Գլխավոր տեղեկություն
Համար
N 10
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

18 մարտի 2011 թվականի N 10

 

19. ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` «ԱՐԻ ՏՈՒՆ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների` «Արի տուն» 2011 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 23

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թ.

մարտի 18-ի նիստի N 10

արձանագրային որոշման

 

2011  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` «ԱՐԻ ՏՈՒՆ»

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

1. Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2011 թվականի ծրագրի (այսուհետ` Ծրագիր) նպատակներն են`

1) Հայաստան-հայրենիքն աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար ճանաչելի դարձնելը,

2) սփյուռքահայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանն աջակցելը,

3) սփյուռքահայ երիտասարդ սերնդին հայ ժողովրդի սովորույթների ու ավանդույթների, հայ ընտանիքի և հայ մարդու կերպարի առանձնահատկությունները ներկայացնելը, նրանց մեջ Հայաստանը որպես հայրենիք գիտակցելու ձևավորմանն աջակցելը,

4) սփյուռքահայ երիտասարդության մեջ ազգային ինքնության և արմատների ճանաչողության, սփյուռքահայ երիտասարդի ազգային գիտակցության ձևավորման հնարավորություններն ընդլայնելը,

5) սփյուռքահայ երիտասարդների մեջ հայրենասիրության և հայոց պետականաստեղծ գործին աջակցելու ցանկության ձևավորմանը նպաստելը,

6) Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանն աջակցելը, երիտասարդության հայադարձությանը նպաստելը:

Այսպիսով, «Արի տուն» ծրագիրը իրականացնում է հայապահպանության առաքելություն` նպատակ ունենալով ձևավորել սեփական արմատներին տեղեկացված հպարտ հայ սերունդ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Ծրագրի հիմնախնդիրներն են`

1) Սփյուռքի և Հայաստանի երիտասարդության միջև թույլ և չհամակարգված կապերը,

2) հայրենիքի, նրա պատմաճարտարապետական կոթողների, հայ մարդու կյանքի, կենցաղի և կենսագործունեության, ազգային արժեքային համակարգի և ազգային մշակույթի վերաբերյալ սփյուռքահայ երիտասարդների թերի տեղեկացվածությունը,

3) Հայաստանի և հայ իրականության վերաբերյալ Հայաստանում և Սփյուռքում առկա ոչ լիարժեք կամ սխալ պատկերացումները,

4) սփյուռքահայ շատ ընտանիքների սոցիալական սուղ պայմանները` սփյուռքահայ երիտասարդներին դեպի Հայաստան ուխտագնացության ուղարկելու նպատակի իրականացման համար,

5) որոշ համայնքներում մայրենի լեզվի իմացության ցածր մակարդակը և խառնամուսնությունների թվի ավելացումը,

6) հայկական կառույցներում երիտասարդների ընդգրկվածության ցածր մակարդակը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

3. Ծրագրի մշակման և իրականացման հիմք են հանդիսացել`

1) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

2) Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի N ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշումը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1049-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրության դրույթները,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը,

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 նիստի արձանագրային որոշումը,

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշումը:

 

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) Հայաստան–Սփյուռք գործակցության խթանումը և զարգացումը,

2) երիտասարդության շրջանում ազգային ինքնության և արժեքների ճանաչողության խթանումը,

3) հայադարձության խթանումը,

4) լեզվապահպանությանը նպաստելը,

5) «Հայկական աշխարհի» կազմավորմանը նպաստող անհրաժեշտ համագործակցության նախադրյալների ստեղծումը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միջև կապերի ամրապնդումը,

6) Հայաստանի նկատմամբ Սփյուռքում առկա թերի պատկերացումների շտկումը,

7) զբոսաշրջության խթանումը,

8) Հայաստանի Հանրապետության բուհերի վերաբերյալ տեղեկատվության տարածումը և հետաքրքրության ավելացումը:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Ծրագիրն իրականացվում է պետական, մասնավոր և հասարակական հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն Հայաստան-Սփյուռք գործակցության խթանմանն ու զարգացմանը:

6. Ծրագիրը մեկնարկում է 2011 թվականի հունիսին և շարունակվելու է մինչև հոկտեմբեր, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-20 տարեկան մինչև 800 երիտասարդներ, որպես կանոն, կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում: Նախատեսվում է նաև կազմակերպել «Արի տուն» ամառային ճամբար, ուր ծրագրի մասնակիցները կհյուրընկալվեն հայաստանցի իրենց հասակակիցների հետ: Ծրագրի յուրաքանչյուր փուլի տևողությունը երկու շաբաթ է, որին չեն կարող մասնակցել «Արի տուն» ծրագրի նախորդ մասնակիցները: 2011 թվականի ծրագիրը զուգահեռ կիրականացվի երկու տարիքային խմբերի` 13-16 և 17-20 տարեկանների համար:

7. Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերը ձևավորվելու և Հայաստան են տեղափոխվելու օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, համահայկական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների աջակցությամբ: Ծրագրի մասնակից երիտասարդները ճանապարհածախսը հոգում են իրենք` սեփական կամ համայնքային կազմակերպությունների և այլ հովանավորների միջոցների հաշվին:

8. Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կմշակվի և կիրականացվի միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են երիտասարդների հայաստանյան հասակակիցների հետ շփումներ և հաղորդակցություն, կապերի ստեղծում, էքսկուրսիաներ` պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների դիտումներ, փառատոներին մասնակցություն, այցելություններ ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ, այլ ժամանցային միջոցառումներ, ուսուցողական դասընթացներ` տարբեր թեմաներով: Ծրագրի շրջանակներում կապահովվեն նաև միջոցառումների մասնակցության համար անհրաժեշտ փոխադրամիջոցները, մասնակիցների սնունդը, ծրագրային միջոցառումների լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, մասնակիցներին տրամադրվելիք` Ծրագրի տարբերանշանով պարագաները, Ծրագրին առնչվող անհրաժեշտ տպագիր և էլեկտրոնային նյութերը, ինչպես նաև մասնակիցների սնունդն ու գիշերումը Արի տուն» ամառային ճամբարում` Ծրագրի ճամբարային փուլի իրականացման ընթացքում:

9. Հյուրընկալ ընտանիքների ընտրությունն իրականացվում է Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի համապատասխան կառույցների և նրանց կողմից երաշխավորված կրթական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության բուհերի, այլ երիտասարդական, հասարակական կազմակերպությունների միջոցով: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվելու են անհատույց:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններն են`

1) ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող խորհրդի և աշխատանքային խմբերի ձևավորումը,

2) հյուրընկալ ընտանիքների ընտրության չափորոշիչների և դիմում-հարցաթերթիկի մշակումը, հյուրընկալ ընտանիքների ընտրության գործընթացի կազմակերպումը,

3) հյուրընկալվող երիտասարդների ընտրության չափորոշիչների և դիմում-հարցաթերթիկի մշակումը, հյուրընկալվող երիտասարդների ընտրության գործընթացի կազմակերպումը,

4) հյուրընկալվող երիտասարդների և հյուրընկալ ընտանիքների հայտերի ընդունումը, ուսումնասիրումը, երկու կողմերի տեղեկատվական տվյալների հավաքագրումը, համադրումը և փոխանակումը,

5) կազմակերպական աշխատանքներում գործընկեր հասարակական կազմակերպությունների և երիտասարդ կամավորների ընտրությունը և ներգրավումը,

6) հյուրընկալ ընտանիքների և հյուրընկալվող երիտասարդների հաղորդակցության, կենցաղային համակեցության, իրավական, բարոյահոգեբանական հարաբերությունների և համապատասխան մեխանիզմների ճշգրտումը, հյուրընկալության ընթացքում ծագող հնարավոր խնդիրներին շուտափույթ արձագանքումն ու կարգավորումը,

7) «Արի տուն» ամառային ճամբարի ընտրությունը, անհրաժեշտության դեպքում` դրա կահավորումն ու զինումը տեխնիկական միջոցներով,

8) «Արի տուն» ամառային ճամբարի օրակարգի մշակումը յուրաքանչյուր տարիքային խմբի համար` համապատասխան մասնագետների ներգրավմամբ,

9) ուսուցողական դասընթացների, կրթական, մշակութային և այլ միջոցառումների ծրագրերի մշակումը և կազմակերպումը. մասնավորապես`

ա. մշակութային փառատոների, համերգների, թատերական ներկայացումների դիտումները, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ այցելությունները,

բ. պատմամշակութային կոթողներ, տեսարժան վայրեր շրջայցերի կազմակերպումը,

գ. հայրենագիտության` հայոց լեզվի և գրականության, հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմության ուսուցողական ծրագրերի իրականացումը,

դ. երգի, պարի կամ կերպարվեստի դասընթացների կազմակերպումը,

10) Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ հանդիպումները,

11) Սփյուռքի երիտասարդների Հայաստան այցելությունների փուլերի ժամանակացույցի կազմումը,

12) Սփյուռքի տարբեր գաղթօջախներից երիտասարդների խմբերի ձևավորումը և Հայաստան երկշաբաթյա այցերի կազմակերպումը,

13) հյուրընկալվող երիտասարդներին օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի համար պետական տուրքից ազատումը,

14) հյուրընկալվող երիտասարդների առաջին և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը,

15) Ծրագրի միջոցառումների անխափան անցկացման և հյուրընկալվող երիտասարդների անվտանգության ապահովումը:

 

VII. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

11. Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, Հայաստանի և օտարերկրյա պետություններում գործող համայնքային հասարակական և այլ կազմակերպությունների ու կառույցների, բնակչության (ընտանիքների), ինչպես նաև հյուրընկալվող խմբերի սերտ համագործակցությունը:

12. Ծրագրի իրականացման համակարգող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն է:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ապահովում է երիտասարդների համար հայրենագիտության ուսուցողական ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի ուսումնական հաստատություններ ճանաչողական այցերի կազմակերպումը:

14. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն ապահովում է հյուրընկալվողներին Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը և հայկական մշակութային արժեքներին ծանոթացնելու նպատակով էքսկուրսիաների կազմակերպման, պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ այցելությունների, ինչպես նաև համերգների, թատերական ներկայացումների դիտումների, փառատոներին, երգի, պարի, գեղարվեստի խմբակներին երիտասարդների մասնակցության ու մշակութային այլ ծրագրերի մշակման և կազմակերպման աշխատանքները:

15. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ապահովում է շախմատի, այլ սպորտաձևերի, ավանդական խաղերի ու ժամանցային ծրագրի, ինչպես նաև երիտասարդական ուսուցողական դասընթացների մշակումը և կազմակերպումը:

16. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը (համաձայնությամբ) աջակցում են հյուրընկալ ընտանիքների հավաքագրմանն ու ընտրությանը, ապահովում են նրանց կողմից լրացված դիմում-հարցաթերթիկների ներկայացումը Ծրագրի կազմակերպիչներին, ինչպես նաև գործուն մասնակցություն են ունենում ծրագրի իրականացման գործընթացին` հյուրընկալության ամբողջ ժամանակահատվածում:

17. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով աջակցում է հյուրընկալվող երիտասարդների ընտրության գործընթացի կազմակերպմանն օտարերկրյա պետություններում, ինչպես նաև Հայաստան` հայ երիտասարդների ուղարկման գործին, միաժամանակ ապահովելով օրենքով սահմանված կարգով հյուրընկալվող երիտասարդների` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի համար պետական տուրքից ազատման գործընթացը: Անհրաժեշտության դեպքում ապահովվում է կապը հյուրընկալվող երիտասարդների ընտանիքների, խմբերի ձևավորմանն աջակցող Սփյուռքի կառույցների և անհատների հետ:

18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունն իրականացնում է հյուրընկալվող երիտասարդների` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի համար պետական տուրքից ազատումը և մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանակետերում:

19. Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված են նաև գործընկեր հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցում են ծրագրային միջոցառումների կազմակերպման, ճամբարային առօրյայի արդյունավետ համակարգման, հյուրընկալ ընտանիքների և հյուրընկալվող երիտասարդների հաղորդակցության, կենցաղային համակեցության, միջմշակութային և բարոյահոգեբանական հարաբերությունների կազմակերպման աշխատանքներին:

 

VIII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

20. Ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ միջոցների հաշվին:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թ.

մարտի 18-ի նիստի N 10

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆԸ

1

2

3

1

Հյուրընկալ ընտանիքների դիմում-

հարցաթերթիկների մշակում,

նախնական ընտրված հյուրընկալ

ընտանիքների ուսումնասիրություն և

հյուրընկալ ընտանիքների ընտրություն

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

միջգերատեսչական աշխատանքային խումբ

2

Ծրագրի մասնակիցների հայտերի
մշակում, տարածում սփյուռքյան
համայնքներում և մասնակիցների
ընտրություն

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

միջգերատեսչական աշխատանքային խումբ

3

Հյուրընկալ ընտանիքների և
հյուրընկալվող մասնակիցների
տեղեկատվական տվյալների համադրում

ՀՀ սփյուռքի նախարարություն

միջգերատեսչական աշխատանքային խումբ

4

Հյուրընկալվող խմբերի դիմավորում,
տեղավորում հյուրընկալ
ընտանիքներում և «Արի տուն»
ամառային ճամբարում, ընթացիկ
վերահսկողություն, ճանապարհում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

միջգերատեսչական աշխատանքային խումբ

5

Հյուրընկալվող մասնակիցներին
ծրագրի ընթացքում օգտագործման
համար անհրաժեշտ պարագաների
տրամադրում

ՀՀ սփյուռքի նախարարություն

6

Ուսուցողական ծրագրերի մշակում և
իրականացում, ճանաչողական
այցելություններ Հայաստանի ուսումնական
հաստատություններ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

7

Երևանից դուրս ծրագրերի
իրականացում և էքսկուրսիաների
կազմակերպում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

8

Մշակութային, մարզական և
ժամանցային ծրագրերի
կազմակերպում Երևանում և ՀՀ մարզերում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

9

Ճանաչողական այցելություններ
ռազմական հաստատություններ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

10

Հանդիպումներ Հայաստանի
Հանրապետության պետական
հաստատություններում և
պաշտոնատար անձանց հետ

Բոլոր պետական մարմինները

11

Ծրագրի իրականացման ամբողջ
ընթացքում հյուրընկալվող
երիտասարդների առաջին և
անհետաձգելի բժշկական օգնության և
սպասարկման կազմակերպում և անձնական անվտանգության ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան