Գլխավոր տեղեկություն
Համար
N 511-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.12.2020
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.12.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

09 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թ.
քաղ. Երևան

N 511-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՀՐԱԶԵՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հրազեն և հատուկ միջոցներ հատկացնելու և պահելու կարգը՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ռ. Բադասյան

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2020 թվականի դեկտեմբերի 9-ի

N 511-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀՐԱԶԵՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՀԵԼՈՒ

 

I. ՀՐԱԶԵՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկադիր կատարողին պահելու և կրելու իրավունքով հրազեն և հատուկ միջոցներ (այսուհետ` զենք) հատկացնելու, հատկացված զենքը պահելու հետ կապված հարաբերությունները:

2. Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողին հատկացվում է համապատասխան զենք պահելու և կրելու իրավունքով:

3. Հարկադիր կատարողին պահելու և կրելու իրավունքով հատկացվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սպառազինության մեջ ընդգրկված հաշվեցուցակային ատրճանակ:

4. Հարկադիր կատարողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ՝ զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև՝ զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:

5. Գլխավոր հարկադիր կատարողին, գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է ծառայողական պարտականությունների կատարմանն անցնելու պահից:

6. Հարկադիր կատարողին զենք պահելու և կրելու իրավունքով հատկացվում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի սահմանված կարգով հատուկ ուսուցում անցնելուց հետո:

7. Զենքը հատկացվում է Գլխավոր հարկադիր կատարողի անհատական իրավական ակտով:

8. Հատկացված զենքը գործադրվում (կիրառվում) և օգտագործվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

9. Հարկադիր կատարողին զենք հատկացնելու համար հիմք է հարկադիր կատարողի զեկուցագիրը (Ձև 1)՝ ուղղված գլխավոր հարկադիր կատարողին՝ ստորաբաժանման ղեկավարի միջնորդությամբ:

10. Հատուկ ուսուցում անցած հարկադիր կատարողի զեկուցագիրը և հատուկ ուսուցումն անցնելու արդյունքում տրված վկայականի պատճենը փոխանցվում է սպառազինության համար պատասխանատու անձին՝ զենքը հարկադիր կատարողին հատկացնելու համար: Վկայականի համարը գրանցվում է հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանում (համաձայն Ձև 2-ի):

11. Հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանը վարում է Գլխավոր հարկադիր կատարողի կողմից նշանակված սպառազինության համար պատասխանատու անձը:

 

II. ՀՐԱԶԵՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

12. Հարկադիր կատարողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:

13. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի հարկադիր կատարողի համազգեստին (հագուստին):

14. Արգելվում է հարկադիր կատարողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ և այլն):

15. Զենքը հարկադիր կատարողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:

16. Քաղաքացիական հագուստ կրող հարկադիր կատարողը զենքը կրում է քողարկված:

17. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված հարկադիր կատարողը զենքն ի պահ է հանձնում սպառազինության համար պատասխանատու անձին։

18. Հարկադիր կատարողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև համապատասխան հարմարանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է`

1) հարկադիր կատարողի անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, հարկադիր կատարողի՝ ծառայության մեջ գտնվելու ժամանակ,

3) սպառազինության համար պատասխանատու անձի կողմից` ամիսը մեկ անգամ,

4) շարային ստուգատես անցկացնելու ժամանակ` ստուգատես անցկացնող անձի կողմից:

19. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու դեպքերում հարկադիր կատարողը պարտավոր է զենքը հանձնել ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու անձին:

20. Հարկադիր կատարողը ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդ մեկնելիս, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում սպառազինության համար պատասխանատու անձին:

21. Հարկադիր կատարողը պարտավոր է զենքը հանձնել`

1) ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ, եթե հարկադիր կատարողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները.

2) եթե ժամանակավորապես կասեցվել են հարկադիր կատարողի ծառայողական լիազորությունները.

3) եթե հարկադիր կատարողն ազատվել է ծառայությունից.

4) եթե բժշկական եզրակացությամբ հարկադիր կատարողին արգելվել է զենք կրել:

22. Սպառազինության համար պատասխանատու անձին հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի և հատուկ միջոցների հանձնման և ընդունման գրքում:

23. Զենքը գործադրելու կամ օգտագործելու, ինչպես նաև զենքը կորցնելու կամ փչացնելու դեպքերում հարկադիր կատարողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ձեռնարկում միջոցներ` զենքը վերանորոգելու, կորած զենքը որոնելու համար:

 

Ձև N 1

 

ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող

_______________________________

_______________________________

(անունը, ազգանունը)

 

 «Թույլատրում եմ

հատկացնել հաշվեցուցակային զենք»

ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող

_______________________________

(անունը, ազգանունը)

___________________

(ստորագրությունը)

____ _______________ 20 թ.

 

Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր

 

Հաշվի առնելով այն, որ անցել եմ ՀՀ փոխվարչապետի 06.08.2020թ. թիվ 476-Լ որոշմամբ նախատեսված հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հատուկ ուսուցումը և ստացել եմ համապատասխան վկայական՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան անձին` հաշվեցուցակային զենք հատկացնելու համար:

Հաշվեցուցակային զենքը պահելու անվտանգության պայմաններն աշխատավայրում և բնակության վայրում ապահովում եմ:

Տեղյակ եմ զենքի անօրինական գործադրման (կիրառման) կամ օգտագործման հետևանքների մասին:

 

________________________________

(պաշտոնը, կոչումը)

__________________

(ստորագրությունը)

_____________________

(անունը, ազգանունը)

_____ _______________ 20 թ.

 

«Միջնորդում եմ

հատկացնել հաշվեցուցակային զենք»

______________________________________________

(ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, կոչումը)

 

__________________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

____ _______________ 20 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN

ը/կ

ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՏԱՑՄԱՆ

ԱՄԻՍ ԱՄՍԱԹԻՎԸ

Կոչումը, ազգանունը, անունը

Ծառայությունը, պաշտոնը

1

2

3

4

       
       
       
       
       

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան