Գլխավոր տեղեկություն
Համար
N 1031-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.05.2021-29.10.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.11.01/30(474) Հոդ.282.3
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.08.2013
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.10.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11013382

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 օգոստոսի 2013 թ.

N 1031-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1321-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 31-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ և 6-րդ կետերով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները և որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները և որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը հաստատելու մասին» N 1321-Ն հրամանը:

3. (կետն ուժը կորցրել է 30.04.21 N 32-Ն)

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

  Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2013 թվականի օգոստոսի 15-ի

N 1031-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

I. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է սույն հավելվածի /այսուհետ` հավելված/ 6-րդ կետով սահմանված բնութագրիչներից առնվազն 2-ը, բացառությամբ 6-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերով սահմանված բնութագրիչները միաժամանակ ապահովելու դեպքերի:

2. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երկրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է հավելվածի 6-րդ կետում նշված բնութագրիչներից առնվազն 4-ը ապահովելու դեպքում, որոնց բովանդակությունը տարբերվում է որակավորման առաջին աստիճանի տարակարգի համար ներկայացված բնութագրիչների բովանդակությունից:

(2-րդ կետը լրաց. 19.09.14 N 929-Ն, փոփ. 30.04.21 N 32-Ն)

3. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է հավելվածի 6-րդ կետում նշված բնութագրիչներից առնվազն 6-ը ապահովելու դեպքում, որոնց բովանդակությունը տարբերվում է որակավորման նախորդ աստիճանի տարակարգերի համար ներկայացված բնութագրիչների բովանդակությունից:

(3-րդ կետը լրաց. 30.04.21 N 32-Ն)

4. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման չորրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է հավելվածի 6-րդ կետում նշված բոլոր բնութագրիչներն ապահովելու դեպքում, որոնց բովանդակությունը տարբերվում է որակավորման նախորդ աստիճանի տարակարգերի համար ներկայացված բնութագրիչների բովանդակությունից:

(4-րդ կետը լրաց. 30.04.21 N 32-Ն)

5. Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.

1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.

2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.

3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո։

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

 

6. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչներն են՝

1) ուսուցչի վարպետության լավ կամ գերազանց մակարդակը,

2) վերջին երեք տարվա ընթացքում՝

ա. իր դասավանդած առարկայից Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների («Ֆիզկուլտուրա» առարկայի դեպքում՝ հանրապետությունում անցկացվող ամենամյա մրցումների կամ մարզական միջոցառումների) հանրապետական փուլում կամ միջազգային օլիմպիադաներում մրցանակակիր սովորող ունենալը կամ

բ. նախարարության հետ համագործակցության արդյունքում հանրապետությունում անցկացվող ամենամյա կրթական բնույթի առարկայական մրցույթներում մրցանակակիր սովորող ունենալը (բացառությամբ այն դասարանների և առարկաների, որոնց համար նախատեսված է հանրապետական առարկայական օլիմպիադա),

3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից երաշխավորված կամ նախարարության հետ համագործակցող տեղական կամ միջազգային կազմակերպություններում կամ հարթակներում կամ Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստման դասընթացի վարումը,

4) վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր ֆորում» (հttps://forum.armedu.am/) համակարգում մասնագիտական խորհրդատվական թեմայի վարումը կամ «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) ուսուցիչների վերապատրաստման հեռավար դասընթացի վարումը,

5) վերջին երեք տարվա ընթացքում`

ա. տեղական (նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների) կամ արտերկրի կամ միջազգային գիտական կամ մանկավարժական պարբերականներում կամ խմբագրական կազմ ունեցող տեղական կամ միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում գիտական կամ մանկավարժական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ լինելը,

բ. նախարարության կողմից երաշխավորված դասագրքի կամ ուսումնական նյութի կամ գիտամանկավարժական աշխատության հեղինակ կամ համահեղինակ լինելը,

6) վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի տեսչավորումների արդյունքում «լավ» կամ «գերազանց» գնահատված լինելը,

7) «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ կամ

ա. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի», ինչպես նաև նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտամանկավարժական բնագավառի պատվավոր կոչումներ ունենալը կամ

բ. ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, նախարարության կողմից պատվոգրերով կամ շնորհակալագրերով կամ հուշամեդալներով պարգևատրված լինելը կամ

գ. նախարարության կողմից կամ նախարարության հետ համատեղ իրականացված հանրապետական մրցույթներում մրցանակային տեղ զբաղեցնելը,

8) վերջին երկու տարվա ընթացքում Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,

9) գիտական աստիճան կամ կոչում ունենալը:

(6-րդ կետը լրաց. 19.09.14 N 929-Ն, փոփ., խմբ., լրաց. 06.08.19 N 03-Ն, 30.04.21 N 32-Ն)

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

7. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում` ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վկայական և զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման թերթիկի պատճենը,

4) կրթության վերաբերյալ փաստաթղթի (դիպլոմ) պատճենը,

5) Տվյալ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի կողմից տրամադրված ոչ ավելի, քան 1 ամսվա վաղեմության տեղեկանք (Ձև 1) (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի բնօրինակի տեսաներածված (սկանավորված) տարբերակը կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի բնօրինակի տեսաներածված տարբերակը,

6) հավելվածի 6-րդ կետով սահմանված բնութագրիչները հավաստող փաստաթղթերը` համապատասխան տարակարգ ստանալու համար:

(7-րդ կետը լրաց. 06.08.19 N 03-Ն, փոփ., խմբ. 30.04.21 N 32-Ն)

8. Փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն թղթային կամ էլեկտրոնային (տեսաներածված) տարբերակով:

(8-րդ կետը խմբ. 30.04.21 N 32-Ն)

 

Ձև 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

N __________

«_____» _____________ 202__թ.

 

Տրվում է _________________________________________________ին առ այն, որ նա ___________ թ.

 (անուն, հայրանուն, ազգանուն)

 

առ այսօր, թիվ ___________ հրամանի համաձայն, աշխատում է _______________________________
                                                                                                                                     (ուսումնական հաստատության անվանումը)

 

__________________________________-ում որպես « _____________________ » առարկայի ուսուցիչ:

 

___________________________________________________ տնօրեն՝

 (ուսումնական հաստատության անվանումը)

 

 Ստորագրություն

 Կ.Տ.

(ձևը լրաց. 30.04.21 N 32-Ն)

(հավելվածը լրաց. 19.09.14 N 929-Ն, փոփ., խմբ., լրաց. 06.08.19 N 03-Ն, 30.04.21 N 32-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.10.2022, N 37-Ն 29.10.2022, N 1031-Ն
30.04.2021, N 32-Ն 16.05.2021, N 1031-Ն
06.08.2019, N 03-Ն 25.08.2019, N 1031-Ն
19.09.2014, N 929-Ն 25.10.2014, N 1031-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան