Գլխավոր տեղեկություն
Համար
N 113-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.04.2021-18.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.15/10(362) Հոդ.91
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.03.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 ապրիլի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010153

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մարտի 2010 թ.
ք. Երևան

N 113-Ն 
 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

պետական ուսումնական հաստատության ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 981-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.06.10 N 579-Ն, 15.03.21
N 25-Ն)

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 15.06.10 N 579-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

(2-րդ կետը փոփ. 15.06.10 N 579-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը։

4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

Ա. Աշոտյան

 

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2010 թվականի մարտի 18-ի

N 113-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 15.06.10 N 579-Ն, խմբ. 15.03.21 N 25-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման հետ կապված հարաբերությունները։

2. Պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) հիմնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, մարզպետարանը և Երևանի քաղաքապետարանը (այսուհետ` լիազորված մարմին) հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության` կազմակերպում և ապահովում են հաստատություն կոլեգիալ կառավարման մարմնի (այսուհետ` խորհուրդ) անդամների ընտրության գործընթացը:

(2-րդ կետը փոփ. 16.04.21 N 29-Ն)

3. Հաստատության խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով.

1) իբրև առանձին հաստատության խորհուրդ (այսուհետ՝ առանձին խորհուրդ),

2) իբրև առավելագույնը երեք հաստատության միացյալ խորհուրդ (այսուհետ՝ միացյալ խորհուրդ):

4. Առանձին խորհուրդ ձևավորվում է առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում։ Մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում ձևավորվում է միացյալ խորհուրդ՝ ներառելով առավելագույնը երեք հաստատություն:

5. Հաստատության խորհուրդը կազմվում է.

1) 9 անդամից՝ առանձին խորհրդի դեպքում,

2) առավելագույնը 19 անդամից՝ միացյալ խորհրդի դեպքում:

6. Խորհրդի անդամներին, առաջադրում են.

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար),

2) լիազորված մարմինը,

3) մանկավարժական խորհուրդը (միացյալ խորհրդի դեպքում՝ յուրաքանչյուր հաստատության մանկավարժական խորհուրդը),

4) ծնողական խորհուրդը (միացյալ խորհրդի դեպքում՝ յուրաքանչյուր հաստատության ծնողական խորհուրդը)՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների,

5) համայնքի ղեկավարը:

(6-րդ կետը փոփ. 16.04.21 N 29-Ն)

7. Նախարարը մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում առաջադրում է մեկական անդամ, իսկ միացյալ խորհրդում՝ երկուական անդամ:

8. Նախարարության ենթակայության հաստատություններում 4 անդամ առաջադրում է նախարարը և 1-ական անդամ՝ ՀՀ մարզերում համապատասխան մարզպետը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:

9. Մարզային ենթակայության հաստատությունների.

1) առանձին խորհուրդներում մարզպետն առաջադրում է խորհրդի 4 անդամ, որից մեկին գրավոր ձևով մարզպետին է ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարը,

2) միացյալ խորհուրդներում` 2 ուսումնական հաստատությունների միավորման դեպքում մարզպետն առաջադրում է 4 անդամ, որից երկուսին գրավոր ձևով մարզպետին են ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարները, իսկ 3 ուսումնական հաստատությունների միավորման դեպքում մարզպետն առաջարկում է 5 անդամ, որից երեքին գրավոր ձևով մարզպետին են ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարները:

(9-րդ կետը խմբ. 16.04.21 N 29-Ն)

10. Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների խորհուրդներում Երևանի քաղաքապետն առաջադրում է 4 անդամ:

11. Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի (առանձին կամ միացյալ) 2 անդամ, ընդ որում նույն անձը չի կարող ընդգրկվել խորհրդի կազմում ավելի, քան 2 անգամ անընդմեջ:

12. Հաստատության ծնողական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի (առանձին կամ միացյալ) 2 անդամ, ընդ որում նույն անձը չի կարող ընդգրկվել խորհրդի կազմում ավելի, քան 2 անգամ անընդմեջ։

13. Սույն կարգը չի տարածվում ազատազրկման ձևով պատիժ կրող կամ կալանավորված անձանց համար հանրակրթական ծրագրեր իրականացնող այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վրա, որոնք բացառապես պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն չեն (իրականացնում է նաև կանոնադրական այլ գործառույթներ):

14. Հաստատության խորհրդի կազմում նախարարի, լիազորված մարմնի, համայնքի ղեկավարի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ հաստատության աշխատակից:

(14-րդ կետը փոփ. 16.04.21 N 29-Ն)

15. Հաստատության տնօրենը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի կազմում:

16. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են հանրակրթության մասին օրենքով:

17. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց 15 աշխատանքային օր առաջ խորհրդի անդամին առաջադրող մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան, առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու:

18. Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում լիազորված մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը համապատասխանեցվում է սույն կարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերի պահանջներին:

19. Լիազորված մարմինը, հիմք ընդունելով առաջադրող մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, սույն կարգի 17-րդ կետի պահանջներին համապատասխան, 3 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ ենթակայության` հաստատում է խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերի պահանջների խախտման առկայության դեպքում` մերժում է խորհրդի անվանական կազմում առաջարկված տվյալ անձի թեկնածությունը:

20. Հանրակրթության մասին օրենքով սահմանված դեպքերում՝ խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման կամ լիազորված մարմնի կողմից խորհրդի անվանական կազմում սույն կարգի 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերի պահանջների խախտմամբ առաջադրված անձի թեկնածությունը մերժելու դեպքերում, նրան առաջադրող մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու` սույն կարգի պահանջներին համապատասխան:

21. Հանրակրթության մասին օրենքով նախատեսված դեպքերում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ժամկետից շուտ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում, խորհրդի նոր անդամի լիազորություններն ավարտվում են խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միաժամանակ:

22. Խորհրդի առաջին նիստը վարում է խորհրդի՝ տարիքով ավագ անդամը:

23. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

24. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստանում սույն կարգի 23-րդ կետով նախատեսված ձայները, ապա 2 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր քվեարկություն:

25. Նոր քվեարկության արդյունքում ևս խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ հավասար ձայների դեպքում խորհրդի նախագահը որոշվում է վիճակահանությամբ, որին մասնակցում են առավել ձայներ ստացած թեկնածուները:

26. Խորհրդի նիստերն արձանագրում է խորհրդի նախագահի կողմից առաջադրված և խորհրդի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված (քվեարկության բաց կամ փակ ձևը որոշում է խորհուրդը) քարտուղարը:

27. Խորհրդի նիստերը գումարվում են հաստատության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում` ըստ խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազորված մարմնի, հաստատության տնօրենի կամ խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:

(հավելվածը փոփ., խմբ. 15.06.10 N 579-Ն, փոփ. 22.06.11 N 742-Ն, լրաց. 03.11.14 N 1066-Ն, լրաց., խմբ. 24.02.15 N 102-Ն, լրաց. 12.11.15 N 956-Ն, խմբ. 15.03.21 N 25-Ն, փոփ., խմբ. 16.04.21 N 29-Ն)