Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 66256/11
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.11.2015
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2016

Ներմուծեք նկարագրությունը_15382

Ե Ր Ր Ո Ր Դ  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 66256/11)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

10 նոյեմբերի 2015 թվական

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Սահակյանն ընդդեմ Հայաստանի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ բաժանմունք) Պալատը, հանդես գալով հետևյալ կազմով՝

Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra]՝ Նախագահ,

Ջոհաննես Սիլվիս [Johannes Silvis],

Վալերի Գրիցկո [Valeriu Griţco],

Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],

Կարլո Ռանզոնի [Carlo Ranzoni],

Մարտինս Միտս [Mārtiņš MartinsMits],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]՝ դատավորներ

և Ստեֆեն Ֆիլիպս [Stephen Phillips]՝ Բաժանմունքի քարտուղար,

2015 թվականի հոկտեմբերի 20-ին դռնփակ խորհրդակցությամբ՝

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը։

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է 2011 թվականի հոկտեմբերի 14-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Հայկ Սահակյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Դատարան ներկայացված գանգատի (թիվ 66256/11) հիման վրա։

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Յ. Խաչատրյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը։

3. Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ իրեն մերժել են հատուցում տրամադրել անօրինական կալանավորման հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար, և որ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չի եղել հայցի ուժով ոչ նյութական վնասի հատուցման իրավունք:

4. 2013 թվականի սեպտեմբերի 11-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1983 թվականին և ապրում է Երևանում։

6. 2007 թվականի օգոստոսի 30-ին դիմումատուն ձերբակալվել է, իսկ այնուհետև նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հիմքով։

7. 2007 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարանը բավարարել է քննիչի՝ դիմումատուի նկատմամբ նախնական կալանք կիրառելու միջնորդությունը։

8. 2007 թվականի սեպտեմբերի 28-ին նույն դատարանը, դիմումատուի միջնորդության հիման վրա, որոշում է կայացրել նրան գրավով կալանքից ազատելու մասին։

9. 2007 թվականի հոկտեմբերի 4-ին քննիչը որոշում է կայացրել գրավի ձևով ընտրված խափանման միջոցը վերացնելու և դիմումատուին կալանավորելու մասին՝ հիմք ընդունելով 2007 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը։ Պարզվում է, որ նույն օրը դիմումատուի նկատմամբ նախնական կալանք է կիրառվել։

10. 2007 թվականի հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարանը, դիմումատուի բողոքի հիման վրա, որոշել է վերացնել քննիչի որոշումը և դիմումատուին ազատել կալանքից։ Տվյալ վարչական շրջանի [ընդհանուր իրավասության] դատարանը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորում կարող էր կիրառվել միայն դատարանի որոշմամբ, ինչը դատարանի բացառիկ իրավասությունն էր։ Հետևաբար, քննիչը չարաշահել է իր լիազորությունները և, կիրառելով կալանավորում, սխալ է մեկնաբանել օրենքը։ Օրենքը պահանջում էր, որ քննիչը պատճառաբանված միջնորդություն ներկայացներ դատարան, եթե առկա են եղել գրավը կալանավորմամբ փոխարինելու բավարար հիմքեր։ Տվյալ վարչական շրջանի [ընդհանուր իրավասության] դատարանը գտել է, որ 2007 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման հիման վրա դիմումատուի նկատմամբ կալանավորում կիրառելով՝ խախտվել են դիմումատուի՝ inter alia (ի թիվս այլնի) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով ու Սահմանադրության 16-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները։

11. 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարանը դիմումատուի նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացրել։

12. 2008 թվականի մարտի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանն այդ դատավճիռը թողել է անփոփոխ։

13. 2009 թվականի ապրիլի 21-ին դիմումատուն Ֆինանսների նախարարության դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել՝ պահանջելով իր դեմ հարուցված քրեական վարույթի, այդ թվում՝ իր կալանավորման մասով նյութական և ոչ նյութական վնասի հատուցում։ Նյութական վնասի հատուցման պահանջը ներառում էր ենթադրյալ չստացված եկամուտներն ու կալանավայրում ստացած սննդի ծանրոցների և դիմումատուի հարազատների կրած տրանսպորտային ծախսերի հետ կապված ծախքերը։ Դիմումատուն իր կրած ոչ նյութական վնասը գնահատել է 15,400 եվրո։

14. 2009 թվականի սեպտեմբերի 25-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել դիմումատուի նյութական վնասի հատուցման պահանջը և նրան տրամադրել 215,100 ՀՀ դրամի չափով (տվյալ պահի դրությամբ՝ մոտավորապես 380 եվրո) հատուցում։ Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջին, ապա տվյալ վարչական շրջանի [ընդհանուր իրավասության] դատարանը մերժել է այն՝ հղում կատարելով Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածին այն հիմքով, որ Հայաստանի օրենսդրությամբ հատուցման այդ տեսակը նախատեսված չէր։

15. 2009 թվականի հոկտեմբերի 26-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։

16. Չհստակեցված ամսաթվին Ֆինանսների նախարարությունը նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով համապատասխան վճիռը՝ նյութական վնասի հատուցում տրամադրելու մասով։

17. 2009 թվականի դեկտեմբերի 4-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել դիմումատուի բողոքը մերժելու և Ֆինանսների նախարարության բողոքը բավարարելու մասին՝ նյութական վնասի հատուցման գումարը նվազեցնելով մինչև 96,800 ՀՀ դրամ (տվյալ պահի դրությամբ՝ մոտավորապես 165 եվրո)։ Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջին, ապա Վերաքննիչ դատարանը վարույթը կարճելու որոշում է կայացրել այն հիմքով, որ Հայաստանի օրենսդրությամբ հատուցման այդ տեսակը նախատեսված չէ և, հետևաբար, դատարանը չէր կարող քննել այդ պահանջը։

18. 2009 թվականի դեկտեմբերի 14-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է բերել։

19. 2011 թվականի հուլիսի 1-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը մերժել և Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ թողնել։

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Սահմանադրություն

 

20. 16-րդ հոդվածով նախատեսվում է, որ յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք:

 

Բ. Քաղաքացիական օրենսգիրք

 

21. 17-րդ հոդվածով նախատեսվում է, որ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։ Վնասներն են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)։

22. 1064-րդ հոդվածով նախատեսվում է, որ ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից։

 

Գ. Քրեական դատավարության օրենսգիրք

 

23. 66-րդ հոդվածով նախատեսվում է, որ արդարացվածն իրավունք ունի պահանջել իրեն անօրինական ձերբակալելու, կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտելու հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները:

24. 136-րդ հոդվածով նախատեսվում է, որ կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ` դատարանում գործը քննելիս։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

25. Դիմումատուն բողոք է ներկայացրել, որ իրեն մերժել են անօրինական կալանավորման արդյունքում իր կրած ոչ նյութական վնասի դիմաց հատուցում տրամադրել։ Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը, որում ամրագրված է.

«5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:»։

 

Ա. Ընդունելիությունը

 

26. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

27. Դիմումատուն պնդել է, որ ոչ նյութական վնասի հատուցման իր պահանջի մերժմամբ խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված երաշխիքները։

28. Կառավարությունը պնդել է, որ ներպետական դատարանները, մերժելով դիմումատուի ոչ նյութական վնասի հատուցման պահանջը, գործել են ներպետական օրենսդրության համաձայն, որով հատուցման այդ տեսակը նախատեսված չի եղել։ Համապատասխանաբար, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում տեղի չի ունեցել։

 

2. Դատարանի գնահատականը

29. Դատարանը վերահաստատում է, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները համարվում են պահպանված այն դեպքում, երբ 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերի խախտմամբ ազատությունից զրկելու մասով հնարավոր է հատուցման պահանջ ներկայացնել։ Ուստի, 5-րդ կետով սահմանված հատուցման իրավունքը ենթադրում է, որ ներպետական մարմնի կամ Կոնվենցիոն մարմինների կողմից հաստատվել է մյուս կետերից որևէ մեկի խախտումը (տե՛ս, ի թիվս այլոց, «Ն.Ս.»-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [N.C. v. Italy [GC]] գործը, թիվ 24952/94, § 49, ՄԻԵԴ 2002‑X)։ Ավելին, 5-րդ հոդվածի 5-րդ կետը չպետք է մեկնաբանվի որպես բացառապես նյութական բնույթ ունեցող հատուցման իրավունք վերապահող դրույթ, այլ պետք է նաև վերապահի նման իրավունք՝ ցանկացած տառապանքի, անհանգստության և հիասթափության համար, որոնք անձը կարող է կրել 5-րդ հոդվածի այլ դրույթների խախտման հետևանքով (տե՛ս Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի [Khachatryan and Others v. Armenia] գործը, թիվ 23978/06, §157, 2012 թվականի նոյեմբերի 27)։

30. Սույն գործում ներպետական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ 2007 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 22-ը դիմումատուին կալանքի տակ պահելն իրականացվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի խախտմամբ (տե՛ս վերը նշված § 10-ը)։ Ուստի, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառելի է նրա գործում։ Այնուամենայնիվ, ներպետական դատարանները մերժել են նրա՝ ոչ նյութական վնասի հատուցման քաղաքացիական հայցը, այն հիմքով, որ «ոչ նյութական վնասի հատուցումը» Հայաստանի օրենսդրությամբ որպես հատուցման տեսակ նախատեսված չի եղել։

31. Դատարանն արդեն իսկ գտել է, որ Հայաստանի օրենսդրությամբ ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն չնախատեսելը խախտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված երաշխիքները (տե՛ս վերը նշված Խաչատրյանը և այլոք վճիռը, §§  158-159)։ Սույն գործում այդ եզրակացությունից շեղվելու որևէ պատճառ առկա չէ։ Դրանից հետևում է, որ դիմումատուն, ըստ օրենքի կամ գործնականում, չի օգտվել այդ հոդվածի իմաստով հայցի ուժով հատուցման իրավունքից:

32. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

33. Դիմումատուն նույն հիմքով պնդել է, որ խախտվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որը սահմանում է.

«Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվել են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:»։

34. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։

35. Դատարանը նշում է, որ այս բողոքը կապված է վերը քննված բողոքի հետ, ուստի, պետք է նույնպես հայտարարվի ընդունելի։

36. Հաշվի առնելով 5-րդ հոդվածի 5-րդ կետի մասով արված եզրահանգումը (տե՛ս վերը նշված § 32-ը)՝ Դատարանը համարում է, որ սույն գործում Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման հանգամանքն ուսումնասիրելու անհրաժեշտությունը բացակայում է (տե՛ս Սմատանան ընդդեմ Չեխիայի Հանրապետության [Smatana v. the Czech Republic] գործը, թիվ 18642/04, § 145, 2007 թվականի սեպտեմբերի 27)։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

37. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, և եթե համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի հատուցում տրամադրել:»։

 

Ա. Վնասը

38. Դիմումատուն պահանջել է 1,221,500 ՀՀ դրամ (տվյալ պահի դրությամբ՝ մոտավորապես 2,160 եվրո) և 15,400 եվրո՝ համապատասխանաբար, որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում։

39. Կառավարությունը պնդել է, որ պահանջվող նյութական վնասի և ենթադրյալ խախտումների միջև որևէ պատճառական կապ առկա չէ, իսկ ոչ նյութական վնասի դիմաց պահանջվող գումարն ուռճացված է։

40. Դատարանը որևէ պատճառական կապ չի տեսնում արձանագրված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև. հետևաբար, այն մերժում է տվյալ պահանջը։ Մյուս կողմից՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս, որը չի հատուցվում ինքնին խախտման հայտնաբերմամբ։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին հատկացնում է 3,000 եվրո գումար՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

41. Դիմումատուն ծախսերի և ծախքերի հատուցման պահանջ չի ներկայացրել։

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

42. Դատարանը պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային միավոր։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում.

3. Վճռում է, որ բողոքը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի շրջանակներում քննելու անհրաժեշտություն առկա չէ.

4. Վճռում է, որ

ա) Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը պետք է դիմումատուին վճարի 3,000 եվրո (երեք հազար եվրո)՝ ոչ նյութական վնասի դիմաց՝ ավելացրած գանձման ենթակա բոլոր հարկերը, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության տարադրամով՝ վճարման ամսաթվին գործող փոխարժեքով:

բ) վերը նշված եռամսյա ժամկետը լրանալուց հետո՝ մինչև վճարման օրը, պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս՝ պարտավորությունները չկատարելու ժամանակահատվածում, Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով՝ ավելացրած երեք տոկոսային միավոր:

5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2015 թվականի նոյեմբերի 10-ին՝ Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն։

 

 

Ստեֆեն Ֆիլիպս
 Քարտուղար 

Լուիս Լոպես Գեռ
   Նախագահ