Գլխավոր տեղեկություն
Համար
N 15
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2013
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

18 ապրիլի 2013 թվականի N 15

 

24. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (ԾՐԱԳՐԵՐ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 29-ի նիստում հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր հատվածների համագործակցության հայեցակարգին համապատասխան`

1. Հավանություն տալ հանրակրթական ծրագիր (ծրագրեր) իրականացնող ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու սկզբունքներին և չափանիշներին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը` ներառելով կրթական (ուսումնական) գործընթացին նպաստող ներդրումային ծրագրին ներկայացվող պահանջների, ներդրումների փուլայնության, մոնիթորինգի և գնահատման, ներդրումների կատարման հաշվետվության, նվիրաբերության պայմանի վերահսկման, ինչպես նաև պայմանը խախտելու դեպքում՝ նվիրաբերության վերացման վերաբերյալ դրույթներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

ապրիլի 18-ի նիստի N 15

արձանագրային որոշման

 

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (ԾՐԱԳՐԵՐ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ

 

1. Հանրակրթական ծրագիր (ծրագրեր) իրականացնող ոչ պետական ուսումնական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու նպատակը հանրակրթության ոլորտում նպատակային գործունեություն ծավալող կազմակերպություններին պետականորեն աջակցելու միջոցով մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանը նպաստելն է:

2. Կազմակերպությանն անշարժ գույք նվիրաբերելու պայմանն է այդ գույքը միայն կրթական նպատակներով օգտագործելը` բացառելով հետագա օտարման, վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման հնարավորությունը:

3. Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կազմակերպությանը նվիրաբերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգին համապատասխան:

4. Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն առաջնահերթ նվիրաբերվում է այն կազմակերպություններին, որոնց Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով՝ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կրթական գործունեության նպատակով օգտագործելու պայմանով, հատկացրել է համապատասխան անշարժ գույք:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես նվիրաբերություն անշարժ գույք ստանալու համար կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին`

1) հանրակրթության ոլորտում ունենա առնվազն 10 տարվա գործունեություն,

2) շրջանավարտների միասնական ավարտական քննությունների ցուցանիշները միասնական քննությունների անցկացման վերջին հինգ տարիների ընթացքում պետք է առնվազն հավասար լինեն հանրապետական միջին ցուցանիշներին,

3) կազմակերպության վերջին հինգ տարիների ներքին և արտաքին գնահատման ցուցանիշները պետք է առնվազն հավասար լինեն հանրապետական միջին ցուցանիշին,

4) «Գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացված ընթացիկ առարկայական ստուգարք-քննությունների արդյունքներով կազմակերպության սաների միջին գնահատականները պետք է վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն հավասար լինեն հանրապետական միջին ցուցանիշներին,

5) կազմակերպության մանկավարժական-մեթոդական նորարարական գործունեությունը (այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաները կրթական գործընթացում արդյունավետորեն կիրառելու, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ հեղինակելու մասով) պետք է ճանաչված և արժևորված լինի կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1334-Ն որոշմամբ հաստատված կարգի:

6. Անկախ սույն հավելվածի 5-րդ կետի պահանջներից, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք կարող է նվիրաբերվել նաև միջազգային բակալավրիատի դպրոցների համակարգում ընդգրկված կամ այդ համակարգում ընդգրկվելու գործընթացի 2-րդ փուլում գտնվող կազմակերպություններին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է մերժել կամ թույլատրել նվիրաբերությամբ գույքի հանձնումը կազմակերպություններին` հաշվի առնելով նաև կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը և առաջնահերթությունները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան