ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 մայիսի 2021 թ. |
N 33-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բ. ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել՝ հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներին ներկայացվող տեխնիկական պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված Առողջապահության նախարարի 2021 թ. մայիսի 11-ի թիվ 33-Ն հրամանի |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
1. Սույն հավելվածով սահմանվում է հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներին ներկայացվող տեխնիկական պահանջները:
2. Կազմակերպությունում ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներին ներկայացվող տեխնիկական պահանջներն իրենցից ներկայացնում են այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից չծխող անձանց պաշտպանելուն:
3. Կազմակերպության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող յուրաքանչյուր բաժանմունք պետք է ունենա ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածք:
4. Կազմակերպությունում ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներից կարող են օգտվել կազմակերպության աշխատակիցները, պացիենտները, ինչպես նաև կազմակերպության տարածք մուտք գործող այլ անձինք:
5. Ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար կազմակերպության հատուկ տարածքներին ներկայացվող պահանջներն են`
1) դռան կամ դրան փոխարինող մեխանիզմների առկայություն, որը կկանխի ծխի ներթափանցումը հաստատության տարածք: Ընդ որում, դրսի կողմից պետք է փակցված լինի հատուկ նշան` ծխելու համար նախատեսված վայրի մատնանշմամբ (օրինակ` «Ծխելու համար հատկացված վայր»).
2) տարածքի հատակը, պատերը և առաստաղը պետք է լինեն չհրկիզվող նյութից.
3) անհրաժեշտ քանակությամբ ջրով կամ համապատասխան հեղուկով լցված մետաղյա աղբամանների առկայություն.
4) արհեստական լուսավորության առկայություն.
5) տարածքը պետք է ունենա օդափոխության հնարավորություն, որը կբացառի ծխախոտի ծխի ներթափանցումը հարակից տարածքներ.
6) պատերին ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ մարդու առողջության վրա օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստեր պարունակող պաստառների առկայություն:
6. Ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար կազմակերպության հատուկ առանձնացված տարածքների մաքրության և սանիտարահիգիենիկ վիճակի համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը:
7. Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ առանձնացված տարածքները չի թույլատրվում ապահովել հարմարավետ աթոռներով, սեղաններով կամ այլ կահույքով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2021 թվական: