Գլխավոր տեղեկություն
Համար
N 47
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2013-08.04.2015)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 14 նոյեմբերի 2013 թվականի N 47

16. ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ`

1) իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման գործողությունների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը միջոցառման համար պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման գործողությունների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 20 

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թ.

նոյեմբերի 14-ի նիստի N 47

արձանագրային որոշման

 

I. ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

ՀՀ կառավարության ծրագիրն ամրագրում է, որ տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական աճի կոնցեպցիայից անցումն է տնտեսական զարգացման կոնցեպցիային, որի հիմնական գրավականը ներքին ռեսուրսների մոբիլիզացիան է: Վերջինիս համար կարևոր խողովակ է հանդիսանում ֆինանսական համակարգը, որը վերջին տարիների ընթացքում Հայաստանում կայուն աճ և զարգացում է ապահովում: ՀՀ կառավարության կողմից, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, տնտեսության իրական հատվածի և, մասնավորապես, ՓՄՁ վարկավորման նպատակով մեծածավալ ռեսուրսներ են ներգրավվել: 2012 թվականի վերջի դրությամբ ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ և վարկեր/ՀՆԱ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 66 և 40 տոկոս` նախորդ 4 տարիների ընթացքում ապահովելով այդ ցուցանիշների ավելի քան կրկնապատիկ աճեր: ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում վերջին 5 տարիների ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավվել են և հայկական բանկերի միջոցով տեղաբաշխվել են մոտ 400 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ, որը կազմել է նույն ժամանակահատվածում բանկերի կողմից տնտեսության վարկավորման մոտ 7.0 տոկոսը: Վարկային շուկայի մասնակիցների գերակշիռ մասը զարգացրել են իրենց առաջարկի մեջ ՓՄՁ վարկի բաղադրիչը, իսկ իրականացվող արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության կողմից կիրառվող գործիքակազմը նպաստել է և շարունակում է նպաստել տնտեսավարողների մոտ ժամանակավորապես ազատ դրամական միջոցների ձևավորմանը:

Միաժամանակ, միջազգային պրակտիկայում գոյություն ունեն միջնորդության այսպես կոչված «կրիտիկական արժեքներ» , որոնց հասնելուց հետո այս ոլորտում էական աճ ապահովվում է միայն իրական հատվածում էական տեղաշարժերի արդյունքում: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնահատականներով Հայաստանի ֆինանսական համակարգը մոտենում է այդ «սահմանին» : Մասնավորապես, վերջինիս հետագա էական աճի համար այսուհետ նախապայման է հանդիսանում իրական հատվածում ստվերայնության նվազումը և ընկերությունների կողմից թափանցիկ հաշվապահական հաշվառման վարումը, ինչի արդյունքում ֆինանսական կազմակերպություններն ի վիճակի կլինեն գնահատել ընկերությունների իրական ֆինանսական վիճակը և ռիսկայնությունը, կաճեն անկանխիկ շրջանառության ծավալները և հետևաբար, բանկերի ցպահանջ ավանդների և հաշիվների բազան, որոնք էլ դրականորեն կազդեն ֆինանսական միջնորդության հետագա աճի վրա: Հետևաբար, ՀՀ կառավարությունը որդեգրում է միաժամանակ տնտեսության ֆինանսական և իրական հատվածներում նպատակային քաղաքականության իրականացման մոտեցումը:

Ելնելով վերոնշյալ նկատառումներից` ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման N 2 հավելվածի 58-րդ կետն ամրագրում է իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության էական բարձրացման խնդիրը` նախատեսելով համապատասխան հայեցակարգի ընդունում:

Սույն հայեցակարգը ներառում է նաև Համաշխարհային բանկի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից արված ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները ֆինանսական հասանելիության բարձրացման ուղղությամբ:

 

Հայեցակարգի նպատակն այն առանցքային ուղղությունների և համապատասխան գործողությունների ամրագրումն է, որոնց իրականացման արդյունքում կբարձրանա իրական և ֆինանսական հատվածների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը:

 

II. ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 1. Վարկային բյուրոյի գործունեության համար անհրաժեշտ հանրային տվյալների շտեմարանների հասանելիության ապահովում

 

 Հայաստանում ներկայումս գործող վարկային բյուրոն կարևոր ինստիտուտ է վարկի հասանելիության բարձրացման համար և էական նշանակություն ունի վարկային ռիսկի և վարկային պորտֆելի կառավարման տեսանկյունից: Հայաստանում դեռևս առկա են տեղեկատվության հասանելիության հետ կապված որոշ խնդիրներ, որոնց լուծմամբ կընդլայնվի վարկային տեղեկատվության օգտագործումը բանկերի ռիսկերի կառավարման տեսանկյունից:

 

2.

Շարժական գույքի գրանցման հարաբերությունների կարգավորման հստակեցում

 

 Ներկայումս շարժական գույքի գրանցման հետ կապված հարաբերությունները հստակ կարգավորված չեն: Գործնականում բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, երբ նույն շարժական գույքը գրավադրվում է մի քանի տեղ, որի արդյունքում խնդիրներ են առաջանում գրավի առարկայի ճշտման և նույնականացման հետ կապված: Ընդհանուր նկարագրով գրավի ընդունման հարցի վերաբերյալ խնդիրներ կան` կապված գրավի իրավունքների գրանցման, գրավի իրացման, գրավի նույնականացման, հարկային և այլ հիմնահարցերի հետ:

 

3.

Գույքի գրավադրման հարաբերությունների կարգավորման հստակեցում

 

 Գործարարների կարծիքով որպես գրավի առարկա պահանջվող գույքը սովորաբար գնահատվում է ավելի ցածր, քան դրա «իրական» արժեքն է, ինչն ազդում է վարկավորման չափի վրա: Մյուս կողմից, բանկերը, ելնելով իրենց իսկ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունից, ինքնուրույն են սահմանում տարբեր վարկատեսակների գծով տվյալ բանկի համար ընդունելի վարկ/գրավ հարաբերակցության մակարդակները, որի ժամանակ հաշվի են առնում վարկառուի ռիսկայնությունը, դրական վարկային պատմությունը, գրավի տեսակը, անշարժ գույքի գների շուկայական տատանումները և անորոշությունը, գույքը հնարավորինս արագ և առանց էական կորուստների վաճառելու հնարավորությունը, ինչպես մայր գումարը և տոկոսները, այնպես էլ հաշվեգրված տուգանքները և պահանջվող հարկերն ամբողջությամբ մարելու անհրաժեշտությունը: Հաշվի առնելով, որ գույքի գնահատման շուկայի մրցակցային միջավայրի ապահովումն առաջնահերթ նախապայման է խնդրի կարգավորման համար, անհրաժեշտ է ուսումնասիրել անկախ գնահատողների կողմից գույքի (շարժական և անշարժ) գնահատման մոտեցումների հետագա բարելավման հնարավորությունները:

 

4.

Ավանդ չընդունող ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կարգավորման և վերահսկողության մոդելի քննարկում.

 

Ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացումը մեծապես պայմանավորված է նաև ֆինանսական ծառայություններ մատուցողների թվով և վերջիններիս ռեսուրսային հնարավորություններով: Այս համատեքստում կարելի է քննարկել ֆինանսական շուկայում ավանդ չընդունող և վարկավորման գործունեություն իրականացնող գործակալների կարգավորման և վերահսկողության մոդելի քննարկումը:

 

5.

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն շրջանակներում «Արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում» գործիքի կիրառման շարունակական ընդլայնում

 

«Արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում» ծրագիրը կուղղվի ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ընտրված արտահանման ուղղվածություն ունեցող մշակող արդյունաբերության ոլորտի կազմակերպություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մինչև երեք տոկոսային կետին համարժեք սուբսիդավորմանը, որը կիրականացվի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ կողմից: Փորձնական ծրագրի իրականացման արդյունքներով արդյունավետության վերլուծության հիման վրա անհրաժեշտ է ընդլայնել գործիքի կիրառությունը, քանի որ այն թիրախային ոլորտներում գործող կազմակերպությունների համար ուղղակիորեն կբարձրացնի ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը:

 

6.

 Ընկերությունների համար արտահանման ֆինանսավորման մատչելիության գործիքակազմի (արտահանման ապահովագրում) ներդրում և զարգացում

 

 Ներկայումս ՀՀ առևտրային բանկերն ունեն բավարար ճկունություն կազմակերպություններին ֆինանսավորման գործիքներ առաջարկելիս: Սակայն արտահանման ֆինանսավորման ժամանակ բանկերը գործում են տեղեկատվության խիստ ասիմետրիկության պայմաններում, ինչի հետևանքով ստիպված են լինում վարկի տրամադրման որոշում կայացնել` հիմնվելով վարկային մասնագետի վերլուծությունների վրա, ինչն այս ոլորտի առանձնահատկություններից ելնելով միշտ չէ, որ ամբողջական և ներկայացուցչական է լինում: Նման պայմաններում բանկերը նաև հակված չեն լինում նորարարական գործիքներ առաջարկելու, քանի որ արտահանման ֆինանսավորումն ամբողջ աշխարհում համարվում է շատ ռիսկային: Հետևաբար, աշխարհի շատ երկրներում այդ խնդիրը լուծում են պետական աջակցության տարբեր գործիքներով, որոնցից մեկն էլ արտահանման ապահովագրության համակարգի ներդրումն է:

 

7.

ՓՄՁ-երի նորամուծական նախաձեռնություններին վարկային երաշխավորությունների տրամադրման, ապահովման ճկուն և արդիական գործիքների («Տեխնոլոգիաների փոխանցում») ներդրում

 

 ՓՄՁ ներդրումային նախագծերի համար ֆինանսավորման մատչելիության ապահովման համար վարկային երաշխավորության փորձնական ծրագրի (ջերմոցային տնտեսության ծրագիր) իրագործումը կապահովի վարկի ռիսկայնության նվազեցում, տրանսակցիոն ծախսերի կրճատում և ծրագրի ձախողման դեպքում վարկի մարման երաշխավորում` հարյուր տոկոս պետական երաշխավորման և վարկային տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով: Ծրագրի արդյունքների հիման վրա ֆինանսական նոր գործիքի կիրառումը կընդլայնվի:

 

8.

Մասնավոր հատվածի վարկավորմանն ուղղված ֆինանսական ռեսուրսների տեղաբաշխման արդյունավետության բարձրացում

 

 Ներկայումս մասնավոր հատվածի ֆինանսավորման բավականաչափ ռեսուրսներ տեղաբաշխվում են Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման ԾԻԳ-ի, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ և այլ կառույցների միջոցով: Գործնականում այս ռեսուրսները կարևոր դերակատարում են ունենում մասնավոր հատվածի համար ֆինանսական մատչելիության բարձրացման առումով` հանդիսանալով այլընտրանքային վարկավորման առավել մատչելի աղբյուրներ: Դրանց արդյունքների ուսումնասիրությունը հնարավորություն կտա բացահայտել մեխանիզմի գործողության արդյունավետության բարձրացման ուղիները:

 

9.

Լիզինգի և ֆակտորինգի շուկան զարգացնելու և խթանելու նպատակով հարկային օրենսդրության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բարեփոխումների իրականացում

 

 Ներկայումս ՀՀ-ում գործող առևտրային բանկերից լիզինգային գործունեություն իրականացնողների լիզինգային պորտֆելի մեծությունն այդ բանկերի վարկային պորտֆելի մոտ 0.7 տոկոսն է: Լիզինգի և ֆակտորինգի զարգացումը մի կողմից տնտեսվարող սուբյեկտների համար կարևորագույն խթանն և ճկուն հնարավորություն է, մյուս կողմից` բխում է հենց բանկերի և վարկային կազմակերպությունների շահերից, որոնք ձեռնամուխ կլինեն իրենց լիզինգային պորտֆելների մեծացմանը, եթե բիզնեսի տեսանկյունից բարձրանա գործիքի գրավչությունը: Այս առումով որոշակի օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն կա, որոնք կարող են առնչվել ինչպես համապատասխան հարկային դաշտին, այնպես էլ քաղաքացիական օրենսդրության դրույթներին:

 Իրական հատվածի համար ֆինանսական գործիքների, մասնավորապես` լիզինգի և ֆակտորինգի կիրառության խրախուսման և ընդլայնման, բանկերի և վարկային կազմակերպությունների` այդ գործառնությունների գծով պորտֆելների մեծացման նպատակով` պետք է ուսումնասիրել ոլորտում առկա օրենսդրական կարգավորման խնդիրները և անհրաժեշտության դեպքում վերանայել հարկման մեխանիզմները:

 

10.

Տեղական ընկերությունների կողմից բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկման խրախուսում.

 

 2014 թվականից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործողությամբ պետական պարտատոմսերին զուգընթաց արժեթղթերի պորտֆելի դիվերսիֆիկացման նպատակով մեծ պահանջարկ են սկսելու ունենալ կորպորատիվ արժեթղթերը: Սակայն վերջիններիս թողարկման համար ընկերությունները թափանցիկության պահանջներ ունեն, որոնք նույնիսկ ավելի թույլ են միջազգային փորձում կիրառվող պահանջներից: Այնուամենայնիվ, այդ պահանջները հանդիսանում են հարկային դաշտից խուսափող ընկերությունների համար հիմնական խոչընդոտ: Բացի այդ, միջազգային հեղինակավոր ակտիվների կառավարիչների կողմից այդ արժեթղթերում ներդրում կատարելու համար վերջիններս պետք է ունենան նաև ռիսկայնության և իրացվելիության խիստ պահանջներ: Որպես առաջին քայլ կարևորվում է պետական մասնակցությամբ մի քանի ընկերությունների պետական բաժնեմասերի ցուցակումը, հատկապես խոշոր ընկերությունների մասով:

 

11.

Մշակել միջնաժամկետ ծրագիր` պետական պարտատոմսերի տոկոսադրույքները նվազեցնելու ուղղությամբ

 

 Պետական պարտատոմսերի շուկայում ձևավորվել է բավականին բարձր եկամտաբերություն: Շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 13.6406%: Երկարաժամկետ և միջին ժամկետայնությամբ արժեկտրոնային ուղենիշային պարտատոմսերի նվազագույն արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 10%, առավելագույնը` 13.5%, իսկ միջին կշռված եկամտաբերության նվազագույն ցուցանիշը կազմել է 11.9147%, առավելագույնը` 16.5417%: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի բանկային համակարգում ձևավորված սակագներով ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների (բացառությամբ` ցպահանջ) միջին տարեկան տոկոսադրույքը կազմում է համապատասխանաբար 11.15% և 7.19%, իսկ վարկի նվազագույն տոկոսադրույքը, առանց հաշվի առնելու պետության կողմից սուբսիդավորումը, կազմում է 12%` հիփոթեքային վարկերի գծով:

 

12.

Հաջորդող գրավի գործիքի գործնական կիրառելիության ընդլայնում

 

 Ֆինանսական հասանելիության ապահովման տեսանկյունից կարևոր է նաև հաջորդող գրավին առնչվող խնդիրների կանոնակարգումը: Հաջորդող գրավի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ըստ որի` գրավ դրված գույքը կարող է դառնալ այլ գրավի առարկա (հաջորդող գրավ): Տնտեսական նպատակահարմարությունից ելնելով` վարկառուների համար շատ դեպքերում շահավետ է մարել գործող վարկը և նոր վարկ վերցնել մեկ այլ` վարկավորման ավելի նպաստավոր պայմաններ առաջարկող ֆինանսական կազմակերպությունից: Հաճախ լրացուցիչ գույքային արժեքների բացակայության պայմաններում անհրաժեշտություն է առաջանում գրավադրել արդեն իսկ գրավադրված գույքը, որի համար ներկայումս գործող օրենսդրության համաձայն պարտադիր պայման է սկզբնական վարկատու կազմակերպության (գրավառուի) համաձայնությունը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թ.

նոյեմբերի 14-ի նիստի N 47

արձանագրային որոշման

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Գործողություն/Միջոցառում

Պատասխանատու մարմին

Կատարման Ժամկետ

1.

Վարկային բյուրոյի համար հարկային պարտավորությունների չկատարման վերաբերյալ տվյալների բազայի հասանելիության ապահովման գործընթացի իրականացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2014թ. առաջին եռամսյակ

2.

Բարելավել շարժական գույքի գրավը կարգավորող օրենսդրական դաշտը և ստեղծել շարժական գույքի միասնական պետական ռեգիստր

ՀՀ արդարադատության նախարարություն

 ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2014 թվական

3.

Ուսումնասիրել բանկերի պահանջով անկախ գնահատողների կողմից գույքի (շարժական և անշարժ) գնահատման մոտեցումների բարելավման հնարավորության խնդիրը

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով(համաձայնությամբ)

2014թ. առաջին եռամսյակ

4.

Խթանել վարկերի խմբային փոխանցում/ վաճառքի հնարավորությունը մի կազմակերպությունից մյուսն առանց առանձին վարկերի համար պայմանագիր կազմելու

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2014թ. առաջին եռամսյակ

5.

Քննարկել ավանդ չընդունող վարկային կազմակերպությունների կարգավորման և վերահսկողության մոդելը

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 ՀՀ ֆինանսների նախարարություն

2014թ. առաջին եռամսյակ

6.

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն շրջանակներում «Արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում» գործիքի կիրառման շարունակական ընդլայնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2013-2015 թթ.

7.

Ընկերությունների համար արտահանման ֆինանսավորման մատչելիության գործիքակազմի (արտահանման ապահովագրում) ներդրում ու զարգացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

2014-2015 թթ.

8.

Ներդնել ՓՄՁ-երի նորամուծական նախաձեռնություններին վարկային երաշխավորությունների տրամադրման, ապահովման ճկուն և արդիական գործիքներ («Տեխնոլոգիաների փոխանցում»)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2014 թվական

9.

Ուսումնասիրել մասնավոր հատվածի վարկավորմանն ուղղված ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ընդլայնել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով ռեսուրսների տեղաբաշխումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2013-2015 թթ.

10.

Ներկայացնել առաջարկություններ մասնավոր հատվածի վարկավորմանն ուղղված պետական ֆինանսական ռեսուրսների տեղաբաշխումը մրցակցային դարձնելու վերաբերյալ` նշելով տեղաբաշխման ենթակա ոլորտները և պայմանները

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2014թ. երկրորդ եռամսյակ

11.

Լիզինգի և ֆակտորինգի շուկան զարգացնելու և խթանելու նպատակով հարկային օրենսդրության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բարեփոխումների իրականացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե

2014թ. առաջին եռամսյակ

12.

Խթանել տեղական ընկերությունների կողմից բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

2014թ.

13.

Մշակել միջնաժամկետ ծրագիր` պետական պարտատոմսերի տոկոսադրույքները նվազեցնելու ուղղությամբ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2014թ. առաջին եռամսյակ

14.

Ուսումնասիրել հաջորդող գրավի կիրառելիության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ իրավական բարեփոխումների հնարավորությունը

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով(համաձայնությամբ)

2014թ. առաջին եռամսյակ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.05.2016, N 20 30.05.2016, N 47
02.04.2015, N 14 08.04.2015, N 47
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան