Գլխավոր տեղեկություն
Համար
N 46-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 02.06.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.05.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
31.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 մայիսի 2021 թ.

N 46-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՀԱՆԳՍՏԻ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ, ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի, մարմնամարզության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թ.

 մայիսի 31-ի թիվ 46-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՀԱՆԳՍՏԻ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ, ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հոգեբուժական կազմակերպություններում (այսուհետ` Կազմակերպություն) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց (այսուհետ` պացիենտ) հանգստի, բացօթյա զբոսանքի և մարմնամարզության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Պացիենտի հանգիստը, բացօթյա զբոսանքը և մարմնամարզությունը կազմակերպվում են դրա համար նախատեսված վայրերում:

3. Կազմակերպությունում պացիենտի հանգիստն ապահովելու համար առանձնացվում է պացիենտին հասանելի վայրում հանգստի գոտի՝ հագեցված բազմոցով, աթոռներով, սեղաններով, հեռուստացույցով, սեղանի խաղերով և զբաղվածության այլ միջոցներով, երեխաների համար՝ խաղասենյակներով:

4. Հենաշարժական խնդիրներ ունեցող և տարեց պացիենտների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով Կազմակերպությունում տեղադրվում են թեքահարթակներ, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են հենասայլակներ կամ անձի տեղաշարժումն ապահովող առավել հարմար այլ միջոցներ:

5. Պացիենտի հանգստի, բացօթյա զբոսանքի ու մարմնամարզության ժամերը և տևողությունը սահմանվում են Կազմակերպության օրվա կարգացուցակով` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բոլոր անձանց համար նախատեսված ընդհանուր հստակ ժամանակահատվածում` ըստ Կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի:

6. Պացիենտի հանգստի, բացօթյա զբոսանքի ու մարմնամարզության տարբերակված ժամային տևողություն սահմանվում է միայն առանձին դեպքերում՝ պայմանավորված կոնկրետ պացիենտների առողջական վիճակով: Ընդ որում, նշված բացառության դեպքերը համապատասխան հիմնավորումներով արձանագրվում են պացիենտի բժշկական փաստաթղթերում:

7. Պացիենտի բացօթյա զբոսանքն ու մարմնամարզությունն անցկացվում են Կազմակերպության աշխատակիցների հսկողությամբ:

8. Մարմնամարզությամբ զբաղվող պացիենտները պարբերաբար զննվում են թերապևտի կողմից` սոմատիկ վիճակն ու ֆիզիոլոգիական ցուցանիշները վերահսկելու նպատակով և, անհրաժեշտության դեպքում, վերջինիս ցուցումով իրականացվում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ և նեղ մասնագիտական խորհրդատվություններ:

9. Պացիենտի բացօթյա զբոսանքի և մարմնամարզության կազմակերպման համար Կազմակերպությունում վարվում է մատյան` սույն հավելվածի Ձևի համաձայն, որը պետք է լինի համարակալված և հաստատված Կազմակերպության տնօրենի ստորագրությամբ:

10. Բացօթյա զբոսանքի և մարմնամարզության վարման մատյանում գրառումներ կատարելու հսկողությունն իրականացնում է բաժանմունքի վարիչը, իսկ մատյանը վարում և լրացնում է բաժանմունքի հերթապահ բուժքույրը:

11. Պացիենտի զբոսանքից օգտվելու և հրաժարվելու պարագայում, հերթապահ բուժքույրը կատարում է համապատասխան գրառում մատյանում, ինչն ամրագրվում է պացիենտի ստորագրությամբ:

12. Երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի զբոսանքից կամ մարմնամարզությունից օգտվելու իրավունքի իրացումը պատշաճ ապահովվում է Կազմակերպության կողմից: Նշված իրավունքն առանձին դեպքերում կարող է սահմանափակվել միայն հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ՝ այդ մասին տեղեկացնելով պացիենտի օրինական ներկայացուցչին:

 

Ձև

 

ՄԱՏՅԱՆ

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ ԵՎ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

 

N

Զբոսանքի և մարմնամարզության
օրը, ժամերը

Անուն, ազգանուն,
հայրանուն

Պացիենտի/
օրինական
ներկայացուցչի ստորագրությունը

Հատուկ նշումներ

         
         
         
         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2021 թվական: