Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.19/7(359).1 Հոդ.36
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.12.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 դեկտեմբերի 2009 թ. 
ք. Երևան

N 25-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ, ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՊԱՀՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ, ՄՇԱԿՄԱՆԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆԸ ԵՎ ԹԱՂՄԱՆԸ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2.1.7.002-09 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, հեռացմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման և սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

(նախաբանը լրաց., փոփ. 12.05.21 N 37-Ն)

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.002-09 սանիտարական կանոններ և նորմեր՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի հավելվածի 5-րդ, 7-րդ, 14-րդ կետերը ուժի մեջ են մտնում 2012 թվականի մարտի մեկից:

 

Նախարար`

Հ. Քուշկյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

 22 դեկտեմբերի 2009 թ.
թիվ 25-Ն հրամանի

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ, ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՊԱՀՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ, ՄՇԱԿՄԱՆԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆԸ ԵՎ ԹԱՂՄԱՆԸ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.1.7.002-09

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ՝ սանիտարական կանոններ) նախատեսված են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, որոնց գործունեությունը կապված է բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած և սկզբնական սպառողական հատկությունները կորցրած հումքի, նյութերի, արգասիքների, այլ արտադրանքի կամ մթերքի մնացորդների, ինչպես նաև ապրանքների, արտադրանքի (այսուհետ` սպառման թափոն) հավաքման, փոխադրման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, տեղադրման և թաղման և նշված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ կառույցների, շինությունների նախագծման և կառուցման հետ:

2. Սույն սանիտարական կանոնները սահմանում են բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման և թաղման սանիտարահիգիենիկ պահանջները` մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա թափոնների բացասական ներգործությունը բացառելու նպատակով:

3. Բնակավայրերի սանիտարական պահպանումը ընդգրկում է բնակավայրերի և հանգստի գոտիների տարածքների սանիտարական մաքրումը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի, շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող տարածքներում պատշաճ սանիտարական վիճակի ապահովումը:

4. Սպառման թափոնների գործածության օբյեկտների (թափոնների հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման և թաղման համար օգտագործվող տեղեր կամ օբյեկտներ) տեղադրման վայրերի սահմանման և կառուցման վերաբերյալ նախագծային և տեխնիկական փաստաթղթերը համաձայնեցվում են համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հոդված 9-ի և «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հոդված 12-ի:

(4-րդ կետը փոփ. 12.05.21 N 37-Ն)

 

2. ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՊԱՀՄԱՆԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ (ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5. Աղբամուղներ ունեցող շենքերում սպառման թափոնները ժամանակավոր պահվում են աղբահավաք խցերում տեղակայված մետաղական կամ պլաստմասսե, առնվազն 750 լ տարողությամբ աղբահավաք բեռնարկղերում` կոնտեյներներում: Եթե աղբահավաք խցի մուտքը հնարավորություն չի ընձեռում տեղակայելու 750 լ տարողությամբ աղբահավաք բեռնարկղ, ապա թույլատրվում է աղբը կուտակել աղբահավաք խցին համապատասխան աղբահավաք բեռնարկղում: Աղբահավաք խցի և աղբամուղի կառուցվածքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերի պահանջներին:

(5-րդ կետը խմբ. 12.05.21 N 37-Ն)

6. Աղբահավաք խցի մուտքը մեկուսացվում է բնակելի շենքի մուտքից, աղբամուղի բացվածքների և աղբահավաք խցի դռները ամուր փակվում են, ապահովված են լինում հարթ, բարեկարգ, ամբողջական, մաքրման, լվացման և ախտահանման հնարավորություն ընձեռող ներքին մակերեսներով:

(6-րդ կետը փոփ. 12.05.21 N 37-Ն)

7. Աղբամուղի բացվածքի տակ տեղադրվում է 5-րդ կետում նշված կոնտեյները, որը լինում է անվավոր, իսկ աղբամուղի ներքին բացվածքը անհրաժեշտության դեպքում կահավորվում է դեպի կոնտեյներ ուղղված ռետինե խողովակով: Աղբահավաք խցի հատակը ունենում է թեքություն դեպի ջրահեռացման համակարգին միացված հատականցքին:

8. Բնակավայրերում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն համայնքի ավագանու կողմից հաստատված վայրերում, ինչպես նաև հանգստի գոտիներում սպառման թափոնների ժամանակավոր կուտակման համար տեղադրվում են կոնտեյներներ:

(8-րդ կետը փոփ. 11.11.16 N 38-Ն,  12.05.21 N 37-Ն)

9. Կոնտեյներները տեղադրում են բնակելի և հասարակական շենքերից ոչ պակաս, քան 15մ և ոչ ավելի, քան 100մ հեռավորության վրա: Պուրակներում, զբոսայգիներում կոնտեյներները տեղադրում են մարդկանց զանգվածային կուտակման վայրերից ոչ պակաս, քան 50մ հեռավորության վրա: Հանգստի գոտիներում, լողափերում կոնտեյներները տեղադրվում են 3500-4000մ2 մակերեսին 1 կոնտեյների հաշվարկով:

10. Կոնտեյներները տեղադրում են բնակելի և հասարակական շենքերի բակային կամ միջբակային տարածքներում` փոխադրամիջոցի մոտեցման համար հարմար դիրքով, ջրանթափանց, հարթ, բարեկարգ մակերեսով կոշտ պատվածքով տարածքների վրա: Կոշտ պատվածքով տարածքը երեք կողմից ունենում է պատնեշ կամ մետաղյա դեկորատիվ ցանկապատ: Կոնտեյներները չեն տեղադրում փողոցների և սիզամարգերի վրա:

(10-րդ կետը փոփ. 11.11.16 N 38-Ն)

11. Կոնտեյներները ունենում են կափարիչներ և աղբով լցվում են ծավալի երկու երրորդից ոչ ավելի մակարդակով:

Փակ վիճակում պահվող կափարիչներով կոնտեյներների կոշտ պատվածքով տարածքը կարող է երեք կողմից պատնեշ կամ մետաղյա դեկորատիվ ցանկապատ չունենալ: Կոնտեյների կափարիչին փակցվում է հրահանգ (բացատրություն և նկար)` կափարիչը փակելու և բացելու վերաբերյալ պարզաբանմամբ:

(11-րդ կետը լրաց. 11.11.16 N 38-Ն)

12. Կոնտեյներները հեշտությամբ նույնականացվում են և պարունակում են աղբահանության ընկերության հասցեն կամ անվանումը կամ ծածկագիրը: Կոնտեյներները ունենում են մաքրման և ախտահանման ենթակա հարթ մակերեսներ:

13. Սպառման թափոնները փոխադրում են աղբատար փոխադրամիջոցներով, որոնց կառուցվածքը բացառում է (փակ թափքերով) շրջակա միջավայրի աղտոտումը: Աղբատար փոխադրամիջոցները հեշտությամբ նույնականացվում և պարունակում են աղբահանության ընկերության հասցեն կամ անվանումը կամ ծածկագիրը:

14. Աղբատար փոխադրամիջոցի կառուցվածքը ապահովում է աղբի խտացումը, ունենում է աղբաջրերը հավաքող համակարգ, կողքից կամ հետնամասում կոնտեյներները բեռնող հիդրավլիկ սարք և/կամ կոնտեյներները լվանալու համակարգ:

15. Սպառման թափոնների փոխադրումը (աղբահանությունը) իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները` համաձայն աղբահանության սխեմաների: Աղբահանության սխեմաները և ժամանակացույցը կազմվում են ապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» N 1161-Ն որոշմամբ սահմանված սպառման թափոնների հեռացման հաճախականությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ:

16. Կոնտեյներներից աղբը հեռացնելու ժամանակ աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից մաքրվում և տեղափոխվում է կոնտեյներների հարակից տարածքի աղբը: Աղբահանության ժամանակ տեղափոխում են նաև աղբակույտերը և տերևակույտերը, դրանց այրումը արգելվում է:

17. Աղբատար փոխադրամիջոցների թափքերը ախտահանվում են աղբաթափման վայրում` աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից՝ 18 կետում նշված ախտահանիչ լուծույթներով:

18. Աղբահավաք կոնտեյներների, աղբանոթների ախտահանման համար օգտագործվում են ախտահանիչ միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը:

(18-րդ կետը խմբ. 12.05.21 N 37-Ն)

19. Շենքերի աղբամուղները և աղբահավաք խցերը, կոնտեյներները լվացվում և ախտահանվում են (18 կետում նշված վարակազերծիչ լուծույթներով) ամիսը 1 անգամ` աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից: Կոնտեյներների լվացումը և ախտահանումը իրականացվում է աղբավայրում, հատուկ հատկացված վայրում կամ համապատասխան պայմանների (ջրամատակարաման և ջրահեռացման պայմաններ) առկայության դեպքում` աղբահավաք խցում:

20. Փողոցներում, այգիներում, պուրակներում, կայարաններում, շուկաներում, տոնավաճառներում, ստորգետնյա անցումներում, հրապարակներում, լողափերում տեղադրվում են աղբանոթներ, որոնք ունեն ոչ ավելի, քան 100 լ տարողություն:

21. Փողոցներում աղբանոթների միջև ապահովվում է ոչ ավելի, քան 70 մ հեռավորություն: Պուրակներում, զբոսայգիներում աղբանոթների քանակությունը որոշվում է 800 մ2 մակերեսին 1 աղբանոթի հաշվարկով: Գլխավոր զբոսուղիներում, ինչպես նաև լողափերում աղբանոթների միջև հեռավորությունը ընդունվում է 40 մ-ից ոչ ավելի: Լողափերում աղբանոթները տեղադրվում են ջրեզրից 10 մ հեռավորության վրա, 1600 մ2 մակերեսին 1 աղբանոթի կամ 50 մարդու համար` 1 աղբանոթի հաշվարկով:

22. Աղբանոթները ունենում են մաքրման և ախտահանման ենթակա հարթ մակերեսներ և տեղափոխման համար ապամոնտաժման հնարավորություն: Աղբանոթները լվացվում և ախտահանվում են (18 կետում նշված ախտահանիչ լուծույթներով) ամիսը 1 անգամ` աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից:

23. Աղբանոթների տեղադրումը պարտադիր է մետրոյի, ավտոկանգառների, հասարակական տրանսպորտի կանգառների, ստորգետնյա անցումների, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների մուտքերի մոտ, զբոսայգիներում, պուրակներում, կայարաններում, շուկաներում, տոնավաճառներում, լողափերում, հանգստի գոտիներում:

(23-րդ կետը փոփ. 12.05.21 N 37-Ն)

 

3. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

24. Շենքերի բակերը, միջբակային տարածքները, փողոցները, ճանապարհները, հրապարակները, զբոսայգիները, պուրակները ենթարկում են սանիտարական մաքրման, իսկ ամռան ամիսներին փողոցները ենթակա են նաև ջրման: Բնակավայրերը պահվում են պատշաճ սանիտարական վիճակում` սպառման թափոններից, շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող աղբից, կենցաղային ավելորդ իրերից, փոշու կուտակումներից զերծ:

25. Բնակավայրերի շենքերի բակերի, միջբակային տարածքների, փողոցների, ճանապարհների հետիոտնի համար նախատեսված և երթևեկելի մասերը, հրապարակների, զբոսայգիների հետիոտնի մասերը մաքրվում են ձյունից և սառույցից:

26. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից համաձայն «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 22-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» N 1161-Ն որոշման պահպանվում են սույն սանիտարական կանոններով սահմանված պահանջները, այդ թվում`

 1) Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքները պահվում են պատշաճ սանիտարական վիճակում` սպառման թափոններից, շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող թափոններից, կենցաղային ավելորդ իրերից, փոշու կուտակումներից զերծ:

2) Բազմաբնակարան շենքերի ընդհանուր ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) և դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) աշխատանքները իրականացվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ։

3) Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրումը իրականացվում է առնվազն երկու օրը մեկ անգամ:

4) Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղու) ցանցերը շահագործվում են սարքին վիճակում` բացառելով խմելու ջրի և կոյուղաջրերի արտահոսքը և ջրակուտակումները:

27. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները իրենց հարակից տարածքները պահում են պատշաճ սանիտարական վիճակում, որտեղ չեն պահեստավորում ապրանքներ, տարաներ կամ ավելորդ իրեր, սպառման թափոններ և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող թափոններ:

(27-րդ կետը փոփ. 12.05.21 N 37-Ն)

28. Բնակելի շենքերի առաջին հարկերում տեղակայված առևտրի և սպասարկման օբյեկտների մուտքերի (այդ թվում և՝ բակային կողմից) հարակից տարածքները պահվում են պատշաճ սանիտարական վիճակում, չեն կուտակում ապրանքների արկղեր կամ ավելորդ իրեր, սպառման թափոններ և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող թափոններ:

29. Հանգստի գոտիները, լողափերը պահվում են պատշաճ սանիտարական վիճակում` սպառման թափոններից, ավելորդ իրերից, շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող աղբից զերծ:

30. Բնակավայրերի սանիտարական մաքրման ընթացքում սպառման թափոնները, տերևակույտերը և կուտակված փոշին ժամանակավոր հավաքում են անվավոր սայլակում տեղադրված պարկում:

 

4. ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ, ԹԱՂՄԱՆԸ ԵՎ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

31. Սպառման թափոնների թաղումը (տեղադրումը) և վնասազերծումը իրականացվում է հատուկ հատկացված տեղերում` սպառման թափոնների աղբավայրերում (պոլիգոններում) կամ վնասազերծման գործարաններում:

32. Նոր կառուցվող, վերակառուցվող սպառման թափոնների տեղադրման, վնասազերծման, կամ մշակման, վերամշակման, օգտահանման օբյեկտների և կառույցների հողամասերի և դրանց սանիտարական պահպանման գոտիների չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

(32-րդ կետը խմբ. 12.05.21 N 37-Ն)

33. Սպառման թափոնների վնասազերծման կամ մշակման, վերամշակման, օգտահանման գործարանների կառուցման համար նախատեսված վայրի սահմանման և կառուցման վերաբերյալ նախագծային և տեխնիկական փաստաթղթերը ընդգրկում են սահմանային թույլատրելի արտանետումներ նախագիծը, որը հաստատվում է ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1673-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(33-րդ կետը փոփ. 12.05.21 N 37-Ն)

34. Նոր կառուցվող, վերակառուցվող սպառման թափոնների աղբավայրերին (պոլիգոններին) ներկայացվում են հետևյալ հիգիենիկ պահանջները.

1) Սպառման թափոնների պոլիգոնների հողամասի ընտրման ժամանակ հաշվի են առնվում հողի հիդրոերկրաբանական առանձնահատկությունները: Սպառման թափոնների պոլիգոնները չեն տեղակայվում ճահճակալած հողերում, ջրամատակարարման, հանքային ջրերի աղբյուրների սանիտարական պահպանման I, II և III գոտիներում, ջրատարների սանիտարական պահպանման շերտագծում, առողջարանների սանիտարական պահպանման I և II գոտիներում, ջրատար հորիզոնների ջրերի մակերևույթ դուրս գալու վայրերում, հատուկ պահպանվող տարածքներում, զբոսայգիների, պուրակների, այգիների և այլ կանաչ տարածքներում:

2) Սպառման թափոնների պոլիգոնի հիմնական մասը զբաղեցնում է սպառման թափոնների պահեստավորման տեղամասը: Պահեստավորման տեղամասի ողջ տարածքով նախատեսվում է փոսորակի կառուցում` սպառման թափոնների շերտերով կուտակման, խտացման և հողով ծածկման համար: Հողը պահեստավորվում է փոսորակի շրջագծով: Փոսորակի հատակը լինում է գրունտային ջրերի մակարդակից առնվազն 1 մ բարձր:

3) Ստորգետնյա ջրերը աղտոտումից զերծ պահելու նպատակով սպառման թափոնների պոլիգոնի պահեստավորման տեղամասը ապահովվում է կուտակված սպառման թափոնների խտացված ծավալի խորությունում առաջացող կեղտաջրերի հեռացման համակարգով:

4) Աղբի կուտակման տեխնոլոգիական գործընթացը կարող է ներառել կուտակված սպառման թափոնների խտացված ծավալի խորությունում առաջացող գազերի հեռացման հնարավորությունը` բացառելով խտացված սպառման թափոնների ինքնայրումը /սպառման թափոնների խոնավացում, հողի շերտով մեկուսացում, խտացում/:

5) Սպառման թափոնների պոլիգոնը ունենում է տնտեսակենցաղային գոտի, կոնտեյներների և աղբատար փոխադրամիջոցների լվացման հարթակ ու սարքավորումներ, տեխնիկական ջրի պահուստային տարողություն:

6) Տնտեսակենցաղային գոտում տեղակայվում են աշխատող անձնակազմի վարչա-կենցաղային շենքերը իրենց սանիտարակենցաղային սենքերով (հանդերձարան, ցնցուղարան, սննդի ընդունման սենք):

7) Սպառման թափոնների պոլիգոնի տարածքը շրջապատից մեկուսացվում է ցանկապատով:

8) Աղբատար փոխադրամիջոցների թափքերը և անվադողերը լվացվում և ախտահանվում են յուրաքանչյուր անգամ սպառման թափոնները թափելուց հետո:

35. Սպառման թափոնների պոլիգոնում թափոնները չեն այրում:

36. Սպառման թափոնների պոլիգոնում վարչակենցաղային շենքերի և լվացման հարթակից հեռացվող կեղտաջրերի հեռացման համակարգի կառուցվածքը ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանի համաձայն ՀՀ տարածքում գործող ՍՆիՊ N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի պահանջները:

37. Աշխատող անձնակազմի վարչակենցաղային շենքերը ապահովվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող խմելու ջրով:

 

5. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

38. Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանումը (այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ջրամատակարարման և կոյուղու ցանցերի տեխնիկական սպասարկումը), սպառման թափոնների հավաքումը, պահպանումը, փոխադրումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը և թաղումը իրականացնող անձնակազմի (այսուհետ` աշխատակիցներ) համար հատկացվում են սանիտարակենցաղային սենքեր՝ հանդերձարան` հագուստի պահարաններով, սանհանգույց, ցնցուղարան, հանգստի և սննդի ընդունման սենյակ:

39. Աշխատակիցներն ապահովվում են աշխատանքային արտահագուստի 2-ական լրակազմով, ըստ աշխատանքի բնույթի անձնական պաշտպանիչ միջոցներով` դիմակով, ռետինե ձեռնոցներով, գոգնոցով, երկարաճիտ կոշիկներով, ունիվերսալ դիմակներով կամ հակագազով, անձնական հիգիենայի պարագաներով` հեղուկ օճառ, ձեռքերի ախտահանիչ լուծույթներ, անհատական սրբիչ:

40. Աշխատակիցների համար ապահովում են առաջին բուժօգնության արկղիկով, որը պարունակում է առաջին բուժօգնության միջոցներ, հականեխիչներ, վիրակապական նյութեր, սպեղանի, թանզիֆ և այլն:

41. Անձնակազմը պարտավոր է՝

1) հետևել ձեռքերի մաքրությանը, սննդի ընդունումից առաջ ու աշխատանքի վերջում պարտադիր լվանալ ձեռքերը և ախտահանել,

2) ձեռքերի մաշկի ամբողջականության խախտումների դեպքում (կտրվածք, քերծվածք) սպեղանիով մեկուսացնել մաշկի տվյալ հատվածը, կրել ռետինե ձեռնոցներ,

3) վարակազերծող, քիմիական միջոցների, ռեագենտների, նյութերի հետ կատարվող ամբողջ աշխատանքներն իրականացնել լավ օդափոխվող և օդափոխիչ համակարգով ապահովված սենքերում, այդ ընթացքում կրելով հատուկ հագուստ, ռետինե ձեռնոցներ, հերմետիկ ակնոցներ, քառաշերտ մառլյայից կարված հակափոշային կամ ունիվերսալ դիմակներ կամ հակագազ,

4) արտահագուստը, մաշկի և լորձաթաղանթի ծածկույթները կոյուղաջրերով աղտոտվելու դեպքում, արտահագուստը անմիջապես ենթարկել ախտահանման, մաշկի և լորձաթաղանթի ծածկույթները լվանալ և ախտահանել:

42. Աշխատակիցները ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների՝ ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) ու պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ., լրաց. 11.11.16 N 38-Ն, փոփ., խմբ. 12.05.21 N 37-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2021, N 37-Ն 19.05.2021, N 25-Ն
11.11.2016, N 38-Ն 11.12.2016, N 25-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան