Գլխավոր տեղեկություն
Համար
N 335-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2020
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.09.2020
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2020

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

9 սեպտեմբերի 2020 թ. 

ք. Երևան

N 335-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ռ. Պետրոսյան

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2020 թվականի սեպտեմբերի 9-ի

N 335-Ն հրամանի

 

ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանվում են ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների էկոլոգիական հավասարակշռության պահպանության, վերականգնման և էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացման և կայուն օգտագործման ապահովման, մարդածին բացասական ներգործությունների (այդ թվում` աղտոտվածության) նվազեցման, ջրային ռեսուրսների հետագա դեգրադացիայի կանխարգելման, ռեկրեացիայի (հանգիստ և տուրիզմ) արդյունավետ զարգացման, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, հազվագյուտ, էնդեմիկ և գիտական ու տնտեսական բարձրարժեք տեսակների պահպանման, վերականգնման և վերարտադրման ապահովման, այդ թվում՝ ջրային էկոհամակարգերի ամբողջականության պահպանման ու բարելավման նպատակով:

2. Ռեկրեացիոն գոտիները նախատեսված են տուրիզմի, հանգստի, ժամանցի, ձկնորսության, որսորդության, զբոսախնջույքների, լողի, արևային լոգանքների, զբոսանքի, սպորտային խաղերի և մրցաշարերի անցկացման, թիակավոր նավակներով զբոսանքի, թռչնադիտման, ռաֆտինգի, կայակինգի, լեռնագնացության, վրաններով հանգստի, էկոզբոսաշրջության, ինչպես նաև հանգստի և տուրիզմի կազմակերպման այլ ձևերի համար:

3. Ռեկրեացիոն նպատակով գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ռեկրեացիոն գոտիներում ապահովում է ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական և ջրաքիմիական պահպանության պահանջներ։

4. Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանվում են ըստ ջրային ռեսուրսների քանակի և որակի պահպանության պահանջների:

5. Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների քանակի պահպանության հիդրոլոգիական և հիդրոմորֆոլոգիական պահանջներն են՝

1) չկատարել այնպիսի հողային ու ինժեներական աշխատանքներ, որոնց արդյունքում կփոփոխվեն գետի ձևաբանական պարամետրերը (կորացումները, հունի լայնությունները, երկարությունը, պլանային տեսքը և այլն).

2) գետի հունում և ողողատում չիրականացնել հատակի նստվածքների հեռացում, տեղաշարժում, տարբեր առարկաներով լցոնում, ապարների հեռացում կամ ավելացում, ինժեներական կառուցվածքների տեղադրում, որոնց արդյունքում կփոփոխվեն գետի բնութագրերը (խորությունները, բնական ալեծփման ձևը և աստիճանը, գետային սահանքների և ջրվեժների բնական վիճակը և այլն)․

3) գետի հունում և ողողատում չիրականացնել կառուցապատում, չստեղծել գետի հունի և ողողատի արհեստական սուբստրատ։ Թեթև, ինչպես նաև ժամանակավոր կամուրջները, խողովակները և նմանատիպ այլ կառուցվածքները գետի մեկ ափից մյուս ափն անցկացնել այնպես, որ դրանց ստորին բարձրությունը բացարձակ առավելագույն հոսքի մակարդակի նիշից ցածր չլինի․

4) չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում կոչնչացվի կամ տեսակային կազմի փոփոխության կենթարկվի գետի ողողատի բնական բուսականությունը, ինչպես նաև գետի հունում չտեղադրել ցանկացած տիպի արհեստական պատնեշներ, որոնք կխոչընդոտեն կենդանական աշխարհի ազատ միգրացիան․

5) չիրականացնել գետի ափերի փոփոխություն նստվածքների ու արմատական ապարների հեռացմամբ ու ձևափոխմամբ, չտեղադրել գետի ափերի կայունացման նպատակով ափապաշտպան ինժեներական կառուցվածքներ․

6) գետի ողողատից առնվազն 20 մետր հեռավորությամբ չիրականացնել կառուցապատում կամ հողային աշխատանքներ, կամ որևէ կերպ փոփոխության չենթարկել բնական բուսականության կազմը․

7) չիրականացնել այնպիսի գործողություններ՝ պայթեցումներ, գրունտային ջրերի դրենաժավորում, հորատում և այլն, որոնք կհանգեցնեն բնական աղբյուրների ջրի քանակի և որակի փոփոխությունների․

8) բնական աղբյուրների շրջակայքում չիրականացնել հողային, երկրաբանական, կառուցապատման և կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև բնական աղբյուրների ակունքը փոփոխության ենթարկող կամ ջրի ազատ ելքը խոչընդոտող գործողություններ.

9) ռեկրեացիոն գոտիներում գտնվող և ռեկրեացիոն նպատակներով օգտագործվող լճերում չիրականացնել լիճ թափվող գետերից և/կամ բուն լճից այնպիսի ջրառ, կամ հոսք ունեցող լճերի համար ելքի արգելափակում, որոնց արդյունքում կխաթարվի ջրային հաշվեկշիռը, ինչը կհանգեցնի լճի մակարդակի և լճի ջրի թարմացման ժամանակի տևողության փոփոխության.

10) ռեկրեացիոն գոտիներում գտնվող և ռեկրեացիոն նպատակներով օգտագործվող լճերում չիրականացնել հատակի նստվածքների կազմի և կառուցվածքի, լողափի և առափնյա լանջի որևէ մորֆոլոգիական փոփոխություններ.

11) ռեկրեացիոն գոտիներում գտնվող և ռեկրեացիոն նպատակներով օգտագործվող լճերի հատակին, լողափին, առափնյա լանջին և դրանից առնվազն 20մ հեռավորության գոտում, իսկ Սևանա լճի դեպքում՝ լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշն ընկած գոտում, չիրականացնել կառուցապատում.

12) ռեկրեացիոն գոտիներում լճերի և ստորերկրյա ջրերի միջև հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական կապը չխաթարելու նպատակով արգելվում է ստորերկրյա ջրերի հորատումը և օգտագործումը, ինչպես նաև ստորերկրյա ջրերի դրենաժավորումը։

6. Հայաստանի Հանրապետության ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների որակի պահպանության պահանջներն են՝

1) ռեկրեացիոն գործունեության ծավալման արդյունքում չփոփոխել ջրային ռեսուրսների առկա ջրի որակը, եթե նույնիսկ տվյալ ջրի որակն առավել բարձր է, քան անհրաժեշտ է ձկնատեսակների, խեցեմորթների, խեցգետնակերպերի, վայրի բնության բազմացման համար, ինչպես նաև ջրի որակը բարձր է, քան ջրի վրա, ջրի մեջ և ջրային ռեսուրսների գտնվելու տարածքներում հանգստի, զբոսաշրջության կազմակերպման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ջրային ռեսուրսների ջրի որակի փոփոխությունը պայմանավորված է բնական գործոններով կամ երբ ջրային ռեսուրսների կառավարման մարմնի կողմից կհիմնավորվի, որ ջրի որակի ցածրացումը կամ ջրի ցածր որակի առկայությունը պայմանավորված է ջրային ռեսուրսների գտնվելու տարածաշրջանի կարևոր տնտեսական կամ սոցիալական զարգացմամբ.

2) ռեկրեացիոն գործունեությամբ վնաս չպատճառել ջրաէկոհամակարգերին կամ չխախտել դրանց ամբողջականությունը․

3) ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ջրապահպան, էկոտոնի գոտիների տարածքներում ռեկրեացիոն գործունեությունը չպետք է հանգեցնի կոշտ կենցաղային թափոնների, արդյունաբերական թափոնների կամ այնպիսի թափոնների առաջացմանը, որոնք կուտակվելով ջրային ռեսուրսների հատակին կամ ափին կամ ափամերձ գոտիներում կառաջացնեն քայքայվող, անտեսանելի կամ մարդածին այլ նստվածքագոյացումներ.

4) ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի գոտիների տարածքներում ռեկրեացիոն գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների մեջ չպետք է թափվեն տոքսիկ, կոռոզիոն, թթվային և կաուստիկ բնույթի միացությունների արտանետումներ` կենցաղային, արդյունաբերական աղբյուրներից, և (կամ) այն տիպի ցրված աղտոտման աղբյուրներից, որոնց արտանետումների մեջ այս միացությունների քանակությունը կամ համակցությունը վտանգ է ներկայացնում մարդու առողջության, կյանքի, կենդանական ու բուսական աշխարհի կամ ջրաէկոհամակարգի համար.

5) ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, ջրապահպան, էկոտոնի գոտիների տարածքներում ռեկրեացիոն գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների մակերևույթին չպետք է հայտնվեն նավթամթերքների հետքեր, մակերևութային ակտիվ նյութեր կամ լողացող միացություններ, այդ թվում՝ լողացող աղբ.

6) ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի գոտիների տարածքներում ռեկրեացիոն գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների մեջ չպետք է հայտնվեն հիվանդածին մանրէներ, կենդանիների ֆեկալներ, մահացած կենդանիների մնացորդներ, կենդանիների համար նախատեսված կերերի մնացորդներ և նման բնույթի այլ նյութեր.

7) ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի գոտիներում ռեկրեացիոն գործունեության նպատակով ջրօգտագործման դեպքում ջրահեռացումը պետք է իրականացվի ջրօգատագործման թույլտվությունով տրված ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմերին համապատասխան՝ բացառելով անհատական նորմերի գերազանցման ցանկացած դեպք.

8) ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների որոշ ջրաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջներն են`

ա) ռեկրեացիոն գոտիների ջրային ռեսուրսներում լուծված թթվածնի պարունակության սահմանաչափը (նորմը), որը տրվում է յուրաքանչյուր ջրային ռեսուրսների առանձնահատկություններից ելնելով ու սահմանվում է ջրի մոնիտորինգի ծրագրի շրջանակներում դաշտային աշխատանքների իրականացման միջոցով, պետք է կիրառվի ջրի մակերևույթից մինչև 1 (մեկ) մետր խորության համար։ Այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսների խորությունը 2 (երկու) մետրից պակաս է, լուծված թթվածնի պարունակության սահմանաչափը (նորմը) կիրառվում է մինչև միջին խորության համար,

բ) ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների ջրածնային ցուցիչը (pH) պետք է ընկած լինի 6.0 - 8.5-ի միջակայքում (բացառությամբ, եթե բնականից ջրային ռեսուրսն ունի ջրածնային ցուցիչի(pH) այլ արժեք),

գ) ջրային ռեսուրսների ջերմաստիճանը չպետք է բարձրանա ավելի քան 5 °C-ով՝ իր մեջ ջրահեռացում կատարվելուց հետո,

դ) ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պղտորության արժեքը պետք է լինի նույնը՝ ջրային ռեսուրսների (գետ, լիճ, ջրամբար) երկայնքով ռեկրեացիոն գործունեության կազմակերպման կետից 500մ վերև և 500մ ներքև ընկած հատվածներում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2020 թվական: