ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
03 մայիսի 2021 թ. |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՀՀ ՊՊՀ) 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 86 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.10-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին 46-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1446-Ն որոշման 2-րդ կետի պահանջը.
Հրամայում եմ`
1. Հաստատել ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների՝
1) պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները` համաձայն N1 հավելվածի.
2) պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսական հիմնավորման նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն N2 հավելվածի.
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (ՀՀ ՊՊՀ) 2000 թվականի դեկտեմբերի 12-ի «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերի բովանդակության, ձևավորման և պետական փորձաքննության ներկայացման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 86 որոշումը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին:
պաշտոնակատար / Ս. Պապիկյան |
Հավելված N 1 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի 03 մայիսի N 04-Ն հրամանի |
ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզված պաշարները ենթակա են հաստատման և վերահաստատման ընդերքօգտագործման ոլորտը կառավարող լիազոր մարմնի կողմից։
2. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարները ենթակա են վերահաշվարկման և վերահաստատման, եթե պաշարների վերջին հաստատումից հետո անցած ժամանակաշրջանում էականորեն փոփոխվել է հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 274-Ն որոշման (այսուհետ՝ Դասակարգում) պահանջների:
Շահագործվող հանքավայրերի պաշարները ենթակա են վերագնահատման և վերահաստատման ոչ ուշ, քան յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ (համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների):
3. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների հաշվարկման և (կամ) վերահաշվարկման նյութերը (այսուհետ` Նյութեր) ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպության կողմից։
4. Պինդ օգտակար հանածոների Նյութերը ներկայացվում են ընդերքաբանական փորձաքննության չորս օրինակից, կոշտ կազմով, ինչպես նաև էլեկտրոնային կրիչով։ Միաժամանակ, հինգ օրինակից ներկայացվում է նաև հեղինակային տեղեկանքը՝ հանքավայրի երկրաբանական առանձնահատկությունների, իրականացված երկրաբանահետախուզական աշխատանքների մեթոդիկայի, ծավալների և արդյունքների ու պաշարների հաշվարկման մասին։ Հեղինակային տեղեկանքը չպետք է գերազանցի 30 տպագրական A4 ձևաչափի էջը։
5. Պաշարների հաշվարկման նյութերի բոլոր չորս օրինակները ձևավորվում են միանման։ Յուրաքանչյուր գրքի տիտղոսաթերթում պետք է լինեն. ընդերքօգտագործող և պաշարների հաշվարկն իրականացրած կազմակերպությունների անվանումները, հեղինակների ազգանունները և անվան սկզբնատառերը, նյութերի ամբողջական անվանումը (հանքավայրի կամ դրա տեղամասի, հանքավայրի տեղադրման մարզի, օգտակար հանածոյի տեսակի անվանումներով, շինարարական նյութերի և ոչ մետաղական մետալուրգիական հումքի հանքավայրերի համար՝ նաև օգտագործման ուղղությունը), պաշարների հաշվարկման ամսաթիվը, որի դրությամբ այն ներկայացվում է հաստատման, ինչպես նաև նյութերի մշակման տեղը և տարին։ Տիտղոսաթերթերը ստորագրվում և կնքվում են ընդերքօգտագործող ու պաշարների հաշվարկն իրականացնող կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից.
1) Առաջին գրքի (հատորի) տիտղոսաթերթին հաջորդում են կատարողների ցուցակը և ռեֆերատը՝ ստորագրություններով, բոլոր գրքերի (հատորների) բովանդակությունը, ինչպես նաև բոլոր հավելվածների ցանկը.
2) Յուրաքանչյուր հաջորդ գրքի (հատորի) տիտղոսաթերթից հետո բերվում է միայն այդ գրքի (հատորի) բովանդակությունը։
6. Գծագրական նյութերը պետք է լինեն ընթեռնելի և ունենան համապատասխան պայմանական նշաններ։ Յուրաքանչյուր գծագիր պետք է ունենա իր շտամպը, որտեղ պետք է լինեն իր անվանումը և համարը, պաշարների հաշվարկն իրականացնող ընկերության անվանումը, թվային և գծային մասշտաբները, հեղինակների պաշտոնները և ազգանունները։ Գծագրական նյութերը ստորագրվում և կնքվում են պաշարների հաշվարկն իրականացնող կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից։
1) Գծագրական նյութերը տեղավորվում են թղթապանակներում՝ ծալելով A4 ձևաչափի թղթի չափով։ Եթե մի գծագիրը բաղկացած է մի քանի թերթից, ապա դրանք համարակալվում են և 1-ին թերթի վրա զետեղվում է դրանց տեղաբաշխման սխեման։ Յուրաքանչյուր թղթապանակին կցվում է գծագրերի իր ցանկը՝ դրանց անվանումներով և հերթական համարներով։ Ցանկի վերջում բերվում է տվյալ թղթապանակում տեղավորվող գծագրերի ընդհանուր քանակը։
2) Մեկ գրքից և սահմանափակ քանակով, մինչև 5 հատ A1 ձևաչափի թուղթ, գծագրական նյութերից բաղկացած հաշվետվության դեպքում՝ դրանք տեղավորվում են մեկ ընդհանուր թղթապանակի մեջ՝ պահպանելով վերը նշված ընդհանուր դրույթը:
2. ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
7. Ներկայացված նյութերը պետք է հնարավորություն ընձեռեն ճիշտ որոշել հանքավայրի մասշտաբները, դրա երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկությունները և արդյունաբերական նշանակությունը, ինչպես նաև գնահատել հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը և տալ առաջարկություններ դրա հետագա ուսումնասիրման առավել ռացիոնալ մեթոդիկայի մասին, որը կապահովի ստանալ բոլոր հաշվարկային պարամետրերի ու օգտակար հանածոների պաշարների համալիր երկրաբանատնտեսագիտական գնահատման համար անհրաժեշտ առավել ամբողջական և հավաստի տեղեկատվություն։
8. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող պաշարների հաշվարկման նյութերը պետք է պարունակեն բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք պարտադիր են պաշարների հաշվարկման ճշտության, հանքավայրի բավարար հետախուզվածության, ինչպես նաև դրա հետագա ուսումնասիրության մասին հեղինակների եզրահանգումների հիմնավորվածության ստուգման համար։
9. Անընդունելի է ընտրողական տեղեկատվության տրամադրումը. օրինակ, առանձին քիմիական անալիզների, առանձին հորատանցքերի, կամ մակերևույթից վերցված նմուշների մասին տեղեկատվությունը, առանց նշելու, որ դրանք մասնավոր դեպքեր են:
10. Եթե սույն հավելվածի 3, 4 և 5 գլուխներում ներկայացված որոշ կետերի վերաբերյալ ուսումնասիրություններ չեն իրականացվել կամ չեն ներկայացվել որոշ գծագրական կամ տեքստային հավելվածներ, ապա անհրաժեշտ է հաշվետվության մեջ ներառել տվյալ կետը՝ հիմնավորելով տվյալ աշխատանքների չիրականացման նպատակահարմարությունը:
11. Եթե պաշարների հաշվարկման ընթացքում օգտագործվել են առկա երկրաբանական տեղեկատվության մի մասը, ապա հաշվետվության համապատասխան բաժիններում անհրաժեշտ է կամ ամփոփ կերպով ներկայացնել առկա ողջ տեղեկատվությունը կամ այն մատենագրական աղբյուր(ներ)ը, որտեղ դրանք ամփոփվել են ամբողջությամբ:
12. Հեղինակների հայեցողությամբ հաշվետվության մեջ կարող է ներառվել նաև այլ տեղեկատվություն, որը հնարավորություն կընձեռի հանքավայրի համալիր ընկալման համար:
13. Ներկայացված Նյութերը պետք է պարունակեն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են պաշարների հաշվարկման արդյունքների հիմնավորման, ինչպես նաև հանքավայրերի շահագործման և հանքային հումքի վերամշակման ձեռնարկությունների նախագծման համար։ Դրանք պետք է մշակված լինեն այնպես, որ հնարավոր լինի՝ առանց հեղինակների անմիջական մասնակցության ստուգել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իրականացնել պաշարների վերահաշվարկ։
14. Նյութերը պետք է ներառեն հետևյալ բաժինները՝ տեքստային մաս, տեքստային, աղյուսակային և գծագրական հավելվածներ։ Դրանց բովանդակությունը պետք է բավարարի սույն հավելվածի 3-5-րդ գլուխների պահանջները։
3. ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍԸ
15. Կառուցվածքը և ծավալը։
1) Կառուցվածքը.
ա. ներածություն,
բ. ընդհանուր տեղեկություններ հանքավայրի մասին,
գ. հանքավայրի երկրաբանական կառուցվածքը և կանխատեսումային ռեսուրսների գնահատումը,
դ. երկրաբանահետախուզական աշխատանքների մեթոդիկան, ծավալները, դրանց որակի և արդյունավետության գնահատումը,
ե. հետախուզման և շահագործման տվյալների համադրումը,
զ. օգտակար հանածոների նյութական կազմը և տեխնոլոգիական հատկությունները,
է. հանքավայրի շահագործման ջրաերկրաբանական պայմանները,
ը. հանքավայրի շահագործման լեռնաերկաբանական պայմանները և լեռնատեխնիկական առանձնահատկությունները,
թ. ուղեկից օգտակար բաղադրիչները,
ժ. շրջակա միջավայրի պահպանման հարցերը,
ժա. հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատումը,
ժբ. պաշարների հաշվարկը,
ժգ. հանքավայրի նախապատրաստվածության աստիճանը՝ համալիր արդյունաբերական յուրացման համար,
ժդ. եզրակացություն,
ժե. օգտագործված մատենագրական աղբյուրների ցանկ։
2) Վերը բերված կետերի բովանդակությանը ներկայացվող պահանջները (դրանցում դիտարկվող հարցերը) բերված են սույն հավելվածի 3-րդ գլխի 16-30-րդ կետերում:
ա. Տեքստային մասի ծավալը չի կարող գերազանցել 250 տպագրական A4 ձևաչափի էջը։
բ. Տեքստային մասում պետք է ընդգրկվեն երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացման անհրաժեշտության և դրանց կատարման մեթոդիկայի, այդ աշխատանքների հիման վրա ստացված տվյալների հուսալիության հիմնավորումը՝ ըստ բոլոր հարցերի, որոնցով որոշվում են արդյունաբերական յուրացման համար հանքավայրի նախապատրաստվածության աստիճանը և հետախուզված պաշարների հավաստիությունը, ինչպես նաև այդ հարցերի ուսումնասիրվածության բավարար ամբողջականության ու մանրամասնության հիմնավորումը։
գ. Տեքստային մասի կրճատման համար պետք է հեղինակային հայեցակարգը պարզաբանող և ընդհանուր բնույթ ունեցող աղյուսակային ու գծագրական նյութը օգտագործել ռացիոնալ։ Օժանդակ աղյուսակային նյութը, որի վրա հիմնվում են ընդհանրացումները և եզրահանգումները տեղադրվում են հավելվածներում։
դ. Յուրաքանչյուր բաժնի ծավալը որոշվում է հեղինակների կողմից՝ կախված դիտարկվող հարցերի բարդությունից և դրանց նշանակությունից՝ հանքավայրի արդյունաբերական յուրացման համար նախապատրաստվածության աստիճանի գնահատման առումով, իրականացված երկրաբանահետախուզական աշխատանքների նպատակներից և բնույթից։
ե. Տեխնոլոգիական, ջրաերկրաբանական և այլ հետազոտությունները, որոնք իրականացվում են մասնագիտական կազմակերպությունների կողմից և զետեղվում են առանձին հաշվետվություններում, Նյութերի տեքստային մասում բերվում են միայն ամփոփ եզրահանգումների, դրանց և հետազոտությունների մեթոդիկաների հիմնավորման տեսքով, ինչպես նաև շարադրվում են կատարված աշխատանքների ավարտվածության աստիճանը և ստացված արդյունքների հավաստիությունը բնութագրող տվյալները։
16. Ներածություն։
Պաշարների հաշվարկման իրավական հիմքերը, աշխատանքի արդիականությունը, նպատակը։ Տվյալներ ընդերքօգտագործող կազմակերպության մասին. օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, լեռնահատկացման ակտի համարը և տրման ամսաթիվը։ Պաշարների հաշվարկման մեթոդները, պաշարների հաշվարկման ամփոփ տվյալները։
17. Ընդհանուր տեղեկություններ հանքավայրի մասին։
1) Հանքավայրի (տեղամասի) շրջանի աշխարհագրատնտեսական բնութագիրը.
Հանքավայրի (տեղամասի) վարչական և աշխարհագրական տեղադիրքը, դրա սահմանները և մակերեսը։ Հակիրճ տեղեկություններ շրջանի կլիմայի, լեռնագրության, ջրագրության և սեյսմիկության մասին։ Հանքավայրի շրջանի տնտեսական յուրացվածությունը, տրանսպորտային պայմանները (նշելով հեռավորությունը մոտակա երկաթուղային կայարանից), բնակավայրերի և վերջնարտադրանքը ենթադրվող սպառողների առկայությունը, աշխատուժով ապահովվածությունը, ենթակառուցվածքները, էներգետիկ հենքը, տվյալներ գազաֆիկացման վերաբերյալ, տեխնիկական և խմելու ջրի մատակարարման աղբյուրները։ Տեղեկություններ շրջանում հետախուզվող և շահագործվող հանքավայրերի առկայության մասին։
2) Հանքավայրի (տեղամասի) երկրաբանական ուսումնասիրության և շահագործման հակիրճ պատմությունը.
ա. Տեղեկություններ հանքավայրի (տեղամասի) հայտնաբերման, որոնողական, որոնողագնահատանքային և հետախուզական աշխատանքների, այդ աշխատանքներն իրականացրած կազմակերպությունների մասին։
բ. Պաշարների հաստատման (վերահաստատման) վերաբերյալ նախորդ փաստաթղթերի համարները և ամսաթվերը։ Պաշարների վերջին հաստատման (վերահաստատման) ամփոփ արդյունքները և պաշարների պետական հաշվեկշռում առկա պաշարների մնացորդն ըստ կարգերի։
գ. Շահագործվող հանքավայրերի համար՝ պաշարների վերջին հաստատումից մինչև դրանց հաշվարկման տվյալ պահը ընկած ժամանակահատվածում արդյունահանված, մարված և որպես չհավաստված դուրս գրված պաշարների քանակը։ Պաշարների վերջին հաստատման ամսաթիվ է դիտարկվում այն ամսաթիվը, որի դրությամբ հաստատվել են պաշարները։
դ. Տեղեկություններ նախորդ ընդերքաբանական փորձաքննության արդյունքում կատարված առաջարկությունների կատարման մասին։
18. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը և կանխատեսումային ռեսուրսների գնահատումը։
1) Համառոտ տեղեկություններ հանքավայրի շրջանի ուսումնասիրության և երկրաբանական կառուցվածքի մասին։ Հետախուզված հանքավայրի դիրքը շրջանի երկրաբանական կառուցվածքի ընդհանուր համապատկերում։ Հակիրճ տեղեկություններ շրջանում հանքային հումքի բոլոր տեսակների հանքավայրերի և երևակումների տեղադրվածության օրինաչափությունների մասին։ Նոր հանքավայրերի բացահայտման տեսակետից հեռանկարային տեղամասերի տեղադիրքը։
2) Հանքավայրի (տեղամասի) երկրաբանական կառուցվածքը, պատկերացումներ դրա ծագումնաբանության մասին։ Հանքամարմինների տեղադրման պայմանները, մարմինների ձևաբանությունը և որակը բնորոշող կառուցվածքային, քարաբանական և այլ գործոնները, դրանց հիմնավորվածությունը հետախուզման և շահագործման տվյալներով։
3) Հանքամարմինների քանակը, դրանց բաշխվածությունն ըստ հանքավայրի տեղամասերի, ձևաբանական տարատեսակները։ Երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ տվյալներով օգտակար հանածոյի մարմինների կապակցման հիմնավորվածությունն ըստ տարածման ու անկման։
ա. Օգտակար հանածոյի մարմինների ձևի և կառուցվածքի համառոտ գիրը. հզորությունը և դրա փոփոխականությունը, երկարությունն ըստ տարածման և անկման, մակերեսը, տեղադրման պայմանները, մարմինների սեպացման բնույթը, պարփակող ապարների հետ դրանց հպամասերի առանձնահատկությունները։ Ըստ տարածման և անկման օգտակար հանածոյի մարմինների պարամետրերի փոփոխականության մասին պատկերացումների հիմնավորվածությունը. ներքին կառուցվածքը, հիմնական և ուղեկից բաղադրիչների, ինչպես նաև վնասակար խառնուրդների բաշխումը, հարստացված տեղամասերի (այդ թվում՝ «հանքային սյուների») առկայությունը և բաշխման օրինաչափությունները, օգտակար հանածոյի եզրագծերում դատարկ նրբաշերտերի կազմն ու բաշխվածության բնույթը, ընդհանուր զանգվածում դրանց տոկոսային պարունակությունը և երկրաչափացման հնարավորությունը։
բ. Այն հանքավայրերում, որոնց պաշարների հաշվարկն իրականացվում է առանց օգտակար հանածոյի կոնկրետ մարմինների երկրաչափացման, ընդհանուր եզրագծում՝ հանքաբերության գործակցի կիրառմամբ, տրվում է օգտակար հանածոյի կոնդիցիոն տեղամասերի տարածական դիրքի, հիմնական ձևերի և չափերի գնահատականը ու դրանց անջատ հանույթի հնարավորության հիմնավորումը։
գ. Ներքին և արտաքին կարստի դրսևորումները, օրինաչափությունների բացահայտման ընդունված մեթոդիկայի ու կատարված աշխատանքների արդյունքում արված եզրահանգումների հիմնավորվածությունը։
4) Ցրոնային հանքավայրերի համար. ցրոնների տեղայնացման առանձնահատկությունների երկրաձևաբանական (պալեո-աշխարհագրական) բնութագիրը, տեղադրման պայմանները, արգասաբեր շերտի (շերտերի) ձևի, չափերի, կառուցվածքի և կազմի առանձնահատկությունները, տորֆերի կազմը և հզորությունը, պլոտիկի (ցրոնի հիմնատակի) երկրաբանական կառուցվածքը, արժեքավոր բաղադրիչների պարունակությունը ավազներում, տորֆերում և պլոտիկի ապարներում, օգտակար միներալների հատիկների գնդավորման չափը, ձևը, աստիճանը, օգտակար բաղադրիչների միներալներում ոսկու պարունակությունը կամ հարգը, ավազների ու տորֆերի հատիկային կազմը, գլաքարայնությունը, կավայնությունը, ջրայնությունը, սառցակալվածությունը, բազմամյա սառած ապարների առկայությունը և այլն։
5) Հանքավայրի (մետաղական և որոշ տեսակի ոչ մետաղական օգտակար հանածոների համար նաև հանքային դաշտի) սահմանները։ Հետախուզված օգտակար հանածոյի (բացառությամբ նրանց, որոնց համար չի պահանջվում Դասակարգման կիրառման հրահանգով) P1 և P2 կարգերի կանխատեսումային ռեսուրսների գնահատականը՝ ելնելով ծագումնաբանական պատկերացումներից, վերահսկող գործոններից, շրջանի այլ հանքավայրերի համանմանությունից (բերվում է անհրաժեշտ աղյուսակային և լուսաբանող գծագրական նյութ)։
6) Հանքավայրի խումբն ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության՝ Դասակարգման համաձայն, դրա հիմնավորումը հետախուզման տվյալներով (օգտակար հանածոների մարմինների ձևաբանությունը, չափերը, համատարած լինելը կամ ընդհատունությունը, դրանց հզորությունները, օգտակար բաղադրիչների պարունակությունները և բաշխվածությունը, հիմնական հաշվարկային պարամետրերի փոփոխականության գործակիցները և այլն)։
7) Հանքավայրի (տեղամասի) երկրաբանական կառուցվածքի մասին նախորդ պատկերացումների փոփոխությունները՝ համաձայն այն տեղեկատվության, որը ստացվել է լրացուցիչ անցկացված երկրաբանահետախուզական կամ շահագործական աշխատանքների արդյունքում (այդ փոփոխությունները լուսաբանող և ընդունված նոր մեկնաբանությունները հիմնավորող նյութերի կցմամբ)։
19. Երկրաբանահետախուզական աշխատանքների մեթոդիկան, ծավալները, դրանց որակի և արդյունավետության գնահատումը։
1) Տեղագրական և մարկշեյդերական հիմքերը. հանույթի անցկացման ժամանակագրությունը, կոորդինատների համակարգը և հետախուզական փորվածքների գործիքային կապակցումը հիմնական ցանցին։
2) Հանքավայրի ուսումնասիրության փուլայնությունը, հետախուզման խորությունը։ Երկրաբանահետախուզական աշխատանքների (լեռնային, հորատման, երկրաֆիզիկական և այլ) տեսակների և ծավալների ամփոփ աղյուսակը՝ նշելով դրանց փաստացի ցուցանիշները։ Պաշարների հաշվարկում ընդգրկված փորվածքների ծավալները (ըստ տեսակների), դրանց քանակը և երկարությունը։ Օգտակար հանածոների մարմինների հատման լրիվությունը ամբողջ հզորությամբ և դրանց ուսումնասիրության աստիճանն ըստ անկման ու տարածման։
3) Հետախուզման ընթացքում կիրառված տեխնիկական միջոցները, դրանց հարաբերակցությունը, հետախուզման տարբեր տեխնիկական միջոցներով ստացված արդյունքների համադրելիությունը։ Հանքավայրի մերձմակերևութային մասերի և խորը հորիզոնների ուսումնասիրության մեթոդիկան։ Հետախուզական փորվածքների տեղադիրքի (տեղադրման սխեմաները և ուղղվածությունները) և փաստացի ձևավորված հետախուզացանցի խտության (փաստացի) հիմնավորումը՝ տարբեր կարգի պաշարների հաշվարկման համար՝ կախված հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններից, օգտակար հանածոների մարմինների (կուտակների) չափերից և նյութական կազմից, դրանցում օգտակար բաղադրիչների բաշխվածության բնույթից։
ա. Առավել բարձր կարգերով հետախուզված տեղամասերի (առաջնահերթ շահագործման, ինչպես նաև ամբողջ հանքավայրի համար բնութագրական տեղամասեր, որտեղ մանրամասնեցվել են հետախուզական աշխատանքները) առանձնացման հիմնավորումը, դրանց հետախուզվածության աստիճանը, մանրամասնեցման արդյունքում ստացված տվյալները, դրանց վերլուծությունը և համադրումը այն տվյալների հետ, որոնք ստացվել են հանքավայրի մեծ մասի համար ընդունված ցանցով։ Այդ տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվության օգտագործման հնարավորությունը ամբողջ հանքավայրի հաշվարկային պարամետրերի հիմնավորման համար։
բ. Բարդության 4-րդ խմբի հանքավայրերի համար՝ առաջարկություններ հետագա հետախուզման և շահագործման վերաբերյալ։
4) Լեռնային հետախուզական փորվածքների նշանակությունը, տեղադրման համակարգը և կողմնորոշումը։ Օգտակար հանածոների մարմինները (կուտակները) հետմտած շտրեկների և վերընթացների երկարությունը, լեռնային փորվածքների լայնական հատույթի մակերեսը։
5) Հետախուզական հորատանցքերի նշանակությունը, խորությունները, տրամագծերը և կառուցվածքը, հորատման եղանակը և տեխնոլոգիան։ Հորատանցքերի առանցքի թեքումը չափելու մեթոդիկան, օգտագործված սարքավորումները, զենիթային և ազիմուտային թեքման չափումների արդյունքները, հետախուզական հատույթների ընդունված ցանցի վրա թեքման ազդեցության գնահատումը։ Առանձին միջակայքերում հորատանցքերի առանցքի թեքման չափումների վերաբերյալ տվյալների բացակայության դեպքերը, պաշարների հաշվարկման ժամանակ այդպիսի հատույթների օգտագործման հիմնավորումը։ Հորատման տարբեր եղանակներով և տրամագծերով ստացված արդյունքների բավարար լինելը՝ հանքավայրի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոյի որակի ուսումնասիրման համար, հորատման տարբեր եղանակներով ստացված տվյալների համադրելիությունը։ Տեղեկություններ օգտակար հանածոյի մարմինների՝ սուր անկյան տակ հատման մասին, պաշարների հաշվարկման ժամանակ այդպիսի հատույթների վերաբերյալ ստացված տվյալների օգտագործման հնարավորության հիմնավորումը։
ա. Հորատահանուկի վիճակը՝ սյունիկներ, կտորներ, դրանց գծային, կշռային կամ ծավալային ելքը (անհրաժեշտության դեպքում՝ խարամի ելքը). ա) միջինը օգտակար հանածոյի առանձին մարմինների համար (այդ թվում տարբեր հզորությամբ և օգտակար բաղադրիչների տարբեր պարունակությամբ միջակայքերի համար), բ) միջինը ամբողջ հանքավայրի համար։ Ելքի տատանման սահմանները օգտակար հանածոյի, ներքին ոչ կոնդիցիոն միջակայքերի և պարփակող ապարների համար` յուրաքանչյուրի համար: Հորատահանուկի և խարամի ելքերի ստուգման ծավալը և կանոնավորությունը։ Հորատահանուկի և խարամի ներկայացուցչականության գնահատականն ըստ նյութի քանակի և որակի։ Հորատահանուկի կամ խարամի ցածր ելքով հորատանցքերի (միջակայքերի) տոկոսային քանակությունը, այդ հորատանցքերի (միջակայքերի) ազդեցությունը հաշվարկված պաշարների հավաստիության վրա։ Հորատահանուկի ելքի բարձրացմանն ուղղված միջոցառումները, դրանց արդյունավետությունը։
բ. Հորատահանուկի ընտրողական քերամաշելիության և ներկայացուցչականության ուսումնասիրմանն ուղղված հետազոտությունների մեթոդները և արդյունքները, ստացված տվյաների հավաստիության գնահատականը։ Լեռնային փորվածքներով հորատանցքերի տվյալների հավաստման աշխատանքների մեթոդիկան և ծավալը, դրանց արդյունքները։ Հորատանցքերի նմուշարկման արդյունքների նկատմամբ ուղղիչ գործակիցների կիրառման հիմնավորումը։
գ. Տեղեկություններ լեռնային փորվածքների և հորատանցքերի այն միջակայքերի մասին, որոնց տվյալները չեն օգտագործվել պաշարների հաշվարկման ժամանակ, հաշվարկից դրանց բացառման պատճառները։
6) Հանքավայրի երկրաբանաերկրաֆիզիկական պայմանների բնութագիրը։ Հանքավայրի հետախուզման ժամանակ լուծված երկրաֆիզիկական հետազոտությունների խնդիրները, կիրառված մեթոդների համալիրի հիմնավորումը։ Երկրաֆիզիկական աշխատանքների մեթոդիկան և տեխնիկական միջոցները, երկրաֆիզիկական տվյալների մեկնաբանությունների (որակական և քանակական) մեթոդիկան։ Երկրաֆիզիկական աշխատանքների արդյունքների ճշտության և հավաստիության գնահատման մեթոդները և եղանակները։ Ստուգիչ չափումների ծավալը և լեռնային ու հորատման աշխատանքների տվյալների հետ համադրումը, երկրաֆիզիկական հետազոտությունների պատահական և պարբերական սխալանքները։
ա. Երկրաֆիզիկական հետազոտությունների հիմնական արդյունքները, երկրաֆիզիկական տվյալների կոնկրետ օգտագործումը երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման գործընթացում, ինչպես նաև անմիջական օգտագործումը պաշարների հաշվարկում։ Ֆիզիկական դաշտերի մաթեմատիկական մոդելավորման դեպքում անհրաժեշտ է ցույց տալ մոդելավորման կոնկրետ խնդիրները, դրա անցկացման մեթոդիկան, ստացված արդյունքները (օգտակար հանածոների մարմինների պարամետրերը, կանխատեսումային ռեսուրսները և այլն)։
բ. Ֆիզիկական դաշտերի մաթեմատիկական մոդելավորման դեպքում անհրաժեշտ է ցույց տալ մոդելավորման կոնկրետ խնդիրները, դրա անցկացման մեթոդիկան, ստացված արդյունքները։
գ. Երկրաֆիզիկական տվյալների օգտագործման արդյունավետությունը և լրիվությունը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում։
7) Օգտակար հանածոների նմուշարկման ընդունված մեթոդիկայի հիմնավորումը։ Նմուշարկման մեթոդները (երկրաբանական, երկրաֆիզիկական) և եղանակները (հորատահանուկային, խարամային, ակոսային, քերծվածքային և այլն)։ Տարբեր եղանակներով վերցված նմուշների քանակները, այդ թվում՝ պաշարների հաշվարկին ներգրավվածները։
ա. Լեռնային փորվածքներում նմուշների տեղադիրքը (հորիզոնական, ուղղաձիգ), ակոսների սեկցիաների և հատվածքների երկարությունը, նմուշարկված հանքախորշերի միջև հեռավորությունը։
բ. Նմուշարկման որակը, նմուշառման մեթոդիկայի, նմուշների պարամետրերի համապատասխանությունը օգտակար հանածոյի մարմինների հատիկային կազմի ու ներքին կառուցվածքի առանձնահատկություններին։ Նմուշարկման տվյալներով օգտակար հանածոյի մարմինների եզրագծերի հիմնավորումը (նմուշարկման լրիվությունն ըստ հզորության, հպամասային պարփակող ապարների նմուշարկումը)։ Նմուշների լայնական հատույթի և դրանց զանգվածի նկատմամբ վերահսկողությունը։ Նմուշների տեսական և փաստացի զանգվածների հարաբերակցությունը։ Ստուգիչ նմուշարկման ծավալն ու կանոնավորությունը (հորատահանուկի երկու կեսերի անալիզը «ակոսն ըստ ակոսի» և այլն), նմուշարկման տարբեր մեթոդների ու եղանակների համար պարունակությունների և հզորությունների որոշման պատահական սխալանքների գնահատականը։ Առաջարկություններ նմուշարկման տվյալների հավաստիության բարձրացման ուղղությամբ՝ երկրաբանահետախուզական հետագա աշխատանքների իրականացման դեպքում։
գ. Շարքային նմուշարկման հավաստիության գնահատականը, առավել խոշորամասշտաբ՝ քերծվածքային, համախառն, տեխնոլոգիական (երկրաբանորեն համասեռ տեղամասերի սահմաններում՝ շարքային նմուշարկման յուրաքանչյուր եղանակի համար առանձին) նմուշարկման (օգտակար հանածոյի մարմնի ամբողջական հատույթով) տվյալների հետ համադրումը։ Ուղղակի ստուգման և անուղղակի համադրման ծավալը, աշխատանքների արժեքը։ Պարունակությունների որոշման պարբերական սխալանքի առկայությունը (բացակայությունը), ուղղիչ գործակիցները, դրանց մեծությունների հիմնավորումը և կիրառման մեթոդիկաները։ Առաջարկություններ համանման օգտակար հանածոների համար նմուշարկման տարբեր մեթոդների և տեսակների ռացիոնալ համալրելիության վերաբերյալ։
դ. Նմուշների մշակման սխեմայի հիմնավորումը, մշակման որակը, դրա ծավալը, կանոնավորությունը, արդյունքները (այդ թվում՝ կրճատման արտադրանքների, կրկնօրինակների վերահսկողությունը, ջարդող և մանրացնող սարքավորումների մաքրման որակի վերահսկողությունը)։ Նմուշների մշակման պատահական սխալանքները, եզրահանգումներ նմուշների մշակման որակի մասին։ Անմիջապես լեռնային փորվածքներում կամ հորատանցքերում օգտակար բաղադրիչների պարունակությունների որոշման երկրաֆիզիկական մեթոդների կիրառումը։ Կատարված աշխատանքների ծավալները։ Երկրաֆիզիկական մեթոդների նկատմամբ վերահսկողության արդյունքները։ Օգտագործված մեթոդների՝ այլ կազմակերպությունների (գիտական, գիտահետազոտական կամ նախագծային) կողմից կիրառման փորձը։
ե. Խմբային (միացյալ) նմուշների նշանակությունը, դրանց կազմման մեթոդները, ընդհանուր քանակը, այդ թվում՝ պաշարների հաշվարկին ներգրավվածներինը։ Խմբային նմուշների կազմման ճշտության վերահսկողությունը։ Ուղեկից բաղադրիչների, վնասակար խառնուրդների և ուսումնասիրման ենթակա այլ ցուցանիշների որոշման համար վերցված խմբային նմուշներով բնութագրվող օգտակար հանածոյի (դրա առանձին տեսակների) միջակայքերի տեսակարար կշիռը, դրանցով օգտակար հանածոյի մարմնի մակերեսը և կտրվածքը ընդգրկելու հավասարաչափությունը։
8) Անալիտիկ աշխատանքներ. ծավալները, հիմնական, ստուգիչ անալիզների իրականացման մեթոդները՝ նշելով դրանք անցկացնող լաբորատորիաների անվանումները, ինչպես նաև լաբորատորիաների ունեցած որակավորումները, սերտիֆիկացումները, դրանց գործողության ժամկետները։ Անալիզների անցկացման մեթոդների համապատասխանությունը գործող ստանդարտներին կամ այլ նորմատիվ փաստաթղթերին։
ա. Հիմնական և ստուգիչ անալիզների տվյալների մշակման արդյունքները։ Այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում անալիտիկ աշխատանքների (ըստ հիմնական, ուղեկից օգտակար բաղադրիչների, վնասակար խառնուրդների որոշման, ինչպես նաև ֆազային անալիզների) որակը եղել է անբավարար, պաշարների հաշվարկմանը մասնակցած այդ ժամանակահատվածների նմուշների քանակը։ Անալիզների անբավարար որակի պատճառները, դրանց վերացմանն ուղղված միջոցառումները, ձեռք բերված արդյունքները։ Պաշարների հավաստիության վրա անալիզների անբավարար որակի ազդեցության գնահատականը (օգտակար հանածոյի հզորությունների, պարունակությունների, մակերեսների և պաշարների որոշման տեսակետից) և օգտակար հանածոյի պաշարների հաշվարկման համար այդ տվյալների օգտագործման հնարավորության հիմնավորումը։
բ. Առաջարկվող ուղղիչ գործակիցների հիմնավորվածությունը և դրանց կիրառման եղանակները (առանձին բաղադրիչների, վնասակար խառնուրդների և այլ ցուցանիշների համար, ըստ օգտակար հանածոյի տիպերի, աշխատանքների ժամանակաշրջանների, պարունակությունների դասերի, ինչպես նաև հիմնական անալիզները կատարած առանձին լաբորատորիաների համար)։
9) Օգտակար հանածոյի տարբեր տիպերի համար ծավալային զանգվածի որոշումների (նմուշներով, բնամասերով կամ երկրաֆիզիկական մեթոդներով) քանակները և մեթոդները։ Տարբեր մեթոդներով ստացված արդյունքները, դրանց համադրումը։ Իրականացված որոշումների ներկայացուցչականության (ըստ օգտակար հանածոյի առանձնացված բոլոր բնական տիպերի ընդգրկման՝ հաշվի առնելով ընդհանուր զանգվածում դրանց տեսակարար կշիռը) և ստացված արդյունքների հավաստիության գնահատականը։ Օգտակար հանածոյի քիմիական և միներալաբանական կազմի ու ճեղքավորության ազդեցությունը ծավալային զանգվածի մեծության վրա։ Ծավալային զանգվածի որոշման հնարավորությունը ըստ ռեգրեսիայի հավասարման՝ կախված քիմիական կազմից։ Պաշարների հաշվարկման համար ընդունված ծավալային զանգվածի մեծությունների հիմնավորումը։
ա. Օգտակար հանածոյի բնական խոնավության որոշումների քանակները և արդյունքները։ Այդ տվյալների հաշվառումը ծավալային զանգվածի հաշվարկման ժամանակ։
10) Երկրաբանահետախուզական աշխատանքների տնտեսական ցուցանիշների, դրանց արդյունավետության և որակի վերլուծությունը։
ա. Հանքավայրի ուսումնասիրման ընդհանուր արժեքը, այդ թվում՝ ըստ փուլերի և աշխատանքների տեսակների։ 1 մ լեռնային փորվածքի և հորատանցքի անցկացման միջին ծախսերը։ Հավելաճած պաշարների ու դրանց՝ առավել բարձր կարգերի վերածման նախագծային և փաստացի ծախսերը։
բ. առաջարկություններ հանքավայրի հետագա լրահետախուզման վերաբերյալ։
20. Հետախուզման և շահագործման տվյալների համադրումը։
1. Այս կետը պարտադիր է շահագործվող հանքավայրերի պաշարների վերահաշվարկման նյութերում։ Համադրման են ենթակա մարված բոլոր պաշարները։ Հետախուզման և շահագործման տվյալները համադրվում են լիազոր մարմնի կողմից վերջին անգամ հաստատված պաշարների եզրագծերում։ Համադրվում են օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները, ինչպես նաև բոլոր հաշվարկային պարամետրերը։
2) Բերվում են հետևյալ տվյալները.
ա. հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների մասին պատկերացումների փոփոխությունների վերլուծությունը, դրանց ազդեցությունը պաշարների քանակի և օգտակար հանածոյի որակի վրա, հետախուզման և շահագործման համադրվող տվյալների տարբերությունների պատճառները։ Տվյալների տարբերությունները պետք է ցուցադրել կտրվածքների, հորիզոնների հատակագծերի, երկայնական պրոյեկցիաների և այլ գծագրական նյութերի վրա,
բ. վերջին հաստատումից հետո եղած պաշարների շարժի հաշվեկշիռն ըստ օգտակար հանածոյի առանձին մարմինների, հաշվարկային բլոկների, պաշարների կարգերի և ամբողջ հանքավայրի,
գ. մանրազնին հետախուզման (շահագործական հետախուզման, մաքրման փորվածքների շահագործական նմուշարկման, երկրաբանամարկշեյդերական հաշվառման, ֆաբրիկայում արված հաշվառման և այլնի) տվյալների հետ համեմատելու համար օգտագործված արդյունքների հավաստիության հիմնավորումը։ Օգտակար հանածոյի աղքատացման և կորուստների մեծությունների գնահատման հուսալիությունը։
դ. հաստատված և մարված պաշարների ու հավելաճած մակերեսների եզրագծերը, տվյալներ մարված, ինչպես նաև պետական հաշվեկշռում առկա պաշարների (այդ թվում՝ հաստատված պաշարների մնացորդի) մասին,
ե. համադրմանը ներկայացվող պաշարների բաժնեմասը հաստատվածի նկատմամբ,
զ. հանքավայրի շահագործման լեռնատեխնիկական պայմանների մասին պատկերացումների հավաստիության վերլուծությունը, կիրառվող մշակման համակարգերի համապատասխանությունը այդ պայմաններին,
է.հետախուզման մեթոդիկայի ճշգրտման վերաբերյալ համադրման արդյունք-ներից բխող առաջարկություններ:
21. Օգտակար հանածոների նյութական կազմը և տեխնոլոգիական հատկությունները։
1) Օգտակար հանածոյի բնական տարատեսակները. դրանց միներալային և քիմիական կազմերը, ֆիզիկամեխանիկական հատկությունները, կառուցվածքային և կազմվածքային ու այլ առանձնահատկությունները։ Հանքավայրի (տեղամասի) սահմաններում բնական տարատեսակների բաշխման օրինաչափությունները։ Հողմահարման կամ օքսիդացման գոտում օգտակար հանածոյի կազմի ու ֆիզիկամեխնիկական հատկությունների փոփոխությունները, այդ գոտու զարգացման խորությունը, ֆազային անալիզների արդյունքները։ Օգտակար հանածոյի առանձնացման չափանիշներն ըստ հողմահարման կամ օքսիդացման աստիճանի։
2) Հիմնական և ուղեկից օգտակար բաղադրիչների, վնասակար և խարամ առաջացնող խառնուրդների բաշխվածությունն ըստ միներալային ձևերի, ըստ օգտակար հանածոյի բնական տարատեսակների օգտակար բաղադրիչների և խառնուրդների բաշխվածության օրինաչափություններն ու հավասարչափության աստիճանը՝ հանքավայրի (տեղամասի) և օգտակար հանածոյի առանձին մարմինների (կուտակների) սահմաններում։
ա. Հիմնական և ուղեկից բաղադրիչների պարունակությունների միջև հարաբերակցության (կոռելյացիայի) առկայությունը: Ուղեկից բաղադրիչների պաշարների՝ հարաբերակցության մեթոդով հաշվարկման հնարավորության հիմնավորումը։ Հիմնական և ուղեկից բաղադրիչների բաշխման գոտիականության, ինչպես նաև ուղեկից բաղադրիչներով հարստացած օգտակար հանածոների (կամ դրանց մասերի) առանձին մարմինների առկայությունը և դրանց անջատ հանույթի հնարավորության գնահատականը։ Վնասակար և խարամ առաջացնող խառնուրդների բարձր պարունակություններով օգտակար հանածոների (կամ դրանց մասերի) մարմինների առկայությունը։ Ներքին ոչ կոնդիցիոն տեղամասերի ազդեցությունը օգտակար հանածոյի որակի վրա։
3) Օգտակար հանածոյի որակի որոշման և պաշարների հաշվարկման համար դրա նյութական կազմի հետազոտությունների բավարար քանակի հիմնավորումը։ Յուրաքանչյուր ուղեկից բաղադրիչի համար՝ օգտակար հանածոյում դրա նմուշարկման լրիվության հիմնավորումը, պարունակությունների որոշման հավաստիությունը, պաշարների հաշվարկման պայմանների հիմնավորումը (պարունակությունների որոշումը շարքային կամ խմբային նմուշներով, միներալներով կամ խտանյութերով, ամբողջ հանքավայրով, օգտակար հանածոյի առանձին մարմիններով, հաշվարկային բլոկներով և այլնով)։
4) Օգտակար հանածոյի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների առանձնացման հիմնավորումը, դրանց տեղակայումը և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականությունը (երկրաբանատեխնոլոգիական քարտեզագրման տվյալներով), ընդհանուր պաշարներում բաժնեմասը, երկրաչափացման հնարավորությունը։
5) Լաբորատոր, խոշոր լաբորատոր, հնարավորության դեպքում կիսաարդյունաբերական և արդյունաբերական տեխնոլոգիական նմուշարկման մեթոդիկան (նմուշներ վերցնելու տեղերը, քանակները և զանգվածները), երկրաբանատեխնոլոգիական քարտեզագրման մեթոդիկան և ծավալները։ Խոշոր լաբորատոր, կիսաարդյունաբերական և արդյունաբերական նմուշների ներկայացուցչականությունը (ըստ զանգվածի, վերցնելու տեղի, նյութական կազմի, հիմնական և ուղեկից բաղադրիչների պարունակությունների և այլ ցուցանիշների՝ երկրաբանատեխնոլոգիական քարտեզագրման արդյունքների հաշվառմամբ) տեղամասի, օգտակար հանածոյի մարմնի, հորիզոնի և այլնի համար։ Օգտակար հանածոյի առանձին մարմինների, ինչպես նաև դրա բնական և արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների տեխնոլոգիական նմուշարկման ամբողջականության հիմնավորումը։
ա. Տեխնոլոգիական հետազոտություններն իրականացնող կազմակերպությունները, հետազոտությունների ծրագրերը։
բ. Հետազոտությունների արդյունքները, միներալային հումքի վերամշակման առաջարկվող տեխնոլոգիական սխեման, վերամշակման հիմնական ցուցանիշները (ապրանքային արտադրանքի ելքը, դրա որակը և համապատասխանությունը պետական կամ ճյուղային ստանդարտներին, տեխնիկական պայմաններին, ապրանքային արտադրանք և արտադրության թափոններ հիմնական բաղադրիչների կորզումը, վնասակար խառնուրդների բաշխումն ըստ վերամշակման արտադրանքների)։ Տեխնիկական պահանջներին հարստացման արտադրանքների անհամապատասխանության դեպքում՝ դրանց իրացման հնարավորությունները կամ դրանց վերամշակման տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքները։
գ. Տեխնոլոգիական նմուշների (ըստ տեսակների) վերցման և տեխնոլոգիական հետազոտությունների անցկացման ծախսերը։
6) Միներալային հումքի վերամշակման գործընթացում վնասակար խառնուրդների վարքագիծը (ըստ օգտակար հանածոյի տեխնոլոգիական տիպերի և տեսակների). այդ բաղադրիչների պարունակությունը վերամշակման արտադրանքներում, դրանց միներալ-կրիչների պարունակությունը վերամշակման արտադրանքներում, յուրաքանչյուր ուղեկից բաղադրիչի բաշխման հաշվեկշիռն ըստ միներալների և վերամշակման արտադրանքների։ Սեփական միներալներ ունեցող ուղեկից բաղադրիչների առանձին խտանյութերի ստացման հնարավորությունը։
7) Հիմնական արտադրության թափոնների կազմը և հատկությունները, դրանց տեխնոլոգիական ուսումնասիրման արդյունքները (կամ նույնատիպ կազմի միներալային հումք վերամշակող հայրենական և արտասահմանյան կազմակերպությունների փորձի ընդհանրացման տվյալները)։ Թափոնների կամ դրանցում առկա բաղադրիչների արդյունաբերական օգտագործման հնարավորությունը, դրանց նկատմամբ տնտեսության պահանջարկը։ Առավելապես բնական առաջացումներից կազմված հիմնական արտադրության թափոնների առանձին տեսակների (լցակույտային ապարներ, պատքարի և երեսպատման քարի արդյունահանման ու սղոցման թափոններ, հարստացման պոչանքներ և այլն) կամ դրանցում եղած արժեքավոր բաղադրիչների (տնտեսության մեջ դրանց օգտագործման նպատակահարմարության և սպառողի առկայության դեպքում) քանակների հաշվառման կամ դրանց պաշարների հաստատման նպատակահարմարությունը։
8) Շրջապտույտային ջրի օգտագործումը և դրա ազդեցությունը տեխնոլոգիական գործընթացների վրա՝ օգտակար բաղադրիչների կորզման և խտանյութերի որակի առումով։ Մինչև շրջապտույտային ջրի օգտագործումը դրա աղային կազմի կայունացման առաջարկվող մեթոդները։
9) Օգտակար հանածոյի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար դրա նյութական կազմի և տեխնոլոգիական հատկությունների ուսումնասիրությունների բավարար լինելու հիմնավորումը՝ օգտակար բաղադրիչների համալիր կորզման հաշվառմամբ։
Վերամշակումից ստացված արդյունքների համեմատումը տեղական և արտասահմանյան այլ կազմակերպությունների տվյալների հետ, որոնք վերամշակում են նույնատիպ միներալային հումք։ Ստացված արդյունքների համապատասխանությունը կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորման հիմքում դրված տվյալների հետ։
22. Հանքավայրի շահագործման ջրաերկրաբանական պայմանները։
1) Ջրաերկրաբանական և ջրաբանական հետազոտությունների տեսակները, մեթոդիկան, ծավալները և ծախսերը, դրանց հիմնավորումը։ Աշխատանքների անցկացման տեխնիկական միջոցները, ջրաերկրաբանական հորատանցքերի սարքավորանքը, պոմպահանման միջոցները։ Իրականացված աշխատանքների լրիվության և որակի հիմնավորումը, դրանց բավարար լինելը հանքավայրի (տեղամասի) շահագործման նախագծի կազմման համար։ Տեղեկություններ հորատանցքերի տամպոնաժի մասին։ Մասնագիտացված կազմակերպությունների կողմից հետազոտությունների իրականացման դեպքում սույն կետում պետք է բերվեն այդ հետազոտությունների արդյունքները և համառոտ եզրակացությունները։
2) Հանքավայրի շրջանի ջրաբանական և ջրաերկրաբանական համառոտ բնութագիրը։ Մակերևութային ջրահոսքերը և ջրավազանները, ստորերկրյա ջրերի տիպերը, հիմնական ջրատար և ջրամերժ հորիզոնները, ստորերկրյա և մակերևութային ջրերի բազմամյա և տարեկան ռեժիմները։
3) Հանքավայրի ջրաերկրաբանական բնութագիրը։ Հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրավորմանը, առավել ջրավորված տեղամասերը և գոտիները, դրանց փոխադարձ կապը այլ հորիզոնների և մակերևութային ջրահոսքերի հետ, սնման պայմանները և ռեժիմը։ Մակերևութային և ստորերկրյա ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական վիճակը, գազով դրանց հագեցվածությունը, մետաղների, պոլիմերների, փայտի և բետոնի նկատմամբ ագրեսիվությունը։ Հանքավայրի ջրաերկրաբանական պայմանների բարդության աստիճանի գնահատականը։
4) Լեռնային փորվածքներում ջրահոսքերի քանակը (սպասվող կամ փաստացի), առաջարկություններ ցամաքուրդի և ջրիջեցման միջոցառումների ու հատուկ հետազննական աշխատանքների անցկացման վերաբերյալ։
5) Ցրոնային հանքավայրերում, որոնք մշակվելու են ցամաքուրդով՝ ջրի մակարդակի բարձրացման նպատակով ամբարտակների ստեղծման հնարավորությունը, եթե ջրի խորությունը բավարար չէ դրագի աշխատանքի համար։ Շրջանի ջրային ռեսուրսների գնահատականը՝ որպես տնտեսական-խմելու և տեխնիկական ջրամատակարարման աղբյուր, ինչը կապահովի օգտակար հանածոյի արդյունահանման և հանքային հումքի վերամշակման նպատակով նախագծվող ձեռնարկության պահանջարկը։ Տվյալներ հանքավայրի շրջանում գործող ջրառների, ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի մասին (լիազոր մարմնի կողմից հաստատված շահագործական պաշարների քանակը, հաստատման փաստաթղթի համարը և ամսաթիվը), ստորերկյա քաղցրահամ ջրերի նոր հանքավայրերի հայտնաբերման հնարավորության գնահատականը։ Առաջարկություններ հետագա հետազոտական աշխատանքների անհրաժեշտության վերաբերյալ։ Հանքավայրի ջրավորմանը մասնակցող ջրերի օգտագործման հնարավորության գնահատականը՝ ջրամատակարարման կամ դրանցից արժեքավոր մետաղների կորզման նպատակով։ Այս հարցի դրական լուծման դեպքում՝ տվյալներ այդ ջրերի պաշարների կամ դրանցում առկա արժեքավոր բաղադրիչների պաշարների մասին։
Ձեռնարկության ջրի պահանջարկը և դրա ապահովվածությունը տնտեսական-խմելու և տեխնիկական ջրամատակարարման աղբյուրներով։
23. Հանքավայրի շահագործման լեռնաերկրաբանական պայմանները և լեռնատեխնիկական առանձնահատկությունները։
1) Հանքավայրի (տեղամասի) շահագործման և բացման եղանակը, հանքավայրի բացման եղանակը և մշակման տեխնոլոգիան որոշող լեռնաերկրաբանական պայմանների ընդհանուր բնութագիրը (տեղանքի ռելիեֆը, ծածկութային առաջացումների հզորությունը և քարաբանական բնութագիրը, օգտակար հանածոյի մարմինների կառուցվածքի բարդությունը, դրանց հզորությունը և անընդհատությունը)։
ա. Հանքավայրի ապարների ինժեներաերկրաբանական առանձնահատկությունների բնութագիրը և դրանց անիզոտրոպիան, ապարների ճեղքավորությունը, տեկտոնական խախտվածությունը, կազմվածքային և կառուցվածքային առանձնահատկությունները։ Տվյալներ շրջանի սեյսմիկության մասին, սողանքների, սելավային հոսքերի ծագման հնարավորությունները և այլն։
բ. Հանքավայրի ինժեներաերկրաբանական պայմանների բարդության գնահատականը։ Ինժեներաերկրաբանական շրջանացումը։
2) Ինժեներաերկրաբանական հետազոտությունների մեթոդները, դրանց ծավալները, արդյունքները և անցկացման ծախսերը։ Հանքավայրում (տեղամասում) հատուկ մասնագիտական աշխատանքների անցկացման ժամկետները, դրանք իրականացրած կազմակերպությունները։ Օգտակար հանածոյի և պարփակող (մակաբացման) ապարների ֆիզիկամեխանիկական փորձարկումների մեթոդիկան (երբ և ում կողմից են իրականացվել, դրանց ներկայացուցչականությունը և լրիվությունը)։ Օգտակար հանածոյի և պարփակող ապարների հորատելիությունը և պայթելիությունը, արդյունահանված օգտակար հանածոյի տևապնդելիությունը և կտորտայնությունը։
3) Ապարների թուլացած կայունությամբ տեղամասերի, հողմահարման, տեկտոնական ջարդման, կարստառաջացման գոտիների և այլնի տարածական տեղադիրքը։
Պարփակող ապարների կայունության կանխատեսումը։ Հանքավայրի շահագործումը բարդացնող երևույթների զարգացման մասին զգուշացնող առաջարկություններ։ Հանքավայրի շահագործման ընթացքում ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխության մասին կանխատեսումներ։
4) Հանքավայրի մշակման բաց եղանակի դեպքում. տվյալներ միջին և սահմանային մակաբացման գործակիցների, մշակման խորության, բացահանքի կողերի թեքման անկյունների, շերտավորության բնույթի, միջշերտային նրբաշերտերի, շերտերի անկման ուղղության և անկյունների, բացահանքի կողերում ենթաողողային և սողանքային գործընթացների հնարավորության մասին։
Հանքավայրի մշակման ստորգետնյա եղանակի դեպքում. օգտակար հանածոյի մարմնի առաստաղում և հատակում, ինչպես նաև թուլացած գոտիներում (օքսիդացման, հողմահարման, կարստառաջացման, տեկտոնական ջարդման և այլ) տեղադրված ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունների բնութագիրը, լեռնային ճնշման դինամիկ (լեռնային հարված և այլն) դրսևորման հնարավորությունը։
5) Հանքավայրի գազատարությունը, օգտակար հանածոների (մշակման բաց եղանակի դեպքում նաև մակաբացման ապարների) ինքնաբռնկման հակումը (բնական վիճակում և արդյունահանումից հետո), ապարների հանկարծական արտանետման վտանգավորությունը։
Օգտակար հանածոների և պարփակող ապարների (հատկապես շինարարական նյութերի արտադրության մեջ օգտագործվող) ճառագայթային բնութագիրը, լեռնային աշխատանքների կատարման ընթացքում պնևմափոշային վտանգավորությունը և այլ գործոններ, որոնք ազդում են մարդու առողջության վրա։
6) Օգտակար կուտակներից զուրկ մակերեսների տեղադիրքը, որտեղ կարող են տեղադրվել արտադրական և բնակ-քաղաքացիական նշանակության օբյեկտները, դատարկ ապարների լցակույտերը։
Հետախուզված հանքավայրի տարածաշրջանում համանման լեռնատեխնիկական պայմաններ ունեցող շահագործվող հանքավայրերի առկայության դեպքում՝ տվյալներ դրանց մշակման եղանակների և լեռնատեխնիկական պայմանների, ինչպես նաև այն բարդությունների մասին, որոնք առաջանում են դրանք շահագործելիս։
24. Ուղեկից բաղադրիչները։
Հանքավայրի (տեղամասի) սահմաններում ուղեկից օգտակար հանածոների առկայության դեպքում (որոնք տնտեսապես ռացիոնալ հիմքով կարող են կորզվել և օգտագործվել տնտեսության մեջ), դրանց ուսումնասիրվածության բնութագիրը, բոլոր տվյալներն ըստ աշխատանքների տեսակների, ծավալների և արդյունքների պետք է բերվեն երկրաբանահետախուզական աշխատանքների բոլոր փուլերում և հանքավայրի շահագործման ընթացքում: Որոնողագնահատանքային աշխատանքների ժամանակ իրականացվում է հետագա ուսումնասիրության ենթակա ուղեկից բաղադրիչների բացահայտում, նախնական հետախուզման փուլում՝ դրանց արդյունաբերական նշանակության նախնական գնահատում, իսկ մանրազնին հետախուզման փուլում՝ դրանց վերջնական երկրաբանատնտեսագիտական գնահատում:
25. Շրջակա միջավայրի պահպանման հարցերը։
1) Հետախուզված հանքավայրի (տեղամասի) շահագործման համար պահանջվող, իսկ շահագործվող հանքավայրերի դեպքում արդեն իսկ հատկացված հողատարածքների բնութագիրը (տնտեսական նշանակությունը, ռելիեֆը, հողաբուսական շերտը, մակերևութային ջրհոսքերը, ջրավազանները, բուսականությունը, կենդանական աշխարհը, հնագիտական, քանդման և պահպանման ենթակա շենք-շինությունները և այլն)։
2) Հանքավայրի շահագործմամբ շրջակա միջավայրին հասցվող (կանխատեսվող) վնասի բնույթը (հողատարածքների օտարում՝ տնտեսական նշանակության փոփոխությամբ, ռելիեֆի փոփոխություն, հողերի, մթնոլորտի, ինչպես նաև մակերևութային ու ստորգետնյա ջրերի աղտոտում, բուսականության վերացում, կենդանական աշխարհի բնական վիճակի խաթարում և այլն) և քանակական ցուցանիշները (օտարվող տարածքի ընդհանուր մակերեսը, այդ թվում՝ բացահանքով, թափոնակույտերով, լցակույտերով, պոչամբարով, արտադրական ենթակառուցվածքներով և ձեռնարկության այլ օբյեկտներով զբաղեցված տարածքների մակերեսները, միավոր ժամանակում առաջացող թափոնների, մթնոլորտ և ջրային ավազան արտանետումների քանակը, վերացվող բուսականության ծավալը և այլն)։
3) Սույն կետում բերվում են տեղեկություններ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը մեղմող և խախտված տարածքների վերականգնումն ապահովող միջոցառումների և դրանց ծախսատարության, ինչպես նաև հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասի արժեքային գնահատականի վերաբերյալ:
26. Հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատումը:
1) Սույն կետը շարադրելիս անհրաժեշտ է ղեկավարվել Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող (պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսական հիմնավորման) նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջների մասին հրահանգով և բերել պաշարների սույն հաշվարկի համար սահմանված կոնդիցիաների պարամետրերը:
Եթե կոնդիցիաների պարամետրերը նախապես հիմնավորվել և հաստատվել են ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով, ապա սույն կետում բերվում են համապատասխան իրավական ակտի տվյալները, կոնդիցիաների պարամետրերի հիմքում ընդունված հանքավայրի շահագործման ծրագրի հիմնական դրույթները, արտադրության տեխնիկատնտեսական ցուցանիշները, կոնդիցիաների հաստատված պարամետրերը և գնահատվում է դրանց հիմնավորման և պաշարների հաշվարկման նյութերի մշակման հիմքում ընդունված ելակետային երկրաբանական տեղեկատվության նույնականությունը: Որևէ ելակետային տվյալի էական շեղման առկայության դեպքում հարկ է իրականացնել կոնդիցիաների հաստատված պարամետրերի կիրառման հնարավորությունը հավաստող կամ դրանցում փոփոխություններ հիմնավորող լրացուցիչ տեխնիկակատնտեսական հաշվարկներ։
27. Պաշարների հաշվարկը։
1) Պաշարների հաշվարկման համար սույն հավելվածի 26-րդ կետի համաձայն հիմնավորված կամ նախապես հաստատված կոնդիցիաների պարամետրերը:
2) Հիմնական օգտակար հանածոյի պաշարների հաշվարկման ընդունված մեթոդների հիմնավորումը՝ հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների, դրա հետախուզման մեթոդիկայի և հանքավայրի մշակման եղանակների հաշվառմամբ։ Պաշարների եզրագծումն ու հաշվարկը պատկերող գծագրական նյութերի տեսակները։
3) Հանքամարմինների եզրագծման սկզբունքները, արտարկման ընդունված մեթոդիկան: Հանքամարմինների եզրագծման ժամանակ կոնդիցիաների պարամետրերից թույլ տված շեղումների բացատրությունը, պաշարների հաշվարկման արդյունքների վրա դրանց ազդեցության գնահատականը։
4) Հաշվարկային բլոկների առանձնացման սկզբունքները և հիմնավորվածությունը (համապատասխանությունը հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին, պաշարների հետախուզվածության աստիճանին, մշակման եղանակին, հումքի տեխնոլոգիական համասեռությանը)։ Հաշվարկային բլոկների պաշարները այս կամ այն կարգին դասելու հիմնավորումը ։
5) Հաշվարկային պարամետրերի (հզորության, հիմնական բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունների, ծավալային զանգվածի, խոնավության, հաշվարկային մակերեսների) միջին մեծությունների, բլոկների ծավալների և օգտակար հանածոյի ու դրանց տեխնոլոգիական տիպերի պաշարների որոշման մեթոդիկան, ներքին ոչ կոնդիցիոն տեղամասերի, օգտակար հանածոների տեխնոլոգիական տիպերի պաշարների, միներալային հումքի տեսակների և մակնիշների ելքի հաշվառման ընդունված վիճակագրական մեթոդները։ Առանձին պարամետրերի հաշվարկման ժամանակ ընդունված ուղղիչ գործակիցները։
ա. Օգտակար բաղադրիչների պարունակությունների և օգտակար հանածոյի մարմինների հզորությունների չափազանց բարձր («մրրկային») արժեքների բացահայտման մեթոդիկայի հիմնավորումը։ Պաշարների հաշվարկման ժամանակ դրանց ազդեցության սահմանափակման կիրառված եղանակները և դրանց հիմնավորումը։ «Մրրկային» արժեքների իրականացված սահմանափակման ազդեցության վերլուծությունը առանձին բլոկների, կուտակների, օգտակար հանածոների բնական տիպերի և ամբողջ հանքավայրի պաշարների հաշվարկման արդյունքների վրա (ըստ հաշվարկման տարբերակների տվյալների՝ «մրրկային» պարունակությունների և հզորությունների հաշվառմամբ, ինչպես նաև առանց դրա)։ «Մրրկային» պարունակությունների և հզորությունների սահմանափակման արդյունքները (բաժնեմասը ընդհանուր պաշարներում՝ տոկոսային հարաբերությամբ)։
բ. Ցրոնային հանքավայրերի պաշարների հաշվարկման ժամանակ փխրուն նստվածքների գլաքարայնության, իսկ կարբոնատային ապարների, գիպսի և անհիդրիտի հանքավայրերի համար նաև կարստայնացման հաշվառումը։
6) Պաշարների հաշվարկման արդյունքներն ըստ պաշարների խմբերի և կարգերի, արտահաշվեկշռային պաշարների համար՝ դրանց բաշխվածությունն այն պատճառների համապատասխան, որոնցով դրանք համարվել են որպես արտահաշվեկշռային։ Տվյալներ մշակման ենթարկված կամ հանույթի նախապատրաստված բլոկների, ինչպես նաև ընդերքում թողնված բնամասերի վերաբերյալ։
7) Ուղեկից բաղադրիչների պաշարների հաշվարկման ընդունված մեթոդները՝ ըստ շարքային կամ խմբային նմուշների պարունակությունների, միներալների (մենամիներալային նմուշների) կամ խտանյութերի պարունակությունների, ընդհանուրը հանքավայրով, առանձին հանքային մարմիններով կամ հաշվարկային բլոկներով։ Ուղեկից բաղադրիչների համար՝ համախառն և կորզվող պաշարների հաշվարկման մեթոդիկան, այդ թվում՝ հատուկ մեթոդները (ըստ միներալների, լաբորատոր խտանյութերի, կոռելացիայով և այլն)։
ա. Ուղեկից բաղադրիչների պաշարների՝ տարբեր կարգերին վերագրման հիմնավորումը՝ կախված դրանք ներառող օգտակար հանածոների պաշարների կարգերից և տեխնոլոգիական հատկությունների ուսումնասիրվածությունից, այդ բաղադրիչների գոյաձևերի բաշխման հավասարաչափությունից և ուսումնասիրվածությունից։
բ. Ուղեկից բաղադրիչների պաշարների հաշվարկման արդյունքներն՝ ըստ ամբողջ հանքավայրի, ըստ օգտակար հանածոյի մարմինների և արդյունաբերական տիպերի, ըստ պաշարների խմբերի և կարգերի ու օգտակար հանածոյի շահագործման եղանակների։
8) Ուղեկից օգտակար հանածոների (մակաբացման ապարները ներառյալ) պաշարների հաշվարկման մեթոդի հիմնավորումը, հաշվարկային բլոկների եզրագծման եղանակները, բլոկների առանձնացման և դրանց պաշարները այս կամ այն կարգին վերագրելու սկզբունքները, հաշվարկային պարամետրերի միջին մեծությունների որոշման մեթոդիկան: Պաշարների հաշվարկման արդյունքները դրանց առանձին տեսակներով և ըստ կարգերի ու օգտագործման ուղղությունների։
9) Օգտակար հանածոների և արժեքավոր բաղադրիչների հաշվարկված պաշարների համադրումը օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառվածների հետ։ Շեղումների առկայության դեպքում պետք է վերլուծվեն անհամապատասխանության պատճառները։
28. Հանքավայրի նախապատրաստվածության աստիճանը՝ համալիր արդյունաբերական յուրացման համար։
1) Արդյունաբերական յուրացման համար հանքավայրի (տեղամասի) երկրաբանական կառուցվածքի, օգտակար հանածոյի նյութական կազմի և տեխնոլոգիական հատկությունների, հանքավայրի շահագործման ջրաերկրաբանական, լեռնաերկրաբանական, տնտեսական և այլ պայմանների ուսումնասիրության համապատասխանությունը օգտակար հանածոյի համապատասխան տեսակի հանքավայրերի նկատմամբ Դասակարգման կիրառման հրահանգներին։
2) Տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների բաժնեմասը և դրա համապատասխանությունը Դասակարգման պահանջներին՝ ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության հանքավայրի (տեղամասի) խմբի հաշվառմամբ։ Անհամապատասխանության դեպքում՝ հանքավայրի (տեղամասի) արդյունաբերական յուրացման հնարավորության հիմնավորումը։
Հաշվարկված պաշարների հավաստիության հիմնավորումը։
3) Ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների, ինչպես նաև հիմնական արտադրության թափոնների օգտագործման հնարավորությունը։
4) Հանքավայրի ընդհանուր պաշարները դրա երկրաբանական սահմաններում՝ հետախուզված (А, В, С1 կարգերի) ու նախապես գնահատված (С2 կարգի) պաշարների հանրագումարը, ինչպես նաև P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների գնահատականը։ Հանքահարստացման արտադրության՝ օգտակար հանածոյի պաշարներով ապահովվածության ավելացման հնարավորությունը՝ հանքավայրում հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման արդյունքում։
5) Օգտակար հանածոների կուտակների բացակայությամբ տարածքների տեղադիրքը՝ արտադրական և բնակ-կենցաղային օբյեկտների, ինչպես նաև մակաբացման ապարների ու արտահաշվեկշռային պաշարների լցակույտերի և պոչամբարի տեղադրման համար տեղադրման համար։
6) Հետախուզված հանքավայրի (տեղամասի)՝ արդյունաբերական համալիր յուրացմանը նախապատրաստված լինելու վերաբերյալ ընդհանուր գնահատականը և եզրակացությունները։
29. Եզրակացություն:
1) Հանքավայրի (տեղամասի) երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրվածության աստիճանի, օգտակար հանածոյի նյութական կազմի և տեխնոլոգիական հատկությունների, ինչպես նաև հանքավայրի շահագործման բնական պայմանների վերաբերյալ հիմնական եզրահանգումներ։
2) Օգտակար հանածոյի հետախուզված պաշարների, ինչպես նաև արդյունաբերական նշանակություն ունեցող ուղեկից օգտակար հանածոների և արժեքավոր բաղադրիչների առավել ամբողջական, համալիր օգտագործման մասին առաջարկություններ։
3) Հանքավայրի ընդհանուր հեռանկարների գնահատականը։ Առաջարկություններ հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների ուղղությունների, ինչպես նաև հատուկ հետազոտությունների վերաբերյալ։
Շահագործվող հանքավայրերի (տեղամասերի) համար՝ առաջարկություններ օգտակար հանածոների մշակման համակարգերի, օգտակար հանածոների (ինչպես հիմնական, այնպես էլ ուղեկից) վերամշակման տեխնոլոգիական սխեմայի կատարելագործման, կորուստների նվազեցման, ինչպես նաև դրանցում ներառված օգտակար բաղադրիչների ռացիոնալ և համալիր օգտագործման վերաբերյալ։
30. Օգտագործված մատենագրական աղբյուրների ցանկ:
Բերվում է հրատարակված գրականության, ֆոնդային և այլ աղբյուրների ցանկը, որոնք օգտագործվել են պաշարների հաշվարկման նյութերի մշակման ընթացքում։ Տրվում են նյութերի անվանումները, հեղինակները (կատարողները), հրատարակման տարեթիվը և տեղը, էջերի քանակը։
4. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
31. Նյութերին կցվում են հետևյալ հավելվածները՝
1) Երկրաբանական կամ տեխնիկական առաջադրանքը։
2) Ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները։
3) Տեղեկանք ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման մասին,
4) Հետախուզափորվածքների կոորդինատների գրանցամատյանը։
5) Հորատանցքերի թեքումնաբանական չափագրումների արդյունքների գրանցամատյանը։
6) Քաղվածք նմուշարկման մատյանից շարքային նմուշների հիմնական և ներքին ստուգողական անալիզների արդյունքներով։
7) Արտաքին ստուգողական անալիզների արդյունքների գրանցամատյանը։
8) Երրորդ լաբորատորիայում կատարված (արբիտրաժային) անալիզների արդյունքները գրանցամատյանը։
9) Հիմնական և ներքին ստուգողական անալիզների զուգամիտության գնահատման նյութերը:
10) Հիմնական և արտաքին ստուգողական անալիզների զուգամիտության գնահատման նյութերը:
11) Ապարների ֆիզիկամեխանիկական և ֆիզիկատեխնիկական ուսումնասիրության համար նմուշների վերցման ակտերը։
12) Օգտակար հանածոյի ծավալային զանգվածը դաշտային պայմաններում (բնամասում) որոշման ակտը։
13) Օգտակար հանածոյի լաբորատոր տեխնոլոգիական նմուշների վերցման ակտերը։
14) Պաշարների հաշվարկային պարամետրերի (օգտակար և ուղեկից բաղադրիչների պարունակություններ, օգտակար հանածոյի մարմինների հզորություններ և այլն) միջին մեծությունների որոշման նյութերն՝ ըստ հետախուզահատույթների, հետախուզափորվածքների, հետախուզակտրվածքների, հետախուզահորիզոնների և հաշվարկային բլոկների։
15) Պաշարների հաշվարկման նյութերի հեղինակների հայեցողությամբ այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են առավել ամբողջական արտացոլել կատարված աշխատանքների բնութագիրը։
5. ԳԾԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
32. Պաշարների հաշվարկման գծագրական նյութերն են.
1) անցկացված երկրաբանահետախուզական աշխատանքների շրջանի երկրաբանական քարտեզը,
2) հանքավայրի երկրաբանական քարտեզը` կտրվածքներով,
3) նմուշարկման հատակագծերը, հորատանցքերի սյունակները,
4) հորիզոնների և պաշարների հաշվարկման հատակագծերը, կտրվածքները, հանքամարմինների պրոյեկցիաներն ուղղաձիգ (հորիզոնական) հարթության վրա,
5) բացհանքի վերջնական եզրագծերը,
6) պաշարների հաշվարկման նյութերի հեղինակների հայեցողությամբ այլ գծագրական նյութեր, որոնք կարող են առավել ամբողջական արտացոլել կատարված աշխատանքների բնութագիրը։
33. Գծագրական նյութերը պետք է արտահայտեն.
1) գնահատվող օբյեկտի շրջանի ենթակառուցվածքը,
2) հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները, հանքամարմինների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, դրանցում օգտակար բաղադրիչների, հանքային հումքի բնական և արդյունաբերական տարատեսակների տարածական բաշխվածությունը,
3) հաշվարկված պաշարների եզրագծերը, հանքամարմինների հզորությունները, անհանք և ոչ կոնդիցիոն միջակայքերի հզորություններն ու երկարություններն` ըստ տարածման և անկման, օգտակար հանածոյի որակի ցուցանիշերը,
4) պաշարների արդյունահանման սահմանները՝ բացհանքի վերջնական եզրագծերն ու կտրվածքները,
5) հանքավայրի բացման սխեման և լեռնային աշխատանքների ազդեցության գոտին,
6) մարված պաշարների սահմանները` հետախուզման և շահագործման տվյալների համադրմամբ,
7) կազմակերպության հիմնական օբյեկտների տեղադրման սխեման:
34. Բոլոր գծագրական նյութերը պետք է լինեն դիտողական և ընթեռնելի:
Հավելված N 2 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի 03 մայիսի N 04-Ն հրամանի |
ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատումը՝ կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ, իրականացվում է որոնողագնահատանքային աշխատանքների, նախնական ու մանրազնին հետախուզման և լրահետախուզման արդյունքներով, ինչպես նաև հանքավայրերի շահագործման ընթացքում:
2. Հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատում կարող է իրականացվել, ինչպես կոնդիցիաների պարամետրի հիմնավորման և հանքաքարի ու օգտակար հանածոների պաշարների հաշվարկման վերաբերյալ առանձին հաշվետվություններ, այնպես էլ կոնդիցիաների պարամետրերի և հանքաքարի ու օգտակար հանածոների պաշարների հաշվարկման վերաբերյալ համատեղված հաշվետվություն կազմելու և ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու միջոցով:
3. Կոնդիցիաների պարամետրի հիմնավորման առանձին հաշվետվություն կազմելու և ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել սույն հավելվածով:
4. Կոնդիցիաների պարամետրերի և հանքաքարի ու օգտակար հանածոների պաշարների հաշվարկման վերաբերյալ համատեղված հաշվետվություն կազմելու և ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու դեպքում պետք է առաջնորդվել սույն հրամանի 1-ին Հավելվածով, որի 26-րդ՝ հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատումը, կետը կազմելիս անհրաժեշտ է առաջնորդվել սույն հավելվածով:
5. Կոնդիցիաներն օգտակար հանածոների որակի ու քանակի, հանքավայրի շահագործման լեռնաերկրաբանական և այլ պայմաններին ներկայացվող պահանջների ամբողջություն է: Կոնդիցիաները պետք է ապահովեն ընդերքի օպտիմալ յուրացումը` էկոլոգիական հետևանքների հաշվառմամբ:
6. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման փուլերն են.
1) «Տեխնիկատնտեսական նկատառումներ (ՏՏՆ) հանքավայրում նախնական հետախուզման անցկացման նպատակահարմարության մասին` գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ» (կազմվում է որոնողագնահատանքային աշխատանքների արդյունքներով),
2) «Տեխնիկատնտեսական զեկույց (ՏՏԶ) հանքավայրում մանրազնին հետախուզման անցկացման նպատակահարմարության մասին` նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ» (կազմվում է նախնական հետախուզման արդյունքներով),
3) «Մանրազնին կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորում (ՏՏՀ) (կազմվում է հանքավայրի մանրազնին հետախուզման և լրահետախուզման արդյունքներով, ինչպես նաև դրա արմատական վերագնահատման անհրաժեշտության դեպքում), գնահատման այս փուլում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ-ի մարտի 14-ի թիվ 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետ՝ Դասակարգում) աղյուսակ 2-ի տվյալներին համապատասխան,
4) «Շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորում (ՏՏՀ)» (կազմվում է հանքավայրի շահագործման ժամանակ, ոչ ուշ քան յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ, ինչպես նաև Դասակարգման 48-րդ կետով նախատեսված կոնդիցիաների պարամետրերի և հանքավայրի պաշարների վերահաստատման դեպքերում):
7. Անկախ սեփականության ձևերից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ները, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-ը և ՏՏԶ-ները:
8. Լայն տարածում ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման արդյունքները ներկայացվում են երկրաբանական հաշվետվության առանձին բաժնում, որի բովանդակությունը կանոնակարգվում է օգտակար հանածոների համապատասխան տարատեսակների հանքավայրերի նկատմամբ Դասակարգման կիրառման հրահանգներով, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ:
9. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերը ենթակա են հաստատման և վերահաստատման ընդերքօգտագործման ոլորտը կառավարող լիազոր մարմնի կողմից։
10. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերը (այսուհետ` Նյութեր) պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպության կողմից։
11. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերի տեքստային մասը ձևավորվում է համակարգչի միջոցով:
12. Նյութերը ներկայացվում են պետական ընդերքաբանական փորձաքննության չորս օրինակից, կոշտ կազմով, ինչպես նաև էլեկտրոնային կրիչով։ Միաժամանակ, հինգ օրինակից ներկայացվում է նաև հեղինակային տեղեկանքը՝ հանքավայրի երկրաբանական առանձնահատկությունների, իրականացված երկրաբանահետախուզական աշխատանքների մեթոդիկայի, ծավալների և արդյունքների ու հիմնավորված կոնդիցիաների պարամետրերի մասին։ Հեղինակային տեղեկանքը չպետք է գերազանցի 30 տպագրական A4 ձևաչափի էջը։
13. Նյութերի բոլոր չորս օրինակները ձևավորվում են միանման։ Յուրաքանչյուր գրքի տիտղոսաթերթում պետք է լինեն․ ընդերքօգտագործող և պաշարների հաշվարկն իրականացրած կազմակերպությունների անվանումները, հեղինակների ազգանունները և անվան սկզբնատառերը, նյութերի ամբողջական անվանումը (հանքավայրի կամ դրա տեղամասի, հանքավայրի տեղադրման մարզի, օգտակար հանածոյի տեսակի անվանումներով, շինարարական նյութերի և ոչ մետաղական մետալուրգիական հումքի հանքավայրերի համար՝ նաև օգտագործման ուղղությունը), կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ամսաթիվը, որի դրությամբ այն ներկայացվում է հաստատման, ինչպես նաև նյութերի մշակման տեղը և տարին։ Տիտղոսաթերթերը ստորագրվում և կնքվում են ընդերքօգտագործող ու կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումն իրականացնող կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից։ Առաջին գրքի (հատորի) տիտղոսաթերթին հաջորդում են կատարողների ցուցակը և ռեֆերատը՝ ստորագրություններով, բոլոր գրքերի (հատորների) բովանդակությունը, ինչպես նաև բոլոր հավելվածների ցանկը։ Յուրաքանչյուր հաջորդ գրքի (հատորի) տիտղոսաթերթից հետո բերվում է միայն այդ գրքի (հատորի) բովանդակությունը։
14. Գծագրական նյութերը պետք է լինեն ընթեռնելի և ունենան համապատասխան պայմանական նշաններ։ Յուրաքանչյուր գծագիր պետք է ունենա իր շտամպը, որտեղ պետք է պարունակի իր անվանումը և համարը, կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումն իրականացնող ընկերության անվանումը, թվային և գծային մասշտաբները, հեղինակների պաշտոնները և ազգանունները։ Գծագրական նյութերը ստորագրվում և կնքվում են կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումն իրականացնող կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից։
1) Գծագրական նյութերը տեղավորվում են թղթապանակներում՝ ծալելով A4 ձևաչափի թղթի չափով։ Եթե մի գծագիրը բաղկացած է մի քանի թերթից, ապա դրանք համարակալվում են և 1-ին թերթի վրա զետեղվում է դրանց տեղաբաշխման սխեման։ Յուրաքանչյուր թղթապանակին կցվում է գծագրերի իր ցանկը՝ դրանց անվանումներով և հերթական համարներով։ Ցանկի վերջում բերվում է տվյալ թղթապանակում տեղավորվող գծագրերի ընդհանուր քանակը։
2) Մեկ գրքից և սահմանափակ քանակով՝ մինչև 5 A1 ձևաչափի թուղթ, գծագրական նյութերից բաղկացած հաշվետվության դեպքում` դրանք տեղավորվում են մեկ ընդհանուր թղթապանակի մեջ՝ պահպանելով վերը նշված ընդհանուր դրույթը:
2. ՄԱՆՐԱԶՆԻՆ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
15. Ներկայացված նյութերը պետք է հնարավորություն ընձեռեն ճիշտ որոշել հանքավայրի մասշտաբները (հումքային հենքը, մնացորդային պաշարները և այլն), դրա երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկությունները, արդյունաբերական նշանակությունը, գնահատել հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը և այլ ցուցանիշներ, որոնք պարտադիր են կոնդիցիաների պարամետրերի համալիր երկրաբանատնտեսագիտական հիմնավորման համար:
16. Նյութերը պետք է պարունակեն բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք պարտադիր են կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ճշտության, հանքավայրի բավարար հետախուզվածության, ինչպես նաև օգտակար հանածոյի հանքակուտակի արդյունաբերական նշանակությունը բացահայտելու նպատակով:
17. Հիմնավորված կոնդիցիաների պարամետրերը պետք է ամբողջությամբ արտահայտեն հիմնավորման օրվա դրությամբ շուկայի իրավիճակը, դրանց դրամական արտահայտությունները պետք է ներառեն անհրաժեշտ բոլոր ծախսերը (հավելաճային)՝ բացառելով հիմնավորված կոնդիցիաների պարամետրերի բնեղեն մեծությունների մեղմացնելը կամ խստացնելը:
18. Սույն հավելվածի 5-7-րդ գլուխներում ներկայացված որոշ կետերի վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում անհրաժեշտ է Նյութերում ներառել նշված կետերը՝ բովանդակության մեջ գնահատելով դրանց ազդեցության մակարդակը հիմնավորված կոնդիցիաների պարամետրերի թվային արժեքների նկատմամբ: Ազդեցության թույլատրելի մակարդակից բարձր արժեքների դեպքում Նյութերի փորձաքննության ընթացքում կարող են պահանջվել տվյալ կետերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն:
19. Հանքավայրի՝ միայն մի մասի (օր. վերին հորիզոններում կամ մինչև որոշակի խորության վրա գտնվող կամ բաց մշակմամբ շահագործման ենթակա պաշարների նկատմամբ և այլն) և (կամ) դրա առանձնացված տեղամասի, պաշարների հաշվարկման նպատակով՝ կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման դեպքում անհրաժեշտ է հիմնավորել տվյալ մոտեցման նպատակահարմարությունը՝ գնահատելով հիմնավորման օրվա դրությամբ շուկայի իրավիճակին նախկինում հանքավայրի ամբողջ պաշարների հաշվարկման նպատակով հիմնավորված կոնդիցիաների պարամետրերի համապատասխանությունը՝ նշելով տեղեկատվությունը կամ այն մատենագրական աղբյուր(ներ)ը, որտեղ դրանք հիմնավորվել են ամբողջությամբ:
20. Հեղինակների հայեցողությամբ Նյութերը կարող են ներառել նաև այլ տեղեկատվություն, որը հնարավորություն կընձեռի հանքավայրի համալիր ընկալման համար:
21. Ներկայացված Նյութերը պետք է պարունակեն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման համար և պետք է մշակված լինեն այնպես, որ հնարավոր լինի առանց հեղինակների անմիջական մասնակցության ստուգել հիմնավորված կոնդիցիաների պարամետրերի արժանահավատությունը և համապատասխանությունը՝ գնահատման օրվա դրությամբ շուկայի իրավիճակին։
22. Նյութերը պետք է ներառեն հետևյալ բաժինները՝ տեքստային մաս, տեքստային, աղյուսակային և գծագրական հավելվածներ։ Դրանց բովանդակությունը պետք է բավարարի սույն հավելվածի 5-7-րդ գլուխների պահանջները։
3. ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍԸ
23. Կառուցվածքը և ծավալը։
1) Կառուցվածքը.
ա. ներածություն,
բ. ընդհանուր տեղեկություններ,
գ. հանքավայրի երկրաբանական բնութագիրը և կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների գնահատումը,
դ. հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների որակատեխնոլոգիական բնութագիրը,
ե. մշակման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմանները, օգտակար հանածոյի և պարփակող ապարների ֆիզիկատեխնիկական բնութագիրը,
զ. օգտակար հանածոների պաշարների տարբերակային հաշվարկը,
է. կոնդիցիաների հիմնական պարամետրերը,
ը. հանքավայրի (տեղամասի) տեխնիկատնտեսական գնահատումը,
թ. տեխնիկական լուծումների էկոլոգիական հիմնավորումը,
ժ. կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումը և պաշարների ստուգիչ հաշվարկը,
ժա. եզրակացություն,
ժբ. օգտագործված մատենագրական աղբյուրների ցանկ։
2) Վերը բերված կետերի բովանդակությունը (դրանցում դիտարկվող հարցերը) բերված են սույն հավելվածի ստորև շարադրվող տեքստում։
3) Տեքստային մասի ծավալը չի կարող գերազանցել 250 տպագրական A4 ձևաչափի էջը։
4) Տեքստային մասի կրճատման համար պետք է հեղինակային հայեցակարգը պարզաբանող և ընդհանուր բնույթ ունեցող աղյուսակային ու գծագրական նյութը օգտագործել ռացիոնալ։ Օժանդակ աղյուսակային նյութը, որի վրա հիմնվում են ընդհանրացումները և եզրահանգումները տեղադրվում են հավելվածներում։
5) Յուրաքանչյուր բաժնի ծավալը որոշվում է հեղինակների կողմից՝ կախված դիտարկվող հարցերի բարդությունից և դրանց նշանակությունից՝ հանքավայրի արդյունաբերական յուրացման համար նախապատրաստվածության աստիճանի գնահատման առումով։
24. Ներածություն
Տեղեկություններ տեխնիկատնտեսական հիմնավորման պատվիրատուի և կատարողի վերաբերյալ, վերջնական արտադրանքի նախատեսվող տեսականին և տարեկան արտադրության ծավալները, օբյեկտի յուրացման հետ կապված սոցիալ-տնտեսական և էկոլոգիական սպասվող հետևանքները:
25. Ընդհանուր տեղեկություններ:
Հանքավայրի շրջանի աշխարհագրատնտեսական բնութագիրը, օբյեկտի ուսումնասիրության և շահագործման վերաբերյալ պատմական համառոտ ակնարկը, առկայության դեպքում տեղեկություններ այն մասին, թե երբ և ում կողմից են մշակվել ու հաստատվել կոնդիցիաների նախորդ տարբերակները, դրանց պարամետրերը, կոնդիցիաների հաստատման արձանագրության (վերջինիս պատճենի կցմամբ) մեջ տրված առաջարկությունները, տեղեկություններ էներգետիկական, ջրային և այլ ռեսուրսների պահանջարկի ապահովման հնարավորությունների վերաբերյալ:
26. Հանքավայրի երկրաբանական բնութագիրը և կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների գնահատումը:
Հանքավայրի (տեղամասի) երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները, հիմնական և ուղեկից օգտակար հանածոների մարմինների ձևաբանությունը, տեղադրման պայմանները և ներքին կառուցվածքը, դրանց հանքային և նյութական կազմը, հանքավայրի հետախուզման ընդունված մեթոդիկան, կատարված աշխատանքների ծավալները, հետախուզական ցանցի խտությունը, նմուշարկման տարբեր եղանակների հավաստիության վերաբերյալ նյութերի վերլուծությունը, օգտակար հանածոյում պարունակվող բոլոր օգտակար և վնասակար բաղադրիչների բնութագիրը, օգտակար հանածոների բնական տիպերի ու տեսակների և առանձին բաղադրիչների տարածական բաշխվածության հիմնական օրինաչափությունները, դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն ներհանքային նրբաշերտերի (միջակայքերի) առկայությունը, քանակը և բաշխվածությունը ըստ հզորության դասերի (միջակայքերի երկարության` տարածմամբ և անկմամբ), հիմնական հաշվարկային պարամետրերի փոփոխականության աստիճանը, փոփոխականության գործակիցները, ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության հանքավայրի խումբը` Դասակարգմանը համապատասխան:
27. Հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների որակատեխնոլոգիական բնութագիրը:
Հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների կիրառման հնարավոր ոլորտները և դրանց օգտագործման ընդունված ուղղությունների համառոտ հիմնավորումը, ներքին և արտաքին վերստուգման արդյունքների վերլուծությունը, հիմնական լաբորատորիայի տվյալների հավաստիության գնահատականը (արբիտրաժային անալիզների արդյունքներով), անհրաժեշտության դեպքում` համապատասխան ճշտման գործակիցների հիմնավորումը, լաբորատոր, կիսաարդյունաբերական և արդյունաբերական փորձարկումների համար վերցված նմուշների բնութագիրը, օգտակար հանածոյի վերամշակման առաջարկվող և այլընտրանքային եղանակներով նմուշների տեխնոլոգիական փորձարկումների արդյունքները, վերամշակման տեխնոլոգիական պարամետրերի (օրինակ, օգտակար բաղադրիչի կորզման, հարստապոչերում վերջինիս պարունակության և այլն) ու հանքային հումքի որակի միջև կախվածությունների բացահայտումը, առաջարկվող վերամշակման եղանակի գնահատումը, տեխնոլոգիական կանոնակարգը:
28. Մշակման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմանները, օգտակար հանածոյի և պարփակող ապարների ֆիզիկատեխնիկական բնութագիրը:
1) Հիդրոերկրաբանական և հիդրոլոգիական հետազոտությունների տեսակները, մեթոդները և ծավալները: Իրականացված աշխատանքների լիակատարության և որակի բավարարության գնահատականը` հանքավայրի (տեղամասի) մշակման նախագծի կազմման համար: Մակերևութային ջրհոսքերը և ջրավազանները, ստորերկրյա ջրերի տիպերը, հիմնական ջրատար և ջրամերժ հորիզոնները, ստորերկրյա և մակերևութային ջրերի բազմամյա ու տարեկան ռեժիմները: Մակերևութային և ստորերկրյա ջրերի քիմիական կազմն ու բակտերիոլոգիական վիճակը, մետաղների, պոլիմերների, փայտի և բետոնների նկատմամբ ագրեսիվությունը: Հանքավայրի հիդրոերկրաբանական պայմանների բարդության ընդհանուր գնահատականը: Լեռնային փորվածքներ ջրաներհոսի սպասվող կամ փաստացի քանակը, ջրահեռացման ու ջրիջեցման նախատեսվող միջոցառումները:
2) Հանքավայրի ապարների ինժեներաերկրաբանական առանձնահատկությունների բարդության բնութագիրը և գնահատականը, դրանց կազմը, տեկտոնական խախտվածությունը, տեքստուրային և կառուցվածքային յուրահատկությունները: Տվյալներ շրջանի սեյսմականության մասին, սողանքների, սելավահոսքերի առաջացման հնարավորությունները:
3) Հանքաքարերի և պարփակող ապարների ծավալային զանգվածը (խտությունը), փխրեցման գործակիցը, ֆիզիկամեխանիկական և ֆիզիկատեխնիկական հատկությունները, հանքաքարերի տևապնդելիությունը և ինքնաբռնկումը, ապարազանգվածի ճեղքավորվածության տարածական բնութագիրը, երկրաբանահետախուզական, կապիտալ, նախապատրաստական և շահագործական լեռնային փորվածքների բնութագիրը, դրանց պահպանման եղանակները, տեղեկություններ փլուզումների, արտաթափումների, փլվածքների մասին, օգտակար հանածոյի և պարփակող ապարների կայունության ընդհանուր գնահատականը:
29. Օգտակար հանածոների պաշարների տարբերակային հաշվարկը:
1) Կոնդիցիաների պարամետրերի կազմի հիմնավորումը, ընդունված կոնդիցիաների պարամետրերի տարբերակները (ենթատարբերակները), պաշարների առանձին կարգերով հաշվարկային բլոկների եզրագծումը, պաշարների հաշվարկման մեթոդը, «մրրկային» պարունակությամբ նմուշների հաշվառումը, ըստ տարբերակների (ենթատարբերակների) պաշարների հաշվարկման արդյունքները, հարակից տարբերակների միջև հավելաճող պաշարների ընդհանուր գնահատականը, հանքավայրի P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների ընդհանուր գնահատականը:
2) Հանքավայրի (տեղամասի) պաշարները հաշվարկվում են առանձին` յուրացման երկու ժամանակաշրջանների համար: Առաջին ժամանակաշրջանին են վերագրվում այն պաշարները, որոնք նախատեսվում են մշակել կապիտալ ներդրումների ընդունելի (նորմատիվ) ետգնման ժամկետի սահմաններում: Մնացած պաշարները վերագրվում են յուրացման երկրորդ ժամանակաշրջանին:
3)Խոշոր և բարդ օբյեկտներում առաջարկվում է նաև յուրացման տարածաժամանակային փուլերի առանձնացում, որոնց պաշարները բնութագրվում են լեռնաերկրաբանական, հիդրո և ինժեներաերկրաբանական պայմանների, մշակման եղանակների, համակարգերի և բացման սխեմաների, օգտակար հանածոների որակի և այլ գործոնների էական տարբերությամբ:
30. Կոնդիցիաների հիմնական պարամետրերը:
1) Մետաղների և ոչ հանքային հումքի մի շարք տեսակների հաշվեկշռային պաշարների հաշվարկման համար տեխնիկատնտեսական հիմնավորման են ենթակա կոնդիցիաների հետևյալ հիմնական պարամետրերը.
ա. օգտակար բաղադրիչի (համալիր հանքաքարերի համար` պայմանական բաղադրիչի) եզրագծային պարունակությունը նմուշում կամ նմուշների խմբում հաշվեկշռային պաշարներն հանքային հատույթները ըստ հզորության եզրագծելու համար,
բ. օգտակար բաղադրիչի (կամ պայմանական բաղադրիչի) նվազագույն արդյունաբերական պարունակությունը հաշվարկային կամ շահագործական բլոկում՝ ըստ հանքամարմինների հզորությունների (հանքաքարի որակի փոփոխման գործակցի),
գ. օգտակար բաղադրիչի (կամ պայմանական բաղադրիչի) նվազագույն պարունակությունը հանքամարմնի հատույթում` ըստ տարածման և անկման հաշվեկշռային պաշարների եզրագծման համար,
դ. համալիր հանքաքարերում պայմանական (հիմնական) բաղադրիչի պարունակությանը ուղեկից օգտակար բաղադրիչների պարունակությունների բերման կարգը կամ պարունակությունների սահմանաքանակները համալիր հանքաքարերի համար,
ե. վնասակար խառնուրդների առավելագույն թույլատրելի պարունակությունները հաշվարկային (շահագործական) բլոկում, հատույթում, միջակայքում, նմուշում (նմուշների խմբում),
զ. անջատ հանույթի և վերամշակման ենթակա օգտակար հանածոյի տիպերի ու տեսակների պաշարների առանձնացման պահանջները,
է. ուղեկից բաղադրիչների անվանացանկը (ըստ օգտակար հանածոների առանձին տեխնոլոգիական տիպերի և տեսակների), որոնց պաշարներն անհրաժեշտ է հաշվարկել, հիմնավորելով այդ բաղադրիչների նվազագույն պարունակությունները հաշվարկային բլոկում կամ հատույթում,
ը. օգտակար հանածոյի մարմնի նվազագույն հզորությունը՝ միայն ոչ հանքաքարային օգտակար հանածոների որոշ հանքավայրերի պաշարների հաշվարկման ժամանակ,
թ. հաշվարկվող պաշարների եզրագծերում ընդգրկվող դատարկ ապարների և (կամ) ոչ կոնդիցիոն հանքաքարերի նրբաշերտերի առավելագույն թույլատրելի հզորությունը (միջակայքերի առավելագույն թույլատրելի երկարությունն ըստ տարածման և անկման),
ժ. հաշվարկվող պաշարների եզրագծերում ընդգրկվող կոնդիցիոն միջակայքերի նվազագույն թույլատրելի երկարություն (միջակայքերի նվազագույն թույլատրելի երկարությունն ըստ տարածման և անկման),
ժա. հանքաքարի պաշարների հաշվարկման պայմանները՝ երկրաչափացված եզրագծերում կամ վիճակագրորեն
ժբ. մեկուսացված (տարանջատված և ինքնուրույն բացում պահանջող) հանքամարմինների նվազագույն պաշարները՝ ըստ դրանց հեռավորության, տեղադրման խորության և բացման ծախսերի հաշվառմամբ,
ժգ. մշակման յուրաքանչյուր եղանակի (բաց, ստորգետնյա) համար պաշարների հաշվարկման սահմանային խորությունը և պաշարների հաշվարկման սահմանների նկատմամբ ներկայացվող այլ պահանջներ:
2) Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների պաշարների հաշվարկման համար հանքային հումքի կամ դրանից ստացվող արտադրանքի որակի նկատմամբ ներկայացվող պահանջները կանոնակարգվում են գործող ստանդարտներով (կամ գործող պայմանագրերով, որի արդյունքում օգտակար հանածոյի պաշարներին ներկայացվում են ավելի մեղմ պայմաններ), տեխնիկական պայմաններով, գնահատվող օգտակար հանածոյի վերամշակման տեխնոլոգիական փորձարկումների արդյունքներով: Շինարարական նյութերի հանքավայրերի գնահատման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ռադիոակտիվ ճառագայթման անվտանգության նորմերը:
3) Ածուխների (այրվող թերթաքարերի) հաշվեկշռային պաշարների հաշվարկման համար հիմնավորվում են կոնդիցիաների հետևյալ պարամետրերը.
ա. շերտի կամ դրա անջատ մշակման ենթակա մասերի նվազագույն հանութային հզորությունը,
բ. բարդ կառուցվածքով շերտի համախառն արդյունահանման ժամանակ դրա մեջ ընդգրկվող ապարային նրբաշերտերի առավելագույն հզորությունը,
գ. ածխի առավելագույն մոխրայնությունը (թերթաքարերի համար` չոր վառելիքի վերահաշվարկված այրման նվազագույն ջերմությունը),
դ. ուղեկից բաղադրիչների անվանացանկը, որոնց համար կատարվում է պաշարների հաշվարկ, անհրաժեշտության դեպքում` այդ բաղադրիչների նվազագույն պարունակությունը հատույթում կամ հաշվարկային (շահագործական) բլոկում,
ե. մեկուսացված (տարանջատված և ինքնուրույն բացում պահանջող) տեղամասերի կամ շերտերի նվազագույն պաշարները,
զ. պաշարների հաշվարկման սահմանային խորությունը,
է. ածուխների (թերթաքարերի) որակի նկատմամբ հատուկ պահանջները` եռակալումը, խեժի ելքը, ծծմբի, ֆոսֆորի պարունակությունները և այլն:
4) Արտահաշվեկշռային պաշարների հաշվարկման համար կոնդիցիաների պարամետրերի անվանացանկը համանման է հաշվեկշռային պաշարների հաշվարկման համար օգտագործվող անվանացանկին (բացառությամբ նվազագույն արդյունաբերական պարունակության):
5) Կոնդիցիաների պարամետրերի կազմը հիմնավորվում է հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, մշակման եղանակի և լեռնաերկրաբանական պայմանների, օգտակար հանածոյի տեսակի և օգտագործման ուղղությունների հաշվառմամբ:
6) Հանքավայրի արդյունաբերական գնահատման փուլից, բարդությունից ու մասշտաբից և լուծվող խնդրի տեսակից կախված` կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ժամանակ կարող են կիրառվել տարբերակային, վերլուծական, տնտեսագիտամաթեմատիկական ծրագրավորման, մաթեմատիկական անալիզի, գծագրական, գծագրավերլուծական, ուղղակի հաշվարկների, խոշորացված հաշվարկների, համանմանության մեթոդները, ինչպես նաև տարբեր մեթոդների զուգակցումը:
7) Անկախ կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ժամանակ կիրառված մեթոդից, ընդերքաբանական փորձաքննության ժամանակ, ստացված արդյունքների հավաստիությունը ստուգվում են վերլուծական և ուղղակի հաշվարկների մեթոդներով՝ Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումներով սահմանված մեթոդաբանությամբ:
8) Կոնդիցիաների ՏՏՀ-ներում դիտարկվում և հիմնավորվում է ջրավազանների ու ջրհոսքերի, բնակավայրերի, կապիտալ կառույցների և գյուղատնտեսական օբյեկտների, արգելոցների, բնության, պատմական և մշակութային հուշարձանների պահպանիչ բնամասերում գտնվող և հատուկ նշանակության հողերում (ընդերքի մասում) տեղակայված պաշարների հաշվարկման և հաշվառման նպատակահարմարությունը: Վերջիններիս վերագրումը հաշվեկշռային կամ արտահաշվեկշռային պաշարներին հիմնավորվում է հատուկ տեխնիկատնտեսական հաշվարկներով, որոնցում հաշվի են առնվում կառույցների տեղափոխման կամ պաշարների մշակման հատուկ մեթոդների հետ կապված ծախսերը: Լայն տարածում ունեցող ցածրարժեք օգտակար հանածոների հանքավայրերում այդպիսի պահպանիչ բնամասերի պաշարները, որպես կանոն, չեն հաշվարկվում:
4. Հանքավայրի (տեղամասի) տեխնիկատնտեսական գնահատումը
31. Հանքավայրի (տեղամասի) տեխնիկատնտեսական գնահատումն ըստ տարբերակների.
1) Մշակման եղանակի ընտրումը, հանքավայրի բացումը և լեռնակապիտալ աշխատանքների ծավալները, ձեռնարկության տարեկան արտադրողականությունն` ըստ պաշարների հաշվարկման տարբերակների (լեռնային հնարավորությունների ստուգմամբ), առանձին հանքամարմինների (հանքամարմինների խմբերի) համար ստորգետնյա մշակման տեխնիկապես կիրառելի համակարգերի ջոկումը` դրանց տեղադրման պայմանների, հզորությունների, հանքաքարի ու պարփակող ապարների կայունության և այլնի հաշվառմամբ, արդյունահանման ժամանակ օգտակար հանածոյի կորզման որակաքանակական ցուցանիշերի հիմնավորումը և համեմատվող մշակման համակարգերի համար շահագործական ծախսերի հաշվարկը (բաց եղանակով մշակման դեպքում տեխնիկատնտեսական ցուցանիշերը որոշվում են ըստ բացահանքի վերջնական եզրագծերի և լեռնային աշխատանքների տեխնոլոգիայի համեմատվող տարբերակների), հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների առանձնացված տիպերի և տեսակների համար` վերամշակման առաջարկվող տեխնոլոգիական սխեմաները, վերամշակման տեխնոլոգիական պարամետրերը, օգտակար հանածոների վերամշակման շահագործական ծախսերը, շրջակա միջավայրի վրա հանքավայրի մշակման ընդունված եղանակների և համակարգերի ու արդյունահանված հանքային հումքի վերամշակման ազդեցության աստիճանի գնահատականը և բնապահպանական միջոցառումների ծախսերը (տես՝ սույն հավելվածի 32-րդ կետը), հանքավերամշակող ձեռնարկության շինարարության կապիտալ ներդրումները, օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման լրիվ ինքնարժեքն ու բերված ծախսերը, տարբեր տեսակների ապրանքային արտադրանքների ընդունված գների հիմնավորումը, 1 տ (1 մ3) օգտակար հանածոյի արժեքը, օգտակար հանածոյի արժողության գործակիցը (կորզվող արժողության և բերված ծախսերի հարաբերությունը), տեսակարար, տարեկան և ընդհանուր (հանքավայրի կամ տեղամասի մշակման ամբողջ ժամկետի համար) շահույթը, այդ թվում` նվազագույն ընդունելին (նորմատիվայինը) և գերնորմատիվայինը, կապիտալ ներդրումների (այդ թվում` արդյունաբերական շինարարության) արդյունավետությունը և ետգնման ժամկետը.
2) Տեխնիկատնտեսական հաշվարկները կատարվում են ինչպես ամբողջ հանքավայրի (տեղամասի), այնպես էլ օբյեկտի յուրացման առանձնացված ժամանակաշրջանների համար.
3) Հանքավայրի յուրացման տարածաժամանակային փուլերի առանձնացման դեպքում, երբ դրանք էականորեն տարբերվում են միմյանցից մշակման լեռնաերկրաբանական պայմաններով, օգտակար հանածոյի որակով, մշակման և բացման եղանակներով, արդյունահանման և վերամշակման տեսակարար ծախսերով, կորզվող արժողությամբ, շահույթով, տեխնիկատնտեսական հաշվարկները յուրաքանչյուր փուլի համար իրականացվում են առանձին.
4) Բարդ և խոշոր հանքավայրերի գնահատումը առաջարկվում է իրականացնել համակարգչային մոդելների օգտագործմամբ, որոնք պարունակում են լրացուցիչ տեղեկատվության ստացմանը զուգընթաց ճշտվող բազմաթիվ փոփոխականներ: Այդ մոդելները կարող են օգտագործվել օպտիմալ նախագծային որոշումների ընդունման, տարբեր պարամետրերի, օրինակ` հանքաքարերում օգտակար բաղադրիչների պարունակությունների, արտադրվող արտադրանքների գների և այլնի հնարավոր փոփոխությունների նկատմամբ ֆինանսական զգայունության ստուգման միջոցով նախագծի ռիսկի որոշման ժամանակ.
5) Ապրանքային արտադրանքի ինքնարժեքը, արժեքը, շահույթը և գերնորմատիվային շահույթը որոշվում են գործող օրենսդրությամբ նախատեսվող տարբեր տեսակի հարկերի, վճարումների, հատկացումների հաշվառմամբ և առանց դրանց հաշվառման: Այդ ցուցանիշերը հանքավայրի (տեղամասի, փուլի) մշակման ամբողջ ժամկետի համար որոշվում են ինչպես առանց դիսկոնտացման, այնպես էլ դիսկոնտացմամբ` դիսկոնտի 10% և 15% դրույքաչափերի կիրառմամբ.
6) տեխնիկատնտեսական հաշվարկների ելակետային տվյալները և արդյունքներն ըստ տարբերակների բերվում են աղյուսակում` ցուցանիշերի անվանացանկով, որը բնութագրական է հանքաքարային հանքավայրերի համար.
7) Մանրազնին կոնդիցիաների ՏՏՀ-ում տեխնիկատնտեսական ցուցանիշերը, որպես կանոն, որոշվում են ուղղակի հաշվարկներով:
Աղյուսակ 1
Հանքավայրի (տեղամասի) յուրացման ամփոփիչ տեխնիկատնտեսական ցուցանիշներն ըստ տարբերակների (ենթատարբերակների)
Հ/Հ |
Ցուցանիշների անվանումները |
Չափման միավորը |
Ցուցանիշներն ըստ տարբերակների (ենթատարբերակների) | |||||||
I |
II |
I-ի և II-ի միջև հավելածը |
III |
II-ի և III-ի միջև հավելածը |
IV |
III-ի և IV-ի միջև հավելածը |
և այլն | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. |
1. Օգտակար հանածոյի հետախուզված և նախնական գնահատված պաշարները. |
հազ. տ (մ3) |
||||||||
2. |
2. Օգտակար բաղադրիչների պաշարները (A+B+C1+C2 կարգերով) հազ. տ (մ3) |
հազ. տ (մ3) |
||||||||
3. |
Ընդերքից օգտակար հանածոյի կորզման գործակիցը |
միավորի մաս |
||||||||
4. |
Կորզվող պաշարները. |
հազ. տ (մ3) |
||||||||
5. |
Արդյունահանման ժամանակ օգտակար հանածոյի որակի փոփոխման գործակիցը |
միավորի մաս |
||||||||
6. |
Շահագործական պաշարները. |
հազ. տ (մ3) |
||||||||
7. |
Օգտակար բաղադրիչների միջին պարունակությունները հետևյալ պաշարներում. |
% (գ/տ) |
||||||||
8. |
Մակաբացման ապարների ծավալը |
հազ. մ3 |
||||||||
9. |
Մակաբացման գործակիցը. |
մ3/տ (մ3/մ3) |
||||||||
10. |
Կազմակերպության տարեկան արտադրողականությունը. |
հազ. տ (մ3) |
||||||||
11. |
Օգտակար բաղադրիչների պարունակությունները խտանյութերում |
%(գ/տ) |
||||||||
12. |
Օգտակար բաղադրիչների պարունակությունները հարստացման պոչերում |
%(գ/տ) |
||||||||
13. |
Հանքաքարից խտանյութ բաղադրիչների կորզումը |
% |
||||||||
14. |
Խտանյութերի ելքը |
% |
||||||||
15. |
Խտանյութերից վերջնական ապրանքային արտադրանք բաղադրիչների կորզումը |
% |
||||||||
16. |
Պաշարներով կազմակերպության ապահովվածության ժամկետը |
տարի |
||||||||
17. |
Արդյունաբերական շինարարության (կազմակերպության վերակառուցման, ընդլայնման) կապիտալ ներդրումները, ընդամենը, |
մլն դրամ |
||||||||
18. |
Շրջանառու կապիտալը |
մլն դրամ |
||||||||
19. |
Ընդհանուր կապիտալ ներդրումներն, այդ թվում` բնապահպանական միջոցառումների համար |
մլն դրամ |
||||||||
20. |
Տեսակարար կապիտալ ներդրումները. |
դրամxտարի/տ |
||||||||
21. |
Շահագործական ծախսեր. |
մլն դրամ |
||||||||
22. |
1տ (մ3)-ի ինքնարժեքը. |
դրամ |
||||||||
23. |
1տ (մ3)-ի բերված ծախսերը. |
դրամ |
||||||||
24. |
Ապրանքային արտադրանքի միավորի (գ, տ, մ3) իրացման գինը |
դրամ |
||||||||
25. |
1տ (մ3) օգտակար հանածոյի կորզվող արժողությունը |
դրամ |
||||||||
26. |
Օգտակար հանածոյի արժողության գործակիցը. |
միավորի մաս |
||||||||
27. |
Ապրանքային արտադրանքի արժեքը (ընդհանուրն ու յուրաքանչյուր հիմնական և ուղեկից օգտակար հանածոյի ու բաղադրիչի համար առանձին) |
մլն դրամ |
||||||||
28. |
Շահույթը. |
մլն դրամ |
||||||||
29. |
Կապիտալ ներդրումների ետգնման նորմատիվ ժամկետը |
տարի |
||||||||
30. |
Գերնորմատիվային շահույթը. |
մլն դրամ |
||||||||
31. |
Կապիտալ ներդրումների ետգնման ժամկետը |
տարի |
||||||||
32. |
Մաքուր դիսկոնտացված եկամուտը. |
մլն դրամ |
32. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման առանձնահատկությունները դրանց շահագործման փուլում:
1) Շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ն կազմվում է ընդերքօգտագործողի կողմից հանքավայրի մշակման ընթացքում, դրա կոնկրետ` երկրաբանորեն տարանջատված տեղամասերի, առանձին հանքակուտակների, հանքամարմինների, այդ թվում` հանքավայրի (տեղամասի) լրահետախուզման և շահագործման գործընթացում լրացուցիչ բացահայտվածների գնահատման նպատակով: Շահագործական կոնդիցիաներով կարող են ճշտվել օգտահանվող ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների անվանացանկն ու ծավալները` ստեղծված շուկայական իրավիճակի հաշվառմամբ: Շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ն մշակվում է ընդերքօգտագործողի կողմից, որպես կանոն, սահմանափակ ժամկետի (մինչև 10 տարի) համար, որը համապատասխանում է այդ ժամանակաշրջանում շահագործվելիք օգտակար հանածոների մարմինների տեխնոլոգիապես առանձնացված մասերի (հարկերի, շահագործական բլոկների, խուցերի, հանքաստիճանների և այլն) պաշարներին: Ընդ որում, պետք է ապահովվի արդյունաբերական յուրացման մեջ ժամանակավորապես չընդգրկվող պաշարների պահպանությունը:
2) Շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորումը պետք է պարունակի.
ա. հանքավայրի գնահատվող մասի երկրաբանական, լեռնատեխնիկական, տեխնոլոգիական և այլ պարամետրերը բնութագրող ելակետային նյութերը (տես՝ 4-րդ և 5-րդ գլուխները), ինչպես նաև տեղեկատվություն ստեղծված տնտեսական պայմանների (գների, հարկերի և այլնի) մասին, որոնց փոփոխությունը հանքավայրի շահագործման դեպքում առաջացնում է մանրազնին կոնդիցիաների ճշգրտման անհրաժեշտություն,
բ. փաստացի տեխնիկատնտեսական ցուցանիշերը և դրանց վերլուծությունը,
գ. պարտադիր կամ նախաձեռնվող աուդիտորական ստուգման նյութերը, որոնք հաստատում են կազմակերպության հայտարարագրված ծախսային ու եկամտային ցուցանիշերի հիմնավորվածությունը,
դ. հանքավայրի գնահատվող մասերի սահմաններում օգտակար հանածոյի արդյունահանման և համալիր վերամշակման առաջիկա շահագործական ծախսերի մեծության հաշվարկային հիմնավորումը, ապրանքային արտադրանքի գործող գները և այլ ցուցանիշեր (օգտակար հանածոյի կորուստներ և աղքատացում, հարստացման խտանյութերում ու հարստապոչերում հիմնական և ուղեկից բաղադրիչների պարունակություններ, բաղադրիչների կորզում խտանյութ ու վերջնական արտադրանք և այլն),
ե. շահագործական կոնդիցիաների պարամետրերի տարբերակված հիմնավորումը,
զ. հանութային միավորների մշակման պլանն ըստ տարիների` շահագործական բլոկների տնտեսական բնութագրերի (ինքնարժեք, շահույթ, շահութաբերություն) տարբերակմամբ` գների առկա մակարդակի և դրանց ենթադրվող փոփոխությունների դեպքում,
է. հանքավայրի ամբողջ պաշարների վրա շահագործական կոնդիցիաների կիրառման ազդեցության գնահատումը և դրա մշակման հիմնական պարամետրերը,
ը. հանքավայրի հետախուզման և մշակման արդյունքների համադրման նյութերը:
3) Տեխնոլոգիական լուծումների ընտրության և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ժամանակ որպես օպտիմալության չափանիշ ընդունվում է հանքավայրի պաշարների մնացորդի մշակման ամբողջ ժամկետում ստացվող առավելագույն շահույթը:
33.Հանքավայրերի արդյունաբերական գնահատումը նախնական հետախուզման և որոնողագնահատանքային աշխատանքների արդյունքներով:
1) Հանքավայրում մանրազնին հետախուզմանն անցնելու նպատակահարմարության ՏՏԶ-ները մշակվում են նույն կառուցվածքով, ինչպես մանրազնին կոնդիցիաների ՏՏՀ-ները (տես՝ 4-րդ և 5-րդ գլուխները): Սակայն, կապված տեղեկատվության ոչ ամբողջականության և դրա ոչ բարձր հավաստիության հետ, տեխնիկատնտեսական հաշվարկները կարող են կատարվել հիմնավորված խոշորացված ցուցանիշերի լայն կիրառմամբ:
2) Նախնական կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումը իրականացվում է նույն սկզբունքներով, ինչպես մանրազնին կոնդիցիաներինը:
3) ՏՏԶ-ում բերվում է երկրաբանահետախուզական աշխատանքների մանրամասնում պահանջող հանքավայրի մասերի, տեղամասերի և օգտակար հանածոների մարմինների առանձնացման հիմնավորումը և տրվում են առաջարկություններ օբյեկտի հետախուզվածության նպատակահարմար աստիճանի վերաբերյալ` Դասակարգմանը համապատասխան:
4) Օբյեկտում նախնական հետախուզման անցկացման նպատակահարմարության վերաբերյալ ՏՏՆ-ն` գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ, առաջարկվում է մշակել հետևյալ մոտավոր կառուցվածքին համապատասխան.
ա. ներածություն,
բ. ընդհանուր տեղեկություններ,
գ. գնահատվող օբյեկտի շրջանի երկրաբանական կառուցվածքը,
դ. որոնված տեղամասերի համառոտ լեռնաերկրաբանական բնութագիրը,
ե. բացահայտված պաշարների և ռեսուրսների գնահատումը,
զ. օգտակար հանածոյի որակատեխնոլոգիական բնութագիրը,
է. ընդերքի համալիր յուրացման հնարավորությունները և բնապահպանական հայեցակետերը,
ը. տեխնոլոգիական և կազմակերպչական լուծումները,
թ. սպասվող կապիտալ ներդրումները, շահագործական ծախսերը, ապրանքային արտադրանքի արժեքը,
ժ. օբյեկտի տնտեսական ներուժի գնահատումը և նախնական հետախուզման անցկացման նպատակահարմարությունը,
ժա. գնահատանքային կոնդիցիաների պարամետրերի կազմի հիմնավորումը և դրանց հաշվարկը,
ժբ. հիմնական եզրահանգումները և առաջարկությունները` նախնական հետախուզման իրականացման համար:
5) ՏՏՆ-ում տեխնիկատնտեսական հաշվարկները կարող են կատարվել նմանակ օբյեկտների նախագծերի և գործող կազմակերպության ցուցանիշերի օգտագործմամբ, համապատասխան ճշգրտումների հիմնավորմամբ:
6) Գնահատանքային կոնդիցիաների պարամետրերը հիմնավորվում են հանքավայրի պաշարների մշակումից ստացվող շահույթի առավելարկման հիման վրա:
7) Գնահատանքային կոնդիցիաների պարամետրերի տարբերակված որոշումը հարկավոր է կատարել միայն մշակման տարբեր եղանակների և օգտակար հանածոյի տարբեր արդյունաբերական տիպերի (վերամշակման տեխնոլոգիական պարամետրերի էական տարբերության դեպքում) համար:
34. Տեխնիկական լուծումների էկոլոգիական հիմնավորումը:
1) Էկոլոգիական հիմնավորումը ձևավորվում է առանձին բաժնի տեսքով և մշակվում է հետևյալ հիմնական սկզբունքների պահպանմամբ.
ա. հանքավայրի շրջանում կանխատեսվող ազդեցությունների նկատմամբ շրջակա միջավայրի առկա վիճակի և դրա հիմնական բաղադրիչների կայունության հաշվառում,
բ. շրջակա միջավայրի վրա բոլոր ենթադրվող տեսակի ազդեցությունների (քիմիական, ֆիզիկական, սոցիալ-տնտեսական) պարտադիր համալիր դիտարկում,
գ. հանքավայրի մշակման և օգտակար հանածոյի վերամշակման յուրաքանչյուր եղանակի դեպքում շրջակա միջավայրի փոփոխության պատճառ հանդիսացող արտադրության հիմնական և օժանդակ տեխնոլոգիաների բոլոր տարրերի խոշորացված գնահատում,
դ. հավանական վթարային իրավիճակների պարտադիր գնահատում և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության հնարավոր բնույթի որոշում,
ե. ենթադրվող նախագծային լուծումների տարբերակների այլընտրանքայնությունը,
զ. արտադրական գործունեության շրջանում սոցիալ-տնտեսական հայեցակետերի, բնակչության զբաղվածության ձևերի ու մակարդակի, բժշկակենսաբանական և ժողովրդագրական իրավիճակների հաշվառում,
է. այնպիսի լուծումների գերակայություն, որոնց իրականացումը կազմակերպության շինարարության, շահագործման և լուծարման ժամանակ չի հանգեցնում շրջակա բնական միջավայրի անշրջելի կամ ճգնաժամային փոփոխությունների և չի սպառնում կազմակերպության անձնակազմի ու բնակչության առողջությանը և վերջինիս կենսագործունեության պայմաններին` ուղղակի, անուղղակի, կուտակային ու այլ տեսակի ազդեցությունների դեպքում:
2) Հնարավոր էկոլոգիական հետևանքների և դրա հետ կապված նյութական ու ֆինանսական ծախսերի գնահատումը իրականացվում է հանքավայրերի արդյունաբերական գնահատման բոլոր փուլերում` տարբեր աստիճանի մանրակրկիտությամբ և համարվում է հետագա լուծումների` հետախուզման ծրագրերի իրացման կամ օբյեկտի արդյունաբերական յուրացմանը նախապատրաստման, ընտրության վրա ազդող էական գործոն:
3) Տեխնիկական լուծումների էկոլոգիական հիմնավորման մոտավոր կառուցվածքը ունի հետևյալ տեսքը.
ա. ընդհանուր տեղեկություններ կազմակերպության վերաբերյալ,
բ. նախատեսվող գործունեության շրջանում բնական միջավայրի առկա իրավիճակը,
գ. բնական միջավայրի վրա ազդեցության հիմնական աղբյուրները և տեսակները,
դ. մթնոլորտային օդի աղտոտման կանխատեսումն ու գնահատումը,
ե. մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտման կանխատեսումն ու գնահատումը,
զ. հողային ռեսուրսների վրա ազդեցության կանխատեսումը,
է. բուսական և կենդանական աշխարհի վրա ազդեցության կանխատեսումը,
ը. հավանական վթարային իրավիճակների գնահատումը,
թ. արտադրական թափոնների օգտահանումը,
ժ. սոցիալ-ժողովրդագրական փոփոխությունների կանխատեսումը,
ժա. բնապահպանական միջոցառումները և դրանց տնտեսական գնահատումը:
35. Կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումը և պաշարների ստուգիչ հաշվարկը:
1) Հանքավայրի (տեղամասի) յուրացման առանձնացված ժամանակաշրջանների և փուլերի համար հիմնավորվում են կոնդիցիաների տարբերակված պարամետրեր: Յուրացման առանձնացված ժամանակաշրջանների և փուլերի սահմաններում կոնդիցիաների պարամետրերի տարբերակված հիմնավորում պահանջվում է իրականացնել նաև.
ա. մշակման և բացման տարբեր եղանակների համար,
բ. օգտակար հանածոյի արդյունաբերական տարբեր տիպերի և դրանց օգտագործման ուղղությունների համար,
գ. օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման տարբեր տեխնոլոգիաների ու մշակման համակարգերի համար,
դ. օգտակար հանածոների մարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության և հզորությունների, վերջիններիս և դրանց պարփակող ապարների ֆիզիկատեխնիկական բնութագրերի էական տարբերության դեպքում:
2) Տեխնոլոգիական լուծումների ընտրության և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ժամանակ որպես օպտիմալության չափանիշ ընդունվում է.
ա. առաջին ժամանակաշրջանի համար, այսինքն կապիտալ ներդրումների ետգնման նորմատիվ ժամկետի սահմաններում` այդ ժամանակաշրջանի պաշարների մշակման ամբողջ ժամկետում առավելագույն գերնորմատիվային շահույթը.
բ. երկրորդ ժամանակաշրջանի համար` այդ ժամանակաշրջանի պաշարների մշակման ամբողջ ժամկետում առավելագույն շահույթը:
3) Գերնորմատիվային շահույթի հիման վրա խնդիրների լուծմամբ ապահովվում է հանքային հումքի սահմանային որակով (օրինակ, եզրագծային, նվազագույն արդյունաբերական պարունակություններ) և մշակման լեռնաերկրաբանական պայմաններով (օրինակ, բաց աշխատանքների սահմանային խորություն, օգտակար հանածոյի նվազագույն հզորություն) հավելաճող պաշարների կորզվող արժողության և այդ նույն պաշարների արդյունահանման ու վերամշակման հավելաճային բերված ծախսերի հավասարությունը: Այս դեպքում ապահովվում է այդ պաշարների յուրացման համար անհրաժեշտ լրացուցիչ կապիտալ ներդրումների ետգնման նորմատիվ ժամկետը:
4) Օպտիմալության երկրորդ չափանիշի կիրառումը թույլ է տալիս հաշվեկշռայինին վերագրել այն պաշարները, որոնց յուրացումը չի բերում երկրորդ ժամանակաշրջանի պաշարների մշակումից ստացվող շահույթի կրճատման:
5) Կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումը պետք է իրականացվի կարևորագույն տեխնիկական, տնտեսական և կազմակերպչական լուծումների օպտիմալացման հետ միաժամանակ: Ընդունվող լուծումները հատկապես մանրակրկիտ փաստարկվում են առաջին ժամանակաշրջանի պաշարների յուրացման համար:
6) Հաստատման առաջարկվող կոնդիցիաների պարամետրերի կիրառմամբ իրականացվում է հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարների ստուգիչ հաշվարկ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել յուրացման առաջին ժամանակաշրջանի պաշարների եզրագծման և հաշվարկման վրա:
ԳԼՈՒԽ 5. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
36. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման աշխատանքների պարտադիր հավելվածներն են՝
1) տեխնիկական առաջադրանքը,
2) ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները,
3) տնտեսական ցուցանիշները,
4) տեխնոլոգիական փորձարկումների արդյունքները,
5) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման մասին տեղեկանքը,
6)այլ փաստաթղթերի բնօրինակներից պատճեններ, որոնց մեջ նշված տեղեկատվությունը կամ եզրակացությունները կիրառվել են հանքավայրի արդյունաբերական գնահատանքային ցուցանիշների որոշման ժամանակ:
37. Կախված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման մեթոդաբանությունից (տարբերակային և այլն) պետք է ներկայացվեն նաև հետևյալ հավելվածները.
1) քաղվածք նմուշարկման մատյանից շարքային նմուշների հիմնական անալիզների արդյունքներով։
2) պաշարների հաշվարկային պարամետրերի (օգտակար և ուղեկից բաղադրիչների պարունակություններ, օգտակար հանածոյի մարմինների հզորություններ և այլն) միջին մեծությունների որոշման նյութերն՝ ըստ հետախուզահատույթների, հետախուզափորվածքների, հետախուզակտրվածքների, հետախուզահորիզոնների և հաշվարկային բլոկների։
38. Շահագործվող հանքավայրերի դեպքում պարտադիր հավելվածներ են նաև 5 ՕՀՊՀ տարեկան հաշվետվությունները՝ նախորդ վերագնահատում օրվան հաջորդող բոլոր տարիների համար:
39. Հաշվետվության հեղինակների հայեցողությամբ այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են առավել ամբողջական արտացոլել կատարված աշխատանքների բնութագիրը։
6. ԳԾԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
40. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման աշխատանքների պարտադիր գծագրական նյութերի կազմը որոշվում է կախված հանքավայրի արդյունաբերական գնահատման փուլից, բարդությունից ու մասշտաբից և լուծվող խնդրի տեսակից:
41.Անկախ խնդիրների լուծման մեթոդաբանությունից (կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման մեթոդաբանություն՝ վերլուծական, ուղղակի հաշվարկների և այլն) պարտադիր են հետևյալ գծագրական նյութերը.
1) հանքավայրի իրավիճակային քարտեզ (1:10000 կամ 1:25000 մասշտաբներով),
2) հանքավայրի երկրաբանական քարտեզը` կտրվածքներով (1:2000 կամ 1:5000 կամ 1:10000 մասշտաբներով),
3) վերագնահատվող հանքավայրերի դեպքում, այն հորիզոնների և պաշարների հաշվարկման հատակագծերը, կտրվածքները, օգտակար հանածոների մարմինների պրոյեկցիաները ուղղաձիգ (հորիզոնական) հարթության վրա, որոնց վրա իրականացվել է օգտակար հանածոյի հաստատված և հաստատման առաջարկվող կոնդիցիաներին համապատասխան եզրագծերում և պաշարների համադրում (1:500 կամ 1:1000 մասշտաբներով),
4) հանքավայրի բացման սխեման (1:1000 կամ 1:2000 մասշտաբներով),
5) կախված հանքավայրի մշակման եղանակից՝ բացհանքի եզրագծերը (1:1000 կամ 1:2000 մասշտաբներով) կամ ստորգետնյա մշակման համակարգերը (1:100 կամ 1:200 մասշտաբներով),
6) հանքավայրի բաց եղանակով մշակման դեպքում՝ բացահանքով մշակման խորության (մակաբացման եզրագծային գործակցի) հաշվարկը հիմնավորող գծագրական նյութերը (1:1000 կամ 1:2000 մասշտաբներով),
42. Խնդիրների լուծման մեթոդաբանությունից (կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման մեթոդաբանություն՝ տարբերակային, գծագրավերլուծական և այլն) պարտադիր են նաև հետևյալ գծագրական նյութերը.
1) նմուշարկման հատակագծերը, հորատանցքերի սյունակները (1:100 կամ 1:200 մասշտաբներով՝ ըստ տարբերակների եզրագծերով),
2) հորիզոնների և պաշարների հաշվարկման հատակագծերը, կտրվածքները, օգտակար հանածոների մարմինների պրոյեկցիաներն ուղղաձիգ (հորիզոնական) հարթության վրա (1:500 կամ 1:1000 մասշտաբներով՝ ըստ տարբերակների եզրագծերով),
43. Կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման մեթոդաբանությունից կախված (տնտեսագիտամաթեմատիկական ծրագրավորման և այլն)՝ ենթադրվող այլ գծագրական նյութեր, որոնք կիրառվել են դրանց հիմնավորման ժամանակ,
44. Հաշվետվության հեղինակների հայեցողությամբ այլ գծագրական նյութեր, որոնք կարող են առավել ամբողջական արտացոլել կատարված աշխատանքների բնութագիրը։
45. Գծագրական նյութերը պետք է արտահայտեն.
1) գնահատվող օբյեկտի շրջանի ենթակառուցվածքը,
2) հանքավայրի կառուցվածքային (շերտագրական) դիրքը, դրա երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները, օգտակար հանածոների մարմինների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, դրանցում օգտակար բաղադրիչների, հանքային հումքի արդյունաբերական տիպերի (տեսակների) տարածական բաշխվածությունը,
3) ըստ եզրագծային պարունակության տարբերակների` հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների հաշվարկման եզրագծերը, օգտակար հանածոների մարմինների հզորությունները, դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն միջակայքերի հզորություններն ու երկարություններն` ըստ տարածման և անկման, օգտակար հանածոյի որակի ցուցանիշերը,
4) վերագնահատվող հանքավայրերի դեպքում՝ հաստատված և հաստատման առաջարկվող կոնդիցիաներին համապատասխան պաշարների եզրագծերը,
5) պաշարների մշակման սահմանները, բացհանքի վերջնական եզրագծերը` կտրվածքներով,
6) հանքավայրի բացման սխեման և լեռնային աշխատանքների ազդեցության գոտին,
7) շահագործվող հանքավայրերի դեպքում՝ օգտակար հանածոների մարված պաշարների սահմանները` հետախուզման և շահագործման տվյալների համադրմամբ,
8) կազմակերպության հիմնական օբյեկտների տեղադրման սխեման:
46. Բոլոր գծագրական նյութերը պետք է լինեն դիտողական և ընթեռնելի:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|