացիենտի նախնական ախտորոշումը,

14) «Կլինիկական ախտորոշումը» տողում նշվում է պացիենտի կլինիկական ախտորոշումը:

7. Աղյուսակում լրացվում են`

1) 1-ին տողում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հաշվառման վերցնելու օրը, ամիսը, տարին, հիմքը, հաշվառումից հանելու օրը, ամիսը, տարին, հիմքը,

2) 2-րդ տողում հաշվառման մեջ գտնվող` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց դիսպանսերային հսկողության վերցնելու օրը, ամիսը, տարին, հիմքը, հսկողությունից հանելու օրը, ամիսը, տարին, հիմքը,

3) 3-րդ տողում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խորհրդատվական բժշկական օգնության տրամադրման օրը, ամիսը, տարին, հիմքը, խորհրդատվական բժշկական օգնության տրամադրման դադարեցման օրը, ամիսը, տարին, հիմքը:

8. «Քարտի միջուկ» բաժնում լրացվում է պացիենտի այցի օրը, այցի տեսակը` ամբուլատոր, տնային, նկարագրվում է պացիենտի հոգեկան վիճակը, լրացվում են նշանակումները, նշանակված հաջորդ այցի օրը:

9. «Եզրափակիչ թերթիկ» բաժնում լրացվում է հիվանդության համառոտ պատմությունը, ընթացքը, պացիենտի հոգեկան վիճակը, ախտորոշումը, պացիենտին տրամադրած խորհուրդները և ստացած բուժումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2021 թվական: