Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
СДЗ РА 2002 г. том 6 Հոդ.349
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010394

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 հոկտեմբերի 2010 թ. 
 ք. Երևան

 N 21-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ, ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7. 004-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 07.04.20 N 12-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը,

(նախաբանը խմբ. 07.04.20 N 12-Ն)

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել «Ավտոբենզալցակայաններին, ավտոգազալիցքավորման ճնշակայաններին և ավտոգազալիցքավորման կայաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 սանիտարական կանոնները և նորմերը՝ համաձայն հավելվածի։

(հրամանը փոփ. 07.04.20 N 12-Ն)

 

 

Հ. Քուշկյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. հոկտեմբերի 1-ի

N 21-Ն հրամանի

 

ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ, ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.1.7.004-10

(վերնագիրը խմբ. 07.04.20 N 12-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են ավտոբենզալցակայանների և ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ` ԱԳԼՃԿ), ավտոգազալիցքավորման կայանների (այսուհետ` ԱԳԼԿ) տեղակայմանը, տարածքի սանիտարական պահպանմանը, տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումներին, ջրամատակարարմանը, ջրահեռացմանը, աշխատողների սանիտարակենցաղային պայմանների ապահովմանը, աշխատանքային անվտանգությանը, աշխատողների բժշկական զննության կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

(1-ին կետը լրաց. 07.04.20 N 12-Ն)

2. Սույն սանիտարական կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավտոբենզալցավորման և ավտոգազալիցքավորման գործունեություն իրականացնող, ինչպես նաև նախագծման և կառուցման աշխատանքներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վրա:

3. Սույն սանիտարական կանոնները տարածվում են նաև առևտրային, արդյունաբերական, վերամշակման, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ պետական այն հիմնարկների վրա, որտեղ ավտովառելիքը օգտագործվում է բացառապես կազմակերպության գործունեության նպատակների համար` շահագործվող ավտոմեքենաների լիցքավորման համար:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

4. ավտոբենզալցակայան` հեղուկ ավտովառելիքի, տեխնիկական հեղուկների, լցավորման մշտական (ստացիոնար) կայան,

5. ավտոգազալիցքավորման ճնշակայան` լիցքավորման ճնշակայան, որի տարածքում իրականացվում է մարդատար, բեռնատար, ինչպես նաև հատուկ մեքենաների` բնական գազով աշխատելու հարմարեցված վառելիքային համակարգի գլանոթների լիցքավորում,

(5-րդ կետը փոփ. 07.04.20 N 12-Ն)

5.1 ավտոգազալիցքավորման կայան` լիցքավորման կայան, որի տարածքում իրականացվում է մարդատար, բեռնատար, ինչպես նաև հատուկ մեքենաների` հեղուկ նավթային գազով աշխատելու հարմարեցված վառելիքային համակարգի գլանոթների լիցքավորում,

(5.1-ին կետը լրաց. 07.04.20 N 12-Ն)

6. ավտովառելիք` նավթաթորվածքներ, այդ թվում՝ բենզինը և դիզելային վառելիքը, գազային վառելիք, որոնք ավտոբենզալցակայանում կամ ավտոգազալիցքավորման ճնշակայանում բաժնավորվում են ավտոմեքենաների բաքերում կամ շարժական բեռնարկղերում,

7. վերգետնյա ռեզերվուար` գետնի մակերևույթից բարձր անշարժ տեղակայված տարողություն` նախատեսված ավտովառելիքի պահեստավորման և օգտագործման նպատակով,

8. ստորգետնյա ռեզերվուար` գետնի մակերևույթից ցածր անշարժ տեղակայված տարողություն` նախատեսված ավտովառելիքի պահեստավորման և օգտագործման նպատակով,

9. խողովակաշար` խողովակների ամբողջություն, որոնց միջոցով ավտովառելիքը փոխանցվում է պահեստավորման ռեզերվուարներից դեպի բաժնավորիչները: Նշված համակարգը ներառում է բոլոր խողովակաոստերը, կցորդիչները, միացումները, կափույրները և այլ ամրակցված տարրերը։

 

3. ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

10. Նոր կառուցվող ավտոբենզալցակայանները և ԱԳԼՃԿ-ները տարանջատվում են բնակելի և հասարակական շենքերից սանիտարապաշտպանական գոտով, որոնց հեռավորությունը սահմանվում է ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշումներով հաստատված կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

(10-րդ կետը փոփ. 07.04.20 N 12-Ն)

11. Ավտոբենզալցակայանները և ԱԳԼՃԿ-ները, ԱԳԼԿ-ները չեն տեղակայվում խմելու ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման բոլոր գոտիներում:

(11-րդ կետը լրաց. 07.04.20 N 12-Ն)

12. Նոր կառուցվող ավտոբենզալցակայանի նախագիծը ներառում է կայանի տեղակայման տարածքի իրավիճակային հատակագիծը, ներառյալ տարածքի սահմանագծերը, տարածքում կամ դրա սահմաններից դուրս բոլոր ուղղություններով մինչև 300 մ հեռավորության վրա գտնվող մակերեսային կամ ստորգետնյա խմելու ջրամատակարարման աղբյուրների առկայությունը, աշխատողների և հաճախորդների համար նախատեսված սանիտարահիգիենիկ շինությունների և հարմարությունների տեղակայումը ու նկարագրությունը, կայանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղակայումը և այլն:

13. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների տեղակայման տարածքը լինում է բարեկարգ և կանաչապատ:

(13-րդ կետը լրաց. 07.04.20 N 12-Ն)

14. Տարածքի սանիտարական մաքրումը կատարվում է ամեն օր, ամռան ընթացքում` խոնավ եղանակով:

15. Տարածքում առանձնացվում է հրապարակ կենցաղային կոշտ թափոնների հավաքման ժամանակավոր պահպանման համար:

16. Տարածքում տեղադրում են աղբանոթներ և կափարիչով աղբի կոնտեյներներ:

17. Ավտոբենզալցակայանի և ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների տարածքը ապահովվում է ջրանթափանց, հարթ ծածկով, հեղեղատար ջրերի հեռացման համակարգով:

(17-րդ կետը լրաց. 07.04.20 N 12-Ն)

18. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների /որոնք նախատեսված չեն բացառապես կազմակերպության գործունեության նպատակների համար/ տեղակայման տարածքը ապահովվում է հասարակական զուգարանով:

(18-րդ կետը լրաց. 07.04.20 N 12-Ն)

19. Ավտոբենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների հասարակական զուգարանների կառուցվածքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի N 06-Ն հրամանով հաստատված «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N2-III-2.13 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

(19-րդ կետը խմբ. 07.04.20 N 12-Ն)

20. Հասարակական զուգարանի շահագործումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի 06-Ն հրամանով հաստատված «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 N սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:

21. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼԿ-ների հասարակական զուգարանի նվազագույն խցիկների քանակը՝ մինչև 4-ը ներառյալ լիցքավորման խողովակների դեպքում առնվազն 1 խցիկ (ընդհանուր օգտագործման), 5-7 լիցքավորման խողովակների դեպքում՝ առնվազն 2 խցիկ (1 կանանց և 1 տղամարդկանց), 8 և ավել լիցքավորման խողովակների դեպքում՝ առնվազն 3 խցիկ (1 կանանց և 1 տղամարդկանց, 1 ընդհանուր օգտագործման), իսկ ԱԳԼՃԿ-ների հասարակական զուգարանի նվազագույն խցիկների քանակը մինչև 7 ներառյալ լիցքավորման խողովակների դեպքում առնվազն 2 խցիկ (1 կանանց և 1 տղամարդկանց) է, 8 և ավել լիցքավորման խողովակների դեպքում՝ առնվազն 3 խցիկ (1 կանանց, 1 տղամարդկանց և 1 ընդհանուր օգտագործման):

(21-րդ կետը խմբ. 07.04.20 N 12-Ն)

21.1 Ավտոբենզալցակայանների, ԱԳԼԿ-ների և ԱԳԼՃԿ-ների հասարակական զուգարաններում առնվազն մեկ խցիկ կահավորել բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար:

(21.1-ին կետը լրաց. 07.04.20 N 12-Ն)

 

4. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԿՈՅՈՒՂԻ

 

22. Նոր կառուցվող և վերակառուցվող ավտոբենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական լուծումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում», Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով սահմանված ՍՆԻՊ 2.04.02-84* «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և ՍՆԻՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերով սահմանված պահանջներին:

(22-րդ կետը խմբ. 07.04.20 N 12-Ն)

23. Ավտոբենզալցակայաններին և ԱԳԼՃԿ-ներին, ԱԳԼԿ-ներին տրվող խմելու ջրի որակը համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

(23-րդ կետը լրաց. 07.04.20 N 12-Ն)

24. Աշխատատեղերը և հասարակական զուգարանը ապահովվում են խմելու ջրի շուրջօրյա մատակարարմամբ: Մշտական հոսող ջրի բացակայության դեպքում ջրի տակառիկների և լվացարանների ջրագծերը լրացուցիչ միացվում են անհրաժեշտ ծավալով խմելու ջրի տարողությունների:

 

5. ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՃԿ-ՆԵՐԻ, ԱԳԼԿ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(վերնագիրը լրաց. 07.04.20 N 12-Ն)

 

25. Հերթապահ օպերատորները ապահովվում են անհատական պաշտպանության միջոցներով` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756 հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 Սանիտարական կանոնների և նորմերի 4.13 կետի` ՀՀ կառավարության «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 631-Ն որոշմամբ հաստատված ցանկին համապատասխան:

26. Նավթամթերքով կամ դրանով աղտոտված կեղտաջրերի դիտահորերում, խրամուղիներում և նմանօրինակ այլ կառույցներում աշխատանքները կատարվում են շնչառական օրգանների պաշտպանության միջոցներով:

27. Աշխատողները ապահովվում են 1-ին բժշկական օգնության միջոցներով:

28. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների կազմակերպություններում չեն աշխատում մինչև 18 տարեկան անձինք, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք` ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 2308-Ն որոշման համաձայն:

(28-րդ կետը լրաց. 07.04.20 N 12-Ն)

29. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների աշխատատեղերում ջեռուցմանը, օդափոխմանը, օդի լավորակմանը, լուսավորմանը և միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756 հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 Սանիտարական կանոնների և նորմերի 3.2 և 3.3 կետերի և ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842 հրամանով հաստատված և «Արտադրական սենքերի միկրոկլիմա» ՍՆ N 2-2.2.4-001-05-ի պահանջների:

(29-րդ կետը լրաց. 07.04.20 N 12-Ն)

30. Օպերատորների աշխատատեղերը տեղակայվում են առանձին սենքում: Տարողություններում վառելիքի մակարդակը չափվում է հեռակառավարման (դիստանցիոն) սարքերի միջոցով:

31. Բենզինի և վառելիքի այլ տեսակների հետ աշխատողների աշխատանքային գոտում վնասակար նյութերի քանակությունները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N2.2.5-004-10 կանոններով և նորմերով հաստատված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:

(31-րդ կետը խմբ. 07.04.20 N 12-Ն)

32. Ավտոբենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների սանիտարակենցաղային սենքերի նախագծային լուծումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի 82 հրամանով սահմանված ՍՆԻՊ 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր», Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի:

(32-րդ կետը խմբ. 07.04.20 N 12-Ն)

33. Աշխատակիցները հագուստի և աշխատանքային արտահագուստի առանձին պահպանման համար ապահովվում են պահարաններով կահավորված հանդերձարանով:

34. Սննդի ընդունումը արտադրական սենքերում չի կատարվում: Սննդի ընդունման համար անհրաժեշտ է նախատեսել առանձին սենյակ` համապատասխան կահավորմամբ և լվացարանով:

 

6. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

35. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների, ԱԳԼԿ-ների աշխատողները ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(35-րդ կետը լրաց. 07.04.20 N 12-Ն)

(հավելվածը խմբ., լրաց, փոփ. 07.04.20 N 12-Ն)