Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
3 նոյեմբերի 2011 թվականի N 43
10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման հայեցակարգին և համակարգի ներդրման ուղղություններից բխող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. նոյեմբերի 7 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 3-ի նիստի N 43 արձանագրային որոշման |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ
Բովանդակություն
I. Ներածություն
II. Հայեցակարգում օգտագործված հասկացությունները
III. Իրավիճակի վերլուծություն
IV. Օրենսդրական խնդիրներ
V. Ընդհանուր դրույթներ
VI. Համակարգի գործողության սկզբունքը և գործառույթների իրականացումը` ըստ հաջորդական փուլերի
VII. Ֆինանսական ապահովում
I. Ներածություն
1. Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) մշակվել է քաղաքաշինական գործընթացների օպտիմալացմանն ուղղված ծրագրի իրականացման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշման N 2 հավելվածի 38-րդ կետի համաձայն:
2. Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների համակարգի (այսուհետ` համակարգ) ներդրման միջոցով կապահովվի կառուցապատման գործընթացի իրականացման ընթացքում օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման մատչելիությունը` արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` քաղաքաշինական թույլտվությունների (այսուհետ` կառուցապատման թույլտվություններ) տրամադրման լիազորությունները վերապահված են համայնքների ղեկավարներին (այսուհետ` իրավասու մարմին):
3. Համակարգի ներդրումը կարևորվում է կառուցապատման գործառույթներից օգտվողների սպասարկման որակի բարձրացման, գործընթացի թափանցիկության, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տեսանկյունից, ապահովելով թույլատվական ընթացակարգերի վերահսկելիությունը (այդ թվում` շահագրգիռ օգտագործողների կողմից)` ողջ գործընթացի իրականացման ընթացքում: Նշված խնդիրների պատշաճ մակարդակով լուծումն էապես կնպաստի կառուցապատման ոլորտում գործարար միջավայրի բարելվմանը:
II. Հայեցակարգում օգտագործված հասկացությունները
4. Սույն հայեցակարգի իմաստով`
1) կառուցապատման թույլտվություններ` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով կառուցապատողի հայտի (դիմումի) հիման վրա համայնքի ղեկավարի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող փաստաթուղթ, այդ թվում`
ա. ճարտարապետահատակագծային առաջադրանք (կամ նախագծման թույլտվություն)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշման համապատասխան,
բ. նախագծի համաձայնեցում և միաժամանակ շինարարության (քանդման) թույլտվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշումներին համապատասխան,
գ. ավարտված շինարարության շահագործման փաստագրում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշման համապատասխան.
2) մատակարարող կազմակերպություններ` շինարարական օբյեկտի ինժեներական սպասարկում (էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում և ջրահեռացում) իրականացնող ծառայություններ.
3) հայեցակարգում օգտագործված այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված բնորոշումների իմաստով:
III. Իրավիճակի վերլուծություն
5. Համակարգի ներդրման առավել արդյունավետ ուղիների բացահայտման նպատակով իրականացվել են հայրենական և միջազգային փորձի ուսումնասիրություններ, կատարվել է Հայաստանի Հանրապետության մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում էլեկտրոնային հաղորդակցության ներկայիս հնարավորությունների (ապահովվածության) գնահատում, բացահայտվել են գործընթացի իրականացմանը խոչընդոտող գործոնները և մշակվել դրանց վերացմանն ուղղված միջոցառումներ:
6. Այս համատեքստում առավել կարևորվում է «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ` ՏՀԶՎԿ) կողմից` (2006-2009թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության մասնագիտական և տեխնիկական աջակցությամբ, «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» (այսուհետ` ՀԿՏՀ) ներդրումը` հանրապետության 915 համայնքներից 250-ում: Այն իրենից ներկայացնում է ինտերնետ տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված միասնական տեղեկատվական համակարգ, որի նպատակն է ապահովել տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող գործառույթների (այդ թվում նաև քաղաքաշինական) ավտոմատացումը, բարձրացնելով կառավարման որակը և ապահովելով աշխատանքների թափանցիկությունը: Նույն կազմակերպության կողմից մշակվել է «Տեղական տուրքերի և վճարների կառավարման համակարգի օգտագործողի ձեռնարկը» (այսուհետ` ձեռնարկ), որում` ըստ քայլերի հաջորդականության ներկայացված մեխանիզմները, կարող են օգտագործվել հայեցակարգի գործնական ներդրման փուլում: Միաժամանակ հարկ է նշել, որ ձեռնարկում լիարժեքորեն չեն արտարծված կառուցապատման ոլորտում գործող օրենսդրության պահանջները, ուստի ՀԿՏՀ անհրաժեշտ է կատարելագործել և զարգացնել, համալրել նոր գործառույթներով և հնարավորություններով, այդ թվում` թույլատվական ընթացակարգի շղթայի բացակայող օղակների լրացման միջոցով, ամբողջությամբ համապատասխանեցնել սույն հայեցակարգով նախատեսված ընթացակարգերին և պահանջներին:
7. Դրան զուգընթաց հանրապետության թվով 11 քաղաքային համայնքներում «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության աջակցությամբ ՏՀԶՎԿ հասարակական կազմակերպության կողմից գործարկվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ` ի նպաստ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացման: Այդ գրասենյակները մեկ ընդհանուր սպասարկման սրահից քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրում են տարբեր բնույթի 20-25 ծառայություններ (այդ թվում` քաղաքաշինական):
8. Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներում էլեկտրոնային հաղորդակցության հնարավորությունների ներկայիս հագեցվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարզպետներին կատարված հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ ներկայումս հանրապետության ոչ բոլոր համայնքներն ունեն էլեկտրոնային հաղորդակցության պատշաճ մակարդակի ապահովվածություն, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքներում էլեկտրոնային հաղորդակցության հնարավորությունները սահմանափակ են, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ինտերնետային կայքը գտնվում է արդիականացման և վերակառուցման ավարտական փուլում` մարզի քաղաքային և գյուղական համայնքների հետ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ չեն գործում: Հանրապետության համայնքների մի մասն ունեն էլետրոնային հասցեներ, սակայն նման կապը դեռևս չունի անհրաժեշտ հուսալիություն: Չկա էլեկտրոնային կապ նաև մատակարարող կազմակերպությունների և համայնքների միջև, ինչն իր հերթին բարդություններ է առաջացնում նշված կազմակերպությունների կողմից տեխնիկական պայմանների տրամադրման հարցում: Այսօր դեռևս սակավաթիվ համայնքապետարաններ կան, որոնք կարող են համարվել ամբողջությամբ զինված համակարգիչներով: Այս հանգամանքը լուրջ խոչընդոտ է հանդիսանում ներքին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն իրականացնելու, և հայեցակարգով նախատեսված նպատակներին հասնելու համար, ուստի հայեցակարգի ներդրման փուլում անհրաժեշտ կլինի մեկ անգամ ևս գույքագրել և անհրաժեշտության դեպքում` վերազինել համայնքներում առկա ռեսուրսները, ինչպես նաև կազմակերպել ծառայություններն իրականացնող համապատասխան կադրերի վերապատրաստման դասընթացներ:
9. Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է համակարգի ներդրման սկզբնական փուլում գործառույթներն իրականացնել Երևանում և հանրապետության այն քաղաքային համայնքներում, որտեղ ստեղծվել և գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ, իրականացվում են ներքին և արտաքին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, գործում են պաշտոնական կայքերն ու տրամադրվում առցանց ծառայություններ, ինչպես նաև առկա են զգալի թվով վերապատրաստում անցած համայնքային ծառայողներ և համապատասխան տեխնիկական միջոցներ: Այդ համայնքներից կարելի է առանձնացնել Դիլիջան, Վայք, Ջերմուկ, Ապարան, Սիսիան, Գորիս, Վեդի, Եղեգնաձոր, Էջմիածին քաղաքային համայնքները: Ընդ որում նման ծառայություններից օգտվելու հնարավորությունը պետք է իրականացվի կառուցապատողի (այսուհետ` հայտատու) հայեցողությամբ` կամավոր սկզբունքով: Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվի սույն հայեցակարգին հավանություն տալուց հետո 6-ամսյա ժամկետում:
10. Համայնքների և մատակարարող կազմակերպությունների հետ էլեկտրոնային հաղորդակցության կապի ներդրման գործըթացի իրականացումը հնարավոր կլինի համապատասխան ծրագրային ապահովվածության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
IV. Օրենսդրական խնդիրներ
11. Կառուցապատման թույլատվական ընթացակարգերը սահմանված են բնագավառի օրենսդրական դաշտը կարգավորող իրավական ակտերով: Հետևաբար համակարգի ներդրումն անհրաժեշտություն կառաջացնի համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել կառուցապատման ընթացակարգերը կարգավորող մի շարք իրավական ակտերում: Նշված գործընթացի իրականացման ժամանակացույցը ներկայացված է սույն որոշման N 2 հավելվածում:
V. Ընդհանուր դրույթներ
12. Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության համայնքներում էլեկտրոնային հաղորդակցության ներկայիս հնարավորությունները, առաջարկվում է իրականացնել համակարգի ներդրմանն ուղղված հետևյալ միջոցառումները`
1) համակարգի ավտոմատացմանն ուղղված միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել երեք հիմնական ուղղություններով`
ա. գործառույթների ներքին ավտոմատացում (այսուհետ` կորպորատիվ ցանց),
բ. կորպորատիվ ցանցի միացումն այն ցանցերին, որոնց տվյալներն անհրաժեշտ են կառուցապատման թույլտվությունների տրամադրման համար (այսուհետ` ինստիտուցիոնալ ցանց),
գ. արտաքին ցանցի միջոցով հայտատուներին իրենց հայեցողությամբ առցանց (օո-liոe) ծառայությունների մատուցման ավտոմատացում (օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների էլեկտրոնային վճարման հնարավորության ապահովմամբ):
13. Համակարգի արտաքին գործառույթներն իրականացվում են հայտատուների հայեցողությամբ` իրենց մատուցվող «Մեկ պատուհանի» ծառայության միասնական վեբ-կայքի «Էլեկրտոնային ընդունարանի» (այսուհետ` «Էլեկրտոնային ընդունարան») միջոցով: Այն հանդիսանում է հայտատու-իրավասու մարմին շղթայի միջանկյալ օղակ, որի գործառույթները սահմանափակվում են հայտատուից դիմումներ ընդունելու (համակարգում գրանցելու, անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն տրամադրելու) և գործընթացի ավարտից հետո` համապատասխան փաստաթղթերը հայտատուին տրամադրելու պարտականություններով: Գրանցման համարը հայտատուի համար կարող է հանդիսանալ դիմումի շարժի մասին տեղեկություններ ստանալու միջոց, ապահովելով գործընթացի թափանցիկությունը դրա իրականացման ողջ ընթացքում:
14. Հետագա գործընթացն իրականացվում է կորպորատիվ ցանցի միջոցով` հայտատուի կողից ներկայացված հայտն (կից փաստաթղթերով) ուղղելով գործառույթի կատարման լիազորություն ունեցող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:
15. Համակարգի միջոցով կառուցապատման համապատասխան թույլտվություններ ստանալու հայտը (դիմումը) մերժվում է` կից փաստաթղթերը անհրաժեշտ ծավալով չներկայացվելու կամ դրանցում ամրագրված տվյալների իսկությունը չհաստատվելու պատճառաբանմամբ: Մերժման մասին հայտատուն տեղեկացվում է (նշելով մերժման պատճառները) այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է հայտում: Հայտատուն կարող է կրկնակի հայտ (դիմում) ներկայացնել իրավասու մարմնին նշված անհամապատասխանությունները վերացնելուց հետո:
16. Կանխամտածված կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում հայտատուն կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
17. Համակարգի միջոցով կառուցապատման համապատասխան թույլտվություններ ստանալու մասին հայտատուն տեղեկացվում է այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է հայտում (դիմումում) կամ հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն (sms) ուղարկելու միջոցով:
VI. Համակարգի գործողության սկզբունքը և գործառույթների իրականացումը` ըստ հաջորդական փուլերի
18. Կառուցապատման գործընթացի իրականացման ընթացքում իրավասու մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հայտատուին տրամադրվող թույլտվությունների առաջին փուլը` ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն է.
1) համակարգի միջոցով ճարտարապետահատակագծային առաջադրանք (այսուհետ` առաջադրանք) ստանալու ընթացակարգի գծապատկերը ներկայացված է սույն հայեցակարգի N 1 ձևում.
2) օրենսդրությամբ սահմանված կարգով առաջադրանք ստանալու համար հայտատուն գրանցվում է «Էլեկրտոնային ընդունարանի» վեբ-կայքում ու հայտ ներկայացնում իրավասու մարմնին` սահմանված կարգով լրացված էլեկտրոնային ձևաթղթով (ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշման Ձև N 1)` կցելով տեսաներածված անհրաժեշտ փաստաթղթերը (կառուցապատվող հողամասի հատակագիծը՝ նախագծվող օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը և այլն).
3) հետագա գործընթացը (ներքին փաստաթղթաշրջանառությունը) շարունակելու նպատակով հայտատուի հայտը կորպորատիվ ցանցի միջոցով ուղղվում է իրավասու մարմնի համապատասխան ստորաբաժանմանը, որն իր հերթին ինստիտուցիոնալ ցանցի միջոցով դիմում է մատակարարող կազմակերպություններին` առաջադրանքը սահմանված կարգով կազմելու համար անհրաժեշտ ելակետային տվյալներն ու քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) ստանալու նպատակով: Գործառույթն իրականացվում է իրավասու մարմնի և մատակարարող կազմակերպության միջև էլեկտրոնային հաղորդակցության (ինստիտուցիոնալ ցանցի) միջոցով.
4) գործառույթն ավարտվելուն պես` սահմանված կարգով կազմված և իրավասու մարմնի կողմից կնքված առաջադրանքը (ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշման Ձև N 2) ելքագրվում և դրա կնիքով հաստատված թղթային տարբերակը (բնօրինակը) տրամադրվում է հայտատուին` սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի բնօրինակները տեսաներածված պատճենների հետ տեղում համեմատելուց և վերջիններիս պատշաճ լինելու հանգամանքը հավաստելուց հետո: Հայտին կցվող փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին.
5) սույն կետի 4-րդ ենթակետի համաձայն անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում իրավասու մարմնի կողմից տրված առաջադրանքն ուժը կորցրած է ճանաչվում:
19. Իրավասու մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հայտատուին տրամադրվող թույլտվությունների երկրորդ փուլը` նախագծի համաձայնեցումը և շինարարության (քանդման) թույլտվության տրամադրումն է.
1) համակարգի միջոցով քաղաքաշինական օբյեկտի նախագծային փաստաթղթերի (այսուհետ` նախագիծ) համաձայնեցման և միաժամանակ շինարարության (քանդման) թույլտվության տրամադրման ընթացակարգի գծապատկերը ներկայացված է սույն հայեցակարգի N 2 ձևում.
2) օրենսդրությամբ սահմանված կարգով նախագիծը համաձայնեցնելու և միաժամանակ շինարարության (քանդման) թույլտվություն ստանալու նպատակով հայտատուն առաջադրանքի փուլում ստացված գրանցման համարով մուտքագրվում է «Էլեկրտոնային ընդունարանի» վեբ-կայքում և սահմանված կարգով լրացված էլեկտրոնային ձևաթղթով (ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշման Ձև NN 1 և 2) դիմում ներկայացնում իրավասու մարմնին, կցելով տեսաներածված անհրաժեշտ փաստաթղթերը (նախագծային փաստաթղթերը, ներառյալ շինարարության տևողության ժամկետը) նախագծային աշխատանքներ իրականացնողի և փորձագետների լիցենզիաները, փորձաքննության դրական եզրակացությունը (կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` երաշխավորագիրը) և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
Օրենսդրությամբ սահմանված կարգով` փուլերով մշակվող նախագծի դեպքում դիմումին կից ներկայացվում են միջանկյալ հաստատվող փուլի նախագծային փաստաթղթերը.
3) հայտատուի դիմումը` կից փաստաթղթերով կորպորատիվ ցանցով ուղղվում է գործառույթի կատարման լիազորություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանմանը: Իրավասու մարմինը մինչև նախագծի համաձայնեցումը օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է իրազեկել հասարակայնությանը կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.
4) իրավասու մարմնի կողմից համաձայնեցված նախագիծը համարվում է հաստատված (հաստատման վերաբերյալ հայտատուի առարկության բացակայության դեպքում) և միաժամանակ տրվում է շինարարության թույլտվություն.
5) գործառույթն ավարտվելուն պես` սահմանված կարգով կազմված և իրավասու մարմնի կողմից կնքված շինարարության (քանդման) թույլտվությունը (ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշման Ձև NN 3 և 4) ելքագրվում և դրա կնիքով հաստատված թղթային տարբերակը (բնօրինակը) տրամադրվում է հայտատուին` սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի բնօրինակները տեսաներածված պատճենների հետ տեղում համեմատելուց և վերջիններիս պատշաճ լինելու հանգամանքը հավաստելուց հետո: Հայտին կցվող փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին: Շինարարության թույլտվության հետ մեկտեղ հայտատուին տրվում է իրավասու մարմնի կողմից դրոշմակնքված շինարարության վարման մատյանը.
6) սույն կետի 5-րդ ենթակետի համաձայն անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում իրավասու մարմնի կողմից տրված շինարարության (քանդման) թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում.
7) սահմանված կարգով և ժամկետում իրավասու մարմինը շինարարության (քանդման) թույլտվության պատճենները համակարգի ինստիտուցիոնալ ցանցի միջոցով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային ծառայության համապատասխան տարածքային տեսչություն, իրազեկելով նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին.
8) հայտատուն` նախքան շինարարության (քանդման) աշխատանքները սկսելը, սահմանված կարգով և ժամկետում համակարգի միջոցով տեղեկացնում է իրավասու մարմնին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը (ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշման Ձև N 5):
20. Իրավասու մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հայտատուին տրամադրվող թույլտվությունների երրորդ փուլը` ավարտված շինարարության շահագործման ակտի փաստագրումն է.
1) համակարգի միջոցով քաղաքաշինական օբյեկտի ավարտված շինարարության շահագործման ակտի տրամադրման ընթացակարգի գծապատկերը ներկայացված է սույն հայեցակարգի N 3 ձևում.
2) օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով հայտատուն առաջադրանքի փուլում ստացված գրանցման համարով մուտքագրվում է «Էլեկտրոնային ընդունարանի» վեբ-կայքում և դիմում ներկայացնում իրավասու մարմնին, կցելով տեսաներածված անհրաժեշտ փաստաթղթերը` ընդունող հանձնաժողովի ակտը կամ երկկողմանի ակտը (երկկողմանի ակտի դեպքում` տարածքային բաժնի, շահագրգիռ պետական մարմինների և շահագործող կազմակերպությունների դրական եզրակացությունները), կատարողական փաստաթղթերի ցանկը, ակտի ձևակերպման համար օրենսդրությամբ սահմանված վճարի մուծման անդորրագիրը.
3) հետագա գործընթացը շարունակելու նպատակով, հայտատուի դիմումը` կից փաստաթղթերով, կորպորատիվ ցանցով ուղղվում է գործառույթի կատարման լիազորություն ունեցող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը.
4) գործառույթն ավարտվելուն պես` սահմանված կարգով կազմված և իրավասու մարմնի կողմից կնքված շահագործման ակտը (ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման Ձև N 1) ելքագրվում և դրա կնիքով հաստատված թղթային տարբերակները (բնօրինակները` չորս օրինակ) սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի բնօրինակները տեսաներածված պատճենների հետ տեղում համեմատելուց և վերջիններիս պատշաճ լինելու հանգամանքը հավաստելուց հետո տրամադրվում են` մեկական օրինակից` հայտատուին ու կապալառուին, ինչպես նաև ինստիտուցիոնալ ցանցի միջով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմնին: Շահագործման ակտի մեկ օրինակը մնում է իրավասու մարմնի մոտ: Հայտին կցվող փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին.
5) սույն կետի 4-րդ ենթակետի համաձայն անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում ` իրավասու մարմնի կողմից տրված շահագործման ակտն ուժը կորցրած է ճանաչվում.
6) իրավասու մարմինը սահմանված կարգով և ժամկետում ինստիտուցիոնալ ցանցի միջոցով ծանուցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային բաժնին` կցելով շահագործման ակտի պատճենը:
VII. Ֆինանսական ապահովումը
21. Համակարգի գործնական ներդրումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 3-ի նիստի N 43 արձանագրային որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
N/N |
Միջոցառման անվանումը |
Իրականացման ժամկետը |
Կատարողը (կամ պատասխանատու մարմինը) |
Ֆինանսավորման աղբյուրը |
Ակնկալվող արդյունքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի |
2011թ. դեկտեմբերի |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
չի պահանջվում |
ՀՀ կառավարության 15.04.2010թ. «Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը հաստատելու մասին» N 440-Ն որոշմամբ սահմանված դրույթների համապատասխանեցումը Հայեցակարգով նախատեսված քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների գործընթացների պարզեցմանն ուղղված սկզբունքներին |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 29-ի |
2012թ. մարտի |
ՀՀ |
չի պահանջվում |
ՀՀ կառավարության 29.08.2001թ. «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշմամբ սահմանված դրույթների համապատասխանեցումը Հայեցակարգով նախատեսված համակարգի ներդրման սկզբունքներին, ուղղված` քաղաքաշինական գործընթացների պարզեցմանն ու օպտիմալացմանը |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
2012թ. ապրիլի |
ՀՀ |
չի պահանջվում |
ՀՀ կառավարության 21.12.1998թ. «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ սահմանված դրույթների համապատասխանեցումը հայեցակարգով նախատեսված համակարգի ներդրման սկզբունքներին, ուղղված` էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների միջոցով քաղաքաշինական գործընթացների կանոնակարգմանն ու պարզեցմանը |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 2-ի |
2012թ. մայիսի |
ՀՀ |
չի պահանջվում |
«Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ սահմանված դրույթների համապատասխանեցումը հայեցակարգով նախատեսված քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների համակարգի ներդրման սկզբունքներին, ուղղված` թույլատվական ընթացակարգերի տրամադրման մեխանիզմների կանոնակարգմանն ու պարզեցմանը |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626 որոշման մեջ փոփոխություններ կատարելու |
2012թ. հունիսի |
ՀՀ |
չի պահանջվում |
ՀՀ կառավարության 08.05.2003թ. «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» |
Ձև N 1
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Ձև N 2
ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ՔԱՆԴՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Ձև N 3
ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2018, N 13 | 06.04.2018, N 43 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|