ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 մայիսի 2021 թ. |
N 46-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՀԱՆԳՍՏԻ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ, ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի, մարմնամարզության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2021 թ. մայիսի 31-ի թիվ 46-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՀԱՆԳՍՏԻ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ, ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հոգեբուժական կազմակերպություններում (այսուհետ` Կազմակերպություն) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց (այսուհետ` պացիենտ) հանգստի, բացօթյա զբոսանքի և մարմնամարզության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Պացիենտի հանգիստը, բացօթյա զբոսանքը և մարմնամարզությունը կազմակերպվում են դրա համար նախատեսված վայրերում:
3. Կազմակերպությունում պացիենտի հանգիստն ապահովելու համար առանձնացվում է պացիենտին հասանելի վայրում հանգստի գոտի՝ հագեցված բազմոցով, աթոռներով, սեղաններով, հեռուստացույցով, սեղանի խաղերով և զբաղվածության այլ միջոցներով, երեխաների համար՝ խաղասենյակներով:
4. Հենաշարժական խնդիրներ ունեցող և տարեց պացիենտների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով Կազմակերպությունում տեղադրվում են թեքահարթակներ, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են հենասայլակներ կամ անձի տեղաշարժումն ապահովող առավել հարմար այլ միջոցներ:
5. Պացիենտի հանգստի, բացօթյա զբոսանքի ու մարմնամարզության ժամերը և տևողությունը սահմանվում են Կազմակերպության օրվա կարգացուցակով` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բոլոր անձանց համար նախատեսված ընդհանուր հստակ ժամանակահատվածում` ըստ Կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի:
6. Պացիենտի հանգստի, բացօթյա զբոսանքի ու մարմնամարզության տարբերակված ժամային տևողություն սահմանվում է միայն առանձին դեպքերում՝ պայմանավորված կոնկրետ պացիենտների առողջական վիճակով: Ընդ որում, նշված բացառության դեպքերը համապատասխան հիմնավորումներով արձանագրվում են պացիենտի բժշկական փաստաթղթերում:
7. Պացիենտի բացօթյա զբոսանքն ու մարմնամարզությունն անցկացվում են Կազմակերպության աշխատակիցների հսկողությամբ:
8. Մարմնամարզությամբ զբաղվող պացիենտները պարբերաբար զննվում են թերապևտի կողմից` սոմատիկ վիճակն ու ֆիզիոլոգիական ցուցանիշները վերահսկելու նպատակով և, անհրաժեշտության դեպքում, վերջինիս ցուցումով իրականացվում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ և նեղ մասնագիտական խորհրդատվություններ:
9. Պացիենտի բացօթյա զբոսանքի և մարմնամարզության կազմակերպման համար Կազմակերպությունում վարվում է մատյան` սույն հավելվածի Ձևի համաձայն, որը պետք է լինի համարակալված և հաստատված Կազմակերպության տնօրենի ստորագրությամբ:
10. Բացօթյա զբոսանքի և մարմնամարզության վարման մատյանում գրառումներ կատարելու հսկողությունն իրականացնում է բաժանմունքի վարիչը, իսկ մատյանը վարում և լրացնում է բաժանմունքի հերթապահ բուժքույրը:
11. Պացիենտի զբոսանքից օգտվելու և հրաժարվելու պարագայում, հերթապահ բուժքույրը կատարում է համապատասխան գրառում մատյանում, ինչն ամրագրվում է պացիենտի ստորագրությամբ:
12. Երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի զբոսանքից կամ մարմնամարզությունից օգտվելու իրավունքի իրացումը պատշաճ ապահովվում է Կազմակերպության կողմից: Նշված իրավունքն առանձին դեպքերում կարող է սահմանափակվել միայն հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ՝ այդ մասին տեղեկացնելով պացիենտի օրինական ներկայացուցչին:
Ձև
ՄԱՏՅԱՆ
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ ԵՎ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ
N |
Զբոսանքի և մարմնամարզության |
Անուն, ազգանուն, |
Պացիենտի/ |
Հատուկ նշումներ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|